Քննարկվել են գույքահարկի, ռազմարդյունաբերական համալիրի, ոստիկանությանն առնչվող օրենքների նախագծեր

26 մայիսի 2020 | Աշխատանքային | Цитата

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ մայիսի 25-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի` բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել գույքահարկի արտոնություններից օգտվող զինծառայողների կողմից սահմանված իրավունքի իրացման անխոչընդոտ գործընթացը: Նշվել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինվորական ծառայությունը կարգավորող եւ 2017թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող ձեւակերպումները «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում իրացնելու եւ գույքահարկի արտոնություն ունեցող զինծառայողների շրջանակը հստակեցնելու հանգամանքով: Դրույթներից մեկով` այդ արտոնությունների կիրառման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Պատգամավորները հիմնականում կողմ են արտահայտվել:

Հանձնաժողովականները քննարկել են նաեւ «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի հավաստմամբ` արձանագրությունը ստորագրվել է 2017թվականին: Նպատակն է խորացնել համագործակցությունը թմրանյութերի եւ զենքի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման եւ քննության գործում, ինչպես նաեւ սահմանել քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի եւ զենքի փոխանցման կարգ: Արձանագրության շրջանակներում Կողմերը` Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը համագործակցում են իրեղեն ապացույցների փոխանցման հարցերում, որն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների հարցումների հիման վրա: Կողմերի իրավասու մարմիններն ուղարկում, ստանում են հարցումներ, կազմակերպում են դրանց օպերատիվ եւ պատշաճ կատարումը: Իրավասու մարմինների ցակը սահմանում է յուրաքանչյուր Կողմը: Հարցման կատարումը կարող է ամբողջությամբ կամ մասամբ մերժվել, եթե հարցում ստացող Կողմը ենթադրում է, որ դրա կատարումը կարող է վնաս հասցնել իր պետական շահերին կամ հակասում է իր ազգային օրենսդրությանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության եզրակացության համաձայն` արձանագրության վավերացումը` ՀՀ վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Ըստ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանի` «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի լիազորությունները եւ գործառույթները փոխանցվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Պետական պատվերի արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով` ոլորտում պետական պատվերի մասով գործառույթները տարանջատվել են երկու մասի` դրանց մի մասը վերապահելով ռազմարդյունաբերության պետական լիազոր մարմնին, մյուս մասը` բնագավառի պետական այլ մարմիներին` իրենց իրավասության սահմաններում: Նշվել է, որ նախագծերի ընդունմամբ` կապահովվի ռազմարդյունաբերության ոլորտում պետական պատվերի միասնական քաղաքականությունը:

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով իրավական հիմք է ստեղծվում ՀՀ ոստիկանության կազմում «Պարեկային ոստիկանություն» ծառայության ստեղծման, պարեկային ոստիկանների հրամանագրման եւ նրանց գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար: ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը նշել է, որ փաթեթով սահմանվում է, թե ինչպես են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու քաղաքացիները, ինչպես նաեւ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների` պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները:

Նոր գործարկվող ծառայության կազմում նշանակումներն ապահովելու համար «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններով սահմանվում է, որ ստորաբաժանման կազմում եւ դրա ենթակայությամբ գործող ստորաբաժանումներում, այսինքն հետագայում ստեղծվող «Պարեկային ծառայությունում» աշխատակիցների առաջին կազմը նշանակվելու է Ոստիկանության պետի կողմից: Հետագայում պաշտոնի նշանակումները տեղի կունենան «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածով սահմանված ընդհանուր կանոններով:

Մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ փաթեթի վերաբերյալ տեղի են ունեցել նախնական բազմաթիվ քննարկումներ, սակայն համավարակի պատճառով չի հաջողվել կազմակերպել խորհրդրանական լսումներ: Պատգամավորները կարեւորել եւ դրական են գնահատել ոստիկանությունում իրականացվող համալիր բարեփոխումները, ընդգծել ոստիկանի նոր կերպարի ստեղծման անհրաժեշտությունը:

Քննարկված օրինագծերը ստացել են դրական եզրակացություն ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նտաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն