• Armenianeconomy.com

Եթե դոլարի նկատմամբ դրամի արժևորումը տևական ժամանակ պահպանվի, կմեղմի գնաճային ճնշումները. տնտեսագետ

Եթե դոլարի փոխարժեքի նվազմանը նպաստող գործոնները երկար պահպանվեն, այսինքն` դրամի արժևորումը տևական լինի, ապա կարող է  դրականորեն ազդել գնաճային ճնշումների վրա, սակայն այդ սցենարի դեպքում որոշակիորեն  կարող են տուժել արտահանողները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը՝ անդրադառնալով նաև հարցին, թե արդյոք դրամի արժևորման պայմաններում մոտ ժամանակներս հնարավո՞ր է գազի, էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում:

Անդրադառնալով դրամի արժևորման վրա ազդող գործոններին՝ տնտեսագետը նշեց, որ գործոնները շատ են: «Դրամի արժևորման հիմնական փուլը սկսվեց Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով պայմանավորված Հայաստան արտարժույթի հոսքերի մեծացմամբ: Բանկային համակարգն էլ որոշակի սահմանափակումներ ունի այս առումով, չի կարող անվերջ արտարժույթ կլանել, ու սա էլ բերում է նրան, որ պարբերաբար արտարժույթի փոխարժեքը նվազում է: Եվ արժևորման հարցում հիմնական ճնշող գործոնը դա է»,-ասաց Աղաբեկյանը:

Դրամի արժևորման համար գործոն է նաև սեզոնը, զբոսաշրջիկների մուտքը Հայաստան: Այսպիսով դրամ-դոլար փոխարժեքի ձևավորման հիմնական գործոններն առաջարկն ու պահանջարկն են: Հարցն այն է, թե այդ առաջարկ-պահանջարկը ձևավորող ինչպիսի խթաններ են լինում: Հաճախ լինում են նաև էմոցիոնալ ազդեցություններ, երբ ինչ-որ իրավիճակում մարդիկ ակնկալում են փոխարժեքի տատանումներից մեծ օգուտ ստանալ:

«Այդ էմոցիոնալ փուլն, օրինակ, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների սկիզբն էր, երբ մեզ մոտ շատերը խուճապի մատնված դոլար էին գնում՝ ենթադրելով, որ դոլարի փոխարժեքը պետք է աճի: Սակայն Կենտրոնական բանկի կարծիքով, իմ կարծիքով էլ մեր բնակչության զգայունությունն այդ առումով որոշակիորեն նվազում է, որովհետև գիտակցում են, որ դժվար է կարճ ժամանակահատվածում որոշակի կանխատեսումներ անել և փորձել փոխարժեքի տատանումներից մեծ օգուտներ ստանալ, և արդյունքում իրենց վրա ռիսկեր են վերցնում»,-ասաց տնտեսագետը:

Առհասարակ ազդող գործոններ կարող են լինել նաև միջբանկային շուկաներում ձևավորված որոշակի առաջարկի, պահանջարկի նորմատիվները, որոնք էլ իրենց հերթին ազդում են փոխարժեքի վրա: Բանկերն ունեն ներգրաված միջոցների պահուստավորում իրականացնելու նորմատիվներ և այլն: Պետք է շուկայում, որպես առաջարկի և պահանջարկի գործոններ, նկատի ունենալ նաև ներմուծման և արտահանման ծավալները:

Իսկ արդեն որոշակի ժամանակահատված դոլարի նկատմամբ դրամի արժևորման արդյունքներն և հետևանքները պատկերացնելու համար նախ պետք է հասկանալ, թե այդ գործընթացն ինչքան կտևի:

«Քանի որ անորոշությունները մեծ են, հիմնական պատճառները ռուս-ուկրաինական ռազմական գործողություններն են ու տարածաշրջանային ինչ-որ գործընթացներ, ավարտի մասին պատկերացում ունենալու համար պետք է հասկանալ, թե երբ է ավարտվելու՝ հասկանալու՝ նոր իրավիճակ է ձևավորվում նոր գնո՞վ, թե՞ հոսքերը դադարելուց հետո շուկան պետք է վերադառնա նոր, ավելի հավասարակշիռ փոխարժեքի ձևավորման»,-ասաց տնտեսագետը:

Ժամանակահատվածի առումով կանխատեսումներ անելը բարդ է, հետևաբար, ըստ փորձագետի, պետք է դիտարկել սցենարներ: Եթե սա երկար տևի, ապա տնտեսագետի գնահատմամբ, այն դրական առումով որոշակիորեն իր ազդեցությունն է ունենալու գնաճի վրա:

«Քանի որ ներմուծվող ապրանքների գները կախված են արտարժույթի փոխարժեքից, տևական ժամանակ մնալու արդյունքում, իմ կարծիքով, այն իր դրական ազդեցությունն է գործելու դրա վրա: Մյուս կողմից էլ արտահանողներն են որոշակիորեն տուժելու: Ամեն ինչ կախված է տնտեսական քաղաքականությունն իրականացնողներից՝ Կառավարությունից, ԿԲ-ից, որոնք համապատասխան քայլեր կիրականացնեն՝ իրավիճակը նորմալ հունով տանելու համար»,-ասաց նա:

Արդեն որոշակի ժամանակահատված է, ինչ դրամն արժևորվել է, սակայն Հայաստանում մայիսին գնաճը կազմել է 9 տոկոս: Թե ինչո՞ւ  դրամի արժևորման ազդեցությունը դեռևս չի զգացվում գների վրա՝ տնտեսագետն ընդգծեց, որ նախ պետք է հասկանալ գնաճի պատճառները:

«Գնաճի պատճառը հիմնականում միջազգային շուկաներում գների աճն է: Եթե միջազգային շուկաներում գների աճը համեմատենք հայաստանյան շուկայում գների աճի հետ, կարող է պարզվի, որ մեզ մոտ ինչ-որ ապրանքների գներ ավելի քիչ են աճել, քան միջազգային շուկաներում: Այսինքն՝ որոշակի առումով հնարավոր է, որ փոխարժեքն իր ազդեցությունն ունեցել է գնաճի վրա: Բայց դա գնահատելը բարդ խնդիր է, որովհետև պետք է հասկանալ, թե դրանք ո՞ր ապրանքային խմբերն են, այդ ապրանքների ո՞ր մասն ենք ռուբլիով ներմուծում, ո՞ր մասը՝ դոլարով. ռուբլու փոխարժեքն էականորեն չի փոխվել, նաև պետք է հասկանանք, թե այդ ապրանքային խմբերն ինչպիսի՞ փոփոխություններ են կրել միջազգային շուկաներում»,-ասաց Աղաբեկյանը:

Ազդեցությունը կզգացվի, երբ գործոնները շուկայում ավելի տևական ժամանակ պահպանվեն: Տնտեսագետը նշեց՝ ներմուծողներն էլ պետք է որոշակիորեն խուսափեն իրենց վրա ռիսկ վերցնելուց՝ կարճաժամկետ տատանումների ժամանակ գներ նվազեցնելով, նրանք ինքնարժեքի վերանայումն այդքան հեշտությամբ չեն անի,  քանի որ չգիտեն, թե այդ գործոնները շուկայում որքան կտևեն:

Կարելի՞ է համարել, որ եթե դոլարի փոխարժեքը չնվազեր, ապա Հայաստանում գնաճն ավելի բարձր կարող էր լինել՝ տնտեսագետն ասաց՝ ենթադրում է, որ  դա իր ազդեցությունը որոշակի ապրանքային խմբերի վրա ունենում է, ուղղակի կոնկրետ ապրանքներ առանձնացնել դեռևս հնարավոր չէ:

Տնտեսագետը նաև անդրադարձավ հարցին, թե արդյոք դոլարի փոխարժեքի նվազման, դրամի արժևորման պայմաններում հնարավո՞ր է մոտ ժամանակներում գազի, էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում: Սովորաբար, արտադրողը դիմում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների վերանայման հայտով, սակայն այս պարագայում Աղաբեկյանը չի կարծում, որ մոտ ժամանակներս նմանատիպ քայլ կարվի: Պետք է նկատի ունենալ, թե որքան այդ գործոնները կմնան շուկայում, և այս փոխարժեքի պայմաններում էլեկտրաէներգիայի և գազի ի՞նչ ինքնարժեք է ձևավորվում: «Դա էական ազդեցություն կարող է ունենալ սակագների, գների վրա՝ երկարաժամկետ կտրվածքով այդ գործոնների անփոփոխ մնալու պայմաններում»,-ասաց Աղաբեկյանը:

Ամփոփելով առկա իրողությունները՝ տնտեսագետը կարծում է, որ դրամի արժևորումը ամենամեծ ազդեցությունը ունենալու է գնաճի վրա: «Երբ առկա գնաճային ճնշումներն արտաքին միջավայրից են գալիս, փոխարժեքի փոփոխությունն այս ուղղությամբ որոշակի մեղմող դեր կկատարի: Մյուս կողմից էլ բացասական հետևանքները կարող ենք տեսնել արտահանողների դիրքերի թուլացման տեսքով, ինչը տնտեսության համար գլոբալ խնդիր է»,-ասաց նա:

Աղաբեկյանն այս պարագայում կարևորեց կառավարության, ԿԲ-ի քաղաքականությունը, դրա ճիշտ կոորդինացումը: ԿԲ-ն այս պահին պարբերաբար արտարժույթի առք է իրականացնում, ինչի արդյունքում էլ, ըստ տնտեսագետի,   վերջին օրերին նկատվում է դոլարի որոշակի արժևորում:

«ԿԲ-ն դա պարբերաբար անում է: Սակայն պարբերաբար դոլարի առքը շուկայից՝ ենթադրում է դրամի ներարկում շուկայում, որն էլ իր հերթին կարող է գնաճ առաջացնել»,-ասաց Աղաբեկյանը:

Նա նկատեց՝ կան գործիքներ՝ պահուստավորման նորմատիվների որոշակի փոփոխություններ, բանկերի դրույքների նորմատիվների փոփոխությունները: Բայց միայն մեկ գործիքի կիրառումը, տնտեսագետի կարծիքով, որոշակի լրացուցիչ ռիսկեր, նաև՝ այդ գործիքի կիրառման որոշակի ժամկետներ ունի՝ ազդեցության առումով: Այսպիսով, Աղաբեկյանը կարևորում է Կառավարության և ԿԲ-ի քաղաքականության ճիշտ կոորդինացումը, նաև որոշակի տուժող ոլորտներին աջակցությունը՝ հարկային արտոնությունների կամ սուբսիդիաների տրամադրման տեսքով, որն այդ ոլորտի մրցունակությունը կմեծացնի միջազգային շուկաներում կամ արտահանողների համար:

Աննա Գրիգորյան
armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսության փորձագիտական վերլուծություններ
• Միանշանակ դրական ազդակ՝ հայկական ազգային արժույթի դիրքի ամրապնդման տեսանկյունից• Հրապարակվել է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA) իրավական եզրակացությունը Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ• ԿԲ նախագահն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների բարձրացրած խնդրին• Ճանապարհ դեպի պատասխանատու հանքարդյունաբերություն. Համաշխարհային բանկի հոդվածը` ոլորտում Հայաստանի հաջողությունների մասին• Փոխվարչապետը չբացառեց դրամի արժևորման ֆոնին էլեկտրաէներգիայի և գազի սակագների իջեցման հնարավորությունը• Տարեվերջին ցածր փոխարժեքի դեպքում նախարարը հավանական է համարում ՀՆԱ-ի նկատմամբ 59 տոկոսը չգերազանցող պարտքի ցուցանիշը• Աշխատավարձերի նվազեցում կամ աշխատատեղերի կրճատում. «Գլորիա»-ն վնաս է կրում տարադրամի արժեզրկման պատճառով• Փորձագետը նշել է Հայաստանում դոլարի արժեզրկման պատճառը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն