«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

03 հուլիսի 2020 | Նախագծեր | Цитата

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում կանոնակարգելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի և սնանկության վարույթի հարաբերակցությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏ

Հոդված 1. «Սնանկության մասին» 2016 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր):»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» կետով.

«ը) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:»:

Հոդված 3. Օրենքի 15.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով.

«ը) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:»։

Հոդված 4.  Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը «- Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ տողով.

« - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:»:

Հոդված 5. Օրենքի 39.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատարանը, ստանալով ապահովված պարտատիրոջ դիմումը, դիմումի օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է պարտապանին, կառավարչին և սույն օրենքով նախատեսված դեպքում դիմումին առարկելու իրավունք ունեցող այլ անձանց։ Պարտապանը և կառավարիչը պարտավոր են դիմումի օրինակը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումի կապակցությամբ գրավոր դիրքորոշում հայտնել:»,

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե պարտապանը, կառավարիչը կամ սույն օրենքով նախատեսված դեպքում այլ անձինք սահմանված ժամկետում դիրքորոշում չեն ներկայացնում կամ ներկայացված դիրքորոշմամբ չեն առարկում դիմումին, ապա դատարանը դիրքորոշում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, կայացնում է որոշում ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին:»,

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Եթե պարտապանը, կամ կառավարիչը կամ սույն օրենքով նախատեսված դեպքում այլ անձը դատարան ներկայացված դիրքորոշմամբ առարկում է դիմումին, ապա դատարանը առարկությունը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատական նիստ է հրավիրում, որի մասին պատշաճ կարգով ծանուցվում են դիմողը, պարտապանը և կառավարիչը: Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը:»,

4) 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պարզվում է, որ ապահովված պարտատերը չունի արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք կամ ապահովված պարտատիրոջ իրավունքը գույքի նկատմամբ վիճարկվում է քաղաքացիական գործով.» 

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին դիմումն ստանալու հաջորդ օրը դատարանը դիմումի պատճենն ուղարկում է պարտապանին, կառավարչին և սույն օրենքով նախատեսված դեպքում դիմումին առարկելու իրավունք ունեցող այլ անձանց` պարտատիրոջ կողմից դիմում ներկայացնելու դեպքում, իսկ եթե դիմումը ներկայացվել է պարտապանի (պարտատիրոջ հետ իր ունեցած փոխադարձ պարտավորությունների հաշվանցի կատարման նպատակով) կամ կառավարչի կողմից, ապա համապատասխանաբար պարտատիրոջը (պարտատերերին), կառավարչին և սույն օրենքով նախատեսված դեպքում դիմումին առարկելու իրավունք ունեցող այլ անձանց կամ պարտատիրոջը, պարտապանին և սույն օրենքով նախատեսված դեպքում դիմումին առարկելու իրավունք ունեցող այլ անձանց:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) կամ սույն օրենքով նախատեսված դեպքում դիմումին առարկելու իրավունք ունեցող այլ անձ գրավոր չի վիճարկում ներկայացված դիմումը, ապա դիմումի վիճարկման ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) կամ սույն օրենքով նախատեսված դեպքում դիմումին առարկելու իրավունք ունեցող այլ անձ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալու հաջորդ օրը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կողմերը ծանուցվում են պատշաճ ձևով:

Առարկությունների քննարկման արդյունքում նույն օրը դատարանը որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու կամ դիմումը մերժելու մասին:»:

Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը կամ սույն օրենքով նախատեսված դեպքում այլ անձինք նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):»,

2) 8-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը կամ սույն օրենքով նախատեսված դեպքում այլ անձինք գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանը առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:»,

3) 9-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը կամ սույն օրենքով նախատեսված դեպքում այլ անձինք պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում` սույն օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան:»:

Հոդված 8. Օրենքի 80-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե պարտատերերը կամ սույն օրենքով նախատեսված դեպքում այլ անձինք բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելու հաջորդող 7 օրվա ընթացքում բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարչի հաստատած բաշխման ծրագիրը համարվում է պարտատերերի կողմից ընդունված:»,

2) 5-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Եթե պարտատերը (պարտատերերը) կամ սույն օրենքով նախատեսված դեպքում այլ անձինք բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:»:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 12.1

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ՝ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Հոդված 105.1. Օրենքի կիրառելիությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերությունների նկատմամբ

1. Մինչև սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահը ուժի մեջ մտած պարտապանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վճռի կատարման նկատմամբ չեն կիրառվում սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով, 39-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 2-րդ մասի 5-6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները։
2. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օրինական ուժի մեջ մտած պարտապանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վճռով նախատեսված միջոցները ենթակա են բռնագանձման մինչև սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետով նախատեսված հերթի պահանջների բավարարումը մնացած պարտապանի գույքի հաշվին, իսկ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ սնանկության վերաբերալ գործի ավարտի պահին պարտապանին պատկանող գույքի հաշվին։
3. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի հիման վրա հայցի ներկայացման և գործի քննության նկատմամբ չեն կիրառվում սույն օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 2-3-րդ կետերով, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով նախատեսված սահմանափակումները։
4. Պարտապանի այն գույքի վրա, որի առնչությամբ պարտապանին սնանկ ճանաչելու պահին առկա է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի հիման վրա կիրառված ապահովման միջոց, մորատորիումի գործողությունը տարածվում է միայն այդպիսի ապահովման միջոցների վերանալու պահից։
5. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի հիման վրա կիրառված ապահովման միջոցները տարածվում են պարտապանի գույքի վրա մորատորիումի գործողության ավարտի պահից։

Հոդված 105.2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով իրավասու մարմնի կարգավիճակը սնանկության վարույթի ընթացքում

1. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում իրավասու մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել տեղեկատվություն պարտապանի գույքի առնչությամբ` ծանուցումը ստանալու պահին ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների և կիրառված ապահովման միջոցների մասին։ Պարտապանի գույքի առնչությամբ` ծանուցումը ստանալուց հետո ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների և կիրառված ապահովման միջոցների մասին իրավասու մարմինը դատարան է ներկայացնում տեղեկատվություն համապատասխան հանգամանքների ի հայտ գալուց հետո տասնհինգօրյա ժամկետում։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում իրավասու մարմինը դատարան է ներկայացնում նաև տեղեկատվություն պարտատերերի այն պահանջների մասին, որոնք վիճարկվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում և կարող են չհաստատվել դրա արդյունքներով։ Նշված պարտատերերի պահանջները ենթակա են կասեցման սույն օրենքի 20.1-ին հոդվածով նախատեսված կարգով։
3. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրավասու մարմինը կարող է ծանոթանալ սնանկության վարույթի նյութերին, այդ թվում՝ պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությանը, ինչպես նաև կառավարչից պահանջելու տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ` գույքագրված ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ: Պահանջվող տեղեկատվությունն իրավասու մարմնին է ներկայացվում անհապաղ, բայց ոչ ուշ քան իրավասու մարմնի պահանջն ստանալուց հետո եռօրյա ժամկետում։
4. Իրավասու մարմինը կարող է ներկայացնել առարկություններ սույն օրենքի 39.2-րդ, 40-րդ, 46-րդ և 80-րդ հոդվածներով նախատեսված հարցերով, ինչպես նաև օրենքով նախատեսված հիմքերով ներկայացնել հայց՝ վիճարկելով պարտատերերի պահանջների հիմքում ընկած գործարքները կամ այլ հանգամանքները։»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի և սնանկության վարույթի հարաբերակցության կանոնակարգման անհրաժեշտությամբ։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն ուղղված է գույքի դեմ, որի ձեռքբերումն էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով։ Այս ինստիտուտը կարող է դառնալ ֆինանսական հանցագործությունների կանխարգելման և հանցավոր եկամուտների շրջանառության դեմ պայքարի կարևոր գործիք։ Միևնույն ժամանակ, որոշ դեպքերում պարտապանի սնանկությունը կարող է առաջացնել խնդիրներ, որոնք դեռևս կարգավորված չեն գործող օրենսդրությամբ։
Այսպիսով, սույն նախագիծը նպատակ է հետապնդում կանոնակարգելու նշված երկու վարույթների հատման հետևանքները։

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Գործերի ենթակայությունը
Հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը և սնանկության գործերը քննելու համար անհրաժեշտ հատուկ մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև վարույթներից յուրաքանչյուրի էական ծավալը՝ նպատակահարմար է դրանց քննությունը տարբեր դատարանների կողմից։
Այդպես օրինակ, Ամերիկայի միացյալ նահանգներում քաղաքացիական բռնագանձման գործերի քննությունը հանձնված է տարածքային դատարանների (district courts) ենթակայությանը և այդպիսի ենթակայությունից արված չէ բացառություն, այդ թվում նաև՝ սնանկության դատարանի օգտին։[1] Ավելին, սնանկության վարույթ սկսելը չի հանգեցնում քաղաքացիական բռնագանձման գործի կասեցմանը, որը, գործը այլ դատարան փոխանցելու մեխանիզմների բացակայության պայմաններում, շարունակում է քննվել այն դատարանում, որտեղ հարուցվել էր։[2]
Ելնելով նշվածից, նախագծով առաջարկվում է անել բացառություն քաղաքացիական գործերը սնանկության գործի հետ քննելու կանոնից և թողնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննությունը մասնագիտացված դատավորներին։

Բռնագանձման քաղաքացիական գործի հարուցումը և քննությունը
«Սնանկության մասին» օրենքի կարգավորումների ուժով սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջանում է պարտապանի գույքին վերաբերող այլ քաղաքացիական գործեր հարուցելու և քննելու արգելք։ Հարուցված գործերը կարճվում են կամ ավարտվում են, իսկ համապատասխան պահանջները կարող են ներկայացվել սնանկության գործի շրջանակներում։
Նմանօրինակ կարգավորում նախատեսված է նաև Ամերիկայի միացյալ նահանգների սնանկության օրենսդրությամբ։ Միևնույն ժամանակ, նախադեպային իրավունքը հաստատել է, որ գործերի քննությունը շարունակելու արգելքից բացառություն են կազմում պետության կողմից ներկայացված բռնագանձման պահանջներով գործերը, որոնք համարվում են հանրային շահ հետապնդող և շարունակվում են քննվել անկախ սնանկության գործի հարուցումից։[3]
Ավստրալիայի սնանկության օրենսդրությունը արգելում է սնանկության դատարանի կողմից հանցավոր ակտիվների բռնագանձման գործերի քննության կասեցումը։[4]
Հաշվի առնելով նշվածը, ինչպես նաև ենթակայության բաժանումը, որն առաջարկվում է անել այս նախագծով՝ առաջարկվում է նաև հանել քաղաքացիական գործերի քննության սահմանափակումը, այնքանով, որքանով դա վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով գործերին։

Մինչև անձին սնանկ ճանաչելը բռնագանձման գործով կայացված դատական ակտերի կատարումը
«Սնանկության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կասեցնում է պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները։
Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ որպես կանոն ժամանակագրական առումով սնանկության վարույթի նախաձեռնմանը (անձին սնանկ ճանաչելու մասին որոշման կայացմանը) նախորդած քաղաքացիական բռնագանձման դատական ակտերն ունեն նախապատվություն դրանց կատարման տեսանկյունից։
Այդպես, Իռլանդիայի հանցավոր ակտիվների բռնագանձման օրենսդրությունը նախատեսում է, որ եթե անձը, ում պատկանում է գույքը ճանաչվում է սնանկ, այն գույքը, որի առնչությամբ մինչև անձին սնանկ ճանաչելը կայացվել են սառեցման, բռնագանձման կամ իրացման դատական ակտեր, դուրս է սնանկության օրենսդրության կարգավորումների ազդեցությունից։[5]
Ավստրալիայի սնանկության օրենսդրությունը նախատեսում է, որ եթե գույքի արգելադրման կամ դրա բռնագանձման վերաբերյալ դատական ակտը կայացվել է մինչև անձին սնանկ ճանաչելը, ապա այդպիսի գույքը չի փոխանցվում կառավարչին (Official Trustee), քանի դեռ դատական ակտն ուժի մեջ է։[6] Նույն բաժնում նախատեսվում է նաև, որ եթե դրամական բռնագանձման (այդ թվում՝ չհիմնավորվող հարստության բռնագանձման) պահանջներով դատական ակտը կայացվել է մինչև անձին սնանկ ճանաչելը, ապա պարտապանին պատկանող ոչ մի գույք չի անցնում կառավարչին, քանի դեռ դատական ակտն ուժի մեջ է։[7]
Ամերիկայի միացյալ նահանգներում թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական բռնագանձումներով կիրառվող դոկտրինի ուժով (relation-back doctrine), գույքը, որը ստացվել է ապօրինի ճանապարհով, դրա ստացման օրվանից համարվում է պետության սեփականությունը։[8] Նշված դոկտրինի հիման վրա, այդպիսի գույքը չի ներառվում պարտապանին պատկանող գույքի կազմում, անկախ նրանից, թե երբ է կայացվում բռնագանձման վճիռը։[9] Միևնույն ժամանակ, այս մոտեցումը գնահատվել է խնդրահարույց պարտատերերի շահերի պաշտպանության տեսանկյունից, քանի որ սնանկության վարույթի ընթացքում ինչ-որ պահի բռնագանձման գործի հարուցումը կարող է հետադարձությամբ պարտապանի գույքից «հանել» դրա մեծ մասը։[10] Այսպիսի միջամտությունը կարող է էականորեն ազդել պարտատերերի վրա, որոնք սնանկության վարույթի շրջանակներում կայացրել են որոշումներ և կատարել են գործողություններ՝ ելնելով պարտապանի գույքի՝ իրենց հայտնի ծավալներից։[11] Հետևաբար, որոշ մասնագիտացված մարմինների կողմից խորհուրդ է տրվում ընտրել ինչ-որ ժամանակային սահմանափակում, որի ընթացքում պետությունը կարող է ներկայացնել իր պահանջը՝ պարտապանի գույքից հանելով դրա մի մասը։[12] 
Մեծ Բրիտանիայում քաղաքացիական բռնագանձման գործի քննության հետ կապված սահմանափակումները կիրառվում են միայն այն անձի գույքի նկատմամբ, ով ճանաչվում է սնանկ։[13] Նշվածն ուղղված է պարտատերերի իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ապահովելուն, սակայն չի բացառում քաղաքացիական բռնագանձման վարույթի արդյունավետությունը, եթե այն ավարտվում է մինչև անձի սնանկության վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։[14]
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախագիծն առաջարկում է առաջնահերթություն տալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով կայացված դատական ակտերին, եթե դրանք կայացվել են մինչև անձին սնանկ ճանաչելու մասին դատական ակտի ուժի մեջ մտնելը։

Անձին սնանկ ճանաչելուց հետո բռնագանձման գործով կայացված դատական ակտերի կատարումը
Վերոգրյալն ամփոփելով՝ նախագիծն առաջարկում է առաջնահերթությամբ կատարել մինչև անձին սնանկ ճանաչելը կայացված բռնագանձման մասին վճիռները և միաժամանակ առաջարկում է չսահմանափակել սնանկության գործի քննությանը զուգահեռ բռնագանձման գործի քննությունը։ Այդպիսով, առաջանում է անհրաժեշտություն կարգավորելու այն դատական ակտերի կատարումը, որոնք կայացվում են անձին սնանկ ճանաչելուց հետո։
Իռլանդիայի օրենսդրությունն արգելում է անձին սնանկ ճանաչելուց հետո պարտապանին պատկանող գույքի վերաբերյալ կայացնել արգելադրման կամ բռնագանձման դատական ակտ։[15]
Քաղաքացիական բռնագանձման առնչությամբ համարժեք արգելք առկա է նաև Մեծ Բրիտանիայի օրենսդրությամբ,[16] իսկ որոշ հեղինակներ նույնիսկ պնդում են, որ պետության կողմից բարեխիղճ պարտատերերից առաջ բավարարում ստանալը կարող է դիտարկվել որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում։[17]
Մյուս կողմից, Ավստրալիայի սնանկության օրենսդրությունը նախատեսում է, որ եթե առկա է անձին սնանկ ճանաչելու օրը կամ դրանից հետո հանցավոր ակտիվների վերականգման օրենսդրության կիրառմամբ կայացված դատական ակտ, ապա այդ մասով արգելվում է գույքի բաշխումը պարտատերերի միջև։[18] Ավելին բաշխումն արգելվում է նաև, եթե գույքի բռնագանձման հարցը դեռ քննվում է այլ դատարանում։[19] Դատարանը կարող է նաև արգելել կառավարչին սնանկության գործի քննության ավարտից հետո մնացած գույքը վերադարձնել պարտապանին, եթե համոզվում է, որ հանցավոր (ապօրինի) գույքի բռնագանձման հարցը քննվում է զուգահեռ քրեական կամ քաղաքացիական գործով։[20]
Ամերիկայի միացյալ նահանգներում, ինչպես արդեն նշվել է, գույքը, որի առնչությամբ պետության կողմից ներկայացվում է բռնագանձման պահանջ դուրս է գալիս պարտապանին պատկանող գույքի ծավալից, քանի որ համարվում է պետության սեփականությունը դրա ձեռքբերման պահից: Նշվածը որոշ հեղինակներ համարում են խնդրահարույց՝ հիմք ընդունելով, որ պետության բռնագանձման պահանջն ամեն դեպքում ենթակա է հաստատման դատարանի կողմից և առկա օրենսդրական կանոնն այն է, որ պետության բռնագանձման պահանջը բավարարվի չապահովված պարտատերերից հետո։[21]
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագծով առաջարկվում է անձին սնանկ ճանաչելուց հետո կայացված բռնագանձման մասին դատական ակտերը կատարել պարտատերերի պահանջների բավարարումից հետո։ Միաժամանակ, առաջարկվում է հնարավորություն ստեղծել իրավասու մարմնի համար ներկայացնելու առարկություններ և վիճարկելու պարտատերերի այն պահանջները, որոնց բարեխիղճ լինելու վերաբերյալ առկա են կասկածներ։ Վիճարկվող պահանջները «Սնանկության մասին» օրենքով նախատեսված կարգով կկասեցվեն մինչև դրանց վերաբերյալ որոշման կայացումը։

ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ և ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի և սնանկության գործերի հարաբերակցությունը։ Նշվածը կվերացնի հնարավոր օրենսդրական բացերի արդյունքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի արդյունավետության նվազման հնարավորությունը՝ միաժամանակ ապահովելով պարտատերերի շահերի պաշտպանությունը:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն