«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվում են բարեփոխումներ սպասարկման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու, մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման, համայնքների կողմից երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումներ կիրառելու ուղղությամբ։ Այդ պատճառով օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է վերանայել գործող կարագավորումները։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի
5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում «օպերատոր» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օպերատոր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման ծառայություններ մատուցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր.»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2․ Միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների միասնական երթուղային ցանցերը կազմակերպում է լիազոր մարմինը, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է համապատասխան համայնքի ղեկավարը` նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«5․ Միջմարզային և ներմարզային կամ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների չվացուցակներում կամ սխեմաներում փոփոխությունները հաստատում է երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի ղեկավարը՝ միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի առաջարկությամբ և մրցութային հանձնաժողովի համաձայնությամբ:»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները
Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են օպերատորի կողմից, որն ընտրվում է մրցութային եղանակով կամ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված գնման գործընթացի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ օպերատորը հանդիսանում է 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն:
Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար օպերատորի ընտրությունը մրցույթի, թե գնման գործընթացի միջոցով կազմակերպելու մասին որոշումը ընդունվում է տվյալ համայնքի ղեկավարի կողմից, որը չի կարող փոփոխվել մրցույթի կամ գնման պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում:
Միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթները կազմակերպում և անցկացնում է լիազոր մարմնի կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովը` մրցույթների անցկացման ժամանակացույցին համապատասխան:
4․ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները մրցութային եղանակով կազմակերպելու դեպքում, օպերատորի ընտրության մրցույթը կազմակերպում և անցկացնում է համայնքի ղեկավարի կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովը` մրցույթների անցկացման ժամանակացույցին համապատասխան:
Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից իրականացվելու դեպքում երթուղիների սպասարկման պայմանագիրը նրա հետ կնքվում է առանց մրցույթ անցկացնելու կամ գնման գործընթաց կազմակերպելու, իսկ երթուղիների սպասարկումն իրականացվում է տվյալ համայնքի ավագանու սահմանած փոխադրավարձով:
Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված օպերատորի կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ ներհամայնքային երթուղիների, որոնց սպասարկումն օպերատորի կողմից իրականացվում է ավագանու սահմանած փոխադրավարձով:
7․ Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը կարգավորվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգով, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8․ Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն), մրցութային հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ օպերատորի ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ ավագանու սահմանած փոխադրավարձի դեպքում՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և ավագանու որոշմամբ:
Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի ու շրջակա միջավայրի պահպանության, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և արտադրողի կողմից նախատեսված լինեն տվյալ տեսակի փոխադրումներ իրականացնելու համար:
10․ Մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
11․ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող օպերատոր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարություն։
Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորվում է երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի և փոխադրումներն իրականացնող օպերատորի միջև կնքված պայմանագրով:
13․ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով գնման գործընթացի միջոցով օպերատորի ընտրության դեպքում՝
1) օպերատորն իրականացնում է գնման գործընթացի տեխնիկական բնութագրով սահմանված ավտոբուսային կանոնավոր երթուղու սպասարկում՝ պահանջված չափորոշիչներին համապատասխան տրանսպորտային միջոցներով:
2) համայնքի ղեկավարի կողմից հաստատված քանակով տրանսպորտային միջոցներով երթուղու սպասարկման յուրաքանչյուր կիլոմետրի գնման գինը սահմանվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված նախահաշվային գինը:
3) երթուղիների սպասարկման ծառայությունները ձեռք են բերվում
5-10 տարի ժամկետով, օպերատորի և համայնքի ղեկավարի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով, որի ձևը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ:
14․ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների փոխադրավարձը գանձվում է համայնքի կողմից՝ օպերատորին պատկանող տրանսպորտային միջոցներում տեղադրված համապատասխան սարքերի կամ վճարման այլ միջոցներով և ամբողջովին ուղղվում է համայնքի բյուջե:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումներով, որի համար անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումները։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 4-րդ հոդվածով շարադրված են նշված օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, այդ թվում՝ օպերատոր հասկանությունը, մասնավորապես, այն, որ օպերատոր է հանդիսանում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպությունը, սակայն առաջարկվում է փոփոխել և սահմանել, որ օպերատոր է հանդիսանում փոխադրումների իրականացման ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպություն (կազմակերպություններ) կամ անհատ ձեռնարկատեր (անհատ ձեռնարկատերեր) անկախ պատկանելությունից:
Գործող կարգավորումների համաձայն՝ երթուղիների սպասարկման իրավունքը կազմակերպություններին տրամադրվում է միայն մրցույթով:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվում են բարեփոխումներ սպասարկման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու, մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման, համայնքների կողմից երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումներ կիրառելու ուղղությամբ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող կարագավորումները։
Կարգավորման նպատակը և բնույթը.
Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել երթուղիների սպասարկման իրականացման նոր ընթացակարգ, որով առաջարկվում է ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաև գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերված ծառայությամբ։ Այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու մեկ կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը, ի տարբերություն գործող կագվարումներով սահմանված՝ մեկ ուղևորի տեղափոխման արժեքի: Այսինքն՝ համայնքին մատուցվելու է սահմանված գնման գործընթացով նախատեսված պահանջներին համապատասխանող և պահանջված քանակի ավտոբուսներով սպասարկման ծառայություն, իսկ ծառայության վճարումը կատարվելու է տվյալ երթուղու յուրաքանչյուր կիլոմետրի սպասարկման համար: Նշված փոփոխության արդյունքում ուղևորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե և փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակներում որոշված վճարը՝ անկախ նրանից, թե որքան ուղևոր է տեղափոխել:
Նշված ընթացակարգի առավելությունը կայանում է նրանում, որ փոխադրող կազմակերպությունը կնքելով երկարաժամկետ պայմանագիր, հնարավորություն է ունենալու կատարել ներդրումներ ավտոբուսների ձեռբերման համար, ինչպես նաև ստանալով յուրաքանչյուր կիլոմետրի համար ֆիքսված վճար, շահագրգիռ չի լինելու տեղափոխել թույլատրելի քանակից ավել ուղևորներ, կայանել կանգառից դուրս կամ կատարել այլ խախտումներ: Բացի այդ, տվյալ դեպքում, համայնքը հնարավորություն կստանա սահմանել արտոնություններ որոշ ուղևորների համար ըստ սոցիալական խմբերի, ինչպես նաև ինքնուրույն սահմանելով փոխադրման վճարի չափը ինքնուրույն որոշել այն բարձրացնել՝ հավասարեցնելով փոխադրող կազմակերպությանը վճարվող գումարի համար անհրաժեշտ չափին, թե հավաքագրելով ավելի փոքր չափով գումար իր մյուս միջոցների հաշվին փոխադրողին վճարել ավելի մեծ չափով ծառայության վճար, այդպիսով սուբսիդավորել փոխադրման վճարի չափը:
Հարկ է նշել, որ նման մոտեցում սահմանված է նաև համայնքի կողմից մատուցվող մյուս ծառայությունների համար, օրինակ՝ աղբահանության ծառայության համար կազմակերպությունները ներգրավում են գնումների մասին օրենքով սահմանված կարգով և նրանց վճարվող ծառայության արժեքը կապված չէ համայնքի կողմից աղբահանության համար սահմանված վճարի չափից:
Բացի այդ առաջարկվում է վերանայել երթուղային ցանցերի համաձայնեցման և միասնական երթուղիների չվացուցաների ու ուղեգծերի փոփոխությունների կատարման գործընթացը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Օրենքի նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսված։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 36-րդ կետի պահանջներից։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться