• Armenianeconomy.com

Մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են պետական սահմանին, հարկային ոլորտներին, պետական գույքի մասնավորեցմանն առնչվող օրինագծեր եւ միջազգային համաձայնագիր

10 սեպտեմբերի 2020 | Օրենսդրություն, Աշխատանքային | Цитата

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակի կարծիքով՝ գործող կարգավորումների առկայության պայմաններում, ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման եւ համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը՝ այդպիսով գործատուներին զրկելով համախառն եկամտից շահութահարկի գծով նվազեցումներ կատարելու հնարավորությունից: Մինչդեռ, տարբեր հիմքերով առաջացած ճգնաժամային իրավիճակներում օբյեկտիվորեն գործատուն ցանկանում է եւ անհրաժեշտ է, որպեսզի աշխատողներին տրամադրի տարբեր տեսակի օգնություններ, սակայն կաշկանդված լինելով 0.25 տոկոսը չգերազանցելու գործող կարգավորմամբ, չի կարողանում իրացնել ֆիզիկական անձանց ճգնաժամային իրավիճակներում անհրաժեշտ ծավալով օգնություն տրամադրելու իր իրավունքը:

Նախագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածում «0.25» թիվը փոխարինել «0.5» թվով, այսինքն` որոշ չափով բարձրացնել շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման եւ համանման այլ ծախսերի նվազեցման շեմը, որի արդյունքում ակնկալվում է, որ գործատուներն իրենց աշխատողների համար կկատարեն լրացուցիչ ծախսեր` օգնելով նրանց դիմակայելու նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակին:

Կառավարության եզրակացությունը դրական չէր: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է նախագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ 2ամիս ժամկետով, ինչն ընդունել է հիմնական զեկուցողը:

Քննարկվել է Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանի՝ առողջապահական ընկերությունների մասնավորեցման ընթացքում գործունեության հիմնական ուղղության պահպանման վերաբերյալ միակողմանի եւ վերացական որոշումների կայացումը բացառելու եւ բազմակողմանի հիմնավորված որոշումներ ընդունելու նպատակով առաջարկվում է առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման անհրաժեշտությունը եւ ժամկետների սահմանման լիազորությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վերապահել ՀՀ կառավարությանը: Օրենքի համապատասխան հատվածից առաջարկվում է հանել «անկախ սեփականատերերի փոփոխությունից» արտահայտությունը, քանի որ հիմնական ուղղության պահպանման պահանջ դրվում է ընկերության նկատմամբ:

Նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցման ընթացքում հիմնական ուղղության սահմանման ժամանակ ոչ հիմնավորված որոշումների ընդունումը, որի շնորհիվ հնարավորություններ կստեղծվեն այդ ընկերությունների արդյունավետ գործունեությունը կազմակերպելու ու ծավալելու հարցում:

Տեղեկացնենք, որ նախագծի քննարկումն ու քվեարկությունը երկու անգամ հետաձգվել էր: Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովականներն անընդունելի են համարել նույն նախագիծն առանց որեւէ փոփոխության երրորդ անգամ հանձնաժողովի դատին ներկայացնելը: Օրենքի նախագիծը չի ստացել դրական եզրակացություն:

Քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Միքայել Փաշայանի՝ արձանագրության վավերացմամբ հիմքեր են ստեղծվում երկու պետությունների մաքսային ծառայությունների միջեւ փոխադարձ վարչական աջակցության ընդլայնման, երկու երկրների միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ընթացքում մաքսային հսկողության եւ մաքսային ձեւակերպումների արդյունավետ եւ արագ իրականացման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրի անվտանգության ապահովման եւ առեւտրային հարաբերությունների ամրապնդման համար:

Արձանագրությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ընթացքում էլեկտրոնային տվյալների մշակման եւ նախնական փոխանակման հնարավորություն:

Պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի, Արման Աբովյանի հեղինակած «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունը պետք է իրականացնի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

Դրույթներից մեկով՝ պետական սահմանում ՀՀ շահերին սպառնալիք ծագելու դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարը կարող է ժամանակավորապես դադարեցնել հաղորդակցությունը պետական սահմանի անցման կետերում:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հակահրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանն առաջարկել է  որոշակի հարցեր կարգավորելու նպատակով հետաձգել հարցի քվեարկությունը: Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: 
  
Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի՝ առաջարկվում է գործող օրենքը լրացնել նոր դրույթով` պետական տուրք սահմանելով սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար:

Սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմինն իրականացնելու է պետական գրանցում` տրամադրելով սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթուղթը:

Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով, ըստ ԱԺ պատգամավոր Արթուր Դալլաքյանի, առաջարկվում է սահմանել պետական տուրքի գծով արտոնություն տալ բացառապես պահուստային տրանսպորտային միջոցների համար, եթե կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործմամբ կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղեւորափոխադրումների կազմակերպմամբ, ինչը ոչ միայն կխրախուսի տվյալ ոլորտում գործունեություն իրականացնողներին, այլեւ կլինի արդարացի մոտեցում, քանզի ուղեւորափոխադրողները արդեն իսկ վճարում են այլ հարկեր ու տուրքեր, այդ թվում վճարում են գույքահարկ պահուստային տրանսպորտային միջոցների համար, եւ պայմանավորված այդ միջոցների չօգտագործմամբ կամ հիմնական տրանսպորտային միջոցների շահագործման անհնարինության դեպքում օգտագործմամբ, ողջամիտ է դրանց մասով պետական տուրքի արտոնության սահմանումը:

Կառավարությունը բացասական եզրակացություն չէր ներկայացրել, առաջարկել էր հստակեցնել որոշ դրույթներ: Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն առաջին ընթերցման է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից: Փոխնախարարի հավաստմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայումս հանրապետության տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր համայնքները կապահովվեն որակյալ, արդյունավետ եւ հասանելի տրանսպորտային սպասարկմամբ, կներդրվի միասնական տոմսավորման համակարգ եւ ինտերակտիվ քարտեզ: Նշվել է նաեւ, որ ավտոկայարանային համակարգի արդիականացումը պետք է իրականացվի ներդրումային ծրագրերի միջոցով, այդ թվում նաեւ կառավարության օժանդակությամբ: Հետեւաբար անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը (ներառյալ գույքային) եւ պետական կարգավիճակով գործունեությունը` բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությունը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են ներկայացրել օրենսդրական նախաձեռնությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել մի շարք օրինագծեր եւ օրենսդրական փաթեթներ: Հիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝ սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով: Նախատեսվում է ՀՀ կառավարությանն օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ բալոնների պարբերական վկայագրման կարգը: Առաջարկվում է սահմանել վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտողներին:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորները փորձել են պարզել, թե քաղաքացիների համար ինչպիսի՞ ֆինանսական բեռ կլինի վկայագրման գործընթացը, ի՞նչ պարբերականությամբ այդ գործընթացը կիրականացվի, ինչպիսի՞ սակագնային քաղաքականություն կիրականացվի եւ այլն: Առաջարկվել է գազաբալոնների պիտանելիության որոշումն իրականացնել մեքենաների տեխզննումն իրականացնելիս, վերանայել կայանների նկատմամբ սահմանված 100.000 դրամ տարեկան տուրքի չափը: Օրենսդիրները, կարեւորելով հանդերձ անվտանգության ապահովմանն ուղղված կարգավորումները, բարձրաձայնել են օրենսդրական փաթեթի՝ վերանայման ենթակա որոշ դրույթներ, ներկայացրել առաջարկներ:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության ներկայացրած «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որին հանձնաժողովը կանդրադառնա նաեւ վաղվա նիստում:

«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրնեսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով: Օրենքների նախագծերը լրամշակվել են նոր դրույթներով, համաձայն որոնց` շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանում է Կառավարությունը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանի՝ 2021 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվելու «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքը եւ ՀՀ հողային օրենսգրքով հողի հարկին հղված դրույթներում անհրաժեշտություն է առաջանում «հողի հարկը» փոխարինել «անշարժ գույքի հարկը» բառերով: Նշվել է, որ առաջարկվող փոփոխություններով ՀՀ-ում կմեծանա հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների օտարման գործարքների շրջանառության ծավալը, ինչպես նաեւ նպաստավոր պայմաններ կստեղծվեն անշարժ գույքի ձեռքբերման դեպքերում դրամական միջոցների ներդրումների համար:

Հանձնաժողովը որոշել է հարցին անդրադառնալ սեպտեմբերի 10-ի նիստում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը:  Մանրամասն ներկայացնելով հաշվետու ժամանկահատվածում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքները, մասնավորեցումներից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկատվությունները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է առավել հրապարակային դարձնել ՀՀ -ում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը:

Նախագիծն ստացել է դրական եզրակացություն:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ• «Սնդիկի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է...• ՊԵԿ-Ը ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԲԱՎՐԱՅԻ ԱՆՑԱԿԵՏՈՎ• Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին• ՊԵԿ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ՝ ԶՈՒԳՈՐԴՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՇՈՒՐՋ 200 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՉԱՓԻ ՎՆԱՍՈՎ• Փաշինյանի մոտ քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը• ԴԱՍԸՆԹԱՑ` «Արդյունավետ վաճառքի գործիքներ» թեմայով• ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն