Գյուղատնտեսական վարկեր. խեղդօղա՞կ, թե՞ փրկօղակ

24 հուլիսի 2013 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Գյուղատնտեսական վարկեր. խեղդօղա՞կ, թե՞ փրկօղակԳյուղատնտեսության վարկավորման թեման Հայաստանում միանշանակ գնահատականի չի արժանանում: Երբ մայիսին ՀՀ Ազգային Ժողովում քննարկում էին դրամավարկային քաղաքականության ծրագիրը, կրքերը հատկապես թեժացան գյուղատնտեսության վարկավորման շուրջ: Իշխող կուսակցության պատգամավորները նույնիսկ հայտարարություններ արեցին այն մասին, որ գյուղացուն «թալանում են» բարձր տոկոսադրույքների միջոցով: Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում գյուղատնտեսության վարկավորումը եւ ի՞նչ դեր ունի այն գյուղատնտեսությունում:

Վա՞րկ, թե՞ սուբսիդիա

Աշխարհի երկրների մեծ մասում գյուղատնտեսությունը պետությունից լուրջ աջակցություն է ստանում: Նույնիսկ զարգացած երկրները յոլա չեն գնում առանց սուբսիդավորման, վնասների փոխհատուցման, ակնհայտ ու ոչ ակնհայտ պրոտեկցիոնիստական քայլերի: Վարկավորումն ու գյուղատնտեսության ապահովագրությունն այս առումով ընդամենը ածանցյալ գործիքներ են, որոնք կոչված են լրացնել ու պետության անհատույց օգնությունը: Հեռու չգնանք՝մեր հարեւան բոլոր երկրները գյուղատնտեսության անհատույց ֆինանսավորման լայնամասշտաբ ծրագրեր են իրականացնում, գումարած՝ սահմանների փակումը: Օրինակ՝ Թուրքիայում գյուղացիական տնտեսությունների 90%-ն օգտվում է պետական սուբսիդիայից, Ադրբեջանում պետական բյուջեում տարեկան մոտ 600 մլն դոլար են առանձնացնում գյուղատնտեսության աջակցության համար, Վրաստանը եւս հսկայական միջոցներ է հատկացնում(մոտ 300 մլն դոլարի կարգի), թեեւ այդ բոլոր երկրներում բնակլիմայական պայմաններն ավելի բարենպաստ են, քան Հայաստանում, իսկ Իրանն ընդհանրապես փակ շուկա է ստեղծել իր տեղական արտադրության գյուղմթերքների համար:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Իրականում կառավարությունը միայն վերջին 3-4 տարիներին է սկսել ինչ-որ բան անել գյուղատնտեսության ֆինանսավորման համար: Հողի սեփականաշնորհումից հետո մոտ 15 տարի գյուղացիությունը պետությունից ոչինչ չի ստացել:

Վարկավորումը որպես այլընտրանք

Չկա չարիք առանց բարիքի՝ գյուղատնտեսության պետական ֆինանսավորման բացակայության պայմաններում մեզ մոտ զարգացել է գյուղատնտեսության վարկավորման մեխանիզմը, ու այդ առումով մենք առաջ ենք ԱՊՀ բոլոր պետություններից ու մեր հարեւաններից: Գյուղատնտեսության վարկավորումը մինչ այսօր էլ գյուղատնտեսության ֆինանսավորման հիմնական գործիքն է, ու դրա շնորհիվ՝ Հայաստանում գյուղատնտեսության ապրանքայնության աստիճանը զգալի գերազանցում է հարեւան երկրներին: Ապրանքայնությունը ցույց է տալիս, թե բերքի որ մասն է հանվում շուկա (հաշվի չառած փոխանակումները): Արարատյան դաշտում մենք ունենք գյուղատնտեսության ապրանքայնության գրեթե 90% աստիճան, այնինչ հարեւան Վրաստանում այդ ցուցանիշը 30%-ի կարգի է: Այն, որ Արարատյան դաշտի գյուղացիությունը, մասամբ նաեւ լեռնային ու նախալեռնային շրջանների գյուղացիությունը կարողացել է բաց շուկայական պայմաններում կենսունակ մնալ, մեծապես հետեւանք է վարկավորման արդյունավետության: Գյուղատնտեսության վարկավորման ծավալը Հայաստանում գերազանցում է 100 մլրդ դրամը:

Համեմատության համար՝ պետական բյուջեում 2013 թ. գյուղատնտեսության բյուջեն ընդամենը 12 մլրդ դրամ է, ու դրանից 1,2 մլրդ –ն է ուղղակի օգնություն (635 մլն դրամ՝ վարկերի տոկոսադրույքի ֆինանսավորում եւ 550 մլն դրամ՝ սերմացուի ձեռքբերում): Այսինքն՝ գյուղացիության վարկավորման ծավալը Հայաստանում100 անգամ գերազանցում է գյուղացիության պետական ֆինանսավորման ծավալին, իսկ այդպիսի համամասնություն աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի: Օրինակ՝ Ռուսաստանում պետական բյուջեից տարեկան100 մլրդ ռուբլի են ծախսում գյուղատնտեսության ֆինանսավորման համար, ու մոտ 60-70 մլրդ ռուբլի կազմում է վարկավորումը: Այդ վարկավորումն էլ զարգացել է միայն 2006 թ. հետո, երբ Ռուսաստանի կառավարությունը պարտավորեցրեց երկու խոշոր բանկերի՝ «Ռոսսելխոզբանկին» ու «Սբերբանկին» վարկեր հատկացնել գյուղացիությանը՝ խոստանալով սուբսիդավորել այդ վարկերը: ԱՊՀ ցանկացած երկրում միայն 2006 թ. հետո են ինչ-որ ծրագիր իրականացնում գյուղատնտեսության վարկավորումը զարգացնելու համար, եւ դա պարտադիր անում են վարկերի սուբսիդավորմամբ: Մեզ մոտ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը սկսել են 2010 թ., սակայն այդ ժամանակ վարկային շուկան արդեն կայացած էր: Հայաստանը, կարելի է ասել, գյուղատնտեսության վարկավորման մասով առնվազն 10 տարով առաջ է ԱՊՀ ցանկացած երկրից, ու հենց դրա շնորհիվ ենք պահում գյուղատնտեսության կենսունակությունը:

Տոկոսադրույքների մասին

Գյուղատնտեսության վարկավորմամբ զբաղված են մի քանի կազմակերպություններ՝ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» բանկը, «Ֆինկա», «Արեգակ», «Կամուրջ» վարկային կազմակերպությունները: Բանկի եւ վարկային կազմակերպությունների վարկավորման մեխանիզմներն արմատապես տարբերվում են: Վարկային կազմակերպություններն իրականացնում են միկրովարկավորում, որի տոկոսադրույքները կենտրոնական բանկի կողմից չեն սահմանափակվումեւ կարող են գերազանցել տարեկան 30%-ը: Բարձր տոկոսադրույքների վերաբերյալ բողոքները հիմնականում այս սեգմենտին են վերաբերում: Սակայն հարկ է նշել, որ միկրովարկավորումը(կարճ ժամկետով, առավելագույն պարզեցված ընթացակարգերով, սակայն բարձր տոկոսադրույքով փոքր վարկեր) ողջ աշխարհում էլ թանկ է սովորական վարկերի նկատմամբ, իսկ ԱՊՀ որոշ երկրներում դրանց տոկոսադրույքը գերազանցում է 50%-ը: Միկրովարկավորումը Հայաստանի գյուղատնտեսության վարկավորման մեջ էական դերակատարում չունի եւ չի գերազանցում ընդհանուր վարկերի 7-8%-ը: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը» վարկեր տրամադրում է տարեկան 16%-ով, իսկ սուբսիդավորվող վարկերի դեպքում՝ տարեկան 14%-ով, որի 4%-6%ը սուբսիդավորում է ՀՀ կառավարությունը: Միջինումվարկերը տրամադրվում են մինչեւ 2 տարի ժամկետով: Բանկի գյուղատնտեսական վարկերի ընթացիկ պորտֆելը ներկայումս կազմում է շուրջ 52 մլրդ. դրամ(մոտ 125 մլն դոլար): Բանկը տարեկան մոտ 100 հազ. վարկ է ձեւակերպում, այսինքն՝ գրեթե յուրաքանչյուր հինգերորդ գյուղացիական տնտեսություն օգտվում է բանկի ծառայությունից: Հետեւաբար՝ բանկի վարկավորումը գյուղատնտեսության համար ունի համակարգաստեղծ նշանակություն:Գյուղատնտեսական վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է 16%: Այն ավելի ցածր է, քան սպառողական վարկերի տոկոսադրույքը, սակայն ավելի բարձր է, քան հիփոթեքային կամ երկարաժամկետ բիզնես-վարկերինը: Որպես կարճաժամկետ վարկ՝ տարեկան 16%-ը վարկային շուկայում միանգամայն մրցունակ է, լավագույն տոկոսադրույքն է: Բացի այդ՝ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը» էապես պարզեցրել է վարկավորման ընթացակարգը՝ վարկերի մեծ մասից հանելով գրավի պահանջը:

Իհարկե՝ ցանկալի կլիներ, որ գյուղացիությունն ավելի արտոնյալ վարկեր ստանար: Սակայն դրան կարելի է հասնել միայն մեկ ճանապարհով՝ պետության կողմից սուբսիդավորվող վարկերի տեսակարար կշռի ավելացմամբ: Սակայն հարկ է նշել, որ գյուղատնտեսության համատարած սուբսիդավորում սկսելը եւս ռիսկեր է պարունակում, քանի որ գյուղացիությունը սովորում է այդ սուբսիդիաներին և կախման մեջ ընկնում դրանցից: Գյուղացիական վարկավորումն անհամեմատ ավելի արդյունավետ միջոց է, քան անհատույց սուբսիդավորումը: Գյուղացու վճարունակության պահպանման համար շատ ավելի կարեւոր է մթերման ճիշտ կազմակերպումը, մթերողների կողմից ժամանակին վճարումը եւ մթերման ճիշտ գների սահմանումը: Հարկ է նկատի ունենալ՝ 20 դրամով ծիրան հանձնող գյուղացին շատ ավելի է կորցնում, քան 30%-ով վարկ վերցնող գյուղացին: Այս բանաձեւը կարող եք տեղայնացնել գյուղատնտեսության ցանկացած ուղղությունում: Այդ պատճառով գյուղատնտեսության աջակցության ծրագրերը պետք է պարտադիր լինեն համակարգային ու համալիր: Հակառակ պարագայում՝ դրանք բավարար արդյունավետ չեն լինի:

Սամվել Ավագյան

Աղբյուրը՝ news.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն