«Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

04 ապրիլի 2022 | Նախագծեր | Цитата

ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։

««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի, որով պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ:

Նախագծով սահմանվել են լիազորող նորմեր ինչպես գործող մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համար, այնպես էլ իրավական հիմքեր են ստեղծվել մի շարք նոր սոցիալական ծառայությունների համար:

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.

«3.1) պետական վկայագիր՝ որոշակի վավերապայմաններով և ձևով անվանական ֆինանսական փաստաթուղթ, որը պետության կողմից սոցիալական ծառայություն մատուցած կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին ֆինանսական փոխհատուցման կամ վկայագիրը ստացած անձին որոշակի գույք ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու հիմք է.

3.2) աջակցության քարտ՝ քարտ, որի միջոցով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձը սահմանված գումարի շրջանակներում, կարող է ձեռք բերել սնունդ, հագուստ և առաջին անհրաժեշտության այլ գույք.»։

 Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին մասով.

«3.1 Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք սոցիալական ծառայություններ կարող են տրամադրել նաև օրենսդրությամբ սահմանված կարգով պետական վկայագիր ստացած ընտանիքին (անձին)՝ այն ներկայացնելու դեպքում։ Պետական վկայագրի ու աջակցության քարտի ձևը, դրանց տրամադրման կարգերը, աջակցության քարտի տրամադրման պայմանները, սահմանվող գումարի չափը (պետության կողմից ֆինանսավորման դեպքում) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «օրենքով չարգելված» բառերը փոխարինել «օրենսդրությամբ նախատեսված» բառերով։

 Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով:

 Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կացարանով ապահովելը սույն հոդվածի 2-րդ մասում նշված եղանակով անձին (ընտանիքին) բնակելի տարածքով ապահովելու նպատակով սոցիալական ծառայության տրամադրումն է:

Կացարանը տրամադրվում է՝
1) ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն չունեցող անձին (ընտանիքին)` անհատույց կամ վարձակալական հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը (ընտանիքը) օտարել է բնակարան (բնակելի տուն)` կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու և կացարան տրամադրելու ժամկետներին նախորդող 5 տարիների ընթացքում.

2) բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման միջոցով.

3) բնակարանի գնման պետական վկայագրի միջոցով՝ ֆինանսական աջակցության տրամադրման եղանակով, որի տրամադրման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) որոշակի բնակության վայր չունեցող անձին` որպես ժամանակավոր օթևան.

5) ընտանիքում բռնության ենթարկված անձանց` որպես «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարան՝ մինչև 12 ամիս ժամկետով․

6) անհետաձգելի լուծում պահանջող իրավիճակներում հայտնված անձին (ընտանիքին)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում։

Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած դեպքերում և կարգով, կարող են տրամադրվել՝
1) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի ձևով.

2) բժշկական օգնություն և սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) խորհրդատվական օգնություն.

5) այլ համարժեք սոցիալական ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում (հանրակրթական, մասնագիտացված բժշկական հաստատություն և այլն):

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է՝
1) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կացարանով ապահովելու կարգը, չափորոշիչները, պայմանները, տրամադրման ժամկետները, հատուցելի պայմանագրերի գումարի չափը․

2) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը.

3) սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված ժամանակավոր օթևանի տեսակները:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը իրավասու է կացարանով ապահովել արտահերթ կարգով»:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի

4-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող, այլ կազմակերպություններում, կենտրոններում, համայնքային փոքր տներում, հիմնարկներում, խնամատար ընտանիքներում: Համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»

5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.
«5) հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի և սոցիալական այլ ծառայություններ:»։

8-րդ մասի 5-րդ կետում «պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով» բառերը փոխարինել «աջակցող միջոցներով» բառերով.
9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.
«9) հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի և սոցիալական այլ ծառայություններ:»։

12-րդ մասի «և պայմանները» բառերը փոխարինել «, պայմանները և չափորոշիչները» բառերով:
 Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «փաստաթղթերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տնային (գտնվելու վայր) այցելության միջոցով» բառերը, իսկ 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տարածքային մարմնի լիազորությունների իրականացման, Միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների այցելությունների համար վճարման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

 Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին կետով.

«3.1) սահմանում է սոցիալական ծառայությունների այլ տեսակներ.»։

 Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի

6-րդ և 7-րդ կետերում ««Սոցիալական աշխատանք» մասնագիտացման» բառերը փոխարինել ««Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման» բառերով:
10-րդ կետում «դրա ընդունման ընթացակարգը» բառերից հետո լրացնել ««Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի կազմակերպման ընթացակարգը, ծրագրերը, աջակցության քարտի միջոցով ձեռքբերվող գույքի ցանկը.» բառերով։
16-րդ կետում «ռեգիստր» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հաստատում է նշված տեղեկատվական շտեմարանների վարման և շահագործման կարգը.» բառերով։
16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր1-ին կետով.
«16.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով սոցիալական ծառայություն մատուցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց փոխանցում է սոցիալական ծառայություն ստացող անձանց անձնական, ընտանիքների նույնականացման և (կամ) սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ այլ տվյալները.»:

18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 18.1-ին և 18.2-րդ կետերով.
«18.1) սահմանում է որոշակի ծրագրերի շրջանակներում ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում ընդգրկված անձին (ընտանիքին) տնտեսական կայունացման նպատակով տրամադրված գույքը՝ ժամանակավորապես ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չընդգրկվելու դեպքերը.

18.2) կնքում է համագործակցության պայմանագրեր (հուշագրեր) կազմակերպությունների (ներառյալ՝ միջազգային) կամ ֆիզիկական անձանց հետ՝ սոցիալական աջակցության տրամադրման (ֆինանսավորման) նպատակով.»։

 Հոդված 10. Օրենքի 36.2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելու կարգը, հայտարարագրի ձևը, տեղեկատվական ենթահամակարգի ստեղծման, ձևավորման, դրանում ներառվող անձնական տվյալների ցանկը, դրանց լիազորած պետական մարմնի և այլ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների միջև փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։

 Հոդված 11. Օրենքի 37-րդ հոդվածում 5-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-ին մասով.

«5.1. Տեղական սոցիալական ծրագրերի իրականացման համար սուբվենցիաների տրամադրման առանձնահատկությունները և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 Հոդված 12. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է համարվում` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտը։

Հայաստանի Հանրապետության վարչապետի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ: Ընդ որում, հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան օրենքներն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը։

2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Սոցիալական աջակցության ոլորտում առկա հարաբերությունները հիմնականում կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք): Օրենքով սահմանված են սոցիալական ծառայությունների հիմնական տեսակները, որոնց տրամադրման կարգն ու պայմանները սահմանվել են ՀՀ կառավարության մի շարք որոշումներով: Հաշվի առնելով ՀՀ կառավարության որդեգրած սոցիալապես և տնտեսապես ակտիվացման քաղաքականությունը, մասնավորապես ծայրահեղ աղքատության վերացումը, անհրաժեշտություն է առաջանում ինտեգրված սոցիալական ծառայությունների համատեքստում նախատեսել սոցիալապես անապահով, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների սոցիալական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների բազմազանություն և դրանց տրամադրման համար անհրաժեշտ նորմատիվ դաշտ:

3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով՝

  1. առաջարկվում է, որ ՀՀ կառավարությունը կարող է սահմանել սոցիալական ծառայությունների այլ տեսակներ, դրանով տալով ճկունություն սոցիալական ճգնաժամերին դիմակայելու և սոցիալական ռիսկերի կառավարման, աղքատության կանխարգելման քաղաքականությանը: Այս հարցն առավել արդիական է ճգնաժամային իրավիճակներում արձագանքման արագ մեխնիզմների անհրաժեշտության դեպքում սոցիալական ծառայություններ սահմանելիս: Այս մոտեցմանն օգնում է նաև սոցիալական ծառայությունների հավաստագրով տրամադրման նորմը, որն այդ սոցիալական ծառայության կարիքն ունեցող անձին (ընտանիքին) ընտրելու հնարավորություն է տալիս,
  2. սահմանվում է նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ևս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ, որոնց առկայությունը նպաստելու է խնամքի հաստատությունների գործառնության ծախսարդյունավետության մեծացմանը: Նախագծով սահմանվում է նաև հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման հնարավորություն,
  3. Սահմանվում են նաև լիազորող նորմեր կացարանով ապահովման ճկուն քաղաքականության իրականացման համար, ինչպես նաև աջակցության քարտի տրամադրման վերաբերյալ, որի միջոցով կապահովեն սննդի, հագուստի և առաջին անհրաժեշտության այլ գույքի տրամադրումը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց,
    Տեղական սոցիալական ծրագրերի համար սուբվենցիայի տրամադրման կարգի համար սահմանվում է լիազորող նորմ,
  4. Սահմանվում են սոցիալական աջակցության արդյունավետ քաղաքականության մշակման համար անհրաժեշտ այլ լիազորող նորմեր,
  5. Վերականգնողական ծառայությունների տրամադրումը և խնամքը հնարավոր կլինի իրականացնել աջակցող միջոցների միջոցով՝ համապատասխանեցնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքին:
    Կարգավորման առարկան

Սույն նախագծով կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ) հետևյալ իրավական ակտերի համար՝

  1. ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 24-ի «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու կարգը և պետական վկայագրի ձևը հաստատելու մասին» N 1459-Ն որոշում,
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները (բնակարանները) նվիրաբերելու մասին» N 1325-Ն որոշում,
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1555-Ն որոշում,
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշում,
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնակա գազի, էլեկտրական էներգիայի  և նրանց մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» N 1122-Ն որոշում,
  6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների աշխատողների կողմից իրականացվող այցելությունների համար վճարման կարգը հաստատելու մասին» N 1183-Ն որոշում,
  7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 713-Ն որոշում,
  8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. մայիսի 26-ի «Քաղաքացիական կացության ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 723 որոշում,
  9. Այլ իրավական ակտեր, որոնք բխում են կամ փոխկապակցված են վերը նշված իրավական ակտերի հետ։
    Միաժամանակ, Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ կետի 4.6-րդ ենթակետի առաջին և չորրորդ պարբերություններով սահմանված նպատակներից։ Դրանք են՝

  • Սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից:
  •  Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների ու հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են:
    Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն