«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17 սեպտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»    1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել նոր քսաներորդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«քարտեզագրական մոդուլ՝ համացանցային, սարքածրագրային համալիր՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի հիմնական տարր, որն ապահովում է տարածական տվյալների հասանելիությունը վեբ-տեխնոլոգիաների միջոցով։»:

   Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝

2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող և այլ փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունը կրում են դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:».

լրացնել 2.1-ին մասով հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմինները և նոտարները պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, բացառությամբ պետական մարմինների կողմից կիրառված սահմանափակումները հաստատող, ինչպես նաև սույն օրենքի 37.1-ին հոդվածով նախատեսված փաստաթղթերի, ներկայացնում են էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքում առկա՝ համապատասխան փաստաթղթերի ներկայացման համար նախատեսված տիրույթում: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

   Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «8) լիազոր մարմինը քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց համաձայնությամբ պաշտոնական կայքում հրապարակում է վերջիններիս անվանացանկը և նրանց կողմից տրամադրված կապի միջոցները:»

   Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1-ին մասում «դիմումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպքի» բառերը.
3-րդ մասի 1-ին կետում «, իսկ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դեպքերում նաև այդ հոդվածով սահմանված այլ փաստաթղթեր.» բառերը փոխարինել «, իսկ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերում սահմանված դեպքերում՝ համապատասխան փաստաթղթերը նույնականացնող տվյալները.» բառերով:

   Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «ներկայացվել (ներբեռնվել) նաև էլեկտրոնային եղանակով,» բառերը փոխարինել «, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պետք է ներկայացվեն (ներբեռնվեն) էլեկտրոնային եղանակով,» բառերով:

   Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածում՝

3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դիմումը ներկայացվում է կամ փոստով առաքվում է ցանկացած սպասարկման գրասենյակ, կամ էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով, բացառությամբ միասնական տեղեկանք տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող կամ էլեկտրոնային ստորագրություն չպահանջող դիմումների, որոնք ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
   «9.1. քարտեզագրական մոդուլի տարածական տվյալների հասանելիությունը ապահովվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ տեղեկատվության պարբերական տրամադրման՝ բաժանորդագրման պայմանագրի հիման վրա կամ սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված վճարի մուծման փաստը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Ընդ որում տեղական ինքնակառավարման մարմինների համար բաժանորդագրումը պարտադիր է:».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ մասով.
   «9.2. Քարտեզագրական մոդուլի բաժանորդագրման պայմանագրի օրինակելի ձևը և տվյալների կառավարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը։»:

   Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում «սպասարկման գրասենյակ դիմումը» բառերը հանել:

   Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

   «3. Որպես օրինական գրանցված կիսակառույց շինության ավարտման փաստը գրանցվում է որակավորված անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված և ներկայացված չափագրման փաթեթի հիման վրա:»:

   Հոդված 9. Օրենքի 73-րդ հոդվածում՝

լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին, 18.2-րդ, 18.3-րդ, 18.4-րդ կետերով.
   «18.1) Թեմատիկ քարտեզագրական նյութեր՝  

   ա. ՀՀ ազգային ատլաս՝ 20000 դրամ (յուրաքանչյուր հատորը),

   բ. ՀՀ ազգային ատլասի էլեկտրոնային տարբերակի (JPEG, PDF) 1 էջը` 3000 դրամ,                                                                                        

   գ. թեմատիկ քարտեզներ`

   թղթային տարբերակ 100x70 սմ (քաշը՝ 200գ, թուղթը՝ կավճապատ)՝ 3000 դրամ,

   թղթային տարբերակ  A3 ֆորմատ (քաշը՝ 200գ, թուղթը՝ կավճապատ)՝ 1000 դրամ,

   թղթային տարբերակ  A4 ֆորմատ (քաշը՝ 200գ, թուղթը՝ կավճապատ)՝ 500 դրամ,

   դ. էլեկտրոնային թեմատիկ քարտեզ (JPEG, PDF)՝ 80000 դրամ:

   18.2) Աշխարհագրական անվանումների տեղեկագրեր և տեղեկատու բառարաններ՝

   ա. մեկ տեղեկագրի համար՝

   գունավոր տպագրություն՝ 3000 դրամ,                                                                                                                                                                                                                                          սև-սպիտակ տպագրություն՝ 1500 դրամ,

   բ. մեկ տեղեկատու բառարանի համար՝

   գունավոր տպագրություն՝ 3000 դրամ,

   սև-սպիտակ տպագրություն՝ 1500 դրամ

   18.3) Թեմատիկ քարտեզագրական նյութերի ինքնաշխատ եղանակով տրամադրում կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակի միջոցով (e-cadastre.am)

   ա. ՀՀ ազգային ատլաս՝ 10000 դրամ (յուրաքանչյուր հատորը),

   բ. ՀՀ ազգային ատլասի էլեկտրոնային տարբերակի (JPEG, PDF) 1 էջը` 600 դրամ,                                                                                         

   գ. էլեկտրոնային թեմատիկ քարտեզ (JPEG, PDF)՝ 40000 դրամ:

   18.4) Օրթոֆոտոհատակագծերի (TIFF, GeoTIFF) տրամադրում տեսանելի և ինֆրակարմիր տիրույթում (RGB, NIR/CIR) ՝ անշարժ գույքի մեկ միավորի համար՝ 500 դրամ,»:

26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
   «26) Ռեֆերենց կայանների ծառայություններից մեկ սարքով օգտվելու համար՝

   ա. 15 օր բաժանորդագրությամբ՝ 9000 դրամ,

   բ. ամսական՝ 15000 դրամ,

   գ. տարեկան բաժանորդագրությամբ՝ 162000 դրամ:»:

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 29-րդ կետով.
   «29) Քարտեզագրական մոդուլի բաժանորդային վճար՝

   ա. համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ տվյալների որոնման և դիտման հնարավորությամբ տեղական ինքնակառավարման մարմինների տարեկան բաժանորդագրման համար՝ տվյալ համայնքային բյուջեի 0,3 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 5 000 000 դրամը,

   բ. իրավաբանական անձանց տարեկան բաժանորդագրման համար՝ հասցեի, ինչպես նաև անշարժ գույքի միավորի ծածկագրով կամ կոորդինատներով որոնման և դիտման հնարավորությամբ՝ 150 000 դրամ,

   գ. ֆիզիկական անձանց համար՝ հասցեի, ինչպես նաև անշարժ գույքի միավորի ծածկագրով կամ կոորդինատներով որոնման և դիտման հնարավորությամբ՝ ամսական 2000 դրամ:»

   Հոդված 10. Օրենքի 74-րդ հոդվածի 11-րդ մասում «գործակիցը» բառից հետո լրացնել «` բացառությամբ թղթային տարբերակի» բառերը

   Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից բացառությամբ՝ 2-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի:
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված Կառավարության որոշումը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսյա ժամկետում:
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահին:
Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված քարտեզագրական մոդուլի բաժանորդագրման պայմանագրի օրինակելի ձևը և տվյալների կառավարման կարգը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսյա ժամկետում:
Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 3-րդ մասը ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

                                    

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը
   1) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում սահմանված է  գույքի նկատմամբ իրավունքների (սահմանափակումների), դրանց դադարեցման, տեղեկատվության տրամադրման վարույթների հարուցման   և ավարտման՝ ավարտական փաստաթղթերի տրամադրման երկու ռեժիմ՝ էլեկտրոնային և թղթային (հոդվածներ 17, 24, 26, 26.1, 27, 31, 32, 33 և այլն)։ Քանի որ Կադաստրի կոմիտեի գործառույթների շրջանակներում իրականացվում են մեծաքանակ և ոչ նույնական վարույթներ, անընդհատ մեծանում են թղթային արխիվների ծավալները։ Հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքներ և սահմանափակումներ հաստատող փաստաթղթերը պահվում են անժամկետ։ Միևնույն ժամանակ ոչ էլեկտրոնային վարույթների պարագայում մեծ է մարդկային ազդեցության գործոնը, որը երբեմն հանգեցնում է սխալի։

   2) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում է քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց անվանացանկը՝ վերջիններիս համաձայնությամբ: Նման կարգավորման պարագայում բացակայում է որակավորման վկայական ստացած անձանց հետ որևէ կապի միջոց հրապարակելու իրավական հիմքը, որը պահանջվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասով, 8-րդ հոդվածով։

   3) Գործող կարգավորումների պայմաններում Կադաստրի կոմիտեի  տեղեկատվության տրամադրման լիազորությունների ծավալը չի համապատասխանում անշարժ գույքի ռեգիստրի տվյալների մատչելիության սկզբունքին. բացակայում են բաժանորդագրության միջոցով տեղեկատվության հասանելիության ապահովման, էլեկտրոնային օրթոֆոտոհատակագծերի, ազգային ատլասների, աշխարհագրական անվանումների և տեղեկատու բառարանների տրամադրման վերաբերյալ նորմեր:  

   2.Առկա իրավիճակը

   1) Առկա կարգավորումների պայմաններում դեռևս գերակշռում են «թղթային» վարույթները։ Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացման և դրանով պայմանավորված մարդկային գործոնի նվազեցման, թղթային արխիվների կրճատման համար անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ։ Ընդ որում այդ փոփոխությունները անհրաժեշտ է կատարել փուլային տարբերակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, դրանց տարածվածության մակարդակին համընթաց, որպեսզի անհամաչափորեն չսահմանափակվի այն անձանց իրավունքները, որոնք անհասանելի կամ դժվար հասանելի են համապատասխան միջոցները։

   2) Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց ծառայություններից օգտվելը դյուրինացնելու համար անհրաժեշտ է ստեղծել մեկ աղբյուր, որից հնարավոր կլինի տեղեկություններ ստանալ որակավորման վկայական ստացած անձանց տվյալները, այդ թվում՝ նրանց հետ կապի միջոցները։ Գործող կարգավորման պարագայում ծառայությունների շահառուները զրկված են պահանջվող տեղեկությունները մեկ մատչելի աղբյուրից ստանալու հնարավորությունից։ Այդ պատճառով Կադաստրի կոմիտեն հաճախ ստանում է զանգեր վերը նշված տեղեկությունները տրամադրելու խնդրանքով, ինչը անհարկի ծանրաբեռնում է կոմիտեին։

   3) Գործող կարգավորումների պայմաններում Կադաստրի կոմիտեն լիազորված չէ տրամադրել էլեկտրոնային օրթոֆոտոհատակագծեր, ազգային ատլասներ, աշխարհագրական անվանումների տեղեկագրեր և տեղեկատու բառարաններ, ինչպես նաև բաժանորդագրության միջոցով ապահովել քարտեզագրական մոդուլի հասանելիությունը:

   Առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակներն են՝ օգտատերերի քանակի ավելացում, աշխատանքի պարզեցում, շահառուների ֆինանսական միջոցների խնայողություն։

Մշակված նախագծի հիմնական նպատակներն են՝
   1) խթանել էլեկտրոնային վարույթների ծավալների աճին,

   2) քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում համալրել պահանջվող տեղեկատվությունը։

   ա. Առաջին նպատակի իրագործման համար նախատեսվում է գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող և այլ փաստաթղթեր էլեկտրոնային ներկայացնելու պարտականությունը դնել դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և նոտարների վրա։ Նման բնույթի կարգավորման հիմնական դրդապատճառն այն է, որ համապատասխան փաստաթղթեր տրամադրող սուբյեկտների մեծամասնությունը (եթե ոչ բոլորը) ունեն անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն, ինչը թույլ է տալիս առանց լրացուցիչ բարդությունների կատարել նրանց վերապահվող պարտականությունը։ Դա նաև հնարավորություն է ստեղծում պարզեցնել գրանցման և տեղեկատվության տրամադրման վարույթները՝ դիմումատուներին ազատելով մեծաքանակ փաստաթղթերի հավաքագրման, հերթագրման և ներկայացման պարտականությունից (դիմումատուն կոմիտե պետք է ներկայացնի ընդամենը իրավասու սուբյեկտների տրամադրած էլեկտրոնային փաստաթղթերի անհատականացման տվյալները), ինչն էլ ինքնաբերաբար կբեռնաթափի Կադաստրի կոմիտեի ծանրաբեռնվածությունը։

   Միևնույն ժամանակ, հաշվի առնելով իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հնարավորությունները և էլեկտրոնային թվային ստորագրության առկայությունը, նախատեսվում է, որ նրանք Կադաստրի կոմիտե կարող են դիմել և անհրաժեշտ ծառայություններից օգտվեն էլեկտրոնային եղանակով։

Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության խթանման համար նաև նախատեսվում է, որ միասնական տեղեկանքը կարող է պահանջվել և տրամադրվել միայն էլեկտրոնային եղանակով։

   բ. Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում նախատեսվում է, որ լիազոր մարմինը քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց համաձայնությամբ պաշտոնական կայքում հրապարակում է վերջիններիս անվանացանկը և նրանց կողմից տրամադրված կապի միջոցները։

   «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածում, այն է «Պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների համար գանձվող վճարների չափերը», առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները.

18-րդ կետից հետո լրացվում են 18.1), 18.2), 18.3), 18.4) ենթակետերը, քանի որ շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա թեմատիկ քարտեզագրական նյութերի և աշխարհագրական անվանումների տեղեկագրերի և տեղեկատու բառարանների պահանջարկ կա:
26-րդ կետը այն է՝ «Ռեֆերենց կայանների ծառայություններից մեկ սարքով օգտվելու համար՝ ամսական 5000 ՀՀ դրամ» առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ լրացնելով նաև 15 օրով և մեկ տարով բաժանորդագրման հնարավորություն՝ հաշվի առնելով օգտատերերի պահանջարկը և շուկայի ուսումնասիրության արդյունքները:
Լրացվել է 29-րդ կետ՝ նախատեսելով, որ քարտեզագրական մոդուլի տարածական տվյալների հասանելիությունը կարող է ապահովվել բաժանորդագրման միջոցով, ինչը թույլ կտա անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը ապահովել առավել կարճ ժամկետներում և կհանգեցնի գների նվազեցման:
Ակնկալվող արդյունքը
   Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության ապահովում:

   Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի եկամուտների   ավելացումներ:

     Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրերից, ոլորտային և/կամ այլ ռազմավարական փաստաթղթերի պահանջներից:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն