Վերջին ամիսներին Երեւանի փողոցներում բավականին շատ են զբոսաշրջիկները: Կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումները կրճատվելուց հետո, կարելի է ասել, հայաստանյան ներգնա զբոսաշրջությունը որոշակիորեն ակտիվացել է: Իհարկե, կիսամյակային վիճակագրական տվյալներ դեռ չկան, սակայն տեսանելի է Ռուսաստանի եւ Իրանի քաղաքացիների մեծ հոսք:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստանում զբոսաշրջային բում էր, սակայն 2020-ի մարտի կեսերից հետո սահմանները փակվեցին, ինչն էլ իր հերթին բացասաբար ազդեց զբոսաշրջության ոլորտի վրա:
Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը մեր զրույցում ասաց, որ ներգնա զբոսաշրջության որոշակի շարժ այս տարի կա, սակայն այն ցածր է 2019 թվականի համեմատ:
«Օգոստոս-սեպտեմբեր ամիսներից ակնկալում ենք ավելի բարձր տեմպ: Չենք կարող ասել, թե ինչ կլինի կորոնավիրուսի նոր շտամի հետ կապված՝ հաշվի առնելով, որ մեր ամենամեծ շուկան ՌԴ-ն է: Դժվար է ասել՝ ինչ կլինի 1 ամիս հետո»,- ասաց նա:
Սոլոմոնյանը նշեց, որ այս շրջանում հիմնականում Հայաստան են այցելում Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Սակայն ԱՄՆ-ն եւ եվրոպական որոշ երկրներ Հայաստանի սահմանային իրադարձությունների ֆոնին խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին չայցելել մեր երկիր, դրա համար այդ ուղղություններից հոսքը համեմատաբար քիչ է:
Թե որքանով Հայաստանը կարողացավ օգտվել Ռուսաստանից դեպի Թուրքիա ապրիլից մինչեւ հունիս թռիչքների չեղարկումից, Սոլոմոնյանը դժվարացավ պատասխանել. «Թուրքիա հիմնականում գնում են այն մարդիկ, ովքեր ծովային հանգիստ են նախընտրում, եւ չէր կարող Հայաստանն այդ առումով փոխարինող ուղղություն դառնալ Անթալիային: Ենթադրում եմ, որ Հայաստան եկան հիմնականում նրանք, ովքեր պլանավորել էին մշակութային, արշավային հանգիստ: Հնարավոր է, որ նրանց շատ քիչ տոկոսը եկել են Հայաստան, բայց ենթադրում եմ, որ մեծ մասը մեկնեց ծովային հանգստի այլ գոտիներ»:
Դիտարկմանը՝ Հայաստանը զբոսաշրջիկներին հիմնականում ներկայացնում է պատմամշակութային վայրեր եւ նորարարությունների պակաս կա, նա արձագանքեց, որ շատ մեծ թափ է հավաքել արշավային տուրիզմը՝ նավարկություն, զիփլայն. «Կարծես անցել է այն փուլը, որ միայն ստանդարտ մշակութային տուրիզմի համար էին գալիս Հայաստան»:
Ըստ Յաշա Սոլոմոնյանի՝ զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են այցելել Երեւանի թանգարաններ, Գառնու տաճար, Գեղարդավանք, Տաթեւ, Նորավանք, Գյումրի:
Հարցին՝ գնային առումով փոփոխություններ եղե՞լ են 2019-ի համեմատ, Սոլոմոնյանը պատասխանեց. «Տնտեսական վայրիվերումների արդյունքում մեզ մոտ, իհարկե, ամեն ինչն է թանկացել, բայց պիտի ասեմ, որ զբոսաշրջության ոլորտում գնային փոփոխություններ գրեթե չեն եղել: Դեռ մի բան էլ, օրինակ՝ զբոսավարի ծառայությունն է համեմատաբար էժանացել»:
Նրա կարծիքով՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկները համավարակի պայմաններում միտված են ավելի շատ խնայելուն եւ որոշ չափով կրճատել են իրենց ծախսերը:
Սոլոմոնյանի կարծիքով՝ մինչեւ տարեվերջ զբոսաշրջային հոսքը ավելի կակտիվանա, եւ եթե այս տեմպը հնարավոր լինի պահել, ապա աշնանը կարող է տուրիստական բում լինել. «Մենք հիմա Եվրոպայի հետ մտնում ենք ազատ օդային գոտի, նոր լոուքոսթերներ են մտնում մեր շուկա, եւ այդ ֆոնի վրա կարող ենք աշնանը գրանցել տուրիստական բում, եթե ամեն ինչ ճիշտ անենք»:
Նա ընդգծեց՝ զբոսաշրջությունը շղթայական էֆեկտով իր ազդեցությունն է ունենում ե՛ւ գյուղատնտեսության վրա, ե՛ւ տնտեսության մյուս ճյուղերի:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ 2021-ի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 86 հազարից մի փոքր ավելի է եղել, ինչը 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 72 տոկոսով:
Միեւնույն ժամանակ՝ 2021-ի առաջին եռամսյակում ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան 2020 թվականի առաջին եռամսյակին հաջորդած՝ ապրիլ-դեկտեմբեր ամիսներին միասին, երբ արդեն կար կորոնավիրուսի համավարակը: «Ավելի կոնկրետ՝ 2020 թվականի՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ եռամսյակներին միասին ներգնա զբոսաշրջությունը 65 հազարը չի գերազանցել, իսկ 2021-ի առաջին եռամսյակում՝ 86 հազարից ավելի է եղել»,- փաստեց Ապրեսյանը:
Ըստ նրա՝ զբոսաշրջությունը սրանով նշաններ է ցույց տալիս, որ վերականգնվում է եւ աշխատել է պետք:
Ապրեսյանի կարծիքով՝ 2-րդ եռամսյակի տվյալներն ամփոփվելուց հետո ավելի խոստումնալից կլինեն, քանի որ անզեն աչքով էլ տեսանելի է, որ զբոսաշրջիկներ շատ կան:
«Հիմնականում այցելում են Ռուսաստանից եւ Իրանից: Մերձբալթյան երկրներից, Ֆիլիպիններից եւս արդեն գալիս են: Դեռ չենք կարող ասել, որ ոլորտը վերականգնվել է եւ խնդիրներ չունենք, բայց արթնանալու նշաններ տալիս է եւ մղում գործողությունների»,- ասաց նա:
Ապրեսյանն ընդգծեց, որ Ռուսաստանից դեպի Թուրքիա չվերթների չեղարկումը իր ազդեցությունը կարող էր ունենալ, սակայն ոչ թե պետք է նստել, սպասել, որ մի տեղ խնդիր լինի եւ դրանից օգտվել, այլ պետք է ՀՀ-ն իր գործն անի, որպեսզի աշխուժանա ոլորտը:
Նրա խոսքով՝ զբոսաշրջիկները շատ տպավորված են հեռանում Հայաստանից, ինչը շատ կարեւոր է, մարդիկ նշում են, որ էլի են գալու:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ճիշտ աշխատանք տանելու դեպքում հնարավոր կլինի 2019 թվականի ցուցանիշի գոնե կեսը գերազանցել, այսինքն այս տարի գոնե 1 մլն զբոսաշրջիկ այցելի Հայաստան:
«Համշեն տուր» ընկերության մենեջեր Ելենա Դավթյանը մեր զրույցում ասաց, որ իրենց ընկերությունը հիմնականում ներքին շուկայի համար է տուրեր իրականացնում:
«Հիմա Հայաստանի ներսում հայերն են շատ սկսել այցելել տարբեր վայրեր: Հիմնականում մեկօրյա տուրեր են նախընտրում: Օրինակ՝ մենք դեպի Մեղրի տուր ենք իրականացնում, եւ դա հետաքրքրություն է առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր չեն այցելել նախկինում այնտեղ: Փակ սահմանները նպաստել են ներքին զբոսաշրջության ակտիվացմանը»,- ասաց Դավթյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում մարդիկ շատ են այցելում վանքեր, եկեղեցիներ, բայց հիմա ուշադրություն են փորձում գրավել նաեւ բերդերի եւ ամրոցների նկատմամբ. «Ես կարծում եմ, որ կան շատ բաց տեղեր եւ դրանք պետք է այսպես ասած «ջրի երես» հանել, քանի որ բերդերի նկատմամբ ահռելի մեծ հետաքրքրություն է առաջացել վերջին մեկ տարվա ընթացքում»:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться