Խորհրդարանը քննարկել է ՀՀ ԿԲ նախագահի ընտրության հարցը

17 ապրիլի 2020 | Աշխատանքային | Цитата

ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Խորհրդարանն այնուհետեւ  անդրադարձել է  ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցին:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 201-րդ հոդվածի առաջին մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնում ընտրվելու համար առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված  Մարտին Արտաշեսի Գալստյանի թեկնածությունը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը՝ մասնավորապես նշելով, որ Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականին, մասնագիտությամբ տնտեսագետ է, եւ  2018 թվականի նոյեմբերին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ: 1998 թվականից սկսած մինչ այսօր, Մարտին Գալստանն աշխատել է    Կենտրոնական բանկում: Թեկնածուն նաեւ դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Իր ելույթում Մարտին Գալստյանը ներկայացրել  է ԿԲ գործունեությունը,  անդրադարձել իր տեսլականին եւ  անելիքներին՝ մանրամասնելով, թե ինչ սկզբունքներով  է  նախատեսում աշխատել ԿԲ նախագահի պաշտոնում, եթե  ընտրվի:

Թեկնածուն  ներկայացրել է նաեւ այն միջոցառումները, որոնք Կենտրոնական բանկը նախաձեռնել եւ իրացնում է՝ երկրում ապահովելու համար ֆինանսական կայունությունն ու վերացնելու   Covid-19 համավարակի տարածման պատճառով առաջացող  խնդիրները:

Պատգամավորների հարցերը թեկնածուին վերաբերել են բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից համապատասխան դրամական միջոցներ չունեցող քաղաքացիներին վարկեր տրամադրելու հետեւանքներին թե քաղաքացիների, թե այդ կազմակերպությունների համար, հատկացվող վարկերի տոկոսադրույքներին, կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված տնտեսական ծանր պայմաններում վարկերի մարման գործընթացին, օնլայն վճարումների համակարգի ուժեղացմանն ուղղված միջոցառումներին եւ այլն:

Պատգամավորները հետաքրքրվել են, թե արդյոք, ըստ թեկնածուի, ԿԲ աշխատանքում եղե՞լ են բացթողումներ, թե՞՝ ոչ: Մարտին Գալստյանը պատասխանել է նաեւ այն հարցին, թե ընտրվելու դեպքում ինչպիսի փոփոխություններ է պատրաստվում իրականացնել բանկային համակարգում:

Ելույթներում պատգամավորները ողջունել են  Մարտին Գալստյանի թեկնածությունը, բարձր գնահատել նրա փորձն ու անցած ճանապարհը: Նրանք հորդորել են ԿԲ ղեկավարությանը համաճարակի պայմաններում լինել ճկուն, կիրառել նոր գործիքակազմ: Կարեւորվել է համակարգում ֆինանսական կայունության շարունակական ապահովումը: Պատգամավորները կոչ են արել քվեարկել Մարտին Գալստյանի օգտին:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը: Նա եւս դրական է գնահատել Մարտին Գալստյանի թեկնածությունը, կարեւորել ԿԲ անկախության ապահովումը: Պատգամավորը մտահոգություն է հայտնել սպառողական վարկերի, օտարերկրյա ներդրումների ներհոսքի նվազման վերաբերյալ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Լիլիթ Մակունցը մեջբերել է Մարտին Գալստյանի ելույթի հիմնական շեշտադրումները, որոնք արտացոլում են  թեկնածուի՝ ԿԲ-ի հետագա զարգացման տեսլականը, դրանք են՝ հասարակության վստահություն, ներդրումային գրավչություն, հավասարակշռված քաղաքականություն, նորագույն տեխնոլոգիաների ներդրում,  հայրենիքին ծառայող արհեստավարժների թիմ, կայուն բանկային միջավայր, հայրենակիցների երկարաժամկետ բարեկեցություն: Խմբակցության ղեկավարը կոչ է արել գործընկերներին քվեարկել առաջադրված թեկնածուի օգտին:

Եզրափակիչ ելույթում Մարտին Գալստյանն անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցադրումներին ու մտահոգություններին՝ եւս մեկ անգամ մանրամասնելով իր պատկերացումները ԿԲ-ի հետագա անելիքների վերաբերյալ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գործընկերներին իրազեկել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ԿԲ նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է որ ԿԲ նախագահի ընտրության քվեարկությունը կկայանա ապրիլի 17-ին՝ ժամը 10: 30-ից մինչեւ 12: 30-ը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», Կառավարության հեղինակած «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ու «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է գործող օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ, որով Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչեւ երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ 300,000 ՀՀ դրամի չափով սպառողական կրեդիտների համար սահմանում է պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները: Կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով՝ Տիգրան Ուլիխանյանը նշել է, որ սրանով պարտադրվում է ֆինանսական կազմակերպություններին իրականացնելու վարկունակության առանձին վերլուծություն:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կարեւորել է մեր երկրում պատասխանատու վարկավորման ինստիտուտի կայացումը: Նա ընդգծել է, որ իրենք կողմ են նախաձեռնությանը՝ առաջարկելով առաջիկայում խնդրին անդրադառնալ փաթեթային տարբերակով:

Առաջին ընթերցմամբ է քննարկվել նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ դեղերի դրոշմապիտակով դրաշմավորման համար պարտադիր է դառնում ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված դեղերի համապատասխանության հավաստագրի համարի եւ հավաստագրում դեղերի հերթական համարի էլեկտրոնային կարգով գրանցումը, ինչպես նաեւ այդ տեղեկատվությունը «Tax Stamp» հավելվածով սկանավորելիս տեսանելի դարձնելը: «Tax Stamp» հավելվածով դեղը սկանավորելիս հնարավոր կլինի ցանկացած դեղի հավաստագրված եւ անվտանգ լինելը պարզել թե ստուգողի, թե դեղատան, թե սպառողի կողմից ցանկացած վայրում՝ առանց դեղը լրացուցիչ փորձաքննության ուղարկելու: Որակի փորձաքննության կենթարկվեն ներմուծվող բոլոր դեղերը, իսկ առանց Առողջապահության նախարարություն հայտ ներկայացնելու ներմուծված կամ փորձաքննության բացասական արդյունքներ արձանագրած խմբաքանակները չեն կարող դրոշմապիտակավորվել եւ ազատորեն իրացվել, ինչպես կատարվում է հիմա:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը քննարկման է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովը հերթական նիստերի աշխատանքը կշարունակի ապրիլի 17-ին:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն