• Armenianeconomy.com

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվել են հակաճգնաժամային օրինագծեր

ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 22-ին գումարվել  է  Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Խորհրդարանն ընդունել է օրակարգային հարցերը հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ  ԱԺ որոշում, ըստ որի՝  նախագծերի երկրորդ ընթերցմամբ  քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Նիստի օրակարգում ընդգրկված էին երկու  օրինագծեր, որոնք հեղինակել էին խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Միքայել Մելքումյանը:

Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ ըստ էության երկու նախագծերն էլ ուղղված են կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով առաջացած ճգնաժամի մեղմմանն ու նաեւ բիզնեսների հետագա զարգացմանը նպաստելուն:

Պատգամավորն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է ՀՀ 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 3-րդ կետով. «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպությունների կողմից ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը կամ ամորտիզացիոն մասհանումների չափաբաժինն ըստ տարիների սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի՝ յուրաքանչյուր տարվա համար տրվող հաշվետվության միջոցով»:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ ամորտիզացիոն ժամկետներն ինքնուրույն որոշելու հնարավորությունը լրացուցիչ խթան կլինի այն ընկերությունների համար, որոնք մտադրություն ունեն կապիտալ ներդրումներ կատարել եւ կշահագրգռի նրանց ներդրումների կատարումը տեղափոխել ավելի մոտ ժամանակահատված: Ներդրումների խթանմանն ուղղված այլ միջոցառումների համատեքստում այս հնարավորությունը կմեծացնի դրանց արդյունավետությունը եւ կնպաստի ներդրումների աճին ընթացիկ տարում, ինչն առավել քան կարեւոր է կորոնավիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների տեսանկյունից:

Պատգամավորի խոսքով՝ արագացված ամորտիզացիայի գործիքը հաջողությամբ կիրառվել եւ այժմ էլ կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային փաթեթներում  կիրառում են մասնավորապես  Գերմանիան եւ Ֆրանսիան:

Կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Ելույթ ունեցող պատգամավորները կարեւորել են նախագծի ընդունումը, ներկայացրել նաեւ որոշ առաջարկներ:

Հաշվի առնելով պատգամավորների  դիտողությունները՝ Բաբկեն Թունյանը եզրափակիչ ելույթում հնարավոր է համարել  նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել ավելի ուշ՝ նախագիծը լրամշակելուց հետո:

Հաջորդիվ Միքայել Մելքումյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով:

Հեղինակը նշել է, որ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը սկսված տույժերի հաշվարկը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո շարունակվելու է 0.04 տոկոսի չափով՝ մինչեւ դրանց հաշվարկման համար 730 օրը լրանալը:

Մյուս փոփոխությամբ առաջարկվում է նաեւ արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս:

ՀՀ Կառավարության դրական տեսակետը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՊԵԿ  նախագահ Դավիթ Անանյանը: Նա նաեւ որոշ  առաջարկներ է  ներկայացրել:

Կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ պատգամավորները ելույթներում անդրադարձել են վարկային միջոցների տրամադրման ժամկետներին, աջակցության ծրագրերին՝ նշելով, որ օրենսդրական կարգավորումն էական խթան կհանդիսանա փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության համար:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ընդգծելով ստեղծված իրավիճակում նմանատիպ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, հորդորել է կողմ քվեարկել նախագծին՝ հնարավորություն ընձեռելով տնտեսվարողներին հաղթահարելու ստեղծված իրավիճակը:

Եզրափակիչ ելույթում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են սոցիալական աջակցության որոշ ծրագրերի ոչ լիարժեք կատարմանը:

Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ քանի որ հարկատու-հարկառու հարաբերությունները գրեթե ամբողջովին թվայնացված են, նախագծի ընդունումից հետո տույժի տոկոսադրույքի իջեցման հետ կապված ծրագրավորման աշխատանքները կտեւեն շուրջ 1,5 ամիս: Ծրագրային ապահովումներն ամբողջությամբ լուծելուց հետո բոլոր շահառուների  պարտավորություններում կկատարվեն վերահաշվարկներ, որից հետո նոր միայն անձնական հաշվի քարտերում կլինի վերջնական իրական տույժերի չափը:

Եզրափակիչ ելույթում Միքայել Մելքումյանը նշել է, որ ընդդիմությունն ու իշխանությունը  կառուցողական քննարկումների արդյունքում կարողացան տնտեսվարողներին աջակցող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերն խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Բաբկեն Թունյանը հետ է վերցրել իր հեղինակած օրենքի նախագծի քննարկման 24-ժամյա ռեժիմի առաջարկը՝ հնչած առաջարկները քննարկելու եւ նախագիծը լրամշակելու համար:

Օրվա ավարտին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է հարցը, ընդունվել են կառավարության առաջարկները: Այսպիսով՝ 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժը գործատուն (հարկային գործակալը) վճարում է 0.04 տոկոսի չափով, այդ թվում՝ նաեւ այն դեպքում, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը: Նշվել է, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն առաջարկել են արտակարգ դրության արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում այդ տուժերը չհաշվարկել, ինչը հանձնաժողովում քննարկումների արդյունքում մերժվել է: Օրենսդրական փաթեթի հեղինակի խոսքով՝ այս ճգնաժամային փուլում հնարավոր փոփոխությունները կատարվել են:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հարակից զեկույցում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում տույժերը չհաշվարկելու առաջարկին: Նրա խոսքով՝ այս հարցում վարչարարության իրականացման հետ կապված խնդիրներ կառաջանան. տույժերի կիրառմանը հետադարձ ուժ տալու պարագայում չկա որեւէ ընթացակարգ, թե ինչպես պետք է իրականացվի ավարտված ստուգումը, կատարվի հարկային պարտավորությունների վերահաշվարկը: Խնդիրներ կլինեն նաեւ չկատարած հարկային պարտավորությունների, սոցիալական վճարների մասով:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը հայտնել է Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ պետությունը պետք է աջակցի այն ընտանիքներին, որոնք արտակարգ դրության պատճառով չեն աշխատում՝ մասնավորապես ընդգծելով տեքստիլ արդյունաբերության ոլորտի աշխատակիցներին: Նա կարեւորել է այս փուլում տուգանքների չեղարկումը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը բարձրաձայնելով՝ Բաբկեն Թունյանը նշել է, որ պետությունից տուժած ոլորտները եւ ընկերությունները հաստատված 14 միջոցառումների շրջանակում ստանում են որոշակի աջակցություն, հընթացս ճշգրտումներ են արվում, այս հարցով կլինեն լրացուցիչ փոփոխություններ եւ աջակցություն: Խոսելով նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունների մասին՝ խմբակցության ներկայացուցիչը նշել է, որ թեթեւացվում է տնտեսվարողների բեռը: Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:

Պատգամավորները քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել են քննարկված օրենսդրական փաթեթը:

Ազգային ժողովը, սպառելով օրակարգը, ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն