«ՀԱՐԿԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՎՃԱՐՈՒՄ. 5 ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»

31 հուլիսի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

«ՄԵԴԻԱՄԱՔՍԻ» ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԵԿ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրը ներկայացնում է պետական մարմինների աշխատանքի թվայնացման ընթացքն ու գործիքները։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) գործարկած Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը պարզեցնում է հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը և ավտոմատացնում հարկային հաշվետվությունների լրացումն ու ստուգումը։ 
 
Մեդիամաքսը ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանի հետ խոսել է համակարգի նպատակների, լուծած խնդիրների ու դրանից օգտվելու կանոնների մասին:
 
1. Ի՞նչ է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը:
 
2011 թվականին գործարկված Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով հարկ վճարողները հարկային մարմին են ներկայացնում անհրաժեշտ հաշվարկ-հաշվետվությունները, դիտում են իրենց պարտավորությունները, կատարում վճարումներ, ստանում ծանուցումներ հարկային մարմնից։ 
Անհրաժեշտության դեպքում՝ համակարգում հարկատուները ներկայացնում են առարկություններ ստացված ծանուցումներին վերաբերյալ։ Համակարգում հնարավոր է նաեւ էլեկտրոնային եղանակով գրանցել և գրանցումից հանել ՀԴՄ-ները, դիտել տպված ՀԴՄ կտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը, համապատասխան ենթաէջերի միջոցով հետեւել դիմումների ընթացքին։ 
 
2. Որո՞նք են համակարգի առավելությունները։
 
Հարկ վճարողները կարող են հաշված րոպեների ընթացում ներկայացնել անհրաժեշտ հաշվարկ-հաշվետվությունները, կատարել վճարումները, ստանալ ծանուցումներ և այլն։ 
Համակարգը կարեւոր նշանակություն ունի նաեւ հարկային մարմնի համար. ստացված տվյալների հիման վրա ձեւավորվում են էլեկտրոնային շտեմարաններ, որոնք անհրաժեշտ են տարատեսակ վերլուծություններ իրականացնելու համար։ 
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի ներդրումը նվազեցրել է սխալվելու հավանականությունը, քանի որ հարկ վճարողների կողմից լրացվող հաշվարկներում բոլոր հնարավոր տվյալները, որոնք առկա են ՊԵԿ տեղեկատվական բազայում, լրացվում են ինքնաշխատ, հաշվետվություններում դրված են ստուգումներ, որոնք սխալների դեպքում հաղորդագրություն են ցուցադրում, առկա են ինքնաշխատ հաշվիչներ՝ թվաբանական սխալները բացառելու նպատակով։ 
Համակարգի ներդրմամբ բացառվել է հաշվարկ-հաշվետվությունների հանձնման գործընթացում հարկային ծառայող-հարկ վճարող շփումը։
 
3. Ինչպե՞ս գրանցվել ու օգտվել համակարգից։
 
Համակարգը հասանելի է www.file-online.taxservice.am կայքում։ Համակարգից օգտվում են ՀՀ հարկային մարմնում հաշվառված ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը, նոտարները եւ կազմակերպությունները։ 
Համակարգից օգտվելու հայտ հնարավոր է ներկայացնել և՛ կայքում, և՛ հարկային մարմնում։
Համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ (նույնականացման քարտ), հանրային ծառայությունների համարանիշ եւ հարկ վճարողի հաշվառման համար։ Առցանց գրանցվելու պարագայում հարկ վճարողը անհրաժեշտ տվյալները լրացնելուց հետո բեռնում է էլեկտրոնային ծառայությունների մատուցման պայմանագիրը, ստորագրում իր էլեկտրոնային ստորագրությամբ և վերբեռնում համակարգ։ 
Հարկ վճարողը, «Էլեկտրոնային ծառայությունների մատուցման» պայմանագիր կնքելով և համակարգում գրանցվելով, իր էլեկտրոնային փոստի հասցեին ստանում է օգտվողի անվանում եւ գաղտնաբառ, որոնց միջոցով էլ մուտք է գործում համակարգ։ Համակարգ մուտք գործելուն պես՝ կարող է փոխել իր գաղտաբառը։ 
Համակարգում գործում է էլեկտրոնային ստորագրության 3 տեսակ՝ cosign (ստորագրություն համակարգչում նախապես տեղադրված հավաստագրի միջոցով), jsign (ստորագրություն նույնականացման քարտով), mId (ստորագրություն բջջային հեռախոսի և քարտի միջոցով)։
 
4. Ինչպե՞ս են գրանցվածներն օգտագործում համակարգը։
 
Համակարգ մուտք գործելուց հետո հարկ վճարողները իրենց անձնական գրասենյակից օգտվողներ են ստեղծում և նրանց տալիս համապատասխան լիազորություններ՝ դիտելու, խմբագրելու, ստորագրելու և այլն։ Յուրաքանչյուր օգտվողի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է օգտվողի անվանում և գաղտնաբառ, որոնց օգնությամբ մուտք են գործում համակարգ և ըստ իրենց տրված լիազորությունների իրականացնում համապատասխան գործողություններ։ 
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված են ՀՀ հարկային օրենսգրքով եւ ենթաօրենսդրական ակտերով սահմանված բոլոր հաշվարկները, հաշվետվությունները, դիմումները, հայտարարությունները եւ այլն։ 
 
5. Առցանց վճարման ի՞նչ հնարավորություններ կան, և ինչպե՞ս են կատարվում վճարումները։
 
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում հարկային պարտավորությունների վճարումներն իրականացվում են վճարային քարտերի միջոցով։ Համակարգ մուտք գործելուց հետո «Էլեկտրոնային վճարումներ» դաշտը ընտրելիս հնարավոր է առցանց եղանակով կատարել վճարումներ ՀՀ առեւտրային բանկերի կողմից առաջարկվող կամ թողարկվող վճարային քարտերի միջոցով, որտեղ առեւտրային բանկերի կողմից  մարումները փոխանցվում են ՀՀ Կենտրոնական գանձապետարան՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ 
Ներկայում աշխատանքներ են իրականացվում նույն հարթակում բանկային հաշիվներից վճարումներ իրականացնելու ուղղությամբ։


petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն