
Նախագծի ընդունմամբ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի կդառնան իրավախախտման հանրային վտանգավորությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կկազմեն միջին ամսական անվանական աշխատավարձի 17.2-ից 40%-ը (տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի ավելի բարձր աշխատավարձի համեմատ՝ ավելի քիչ), մյուս կողմից իրական կանխարգելիչ ազդեցություն կունենան տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի 189.7-րդ հոդվածում՝
- առաջին պարբերության «տասնապատիկից» բառը փոխարինել «երեսնապատիկից» բառով, «հիսնապատիկի» բառը փոխարինել «յոթանասունապատիկի» բառով.
- երկրորդ պարբերության «հիսնապատիկից» բառը փոխարինել «հարյուրապատիկից» բառով, «հարյուրապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող քսաներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
Տեղեկություն ստանալու իրավունքը հանդիսանում է Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի հիմնարար իրավունքներից մեկը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և լրագրողները (լրատվամիջոցները), ինչպես նաև անհատները նշված իրավունքն իրացնում են հանրային շահի կամ անհատի իրավունքների պաշտպանության տեսանկյունից արժեքավոր տեղեկություններ ստանալու համար:
Միաժամանակ, Givmeinfo.am կայքում տեղադրված հարցումների և դրանց պատասխանների վիճակագրության համաձայն՝ 2019 թվականից առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 18%-ի դեպքում տեղեկություն տնօրինողները օրենքի խախտմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն տրամադրում իրենցից պահանջված տեղեկությունները: Այսպես, նշված ժամանակահատվածում հարցումների 3%-ին առհասարակ որևէ պատասխան չի ներկայացվել, 9%-ի դեպքում պատասխանները թերի են եղել՝ այսինքն հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3%-ի դեպքում տեղեկությունը չի տրամադրվել՝ անհիմն մերժվել է առանց օրենքով նախատեսված պատշաճ իրավական հիմքի, և ևս 3%-ի դեպքում ստացվել է անհիմն պատասխան, երբ ակնկալվող տեղեկության տրամադրումը թեև ձևական իմաստով չի մերժվել, սակայն միևնույն է, պահանջված տեղեկությունը օրենքի խախտմամբ չի տրամադրվել՝ խուսափողական, ընդհանուր ձևակերպումներով, պահանջված տեղեկությունների հետ կապ չունեցող բովանդակությամբ կամ ոչ վերաբերելի հղումներով կամ օրենքով չնախատեսված այլ հիմնավորմամբ պատասխան գրություններով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թվականի հոկտեմբեր ամսվա միջին աշխատավարձը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների (տեղեկություն տնօրինող մարմիններ) համար կազմել է 173.740 ՀՀ դրամ (https://armstat.am/file/article/sv_10_21a_142.pdf): Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» թիվ 1204-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձ կարող է լինել տեղեկատվություն տնօրինողի նշանակած պաշտոնատար անձը կամ տեղեկատվություն տնօրինողի ղեկավարը: Այսինքն, տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի աշխատավարձը, որպես կանոն, գերազանցում է միջին ամսական անվանական աշխատավարձը:
Նման պայմաններում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.7-րդ հոդվածով սահմանված 10-50 հազար ՀՀ դրամ տուգանքի չափը չի կարող էական կանխարգելիչ ազդեցություն ունենալ տեղեկություն տնօրինողների կողմից տեղեկատվության ազատության իրավունքի խախտումների վրա, քանի որ այն կազմում է միջին աշխատավարձի 5,7-ից 28,7%-ը, իսկ տեղեկատվությունը տնօրինող պաշտոնատար անձի դեպքում՝ ավելի քիչ տոկոս:
Որպես օրինակ՝ Էստոնիայում հանրային տեղեկություններ տրամադրելու կանոնները խախտելու համար պատասխանատվությունը 1200 եվրո է, իսկ պաշտոնյաների միջին աշխատավարձը՝ մոտ 3000 եվրո: Այսինքն, տուգանքի չափը միջին աշխատավարձի շուրջ 40%-ն է: Տեղեկատվության ազատության ոլորտում մեկ այլ դրական փորձ ունեցող երկրում՝ Սլովակիայում, տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար պատասխանատվությունը 1660 եվրո է, իսկ պաշտոնյաների միջին աշխատավարձը մոտ 2380 եվրո է, այսինքն՝ տուգանքի չափը կազմում է միջին աշխատավարձի ավելի քան 60%-ը:
Արդյունքում, մի կողմից տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի չեն իրավախախտման հանրային վտանգավորությանը, մյուս կողմից բավարար չեն տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում իրական ազդեցություն ունենալու համար:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափն ավելացնել՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանքը դարձնել երեսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով տուգանքը դարձնել հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
3. Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը նախաձեռնել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը և հանրագրով ներկայացրել է Արդարադատության նախարարությանը:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի կդառնան իրավախախտման հանրային վտանգավորությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կկազմեն միջին ամսական անվանական աշխատավարձի 17.2-ից 40%-ը (տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի ավելի բարձր աշխատավարձի համեմատ՝ ավելի քիչ), մյուս կողմից իրական կանխարգելիչ ազդեցություն կունենան տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում և (կամ) նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծով առաջարկվող փոփոխությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի նպատակ 13-ի 10-րդ կետից (վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժերի վերանայում):
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться