• Armenianeconomy.com

Ռուսները, նրանց գումարները նույնքան արագ ինչ-որ պահի կգնան ՀՀ-ից, և տնտեսությունում խնդիրներ կառաջանան․ Վաչե Գաբրիելյան

Երբ տարվա սկզբում մարդիկ տարբեր կանխատեսումներ էին անում, որևէ մեկը չէր կարող մտածել, որ տնտեսական ակտիվության նման բարձր՝ 11.8% ցուցանիշ կունենանք, աճի կանխատեսումները հիմնականում ավելի ցածրին էին միտված, NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

«Տվյալ պարագայում տեղի ունեցավ բավականին հետաքրքիր ֆենոմեն։ Ընդորում՝ մեր տնտեսական աճը կանխատեսվածից եղավ առնվազն 2-3 անգամ ավելի։ Եվ դրանից բացի, այն ավելի բարձր է, քան մենք գնահատում ենք, որ մեր ներուժն է։ Գլոբալ առումով ինչ է նշանակում ներուժ․ եթե մենք այլ հավասար գործոնների պայմաններում ունենք միջին արտադրողականության աճ և աշխատուժի չափավոր ավելացում շուկայում, ապա առանց այդ գործոնների վրա չափազանց մեծ լարման մենք ինչքա՞ն աճի կարող ենք գնալ։ Գնահատականը 3-5 տոկոսն էր, երբեմն 6 տոկոս, բայց դրանից ավելի մենք չէինք ենթադրում։ Հիմա մենք, ըստ էության, աճում ենք ավելին, քան մեր հնարավորություններն են»,– ասաց նա։

Ըստ Գաբրիելյանի՝ դրա առաջին պատճառը կապված է ռուս–ուկրաինական հակամարտության հետ, որի հետևանքով գումարի բավական մեծ հոսք կա դեպի Հայաստան․ դրանք ֆինանսական գործարքներն են, զբոսաշրջիկների հետ բերած գումարները և այլն։ Նա նշեց, որ այս տարի ռեկորդային էր բանկային ոլորտի համար, որը առաջին եռամսյակում 100 միլիարդից ավելի եկամուտներ ունեցավ, որոնք ծառայությունների արտահանումից գեներացված եկամուտներ էին։ Տնտեսագետի խոսքով՝ դա տեղի ունեցավ շատ արագ, և ինչ–որ պահի նույնքան արագ էլ այդ ծառայությունները կարող են գնալ Հայաստանից։

«Այս տեսակետից որևէ մեկը այլ հավասար պայմաններում չէր կարող ենթադրել, որ մենք կարող ենք հանկարծ մի քանի անգամ ավելի շատ եկամուտներ ունենալ, եթե չլինեին որոշակի իրողություններ։ Իրողություններն այն են, որ Ռուսաստանի նման մեծ երկրի ֆինանսական համակարգը ունի որոշակի սահմանափակումներ արևմտյան երկրների կողմից, և անգամ, եթե ՀՀ բանկերը գործում են լիովին օրինական, պատժամիջոցների տակ չհայտնված ընկերությունների հետ, միևնույն է՝ այդ ընկերությունները ևս զգուշանում են, և ունենում ենք, ըստ էության, ֆինանսական ներհոսք, որը լեգալ է, որևէ կերպ չի խոսում սահմանափակումների շրջանցումների մասին, ստացված եկամուների մասին և այլն, սակայն այդ ներհոսքը որոշակի ազդեցություն բերել է տնտեսության վրա»,– բացատրեց նա։

Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ իր թվարկած գործոնները ազդում են նաև տնտեսության մյուս ճյուղերում, որտեղ գրանցված է աճ՝ շինարարություն, առևտրաշրջանառություն, ծառայություններ և այլն։  Հարցին, թե արդյոք ՀՀ տնտեսությունում խնդիրներ կառաջանան, եթե ռուս–ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած գործոնները վերանան, տնտեսագետը պատասխանեց, որ հնարավոր է և օրինակ բերեց 2009 թվականը, երբ ՀՀ տնտեսությունն ունեցավ 14 տոկոս անկում, որից 11 տոկոսը շինարարության մասնաբաժինն էր, քանի որ դրանից առաջ շինարարությունն անհամամասնորեն շատ ավելի արագ էր աճել և 2008-ին տնտեսությունում 25 տոկոսի չափով տեղ էր զբաղեցնում, ինչը առնվազն 2-2.5 անգամ ավելին է, քան սովորաբար երկրներն ունենում են՝ անգամ զարգացած շինարարության ոլորտում։

«Եթե այդ տեսակետից նայենք, բնականաբար կարող ենք խնդիրներ ունենալ։ Խնդիրներ է առաջացնում նաև ներհոսքը այլ տեսակետից՝ արտադրական գործոնների գնի մասով։ Եթե դուք շատ արտարժույթ եք ստանում, այդ շատ արտարժույթը սկսում է արժեզրկվել ձեր ազգային արժույթի նկատմամբ, և այդ պարագայում ազգային արժույթը սկսում է թանկանալ։ Դրանով նաև ներքին գներն են թանկանում, աշխատուժը, ինքնարժեքը և այլն, և դա արդեն հետագա ազդեցություն է սկսում ունենալ արտահանման ներուժի վրա։ Այդ տեսակետից կարծում եմ, որ մենք կարող ենք խնդիրներ ունենալ արտահանման հետ կապված։ Միևնույն ժամանակ, քանի որ ունենք բարձր գնաճ, այդ պարագայում եթե փոխարժեքը արհեստականորեն արժեզրկվի, ապա բարձր գնաճը կշարունակի էլ ավելի խորանալ։ Դրա համար Կառավարությունը պետք է երկընտրանք լուծի՝ ինչ համամասնություններով է այդ խնդիրը լուծում։ Որքանով է աջակցում արտահանողներին, որքանով ներքին խնդիրներն է լուծում գնաճից առաջացող, որքանով փոքր տնտեսվարողներին, մեծ տնտեսվարողներին և այլն»,– ասաց նա։ 

Հարցին, թե կան արդյունավետ գործիքներ, որոնք հնարավոր է կիրառել հետագա խնդիրներից խուսափելու համար, Վաչե Գաբրիելյանն ասաց, որ չկան գործիքներ, որոնց կիրառումը լավ կլինի բոլորի համար և բերեց փոխարժեքի օրինակը։ «Եթե փոխարժեքը ակտիվանում է, դրսից շատ փող է գալիս, փողի քանակը շատ է, մենք դրա մի մասը փոխարինում ենք դրամի, դոլարները հավաքում ենք, ունենում ենք պահուստներ, սակայն փողի քանակը, որը շրջանառության մեջ է, դեռ շարունակում է մնալ շատ և այն ծածկում է նույն քանակի ապրանքներ ինչ արտադրել ենք, այսինքն՝ բնականաբար գները պետք է բարձրանան։ Հիմա մենք կազմը փոխեցինք և մեր պահուստներում ունեցանք շատ արտարժույթ, բայց փողի քանակը մնաց նույնը։ Փողի քանակը կրճատելու համար պետք է տոկոսադրույքները բարձրացնենք և դրա պարագայում տնտեսական աճի դանդաղեցում ունենանք։ Ինչո՞ւ, որովհետև եթե մենք ունենում ենք չափից արագ տնտեսական աճ, խնդիր է լինում»,– ասաց նա և բացատրեց, թե ինչ նկատի ունի։

«Պատկերացրեք գնաճը մարդու օրգանիզմի դեպքում ջերմաստիճանն է։ Երբ տեղի են ունենում պրոցեսներ, որոնք չափից ավելի շատ են զարգանում, մարմինն սկսում է պայքարել և դրա հետևանքով դուք ունենում եք բարձր ջերմաստիճան։ Հիմա եթե մենք պայքարում ենք դրա դեմ, ապա պետք է որոշակի այլ խնդիրներ ճնշենք։ Պատկերացրեք տոկոսադրույքները բարձրացրինք, դրա հետևանքով դոլարները մնացին խնայողությունների տեսքով և չծախսվեցին։ Եվ խնդիր է առաջանում փոքր ձեռնարկությունների համար հատկապես նրանց, որոնք շրջանառու միջոցներով են աշխատում։ Նրանք ունեն խնդիր, թե ինչպես են աշխատելու, այսինքն՝ նրանք եթե նախկինում շրջանառու միջոցներ էին վերցնում 5-6 տոկոսով, հիմա պետք է 16-26 տոկոսով վերցնեն։ Այս պարագայում նրանք արդեն այդպիսի արտադրողականություն չունեն, որ նմանատիպ վճար ունենան և շարունակեն տնտեսական գործունեությունը»,– բացատրեց նա։

Խոսելով արտադրողականության աճի մասին՝ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ դա չի կարող թռիչքաձև աճ ունենալ, դրա համար կամ պետք նոր տեխնոլոգիաներ կիրառվեն, գյուտեր արվեն, այսինքն՝ այլ հավասար պայմաններում, երբ տեխնոլոգիաների էքստենսիվ վերազինում չի արվում, չենք կարող ենթադրել, որ կունենանք արտադրողականության էական աճ, որը մեզ թույլ կտա աշխատել շատ ավելի բարձր տոկոսներով կամ շատ ավելի բարձր գներով, որը փոխարժեքի հետևանք է։

«Այսինքն՝ երկարաժամկետ հատվածում տնտեսության աճը միայն կարող է ապահովել արտադրողականության հետևողական բարձրացումը։ Մինչ այդ մենք պետք է հավասարակշռենք տարբեր երկընտրանքները։ Հիմա դրա համար մենք այս խնդրի առաջ ենք կանգնած։ Որպես կանոն երկրները, երբ ունենում են նմանատիպ ներհոսք, խնդիրը լուծում են մի ձևով․ կառավարությունները կլանում են որոշակի միջոցներ և այդ միջոցներով կատարում ենթակառուցվածքային աշխատանքներ՝ ճանապարհների, ջրամբարների կառուցում և այլն։ Այսինքն՝ անում են կապիտալ ծախսեր, որոնք հնարավորություն են տալիս մնացած բոլորին բարձրացնել իրենց արտադրողականությունը ․․․ Եթե մենք կապիտալ ներդրումներով այս պահին արտադրական հնարավորությունները չբարձրացնենք, չեմ կարծում, որ հետագա կայուն տնտեսական աճ կարող ենք ապահովել»,– ասաց նա։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսության փորձագիտական վերլուծություններ
• «Անկանխիկ վճարումների մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ բողոքներ են ստացվել․ Թունյան• Հայաստանից ՌԴ պատրաստի արտադրանքի արտահանումը էապես աճում է. տնտեսագետի գնահատականը• Տնտեսության գերտաքացման ռիսկ. որն է տնտեսական ակտիվության աճի «ֆենոմենը»• Ինչով է պայմանավորված մշակույթի, զվարճությունների և հանգստի ճյուղի վերելքը• ՀՀ-ից տարեկան արտահանումը կարող է գերազանցել 3 մլրդ դոլարի շեմը. տնտեսագետ• Հայաստանում շինարարության ծավալները շարունակում են աճել. Եվրասիական փորձագիտական ​​ակումբ• Հայաստանի տնտեսությունն ակտիվացրել են հիմնականում Ռուսաստանից տեղափոխվածները. Թաթուլ Մանասերյան• Քիչ է հավանականությունը, որ կարող ենք ունենալ արդյունավետ գործող կենսաթոշակային մասնավոր համակարգ. Սուրեն Պարսյան• ՏՏ ոլորտ, զբոսաշրջություն, թվային ֆինանսներ․ կորեացի փորձագետը Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ է տեսնում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն