
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության ապահովում, չափագրման ոլորտում Կոմիտեի կողմից իրականացվող վարչական վարույթի կանոնակարգում, անհրաժեշտ գործիքակազմի առկայություն:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝
1. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող և այլ փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունը կրում են դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:».
2. լրացնել 2.1-ին մասով հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմինները և նոտարները պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, սույն օրենքի 37.1-ին հոդվածով նախատեսված փաստաթղթերի, ներկայացնում են էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքում առկա՝ համապատասխան փաստաթղթերի ներկայացման համար նախատեսված տիրույթում, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) լիազոր մարմինը քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց համաձայնությամբ պաշտոնական կայքում հրապարակում է վերջիններիս անվանացանկը և նրանց կողմից տրամադրված կապի միջոցները:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.
«Հոդված 16.1. Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայականների գործողությունները կասեցնելու կամ դադարեցնելու վարչական վարույթի առանձնահատկությունները
1. Անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը հաստատում է չափագրողների կողմից կազմված չափագրման փաթեթի ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցը: Ընդ որում՝ միևնույն չափագրողը կարող է ընդգրկվել ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցում ոչ ավելի հաճախ, քան երկու տարին մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) պատճառաբանված առաջարկի հիման վրա անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի հրամանով:
2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմում-բողոքների կամ ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցի համաձայն Հանձնաժողովը կատարում է չափագրողների կողմից կազմված չափագրման փաթեթի ուսումնասիրություններ:
3. Եթե Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում գալիս է այն եզրահանգմանը, որ փաստական հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է նաև իրականացնել տեղանքի զննում, ապա այդ մասին դիմում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարին, ով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում է տեղանքի զննում: Զննման արդյունքները փոխանցվում են Հանձնաժողովին:
4. Մասնագիտական ուումնասիրության արդյունքում Հանձնաժողովը կազմում և անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարին է ներկայացնում եզրակացություններ՝ չափագրողների վկայականների գործողությունները կասեցնելու, դադարեցնելու կամ դրանց հիմքերի բացակայության վերաբերյալ:»:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1. 1-ին մասում «դիմումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը.
2. 2-րդ մասի 8-րդ կետում «համարը» բառից հետո լրացնել «կամ հարկ վճարողի հաշվառման համարը:» բառերը.
3. 3-րդ մասի 1-ին կետում «այլ փաստաթղթեր:» բառերից հետո լրացնել «Ընդ որում՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին և 2.2-րդ մասերում սահմանված դեպքերում դիմումի հետ ներկայացվում է համապատասխան փաստաթղթերը նույնականացնող տվյալները.» բառերը:
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «ներկայացվել (ներբեռնվել) նաև էլեկտրոնային եղանակով,» բառերը փոխարինել «, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով,» բառերով:
Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դիմումը ներկայացվում է կամ փոստով առաքվում է ցանկացած սպասարկման գրասենյակ, կամ էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով, բացառությամբ միասնական տեղեկանք տրամադրելու, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող կամ էլեկտրոնային ստորագրություն չպահանջող դիմումների, որոնք ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:».
1. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. Ազգային գեոպորտալին հասանելիությունը ապահովվում է բաժանորդագրման միջոցով կամ սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված վճարի մուծման փաստը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Տեղական ինքնակառավարման մարմինների համար բաժանորդագրումը պարտադիր է այն պահից սկսած, երբ անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի հրամանով ամբողջությամբ կգործարկվի ազգային գեոպորտալը:».
1. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ մասով.
«9.2. Ազգային գեոպորտալի տվյալների կառավարման և բաժանորդագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը։»:
Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում «սպասարկման գրասենյակ դիմումը» բառերը հանել:
Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«3. Որպես օրինական գրանցված կիսակառույց շինության ավարտման փաստը գրանցվում է որակավորված անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված և ներկայացված չափագրման փաթեթի հիման վրա:»:
Հոդված 9. Օրենքի 73-րդ հոդվածում՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին, 18.2-րդ, 18.3-րդ, 18.4-րդ կետերով.
«18.1) Թեմատիկ քարտեզագրական նյութեր՝
ա. Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս՝ 20000 դրամ (յուրաքանչյուր հատորը),
բ. Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի էլեկտրոնային տարբերակի (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF)) 1 էջը` 3000 դրամ,
գ. թեմատիկ քարտեզներ`
թղթային տարբերակ 100x70 սմ (քաշը՝ 200գ, թուղթը՝ կավճապատ)՝ 3000 դրամ,
թղթային տարբերակ A3 ֆորմատ (քաշը՝ 200գ, թուղթը՝ կավճապատ)՝ 1000 դրամ,
թղթային տարբերակ A4 ֆորմատ (քաշը՝ 200գ, թուղթը՝ կավճապատ)՝ 500 դրամ,
դ. էլեկտրոնային թեմատիկ քարտեզ (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF))՝ 80000 դրամ:
18.2) Աշխարհագրական անվանումների տեղեկագրեր և տեղեկատու բառարաններ՝
ա. մեկ տեղեկագրի համար՝
գունավոր տպագրություն՝ 3000 դրամ,
սև-սպիտակ տպագրություն՝ 1500 դրամ,
բ. մեկ տեղեկատու բառարանի համար՝
գունավոր տպագրություն՝ 3000 դրամ,
սև-սպիտակ տպագրություն՝ 1500 դրամ
18.3) Թեմատիկ քարտեզագրական նյութերի ինքնաշխատ եղանակով տրամադրում կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակի միջոցով (e-cadastre.am)
ա. Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս՝ 10000 դրամ (յուրաքանչյուր հատորը),
բ. Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի էլեկտրոնային տարբերակի (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF)) 1 էջը` 600 դրամ,
գ. էլեկտրոնային թեմատիկ քարտեզ (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF))՝ 40000 դրամ:
18.4) Օրթոֆոտոհատակագծերի (Թի Այ Էֆ Էֆ (TIFF)), (Ջիո Թի Այ Էֆ Էֆ (GeoTIFF)) տրամադրում տեսանելի և ինֆրակարմիր տիրույթում (Ար Ջի Բի (RGB), (Էն Այ Ար/Սի Այ Ար) NIR/CIR))՝ անշարժ գույքի մեկ միավորի համար՝ 500 դրամ,»:
26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) Ռեֆերենց կայանների ծառայություններից մեկ սարքով օգտվելու համար՝
ա. 15 օր բաժանորդագրությամբ՝ 9000 դրամ,
բ. ամսական՝ 15000 դրամ,
գ. տարեկան բաժանորդագրությամբ՝ 162000 դրամ:»:
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 29-րդ կետով.
«29) Ազգային գեոպորտալին հասանելիության բաժանորդային վճար՝
ա. համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ տվյալների որոնման, դիտման և ներբեռնման հնարավորությամբ տեղական ինքնակառավարման մարմինների տարեկան բաժանորդագրման համար՝ տվյալ համայնքի բաժանորդագրման պահին բյուջեի 0,3 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 5 000 000 դրամը,
բ. իրավաբանական անձանց տարեկան բաժանորդագրման համար՝ հասցեի, ինչպես նաև անշարժ գույքի միավորի ծածկագրով կամ կոորդինատներով որոնման և դիտման հնարավորությամբ՝ 150 000 դրամ,
գ. ֆիզիկական անձանց համար՝ հասցեի, ինչպես նաև անշարժ գույքի միավորի ծածկագրով կամ կոորդինատներով որոնման և դիտման հնարավորությամբ՝ ամսական 2000 դրամ:»:
Հոդված 10. Օրենքի 74-րդ հոդվածում՝
11-րդ մասում «գործակիցը» բառից հետո լրացնել «` բացառությամբ թղթային տարբերակի» բառերը.
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 14-րդ մասով.
«14. Սույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը ներկայացվելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում:»:
Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից բացառությամբ՝ 1-ին հոդվածի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում սահմանված Կառավարության որոշումը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածը ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահին:
4. Անշարժ գույքի պետական ռեգիստրը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը իր պաշտոնական ինտերնետային կայքի առանձնացված բաժնում տեղադրում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված և գործող սահմանափակումների վերաբերյալ իր էլեկտրոնային տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության ցանկը (այսուհետ՝ Ցանկ):
5. Անշարժ գույքի պետական ռեգիստրը Ցանկի հասանելիությունը սահմանափակում կիրառելու և դրանք դադարեցնելու լիազորություն ունեցող մարմիններին ապահովում է նրանց իրավասությունների սահմաններում գտնվող սահմանափակումների խմբագրման հնարավորությամբ:
6. Սահմանափակում կիրառելու և դրանք դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը իրենց իրավասության սահմաններում, խմբագրում են Ցանկը՝ դրանում թողնելով կամ լրացնելով այն սահմանափակումները, որոնք պետք է պահպանվեն և հանելով այն սահմանափակումները, որոնք օրենսդրությամբ սահմանված հիմքերով ենթակա չեն պահպանման:
7. 2023 թվականի հուլիսի 2-ին անշարժ գույքի պետական ռեգիստրը արգելափակում է Ցանկի խմբագրման հնարավորությունը և ապահովում է Ցանկի համընդհանուր հասանելիությունը՝ որոնման և դիտման հնարավորությամբ:
8. Ֆիզիկական և իրավաբանական անձիք, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով համընդհանուր հասանելիությունն ապահովելու օրվանից սկսած երկու ամսվա ընթացքում Ցանկի խմբագրման վերաբերյալ իրենց դիմում-բողոքները ներկայացնում են սահմանափակում կիրառելու և դրանք դադարեցնելու լիազորություն ունեցող մարմիններ:
9. Սույն հոդվածի 8-րդ մասում սահմանված դիմում-բողոքները քննարկվում և լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում: Դիմում-բողոքների լուծման արդյունքում կազմված սահմանափակումը դադարեցնելու կամ պահպանելու մասին որոշումը, ոչ ուշ քան որոշումը կայացնելուն հաջորդող աշխատանքային օրը օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվում են անշարժ գույքի պետական ռեգիստր:
10. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված և սույն հոդվածի 7-րդ մասում նշված օրվա դրությամբ կազմված Ցանկում չներառված, ինչպես նաև սույն հոդվածի 8-9-րդ մասերով սահմանված կարգով չներկայացված սահմանափակումները դադարում են օրենքի ուժով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը
1) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում սահմանված է գույքի նկատմամբ իրավունքների (սահմանափակումների), դրանց դադարեցման, տեղեկատվության տրամադրման վարույթների հարուցման և ավարտման՝ ավարտական փաստաթղթերի տրամադրման երկու ռեժիմ՝ էլեկտրոնային և թղթային (հոդվածներ 17, 24, 26, 26.1, 27, 31, 32, 33 և այլն)։ Քանի որ Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գործառույթների շրջանակներում իրականացվում են մեծաքանակ և ոչ նույնական վարույթներ, անընդհատ մեծանում են թղթային արխիվների ծավալները։ Հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքներ և սահմանափակումներ հաստատող փաստաթղթերը պահվում են անժամկետ։ Միևնույն ժամանակ ոչ էլեկտրոնային վարույթների պարագայում մեծ է մարդկային ազդեցության գործոնը, որը երբեմն հանգեցնում է սխալի։
2) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում է քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց անվանացանկը՝ վերջիններիս համաձայնությամբ: Նման կարգավորման պարագայում բացակայում է որակավորման վկայական ստացած անձանց հետ որևէ կապի միջոց հրապարակելու իրավական հիմքը, որը պահանջվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասով, 8-րդ հոդվածով։
3) Գործող կարգավորումների պայմաններում Կոմիտեի տեղեկատվության տրամադրման լիազորությունների ծավալը չի համապատասխանում անշարժ գույքի ռեգիստրի տվյալների մատչելիության սկզբունքին. բացակայում են բաժանորդագրության միջոցով տեղեկատվության հասանելիության ապահովման, էլեկտրոնային օրթոֆոտոհատակագծերի, ազգային ատլասների, աշխարհագրական անվանումների և տեղեկատու բառարանների տրամադրման վերաբերյալ նորմեր:
4) ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1441-Ն որոշմամբ հաստատված են ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմամբ ներկայացվող պարտադիր պահանջները, որակավորման անցկացման կարգն ու պայմանները, որակավորման վկայականի ձևը, իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված են որակավորման վկայականի գործողության կասեցման և դադարեցման հիմքերը: Միևնույն ժամանակ առկա չէ վկայականների գործողությունների կասեցման և դադարեցման վարույթի առանձնահատկությունները նախատեսող կարգ, ինչպես նաև վարույթի արդյունավետությունն ապահովող հստակ մեխանիզմ:
Նախագծով առաջարկում է չափագրողների վկայականների գործողությունները կասեցնելու կամ դադարեցնելու ընթացակարգ սահմանել՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով զննում կատարելու գործիքակազմը:
Ընթացակարգի համաձայն՝ Կոմիտեի ղեկավարի հրամանով վարչական վարույթ հարուցելուց հետո ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից իրականացվում է գործի փաստական հանգամանքների ուսումնասիրություն:
Հանձնաժողովը ուսումնասիրում է որակավորման վկայական ստացած անձանց կողմից կազմված հողամասի, շինությունների հատակագծերի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում ստացած կադաստրային գործի նյութերի համապատասխանությունը ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1441-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված պահանջներին՝ կոմիտեի ղեկավարին եզրակացություն ներկայացնելու նպատակով: Եթե հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում գալիս է այն եզրահանգմանը, որ փաստական հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են նաև ապացույցներ գույքի փաստացի չափերի վերաբերյալ, ապա այդ մասին գրավոր դիմում է կոմիտեի ղեկավարին, ով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է որոշում կայացնել զննում իրականացնելու համար:
Ի կատարումն ՀՀ վարչապետի մոտ 2021 թվականի նոյեմբերի 11-ին կայացած խորհրդակցության N Վ/121-2021 արձանագրության 1.5-րդ կետով տրված հանձնարարականի` ուսումնասիրել ենք գույքի նկատմամբ արգելանքը վաղեմության ժամկետի հիմքով ուժը կորցրած ճանաչելու կապակցությամբ վրացական փորձը:
2009 թվականի հունվարի 3-ին Վրաստանի «Պետական ռեգիստրի մասին» օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա (35-րդ հոդվածի 4-րդ կետ) անվավեր են ճանաչվել հետևյալ դեպքերը.
Գույքի նկատմամբ կալանք և այլ միջոցներ, որոնք բացառում են նյութական և ոչ նյութական գույքի գրանցումը կամ կառավարումը, որոնք գրանցված են մինչև Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելը:
Կալանքներ և այլ միջոցներ, որոնք խոչընդոտում են այն նյութական կամ ոչ նյութական գույքի գրանցումը կամ տնօրինումը, որի փաստաթղթային ապացույցը գրանցման մարմնում չի պահվել կամ արձանագրվել է չարտոնված անձի կամ մարմնի արարքի հիման վրա:
Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը գրանցված հանրային իրավունքի սահմանափակումը, եթե այն գրանցվել է նյութական կամ ոչ նյութական գույքը երրորդ անձի սեփականություն փոխանցվելուց հետո, և (կամ) սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտիրավահաստատող փաստաթուղթը տրվել, ընդունվել կամ կազմվել է մինչև գույքի առգրավման կամ տնօրինման արգելքի գրանցումը:
Վրացական փորձի ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրահանգման, որ դրա կիրառումը Հայաստանի Հանրապետությունում նպատակահարմար չէ, քանի որ դրանով վերացվել են ավելի սահմանափակ թվով արգելանքներ, քան անհրաժեշտ է: Մասնավորապես՝ վրացական փորձի կիրառման դեպքում անորոշ կմնան այն սահմանափակումների կարգավիճակը, որոնք որևէ պատճառով չեն ներկայացվել անշարժ գույքի պետական ռեգիստր, կամ չեն գրանցվել օրենքով սահմանված կարգով, կամ գրանցվելուց հետո տևական ժամանակ չի ներկայացվել դրանց հետագա ընթացքը որոշակիացնող տեղեկատվություն, այն դեպքում, երբ առկա է սահմանափակումները վերացված լինելու վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկություններ:
2.Առկա իրավիճակը
1) Առկա կարգավորումների պայմաններում դեռևս գերակշռում են «թղթային» վարույթները։ Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացման և դրանով պայմանավորված մարդկային գործոնի նվազեցման, թղթային արխիվների կրճատման համար անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ։ Ընդ որում այդ փոփոխությունները անհրաժեշտ է կատարել փուլային տարբերակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, դրանց տարածվածության մակարդակին համընթաց, որպեսզի անհամաչափորեն չսահմանափակվի այն անձանց իրավունքները, որոնք անհասանելի կամ դժվար հասանելի են համապատասխան միջոցները։
2) Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց ծառայություններից օգտվելը դյուրինացնելու համար անհրաժեշտ է ստեղծել մեկ աղբյուր, որից հնարավոր կլինի տեղեկություններ ստանալ որակավորման վկայական ստացած անձանց տվյալները, այդ թվում՝ նրանց հետ կապի միջոցները։ Գործող կարգավորման պարագայում ծառայությունների շահառուները զրկված են պահանջվող տեղեկությունները մեկ մատչելի աղբյուրից ստանալու հնարավորությունից։ Այդ պատճառով Կոմիտեն հաճախ ստանում է զանգեր վերը նշված տեղեկությունները տրամադրելու խնդրանքով, ինչը անհարկի ծանրաբեռնում է կոմիտեին։
3) Գործող կարգավորումների պայմաններում Կոմիտեն լիազորված չէ տրամադրել էլեկտրոնային օրթոֆոտոհատակագծեր, ազգային ատլասներ, աշխարհագրական անվանումների տեղեկագրեր և տեղեկատու բառարաններ, ինչպես նաև բաժանորդագրության միջոցով ապահովել ազգային գեոպորտալի հասանելիությունը:
Առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակներն են՝ օգտատերերի քանակի ավելացում, աշխատանքի պարզեցում, շահառուների ֆինանսական միջոցների խնայողություն։
4) Գործող օրենսդրական կարգավորումներով անորոշ է չափագրողների որակավորման վկայականների կասեցման կամ դադարեցման վարչական վարույթի ընթացակարգը:
5) Առկա է անշարժ գույքի պետական ռեգիստրի տվյալների բազայում սահամանափակումների վերաբերյալ տեղեկությունները խմբագրելու անհրաժեշտություն:
Մշակված նախագծի հիմնական նպատակներն են՝
1) խթանել էլեկտրոնային վարույթների ծավալների աճին,
2) քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում համալրել պահանջվող տեղեկատվությունը։
ա. Առաջին նպատակի իրագործման համար նախատեսվում է գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող և այլ փաստաթղթեր էլեկտրոնային ներկայացնելու պարտականությունը դնել դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և նոտարների վրա։ Նման բնույթի կարգավորման հիմնական դրդապատճառն այն է, որ համապատասխան փաստաթղթեր տրամադրող սուբյեկտների մեծամասնությունը (եթե ոչ բոլորը) ունեն անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն, ինչը թույլ է տալիս առանց լրացուցիչ բարդությունների կատարել նրանց վերապահվող պարտականությունը։ Դա նաև հնարավորություն է ստեղծում պարզեցնել գրանցման և տեղեկատվության տրամադրման վարույթները՝ դիմումատուներին ազատելով մեծաքանակ փաստաթղթերի հավաքագրման, հերթագրման և ներկայացման պարտականությունից (դիմումատուն կոմիտե պետք է ներկայացնի ընդամենը իրավասու սուբյեկտների տրամադրած էլեկտրոնային փաստաթղթերի անհատականացման տվյալները), ինչն էլ ինքնաբերաբար կբեռնաթափի Կկոմիտեի ծանրաբեռնվածությունը։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հնարավորությունները և էլեկտրոնային թվային ստորագրության առկայությունը, նախատեսվում է, որ նրանք Կոմիտե կարող են դիմել և անհրաժեշտ ծառայություններից օգտվեն էլեկտրոնային եղանակով։
Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության խթանման համար նաև նախատեսվում է, որ միասնական տեղեկանքը կարող է պահանջվել և տրամադրվել միայն էլեկտրոնային եղանակով։
բ. Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում նախատեսվում է, որ լիազոր մարմինը քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական ստացած անձանց համաձայնությամբ պաշտոնական կայքում հրապարակում է վերջիններիս անվանացանկը և նրանց կողմից տրամադրված կապի միջոցները։
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածում, այն է «Պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների համար գանձվող վճարների չափերը», առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները.
18-րդ կետից հետո լրացվում են 18.1), 18.2), 18.3), 18.4) ենթակետերը, քանի որ շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա թեմատիկ քարտեզագրական նյութերի և աշխարհագրական անվանումների տեղեկագրերի և տեղեկատու բառարանների պահանջարկ կա:
26-րդ կետը այն է՝ «Ռեֆերենց կայանների ծառայություններից մեկ սարքով օգտվելու համար՝ ամսական 5000 ՀՀ դրամ» առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ լրացնելով նաև 15 օրով և մեկ տարով բաժանորդագրման հնարավորություն՝ հաշվի առնելով օգտատերերի պահանջարկը և շուկայի ուսումնասիրության արդյունքները:
Լրացվել է 29-րդ կետ՝ նախատեսելով, որ ազգային գեոպորտալի տվյալների հասանելիությունը կարող է ապահովվել բաժանորդագրման միջոցով, ինչը թույլ կտա անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը ապահովել առավել կարճ ժամկետներում և կհանգեցնի գների նվազեցման:
Հարկ է ավելացնել, որ նախատեսված վճարները ուղղվելու են բացառապես Կոմիտեի տեղեկատվական բազայի թարմացմանը, որակի ապահովմանը, անհրաժեշտ ծրագրային ենթակառուցվածքի ներդրմանը, սպասարկմանը:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության ապահովում, չափագրման ոլորտում Կոմիտեի կողմից իրականացվող վարչական վարույթի կանոնակարգում, անհրաժեշտ գործիքակազմի առկայություն:
Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ:
Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050-ի «Բազմապատկենք և հավասարակշռենք համաշխարհային պահանջարկ ունեցող ժամանակակից ապրանքների, ծառայությունների և համակարգերի արտադրության համար անհրաժեշտ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ուղղակի և անուղղակի առաջարկն ու պահանջարկը:» մեգանպատակների պահանջներից:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться