Հունվարի 18-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:
Թեկնածուի կենսագրական տվյալները ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Նա նշել է, որ Հովհաննես Խաչատրյանը սովորել եւ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում: 2020-ի հուլիսին խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամ, կառույցի աուդիտի կոմիտեի անդամ է:
Հովհաննես Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին` մասնագիտական քննարկման եւ իր թեկնածությանը հավանություն տալու համար: Թեկնածուն առաջնահերթ է համարել ԿԲ թվային արժույթի թողարկումը: Հովհաննես Խաչատրյանի կարծիքով` սպառողների շահերի պաշտպանության առանցքում պետք է լինի պատասխանատու վարկավորումը, ինչպես նաեւ սպառողների շրջանում ֆինանսական ծառայություններից օգտվելու տեխնոլոգիական հմտությունների ավելացումը: «Դրամավարկային քաղաքականության ոլորտում Կենտրոնական բանկը պետք է լինի համաշխարհային առաջատարներից մեկը, մասնավորապես զարգացող երկրների շրջանում»,- ընդգծել է թեկնածուն:
Հովհաննես Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: Նա խոսել է սոցիալական խնդիրներից, մասնավորապես առաջանցիկ գնաճից: Ըստ բանախոսի` ԿԲ-ի սահմանադրական գործառույթներից է գնաճի կարգավորումը:
Եզրափակիչ ելույթում թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցադրումներին` կապված Կենտրոնական բանկի անկախությանը, տարբեր իրադարձությունների տնտեսական հետեւանքների հաղթահարմանը, գնաճին, սպառողական վարկերի մասով ծանրաբեռնվածությանը, վարկային պորտֆելների աճին:
Հարցի քննարկումը կշարունակվի հունվարի 19-ի ԱԺ նիստում:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться