«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

15 դեկտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի հանրային աշխատանքը նախատեսել որպես վարչական տույժի տեսակ, ինչի հետևանքով վարչական տույժերի կիրառման մեխանիզմը կդառնա ավելի ճկուն և կնպաստի վարչական տույժի կիրառման նպատակների իրագործմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1986 թվականի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  23-րդ հոդվածում լրացնել նոր 2.1 մաս.

«2.1) հանրային աշխատաքներ.»:

Հոդված 2. Օրենսգրքի 24-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ մաս` հետևյալ բովանդակությամբ.

          «Սույն օրենսգրքի 23-րդ հոդվածի 2.1-րդ մասում սահմանված տույժի տեսակն այլընտրանքային տույժի տեսակ է»:

Հոդված 3. Օրենսգրքում լրացնել նոր 26.1 հոդված` հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 26.1. Հանրային աշխատանքներ

Հանրային աշխատանքները վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակված և իրավասու մարմնի որոշված վայրում չվարձատրվող, ուսումնառությունից կամ աշխատանքից ազատ ժամանակահատվածում հանրության համար օգտակար բնույթ կրող այնպիսի աշխատանքների կատարումն է, որոնք չեն վտանգում նրա ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը ։
Հանրային աշխատանքները նշանակվում են որպես տուգանքի այլընտրանք, եթե նշանակված տուգանքի չափը հավասար է կամ գերազնացում է նվազագույն աշխատավարձի 30-ապատիկը և վարչական պատասխանատվության ենթարկված անձը, իր նյութական վիճակի պատճառով զրկված լինելով տուգանքը վճարելու հնարավորությունից, մինչև տուգանքը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալն այդ մասին գրավոր դիմում է ներկայացնում վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնին:
Հանրային աշխատանքները նշանակվում են առավելագույնը մինչև երկու հարյուր յոթանասուն ժամ ժամկետով՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հաշվարկման կանոններով: Հանրային աշխատանքների օրական ժամկետը չի կարող գերազանցել 4 ժամը, իսկ վարչական իրավախախտում կատարած անձի համաձայնությամբ՝ 8 ժամը:
4. Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ իրականացնող մարմինը տուգանքը փոխարինում է հանրային աշխատանքներով՝ քսանչորս ժամը հաշվարկելով վարչական իրավախախտումը կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի չափով: Եթե մեկ վարչական իրավախախտման համար նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում հանրօգուտ աշխատանքների ժամկետը գերազանցում է երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ հանրային աշխատանքներ:
5. Հանրային աշխատանքներ չեն նշանակվում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց և մինչև տասնութ տարեկան անչափահասների նկատմամբ:
Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի, վաթսունհինգ տարին լրացած անձ, հղի կնոջ, իրենց խնամքի տակ մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ հանրային աշխատանքները նշանակվում են աշխատանքների բնույթն ընտրելիս հաշվի առնելով նրանց կարգավիճակը:
7. Եթե հանրային աշխատանքները նշանակելուց հետո ի հայտ է եկել սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանգամանքը կամ տեղի է ունեցել վարչական պատասխանատվության ենթարկված անձի առողջական վիճակի այնպիսի վատթարացում, որը դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն զրկել է նրան հանրային աշխատանքների հետագա կատարման հնարավորությունից, անձի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքի տեսակը փոխարինվում է այլ հանրային աշխատանքներով` հաշվի առնելով վերջինիս կարգավիճակը կամ հանրային աշխատանքը փոխարինվում է տուգանքով կամ անձն ազատվում է հանրային աշխատանքները կատարելուց:»:
Հոդված 4. Օրենսգրքում լրացնել նոր 26.1-րդ գլուխ` հետևյալ բովանդակությամբ.

«Գ Լ ՈՒ Խ  26.1

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 308.1. Հանրային աշխատանքներ նշանակելու մասին որոշման կատարումը

Հանրային աշխատանքների կատարումն ապահովում է Կառավարության լիազորված մարմինը:
Անձը պարտավոր է հանրային աշխատանքների կատարումն ապահովող մարմին ներկայանալ նրա նկատմամբ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու գրավոր ծանուցում ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում:
Հանրային աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է վարչական պատասխանատվության ենթարկված անձին` հանրային աշխատանքներին փաստացի ներգրավելու պահից:
Վարչական պատասխանատվության ենթարկված անձը պարտավոր է հանրային աշխատանքների կատարման ողջ ժամանակահատվածի ընթացքում պահպանել այն մարմինների կամ կազմակերպությունների աշխատանքային կարգապահական ներքին կանոնները, որտեղ նա կատարում է հանրային աշխատանքները, աշխատել իր համար որոշված վայրերում, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին տեղյակ պահել որոշումը կատարող մարմնին:
Սույն օրենսգրքի 26.1-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում, որոշումը կատարող մարմինն այդ մասին գրավոր ծանուցում է վարչական տույժ նշանակած մարմնին` հանրային աշխատանքների չկատարած մասը նշանակված տուգանքով փոխարինելու համար՝ հանրային աշխատանքների չկատարած մասի և նշանակված տուգանքի տարբերության հաշվառմամբ կամ հանրային աշխատանքի տեսակը այլ հանրային աշխատանքով փոխարինելու կամ աշխատանքների չկատարած մասը կատարելուց ազատելու համար ` հաշվի առնելով նշված սահմանափակումների ծանրության աստիճանը, կատարված հանրային աշխատանքների ծավալը և հանրային աշխատանքների կատարման անհնարինության պատճառները կամ հանրային աշխատանքները փոխարինելու համար:
Վարչական պատասխանատվության ենթարկված անձի` պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու դեպքում հանրային աշխատանքների ձևով վարչական տույժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության ժամկետով կասեցվում է:
Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ իրականացնող մարմինը հանրային աշխատանքների չկատարած մասը դրա կատարումն ապահովող մարմնի գրավոր ծանուցման հիման վրա փոխարինում է տուգանքով՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:»
 

Հոդված 308.2. Հանրային աշխատանքները կատարելուց խուսափելը

Անձի կողմից հանրային աշխատանքները կատարելուց խուսափելու դեպքում հանրային աշխատանքների կատարումն ապահովող մարմինն այդ մասին գրավոր ծանուցում է վարչական տույժ նշանակած մարմնին՝ հանրային աշխատանքները տուգանքով փոխարինելու համար: Տվյալ դեպքում հանրային աշխատանքները փոխարինվում են ի սկզբանե նշանակված տուգանքի չափից 10 տոկոսով ավելի տուգանքի չափով, իսկ եթե գերազանցում է սույն օրենսգրքով սահմաված տուգանքի առավելագույն չափը, ապա փոխարիվում է առավելագույն չափով:
Հանրային աշխատանքների ձևով տույժը կրելուց խուսափող է համարվում այն անձը, ով`
1) մեկ ամսվա ընթացքում կատարել է իր համար նախատեսված հանրային աշխատանքների իննսուն տոկոսից պակաս հանրային աշխատանքներ` առանց հարգելի պատճառի.

2) հանրային աշխատանքների կատարման ժամանակ մեկ ամսվա ընթացքում երկու և ավելի անգամ խախտել է տվյալ մարմնի կամ կազմակերպության աշխատանքային ներքին կարգապահության  կանոնները.

3) ծանուցվելու դեպքում երկու և ավելի անգամ անընդմեջ չի ներկայացել կատարող մարմին՝ առանց հարգելի պատճառի:

4) հրաժարվում է հանրային աշխատանքներ կատարելուց:»:

ԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընթացիկ իրավիճակը և Նախագծի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը հանրային աշխատանքները չի նախատեսել որպես վարչական տույժի տեսակ:

          Հանրային աշխատանքները, նախատեսելով որպես վարչական տույժ, անհրաժեշտ է նախ սահմանել դրա հասկացությունը, որոշել տույժի այդ տեսակը բնույթը, կիրառման շրջանակները, կիրառման առավելագույն ժամանակահատվածը, այդ աշխատանքների կազմակերպումը, դրանց իրականացման նկատմամբ հսկողությունը և այլն:

Հանրային աշխատանքն այլ երկրներում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներից, թերևս, ամենատարածվածն են։

          Հանրային աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում ևս նախատեսված են միայն ՀՀ քրեական օրենսգրքով, որի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

Հանրային աշխատանքները, անկախ տարբեր երկրների օրենսդրական կարգավորումների առանձնահատկություններից, հետապնդում են հետևյալ միասնական նպատակները.

հասնել անձի ուղղմանը՝ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ոչ թե պատժելու միջոցով,
հասնել կրկնահանցագործությունների թվի նվազմանը՝ առանց անձին իր ընտանիքից և շրջապատից մեկուսացնելու և հետագայում հասարակություն վերաինտեգրվելու խնդիր առաջացնելու,
վերականգնել հասարակությանը պատճառված վնասը,
լուծել բանտերի բեռնվածության խնդիրը,
խնայել պետության ֆինանսական և մարդկային ռեսուրսները։
Կարծում ենք, որ հանրային աշխատանքները հաջողությամբ կարող են գործել նաև վարչական իրավունքում՝ որպես վարչական տույժի տեսակ՝ իրագործելով վարչական տույժի հիմնական նպատակները: Սակայն, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը այն չի նախատեսել որպես վարչական տույի տեսակ, մինչդեռ այն նախատեսված է նախկին նախկին ԱՊՀ և մերձբալթյան մի շարք երկրների վարչական իրավունքում (օրինակ, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Լիտվա և այլն): Եվրոպական երկրներում հանրային աշխատանքները համարվում են այլընտրանքային պատիժներից խստագույնը, սակայն դրանց կիրառությունը սահմանափակվում է միայն քրեական իրավունքի ոլորտում: Մինչդեռ, վարչական իրավունքում դրանց կիրառման վերաբերյալ փորձ գրեթե չկա: 

Ուսումասիրելով տարբեր երկրների վարչական իրավունքում հանրային աշխատանքների՝ որպես վարչական պատասխանատվության միջոցի բնույթի վերաբերյալ հարցը, հարկ է նշել, որ ուսումնսիրված պետությունները տարբեր մոտեցում են որդեգրել հանրային աշխատանքները հիմնական տույժի, կամ լրացուցիչ տույժի տեսակ դիտարկելու հարցում: Մասնավորապես, այն որպես հիմնական վարչական տույժի տեսակ նախատեսված է Բելառուսի Հանրապետության[1] և Ռուսաստանի Դաշնության[2] օրենսդրությամբ: Որպես հիմնական վարչական տույժ այն նշանակվում է առավել վտանգավոր վարչական իրավախախտումների համար: Միևնույն ժամանակ, այն որպես հիմնական վարչական տույժ նախատեսված է նաև Ուկրաինայի Հանրապետության օրենսդրությամբ[3]: Անհրաժեշտ է նկատել, որ Ուկրաինայում բացի հանրային (սոցիալական) աշխատանքներից առկա են վարչական տույժի նմանատիպ այլ տեսակ ևս՝ ուղղիչ աշխատանքներ (այս տեսակը նախատեսված է նաև Վրաստանի Հանրապետության օրենսդրությամբ[4]): Ուղղիչ աշխատանքները հանրային աշխատանքներից տարբերվում են նրանով, որ ուղղիչ աշխատանքների դեպքում վարչական զանցանք կատարած անձը աշխատանքները կատարում է իր մշտական աշխատանքի վայրում, և ի հավելումն նշվածի՝ անձի աշխատավարձի 20 տոկոսը գանձվում է հօգուտ պետության: Հանրային աշխատանքները որոշ երկրներում նախատեսված են նաև որպես այլընտրանքային վարչական տույժի տեսակ: Հատկանշական է, որ ըստ Լիտվայի օրենսդրության[5]՝ վարչական տույժի ենթարկված անձի համաձայնությամբ տուգանքը կամ դրա մի մասը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով:

Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը՝ նկատում ենք, որ հանրային աշխատանքների դեպքում պարտադիր պայման է նաև հանրային աշխատանքների կատարման ժամաքանակի սահմանումը: Օրինակ, Ուկրաինայում հանրային (սոցիալական) աշխատանքները սահմանված են քսանից մինչև վաթսուն ժամ (օրական առավելագույնը չորս ժամ տևողությամբ), իսկ հանրօգուտ աշխատանքների դեպքում, որոնց ցանկը սահմանում է տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինը, սահմանված է հարյուր քսանից երեք հարյուր վաթսուն ժամ (օրական առավելագույնը ութ ժամ տևողությամբ): Միաժամանակ, հարկ է նշել, որ այս վարչական տույժը կարող է նշանակվել նաև անչափահասների նկատմամբ՝ օրական երկու ժամից ոչ ավել: Վրաստանում ուղղիչ աշխատանքների համար սահմանված է տասնհինգ օրից մինչև վեց ամիս ժամկետ: Թուրքմենստանում[6] հանրային աշխատանքների համար սահմանված է տասներկուսից յոթանասուներկու ժամ: Եթե վարչական իրավախախտում կատարած անձը սովորում կամ աշխատում է, ապա հանրային աշխատանքի տևողությունը չի կարող գերազանցել չորս ժամը, իսկ ոչ սովորող կամ ոչ աշխատող անձանց համար՝ չորսից ութ ժամը: Պետք է նկատել, որ Լիտվայում հանրային աշխատանքների առավելագույն ժամաքանակ սահմանված է մինչև չորս հարյուր ժամ:

Վերլուծության ենթարկելով տարբեր երկրների օրենսդրական կարգավորումները՝ նկատում ենք, որ հանրային աշխատանքները որպես վարչական տույժի տեսակ չեն կիրառվում որոշակի խումբ սուբյեկտների նկատմամբ, մասնավորապես՝ հղիների, իրենց խնամքի տակ մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձանց, անչափահասների, կենսաթոշակային տարիքի հասած, հաշմանդամության առաջին կամ երկրորդ խումբ ունեցող անձանց, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և զինվորականների նկատմամբ (Թուրքմենստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա):

 

Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է հանրային աշխատանքները նախատեսել որպես այլընտրանքային տույժի տեսակ, եթե նշանակված տուգանքի չափը հավասար կամ գերազնացում է նվազագույն աշխատավարձի 30-ապատիկը և վարչական պատասխանատվության ենթարկված անձը, իր նյութական վիճակի պատճառով զրկված լինելով տուգանքը վճարելու հնարավորությունից, մինչև տուգանքը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալը այդ մասին գրավոր դիմում է ներկայացնում վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնին:

Նախագծով սահմանվել է նաև հանրային աշխատանքների առավելագույն ժամաքանակը, սահմանվել տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու մեխանիզմը: Նախագծով կարգավորվել են նաև հանրային աշխատանքներ նշանակելու մասին որոշման կատարման և դրանք կատարելուց խուսափելու հետ կապված հարցերը: 

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: 

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի հանրային աշխատանքը նախատեսել որպես վարչական տույժի տեսակ, ինչի հետևանքով վարչական տույժերի կիրառման մեխանիզմը կդառնա ավելի ճկուն և կնպաստի վարչական տույժի կիրառման նպատակների իրագործմանը:

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանել հանրային աշխատանքների կատարումն ապահովող Կառավարության լիազորված մարմինը:

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծով առաջարկվող փոփոխությունները բխում են Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից և դրանից բխող գործողությունների ծրագրից:

[1] https://pravo.by/document/?guid=12551&p0=HK2100091&p1=1

[2]https://www.consultant.ru/cons/cgi/online.cgi?req=doc&base=LAW&n=387517&dst=3595#K6l49nSAhc4DL5WF1

[3] https://cis-legislation.com/document.fwx?rgn=8653

[4] https://matsne.gov.ge/en/document/view/28216?publication=381

[5]https://europam.eu/data/mechanisms/PF/PF%20Laws/Lithuania/Lithuania_Code%20of%20administrative%20offences_1985_amended2016_eng.pdf

[6] https://www.global-regulation.com/translation/turkmenistan/5965325/the-administrative-offences-code-of-turkmenistan.htm


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն