ՏՏ ոլորտ, զբոսաշրջություն, թվային ֆինանսներ․ կորեացի փորձագետը Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ է տեսնում

Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև տնտեսական ու քաղաքական կապերն այնքան էլ ակտիվ չեն, տարեկան առևտրաշրջանառության ծավալը շատ փոքր է, սակայն կորեացի տնտեսագետը կարծում է, որ երկու երկրները մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունեն։ Կորեայի մշակույթի և տեղեկատվության ծառայության կազմակերպած մեդիատուրի շրջանակներում «Արմենպրես»-ը զրուցել է Կորեայի պետական «Էքսիմբանկ»-ի արտասահմանյան տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Չո Յոնգ Վանի հետ։ «Էքսիմբանկ»-ի արտասահմանյան տնտեսական հետազոտությունների ինստիտուտը զբաղվում է ԱՊՀ անդամ երկրների և Կորեայի միջև տնտեսական կապերի հետազոտությամբ։

Չո Յոնգ Վանն ընդգծեց, որ ինստիտուտը հետազոտում է հիմնականում Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև Ուկրաինայի տնտեսական իրավիճակը, քանի որ Կորեան ակտիվ տնտեսական հարաբերություններ ունի հենց այդ երկրների հետ։

«Մենք հետազոտում ենք նաև Հայաստանը, սակայն ավելի քիչ աշխատանք է արվում այդ ուղղությամբ, քան վերը նշված երկրներում, որովհետև Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը Կորեայի համար կարևոր տնտեսական և առևտրային գործընկերներ են։ Դուք հավանաբար գիտեք, որ Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական կապերն ակտիվ չեն։ «Էքսիմբանկ»-ի հետազոտության համաձայն՝ այս պահին Հայաստանում երեք կորեական ընկերություններ են աշխատում, որոնք ընդհանուր առմամբ 3 միլիոն դոլար են ներդրել Հայաստանի տնտեսության մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ դժվարանում է հստակ նշել, թե որ ընկերությունների մասին է խոսքը, քանի որ ներդրումներն արվել են ավելի քան երեք տարի առաջ։

Նա նաև որպես օրինակ նշեց այն հանգամանքը, որ Ուզբեկստանում ներդրում է արել և աշխատում է կորեական 422 ընկերություն։

«Հայաստանի և Կորեայի միջև առևտրի ծավալը 13 միլիոն դոլար է՝ անցած տարվա տվյալներով։ Իհարկե, սա շատ քիչ է՝ ԱՊՀ անդամ մյուս երկրների հետ համեմատած։ Ինչպես գիտեք Կորեան արտահանում է ավտոմեքենաներ,դեղամիջոցներ, ինչպես նաև էլեկտրական սարքավորումներ, հագուստ, հանքանյութեր և սննդամթերք»,- մանրամասնեց Չո Յոնգ Վանը։

Անդրադառնալով Հայաստանի և Հարավային Կորեայի միջև ոչ այնքան ակտիվ հարաբերությունների պատճառներին՝ փորձագետն առաջին հերթին ընդգծեց այն հանգամանքը, որ երկու երկրները աշխարհագրորեն հեռու են միմյանցից։ Յոնգ Վանը նաև տեղեկացրեց, որ «Էքսիմբանկ»-ի հետազոտության համաձայն՝ Հայաստանում 370 կորեացիներ են ապրում, իսկ Կորեայում հայկական համայնք չկա, ինչը ևս խոչընդոտ է երկու երկրների միջև կապերի հաստատման ու համագործակցության համար։

Հարցին, թե ինչի վրա կարող են հենվել Հայաստանն ու Կորեան տնտեսական կապերն ակտիվացնելու համար, Չո Յոնգ Վանը պատասխանեց․ «Ես նկատում եմ, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ, իսկ Կորեան այդ ոլորտում գերտերություն է։ Մենք կարող ենք մեր համագործակցությունը կենտրոնացնել հենց այդ ոլորտի վրա։  Կորեական «Սամսունգ» ընկերությունը և Դիլիջանի միջազգային դպրոցը պայմանավորվել են ինովացիոն կամպուս ստեղծելու մասին, որի շրջանակներում դպրոցի ուսանողներն այստեղ վերապատրաստում անցնելու հնարավորություն կունենան։ Ես համարում եմ, որ երկու երկրների միջև համագործակցությունը ՏՏ ոլորտում հետագայում էլ շարունակելու է զարգանալ: Մեր երկրում լավ տպավորություններ կան Հայաստանի մասին։ Իհարկե, ես վաղուց գիտեմ Հայաստանի մասին, սակայն 2016 թվականից հետո Կորեայում բավականին շատ տեսանյութեր են ցուցադրվել ձեր երկրի մասին, իմ շրջապատում էլ կան մարդիկ, որոնք ցանկանում են այցելել Հայաստան, ուստի ես կարծում եմ, որ մեր համագործակցության համար մեծ ներուժ կա նաև տուրիզմի ոլորտում»,- նշեց նա։

Փորձագետը նաև ուշագրավ տեղեկություն հայտնեց Հայաստանում անկանխիկ վճարումների խթանմանը միտված վերջին օրենսդրական փոփոխությունների  համատեքստում։ Նա հայտնեց, որ այս տարի Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալն այցելել էր Կորեա։ Այցի ընթացքում քննարկումներ են եղել Հայաստանում անկանխիկ վճարումների կորեական փորձը ներդնելու ուղղությամբ։ «Այդ հարցը հիմա ուսումնասիրության փուլում է։ 2019 թվականից այդ ուղղությամբ ակտիվ կապեր են հաստատվել մեր միջև և մինչ այս պահը պահպանվում են։ Կարելի է ասել, որ թվային ֆինանսների ոլորտում համագործակցությունն էլ հեռանկարային է։ Այնպես որ մենք կարող ենք ասել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, ֆինանսական վճարումների ոլորտներում մենք համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունենք»,- մանրամասնեց Յոնգ Վանը։

Նա նաև կարծիք հայտնեց, որ Կորեան պետք է Հայաստանում դեսպանատուն ունենա հարաբերությունները երկարաժամկետ կտրվածքով ավելի զարգացնելու համար։ Հարավային Կորեան դեսպանատներ ունի Բելառուսում, Ղազախստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում, ինչը ևս նպաստել է այդ երկրների հետ ավելի սերտ կապերի ու համագործակցության հաստատմանը։

Շանթ Խլղաթյան


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսության փորձագիտական վերլուծություններ
• Տնտեսագետ. Ի՞նչն է խանգարում Հայաստանին կրկնապատկել պաշտպանական ծախսերը• Տնտեսագետ. 5-6 տարվա ընթացքում կրթությունը Հայաստանում թանկացել է 20-30 տոկոսով• ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած աջակցությունը կարող է տնտեսական նոր հնարավորություններ ընձեռել Հայաստանին. տնտեսագետ• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին. Բաբկեն Թունյան• ՄՊՀ-ն հրապարակել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացված ծխախոտի արտադրանքի ոլորտի ուսումնասիրությունը• Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ պատասխանել է փորձագետը• Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանում բենզինի գինը կշարունակի նվազել• ԼՈՒՅՍ հիմնադրամ. Չինական «Գոտի և ճանապարհ» նախագիծն ու Հայաստանը․ կորսված հնարավորությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական ընտրություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն