• Armenianeconomy.com

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը. աջակցություն կտրամադրվի տուժած ոլորտների աշխատողներին

18 հունիսի 2020 | Օրենսդրություն, COVID-19 | Цитата

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին:

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումը և դրա շրջանակում աջակցության տրամադրման կարգը: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝ հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային ծառայություններ, նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), կինոթատրոնների, լուսանկարչության բնագավառում, սպորտի բնագավառում (սպորտային ակումբներ, լողավազաններ, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, խաղատների գործունեություն:

Եթե գործատուն գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում, ապա գործատուի վարձու աշխատողների աջակցություն տրամադրվում է, եթե տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40 տոկոս։ Ընդ որում, այս դեպքում շահառու են հանդիսանում գործատուի բոլոր վարձու աշխատողները։ Վարձու աշխատողները (այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները), շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ (այդ թվում՝ եթե 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը)։ Այս կետում նշված անձանց աջակցությունը տրամադրվում է՝ անկախ գործատուի կողմից աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում կամ պայմանագրային եկամուտ հաշվարկելու հանգամանքից։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով, որը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը շահառուի կողմից https://dimum.ssa.am/ կայքէջին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։ Դիմումները կընդունվեն հունիսի 22-ից սկսած: Աջակցությունը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

Ինչպես նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, միջոցառման շահառուների թիվը շուրջ 36800 է, իսկ բյուջեն կազմում է 2,5 մլրդ դրամ: «20-րդ ծրագրում ներառված են ոլորտներ, որոնք կային նաև 8-րդ ծրագրում: Պետք է նշեմ, որ կարող են դիմել նաև այս միջոցառումից աջակցություն ստանալու համար: Սա երկրորդ հնարավորությունն է առավել տուժած ոլորտների աշխատակցիներին աջակցելու»,-ասել է նախարարը:

Կկանոնակարգվի բուհ-աշխատաշուկա կապը. կփոխհատուցվի սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ եկամտահարկի գումարներից

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է: Արդյունքում՝ կփոխհատուցվի ներկայացված մասնագիտություններով սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից: Հիմնավորման համաձայն՝ այսօր աշխատաշուկայում առկա են որոշ մասնագիտություններ, որոնք շատ դեպքերում թափուր են մնում` դիմողների համապատասխան կրթություն և գիտելիք չունենալու պատճառով: Որոշմամբ կկանոնակարգվի բուհ-աշխատաշուկա կապը և հնարավորություն կընձեռնվի վարձու աշխատող հանդիսացող ուսանողներին ստանալու ուսման վարձի վերադարձ՝ վճարված եկամտային հարկի գումարներից: Որոշման նպատակներից է նաև խրախուսել երիտասարդ աշխատողներին՝ աշխատանքի անցնելիս աշխատանքային պայմանագիր կնքել գործատուի հետ և աշխատել օրինական դաշտում:

Գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար ևս նախատեսվում է սահմանել խնամքի նպաստի իրավունք ՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի նպատակը գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար ևս խնամքի նպաստի իրավունք սահմանելն է՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի նաև երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով: Այսինքն, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Ընդ որում, գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, անկախ ծնողին, որպես վարձու աշխատող, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից։

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի համաձայն, չաշխատող մայրերին ևս հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար տրվում է մայրության նպաստ, առաջարկվում է գյուղական բնակավայրում խնամքի նպաստը նշանակել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող ամսվա 1-ից։

Միաժամանակ, առաջարկվում է նաև խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս, խնամքի նպաստի գումարը լիազորագրով վեց ամսվա փոխարեն վճարել 12 ամիս: Նախատեսվում է նաև վերացնել նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը, հստակեցնել գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ այս փոփոխության նպատակը ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի համար իրավական հիմքեր ստեղծելն է: «Մասնավորապես, առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակել և վճարել, անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում: Սա նշանակում է, որ եթե համարվի վարձու աշխատող և միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ, այսինքն՝ նպաստի չափը երկուսի դեպքում կկազմի 53 հազար դրամ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս նպաստն արդեն սահմանված կլինի հուլիսի 1-ից ծնված երեխաների դեպքում։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս որոշումից հետո գյուղական բնակավայրերում խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող ծնողները, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի: Այսինքն՝ քաղաքում ապրող և չաշխատող ծնողները չեն ստանա նպաստ, քաղաքում ապրող և աշխատող ծնողները կստանան 26 հազար 500 դրամ: Գյուղական բնակավայրերում ապրող չաշխատող ծնողները կստանան 26 հազար 500 դրամ, իսկ աշխատողները՝ 53 հազար դրամ նպաստ»։

Կիրականացվի սիգ ձկնատեսակի փորձարարական որս

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով։ Ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ծավալված իրավիճակի վերլուծության և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության արդյունքում առաջ են եկել մի շարք հարցեր, որոնք ինչպես գործնական, այնպես էլ իրավական հարթությունում պարզաբանման և լուծման կարիք ունեն։ Հնարավոր բացասական ազդեցություններից խուսափելու և հետագայում գործընթացներն առավել արդյունավետ ու հիմնավոր իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է իրականացնել սիգ ձկնատեսակի փորձարարական որս: Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը։ Որսի ընդհանուր պահանջներից են՝ ձկան քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս, սիգի արդյունագործական որսը պետք է իրականացվի դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի): Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել մարտի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով։

Վարչապետը, անդրադառնալով որոշմանը նշել է, որ այն կայացվել է նաև Սևանա լճում ձկնորսություն իրականացնող քաղաքացիների, հանրության հետ քննարկումների արդյունքում: «Երբ ձվադրման շրջանում մենք որսն արգելելու միջոցներ ենք ձեռնարկում, այնտեղ առաջանում է դիմադրություն: Ի վերջո, եթե սիգը Սևանում կա՝ իրենք են որսալու, եթե չկա՝ իրենք են զրկվում եկամտի աղբյուրից: Հետևաբար կառավարության գործողություններն այն ժամանակ էլ, ոչ թե ընդդեմ ձուկ որսացողների էին, այլ նախ՝ շրջակա միջավայրի պաշտպանության: Երկրորդ՝ ի վերջո ձկան պաշարն իրենք են տնօրինելու, իրենք են աշխատելու, իրենք են որսալու: Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ միասին սա կանոնակարգենք: Այսինքն՝ կառավարությունը կանոնակարգի և իրենք էլ այդ կանոններով աշխատեն: Հիմա հույս ունենք, որ այս գործընթացն իսկապես կօգնի, որ համաձայնություն ձեռք բերվի և ընդմիշտ այդ թեման փակենք, որպեսզի նաև Սևանում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցներն իրենք դառնան սիգի պաշարի պաշտպանության առաջամարտիկ, որովհետև դա առաջին հերթին պետք է իրենց»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այլ որոշումներ. խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Գործադիրն ընդունել է որոշում, որով թույլատրվել է «ԱրմՓաուեր» ԲՓԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության համար (250մվտ հզորությամբ գազային վառելիքով աշխատող համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցում)։ «ԱրմՓաուեր»-ն արդեն իսկ իրականացրել է շուրջ 69 մլրդ դրամի ներդրում, կիրականացնի ևս 61 մլրդ դրամի ներդրում՝ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, էլեկտրակայանի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայում առկա է 6 աշխատատեղ, կստեղծվի ևս 106-ը՝ 545,000 դրամ միջին աշխատավարձով։ Միայն հզորության մասով կայանի տարեկան իրացման ծավալը կազմելու է շուրջ 20 մլրդ դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները որոշվելու են համակարգի օպերատորի կողմից: Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ մատակարարվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14.5 մլրդ դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 1.4 մլրդ դրամ:

Կառավարության այլ որոշումներով «Քլին էներջի» ՍՊԸ-ն կօգտվի մաքսատուրքից ազատելու և ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները օգտագործելու է արևային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրության համար (Վայոց ձորի մարզ)։ Ծրագրի շրջանակում իրականացվել է 40 մլն դրամի ներդրում հողամասի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 430 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար և 1.5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, որից 218 մլն դրամը ցանկով ներմուծվող սարքավորումներն են։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ` 88,000 դրամ միջին աշխատավարձով, կստեղծվի ևս 5-ը՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում կանխատեսվում է արտադրել տարեկան շուրջ 245 մլն դրամի էլեկրաէներգիա, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 218 մլն դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 21.4 մլն դրամ:
 
primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը• «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը սահմանելու մասին»• ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ 26 ՓԵՏՐՎԱՐԻ N 116 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ• ՊԵԿ. ԶԳԱԼԻ ՆՎԱԶԵԼ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ՝ ԿԱԶՄԵԼՈՎ 69,4 ՄԼՐԴ ԴՐԱՄ• ՊԵԿ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ 21-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ• «ՀԱՐԿԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՎՃԱՐՈՒՄ. 5 ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»• Կառավարությունն Օրբելի, 23-ում գտնվող շենքը կօտարի մրցույթով. նախատեսվում է կառուցել հյուրանոց• Կառավարությունը արտոնություններ տրամադրեց մի քանի ներդրումային ծրագրերի• Արտոնություն տրվեց արեւային էլեկտրակայան կառուցող «Շարոսոլար» ընկերությանը. Կայանը կլինի Կաթնաղբյուրում
COVID-19
• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում• ՊԵԿ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ 21-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում• ՀՀ կառավարության կողմից ընդունված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառում• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն