• Armenianeconomy.com

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 15-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Տեղի են ունեցել քվեարկություններ, բոլոր նախագծերն ընդունվել են, բացառությամբ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի, որն ուղղված էր մինչդատական վարույթում այլ երկրում քննչական  գործողություններ կատարելը կարգավորելու հարցին եւ  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  հեղինակած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի, որն առնչվում  էր ձերբակալված եւ կալանավորված անձանց պահման վայրեր ԱԺ պատգամավորների այցելությանը եւ այդ անձանց հետ նրանց անարգել տեսակցելու հնարավորությանը:  Նիկոլայ Բաղդասարյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած  նախագիծն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ լրամշակվելուց հետո, կրկին կքննարկվի: Այս նախագծերը երեկ  քննարկվել էր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ շարունակել են քննարկել Կառավարության հեղինակած «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է Կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների, ինչպես նաեւ բաժնետոմսերի եւ դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնել ՀՀ գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, ԱԱԾ-ի, ՏՄՊՊՀ-ի, ՊԵԿ-ի, Ոստիկանության համար:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրել է խմբակցության տեսակետը: Նրա կարծիքով՝ նախագիծը վտանգելու է ներդրումային միջավայրը, հետեւաբար խմբակցությունը դեմ է քվեարկելու փաթեթին:

ՀՀ արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող  Ռաֆիկ Գրիգորյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է հնչած տեսակետներին՝ անհամաձայնություն հայտնելով, թե օրինագիծը կարող է վտանգել ներդրումների հոսքը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա տեղեկացրել է, որ նախագիծը լրամշակվել է:

Օրենքի նախագիծը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու եւ ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առնչությամբ միջազգային համագործակցության կանոնները, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերությունները: Մասնավորապես, ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետեւության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը: Շուկայական արժեքում հաշվարկվում են նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից, անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից:

Նախարարը հայտնել է, որ լրամշակված նախագծում փոփոխվել է գույքի շեմը. առաջին ընթերցմամբ քննարկված նախագծում շեմը 25 մլն ՀՀ դրամ էր:

Ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռքբերված գույքերը: Ռուստամ Բադասյանը նշել է, որ հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տաս տարում ձեռքբերված գույքերի օրինականությունը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Սուրեն Գրիգորյանը:

Ելույթ ունեցող պատգամավորները չափազանց կարեւոր են համարել օրենսդրական փաթեթի առկայությունը, կարեւորել ապօրինի ձեռքբերված գույքի վերադարձը պետությանը, ինչը, ըստ նրանց, խիստ կարեւոր է հանրային համերաշխության եւ սոցիալական արդարության վերականգնման տեսանկյունից:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դրական  դիրքորոշումը  ներկայացրել  է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ըստ նրա՝ քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը յոթերորդ գումարման Ազգային ժողովում քննարկվող ամենակարեւոր  նախագծերից է, որով վերականգնվելու է արդարությունը եւ արմատախիլ է արվելու կոռուպցիան:  Նա ընդգծել է, որ քննարկվող  օրենսդրական նախաձեռնությունը չի առնչվելու  օրինական կարգով, բարեխղճորեն, իրենց բիզնես հմտությունների շնորհիվ  հարստացած քաղաքացիներին, այլ վերաբերելու է այն  մարդկանց, որոնք, չարաշահելով պաշտոնական դիրքը, հարստացել են ապօրինի եւ անազնիվ ճանապարհներով՝ կուտակած ահռելի միջոցները  թաքցնելով զոքանչի, քենու, այլ մարդկանց  անվան տակ:

Լիլիթ Մակունցը շեշտել է, որ սա նաեւ քաղաքական ուղերձ է՝ ուղղված  ներկա եւ ապագա պաշտոնյաներին: «Վաղ թե ուշ այն գույքը, այն ունեցվածքը, որը  ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, միեւնույն է՝ վերադարձվելու է պետական բյուջե: Վստահ եմ, որ մոտ ապագայում ականատես ենք լինելու այս գործիքի կիրառման շոշափելի   արդյունքներին»,-ընդգծել է նա:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի ներկայացմամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննակել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչեւ 5 րոպե տեւողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Նախագծով կարգավորվում են նաեւ սոցիալական գովազդի հետ կապված հարաբերությունները: Սահմանվում է, որ սոցիալական գովազդը ժամը 00:00-ից մինչեւ 18:00-ն կլինի անվճար, իսկ 18:00-ից մինչեւ 00:00-ն՝ վճարովի:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահագն Թեւոսյանը: Նա տեղեկացրել է, որ օրինագծի վերաբերյալ եղել են քննարկումներ, ինչի արդյունքում օրենքի նախագիծը հանձնաժողովում միաձայն դրական եզրակացության է արժանացել:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հայկ Կոնջորյանի հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակի կամ կերակրողին կորցնելու նպաստի իրավունքն առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսանողի պարագայում պահպանել ոչ թե նրա մինչեւ 23, այլ մինչեւ 26 տարեկան լրանալը՝ հաշվի առնելով՝ 12-ամյա միջնակարգ կրթության եւ բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգերին անցնելու հանգամանքները:

Հիմնական զեկուցող Հայկ Կոնջորյանի տեղեկացմամբ՝օրենսդրական փաթեթի վերաբարյալ առաջարկներ չեն ներկայացվել:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա նաեւ տեղեկացրել է, որ թեեւ Կառավարությունն օրենսդրական փաթեթին տվել է բացասական եզրակացություն, սակայն ներկայացված փաստարկները համոզիչ չեն եղել: Ուստի, պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ներկայացրել է Կառավարության բացասական կարծիքը եւ առաջարկել օրենքների նախագծերի փաթեթը հանել շրջանառությունից:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների նշանակման անկանխիկ եղանակի՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, եթե՝ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին: Վերոնշյալ անձինք կարող են դիմումի համաձայն ընտրել վճարման եղանակը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ ներկայացվող նախագծերի փաթեթի նպատակը կենսաթոշակների եւ խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հերիքնազ Տիգրանյանը:

Պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ օրենսդրական փաթեթն ունենալու է իրացման խնդիր: Նշվել է, որ այն դժվար կլինի կիրառել հատկապես գյուղական համայնքներում, որտեղ բացակայում են բանկոմատները:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը: Նա խոսել է փոստբանկի ձեւավորման անհրաժեշտությունից: Պատգամավորը տեղեկացրել է, որ խմբակցությունը քվեարկելու է ձեռնպահ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել լիազորված մարմնի իրավասությունները, որը հնարավորություն կտա ընդունելու օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաեւ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի բաշխումը՝ ըստ տարածքների, դարձնել առավել ճկուն ու հասցեական եւ աշխատաշուկայի փոփոխություններին արագ արձագանքող՝ այդպիսով ծրագրերը դարձնելով առավել թիրախավորված եւ, որպես արդյունք, բարելավելով կատարողականի ցուցանիշները:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակն առաջարկում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 5-րդ կետով, որի համաձայն ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար կտրամադրվի ոչ ավելի, քան տարեկան չորս օր չվճարվող արձակուրդ:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ըստ պատգամավորի՝ նախաձեռնությունը բխում է Սահմանադրության՝ օրենքի առջեւ բոլորի հավասարության, խտրականության արգելքի եւ իրավահավասարության կարեւորագույն սկզբունքներից:

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը: Նա նշել է, որ գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Հիշեցնենք, որ նախաձեռնությամբ առաջարկվում է «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված անձանց տալ ամենամսյա պատվովճար, որի կարգը եւ չափը կսահմանի ՀՀ կառավարությունը:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-ին:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն