Նպատակը պատժելը չէ. ՏՄՊՊՀ անդամը վստահեցնում է՝ նոր նախագծով կփորձեն կանխել հակամրցակցային վարքագիծը

23 փետրվարի 2021 | | Цитата

 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոր օրինագծով նպատակ ունի հակամրցակցային վարքագիծը, հատկապես հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարը դարձնել առավել արդյունավետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին

- Պարոն Մարկոսյան, նախագիծն ԱԺ-ում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, նախ ո՞րն էր այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնելու նպատակը, այն պատշաճ հանրային քննարկում անցե՞լ է:

- Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքն ընդունվել է 2000 թ-ին, և 21 տարվա ընթացքում մի շարք փոփոխությունների է ենթարկվել՝ այդ ընթացքում բազմաթիվ հարցերում ցույց տալով բացեր, թերի կարգավորումներ: 2015-ի Սահմանադրական բարեփոխումներն էլ իրենց հետ բերել են որոշակի սահմանադրական պահանջներ՝ նաև օրենսդրական փոփոխության առնչությամբ: Այս ամենն իմի բերելով՝ մենք որոշեցինք նախաձեռնել գործընթացը: Հարցում ենք արել ոլորտում հայտնի գիտական հաստատություններին, բուհերին, որպեսզի հավաքագրենք ոլորտի վերաբերյալ խնդիրները: Հանձնաժողովում բավականին երկար աշխատանքից հետո նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման` e-draft-ում, ներկայացվել է բոլոր շահագրգիռ մարմիններին՝ պետական կառույցներին, ոլորտի հասարակական կազմակերպություններին, ՀՀ փաստաբանների պալատին, ՄԻՊ-ին և այլ կողմերի: Այս ամենը մեզ թույլ տվեց ունենալ բազմակողմանի քննարկված նախագիծ: Հիմնավորված առաջարկները լրիվ կամ մասնակի ընդունվել և իրացվել են նախագծում:

-Եթե փորձենք ավելի մատչելի ձևով ներկայացնել, որո՞նք են նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները:

- Նախագծի հիմնական ուղղությունները երկուսն են՝ ունենալ կանխատեսելի և արդյունավետ վարչարարություն: Ներկայումս մենք վարչական վարույթ հարուցում ենք դիմումի հիման վրա, և խախտման մեջ մեղադրվող տնտեսավարողի համար պարզ չէ, թե ինչ մեղադրանք է իրեն առաջադրված դիմումի շրջանակներում: Եվ շատ դեպքերում վերջում պարզվում է, որ տնտեսավարողը ամենևին էլ խախտում չէր արել, և մենք վարչական վարույթը կարճում ենք: Ըստ նախագծով առաջարկվող կարգավորումների՝ դիմումը ինքնաբերաբար վարույթի հարուցման հիմք չէ, այլ ընդամենը առիթներից մեկն է, որ հանձնաժողովը սկսի նախնական ուսումնասիրություն: Դրա շրջանակներում, եթե կշոշափվեն առերևույթ խախտման հատկանիշներ, կսկսվի բուն վարույթը: Մենք վարույթ հարուցելու որոշման մեջ հստակ գրելու ենք այն նորմը, որի շրջանակում մեղադրանքը պետք է քննարկվի: Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա դա պետք է դիտարկենք երկու ասպեկտով, առաջին՝ որքանո՞վ են առկա կարգավորումները հետապնդվող նպատակին հասնելու հնարավորություն տալիս, և երկրորդ՝ որքանո՞վ է այս գործիքակազմը խնայողական: Թե առաջին, թե երկրորդ առումներով գործող օրենսդրությունը, մեղմ ասած, չի բավարարում այդ արդյունավետության չափանիշներին: Այսպիսով, հանձնաժողովի գործունեությունն ուղղորդվել է երկու թիրախներով՝ կանխել հակամրցակցային վարքագիծը և խափանել: Այսինքն՝ մեր նպատակը ոչ թե պատժելն է, այլ՝ օրենքով թույլատրված միջոցառումների շրջանակում հասնել ազատ տնտեսական մրցակցության:

-Նոր կարգավորումներով ինչպե՞ս եք կանխելու հակամրցակցային վարքագիծը:

-Կանխելու գործիքակազմը բազմաբնույթ է: Առաջինը՝ հանձնաժողովն անվճար խորհրդատվական եզրակացություն է տրամադրելու այն տնտեսավարողներին, որոնք որևէ քայլ անելիս կասկածում են, որ իրենց գործողությունը կարող է մրցակցային խախտում պարունակել: Կարևորագույն տեղ է տրամադրվել հանրային իրազեկումներին, նախատեսում ենք պարբերաբար տեղեկատվական հոլովակներ հրապարակել, որոնք մրցակցային իրավունքի էության և առանձնահատկությունների մասին տեղեկատվություն կփոխանցեն և տնտեսավարողներին և սպառողներին: Ունենք նաև զգուշացման գործիքը, որը կիրառվում է ոչ թե խախտման համատեքստում, այլ, երբ կա իրավիճակ, որ կարող է ռիսկ ծնվել, որ ինչ-որ մեկը խախտում կանի: Հանձնաժողովի հետ համագործակցությունը՝  անկախ նախորդող վարքագծի, խրախուսական է: Եթե տնտեսավարողը վարույթի ընթացքում կգա, կընդունի իր մեղքը, կվերացնի խախտման հետևանքները և հանձնաժողովից կխնդրի արագացված վարույթի կիրառում, հանձնաժողովը կկիրառի օրենքով թույլատրված պատասխանատվության 50 տոկոսը:

-Գործարարներն ի՞նչ էական փոփոխություններ կզգան այս օրենքի ընդունումից հետո:

-Գործարարները և այն բոլոր անձինք, ում վրա ազդում է մեր գործունեությունը, դրական ազդեցություն կզգան: Հանձնաժողովի արդյունավետ գործունեության դեպքում մեծ առումով շահելու են բոլոր բարեխիղճ անձինք՝ այդ թվում տնտեսավարողները: Այս նախագիծը ևս մեկ էական առաջընթաց է արձանագրում. ներկայումս մեր ոլորտում թույլ տրված խախտումների համար պատասխանատվությունը վաղեմություն չունի: Օրինակ, 2003-ին գործած որևէ արարք կարող է այսօր դառնալ քննարկման առարկա, եթե նման հաղորդում ունենանք, պետք է ընթացք տանք: Հիմա օրենքով նախատեսում ենք վաղեմության ժամկետ, որն անցնելուց հետո մենք այլևս չենք կարող տնտեսավարողին անհանգստացնել: Առաջին ընթերցմամբ քննարկմանն անցել է 10 տարվա ժամկետը, սակայն հնարավոր է, որ այդ շեմն իջեցվի:

-Տեսակետներ են հնչում, թե այդ օրինագիծը նոր «մահակ» է հատկապես խոշոր տնտեսավարողների համար, նպատակը նրանց շահույթից զրկելն է: Ի՞նչ կասեք այս քննադատությունների մասին:

- Մտահոգություն հնչեցնողներին պայմանական կարելի է մի քանի խմբի բաժանել, առաջինը՝ մտահոգություն են հնչեցնում և այդքանով սահմանափակվում, անհասկանալի է, թե ինչն է մտահոգում: Մտահոգություններ հայտնողների երկրորդ խումբն ապակառուցողական դաշտում է, քանի որ ասում են, որ մտահոգ են, բայց որևէ կոնկրետ առաջարկ չեն անում, վերջում էլ առաջարկում են օրինագիծը հանել շրջանառությունից: Նրանք նշում են օրինակ, որ X կարգավորումն այսպիսին է՝ մոռանալով, որ գործող օրենքը հենց նույնաբովանդակ է և մի քանի անգամ ավելի վատ իրավիճակում: Մտահոգություններ հայտնողների երրորդ խումբը կառուցողական է, նրանց կողմից հնչում են դիտարկումներ, առաջարկություններ,  որոնք ողջամտորեն հիմնավորված են, տեղ են գտնելու երկրորդ ընթերցմամբ ներկայացվելիք նախագծում: Կան սուբյեկտներ, որոնց ուղարկվել է նախագիծը, նրանք ժամանակին լռել են, և միայն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մտահոգություններ են հնչեցնում: Առաջարկների համար բաց ենք: Բոլոր բարեխիղճ տնտեսավարողները և քաղաքացիները պետք է շահագրգռված լինեն այս կառույցի ինստիտուցիոնալ կատարելագործման հարցով:

-Այս նախագծով տնտեսավարողների համար քրեական պատասխանատվություն, պատժաչափերի փոփոխություններ նախատեսվու՞մ են:

-Քրեական օրենսգրքում ներկայումս էլ պատասխանատվություն է նախատեսվում մի շարք հակամրցակցային գործողությունների համար: Ներկայումս նախատեսված հոդվածը ձևական հանցակազմ է: Արարքը կատարելու փաստով այն համարվում է ավարտված, և քրեական պատասխանատվությունը կարող է վրա հասնել: Մենք այն դարձնում ենք նյութական, ավելացնում ենք հետևանքի սեգմենտը: Մասնավորապես, եթե չկա խոշոր չափի վնաս կամ խոշոր չափով շահույթ, ապա հանցակազմ գոյություն չունի: Խոշոր չափը սահմանվում է օրենքով. 1-5 միլիոնը համարվում է խոշոր չափի վնաս: Եթե այս փոփոխությունը հիմա չանենք, մեր մի շարք որոշումներ, որոնք հրապարակված են հանձնաժողովի կայքում ինքնին առիթ են, որ քրեական գործեր հարուցվեն: Մենք քրեական պատասխանատվություն չենք ավելացնում, հակառակը՝ եղածը կատարելագործում ենք՝ հստակ տարանջատելով իրավիճակները, նաև ապահովագրելով տնտեսավարողներին: Ինչ վերաբերում է պատժաչափերի փոփոխությանը, ապա ասեմ, որ նոր պատժաչափեր չեն ավելացվում: Անգամ հանձնաժողովն իր վրա բեռ է վերցրել, որ հստակեցնի, թե որ դեպքում որ չափով պատասխանատվություն պետք է կիրառվի: Մենք պարտավորվելու ենք օրենքի ընդունումից հետո մշակել համապատասխան կարգ՝ պատասխանատվության միջոցների կիրառման չափանիշների և կարգի մանրամասների վերաբերյալ և հնարավորինս հստակ ցույց տալ, թե որ դեպքում ինչը կկիրառվի:

-Այդ դեպքում, ինչո՞ւ են բողոքում գործարարները, ո՞րն է հանձնաժողովի հիմնական ուղերձը:

-Ինձ մոտ տպավորություն է, որ կամ մարդիկ չեն կարդացել փոփոխությունները, կամ իրենք ծանոթ չեն գործող օրենքին, կամ չեն ցանկանում դրական տարբերությունները ֆիքսել: Մեր ուղերձը հետևյալն է՝ այն անձինք, որոնք ունեն քննադատություն, վերադառնան կառուցողական դաշտ, հանձնաժողովը միշտ բաց է ողջամիտ առաջարկների համար, պատրաստ է ցանկացած ողջամիտ առաջարկ իրացնել՝ թե հիմա, թե օրենքի ընդունումից հետո՝ ենթաօրենսդրական աշխատանքում:

-Հաճախ տնտեսավարողները ներքին կարգով համաձայնություններ են ձեռք բերում, այս հակամրցակցային համաձայնությունների առնչությամբ նախագծով որևէ բան նախատեսվո՞ւմ է:

- Հակամրցակցային համաձայնություններն իրենց բնույթով հակամրցակցային գործողություններից ամենածանրն ու ամենավտանգավորն են: Այդ խախտումներին բնորոշ է բանավոր պայմանավորվածությունը, իսկ մենք հնարավորություն չունենք հասկանալու, թե օրինակ երկու հոգի մի վայրում ինչ են պայմանավորվել: Եվ նախագծերի փաթեթում տեղ է գտել օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախաձեռնման հնարավորություն՝ նաև հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը պարզապես դիմելու է իրավասու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին՝ համապատասխան միջնորդությամբ, որի հիման վրա կձեռնարկվեն կամ չեն ձեռնարկվի քայլեր, և եթե արդյունքներ կլինեն, կփոխանցվեն հանձնաժողովին: Սա թույլ կտա բացահայտել այդ բանավոր պայմանավորվածությունները և հանձնաժողովի գործունեությունը նաև այդ առումով արդյունավետ դարձնել: Մինչև այս հանձնաժողովի կողմից բացահայտվել են շատ քիչ թվով հակամրցակցային համաձայնությունների դեպքեր: Այսպիսով, այս նախաձեռնությունը նպատակ ունի հակամրցակցային վարքագիծը, հատկապես հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնել:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն