«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

08 ապրիլի 2021 | Նախագծեր | Цитата

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել օրենսդրության մեջ առկա այն բացը, որը հնարավորություն չի տալիս իրավական պատասխանատվության ենթարկելու հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյած, անպարկեշտ ձևով վիրավորած անձին, եթե վերջինիս արարքը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 172-րդ հոդվածով.

«Հոդված 172. Հրապարակային հայհոյելը

1. Հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը, եթե չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունմեկապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:»:

   Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում «169.23,» թվից հետո լրացնել «172,» թվով:

   Հոդված 3. Օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «մանր խուլիգանություն կատարելու» բառերը փոխարինել «հրապարակային հայհոյելու» բառերով:

   Հոդված 4. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասում

1) հանել «172,» թիվը,

2) «53 հոդվածով» բառերը փոխարինել «53, 172 հոդվածներով» բառերով:

    Հոդված 5. Օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասում «և 140-րդ» բառերը փոխարինել «, 140-րդ և 172-րդ» բառերով:

    Հոդված 6. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասում «Եթե մանր խուլիգանություն» բառերը փոխարինել «Սույն օրենսգրքի 172-րդ հոդվածով նախատեսված» բառերով:

    Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) կարելի է ականատեսը լինել հայհոյանքի, որն իր բնույթով հրապարակային է: Հաշվի առնելով հայհոյանքի դրսևորման բնույթը, այն է՝ հրապարակայնությունը, առկա է այդպիսի վարգածիքը պետության կողմից համարժեք իրավական գնահատականի արժանացնելու խնդիր, քանզի հրապարակային հայհոյանքով խաթարվում են սոցիալական բնական հարաբերությունը, հասարակական համերաշխությունը: Հրապարակային հայհոյանքը կարող է ուղղված լինել ինչպես անհատի կամ անհատների հստակ որոշելի խմբի, այնպես էլ անորոշ թվով անձանց: Բացի այդ, այն կարող է դրսևորվել նաև առանց անհատականացման, ընդհանրացված ձևով: Անկախ նրանից, թե նշված դրսևորումներից որն է տեղի ունենում, արդյունքում, վնաս է հասցվում ոչ միայն կոնկրետ հասցեատիրոջը, այլև՝ ողջ հանրությանը, քանզի այն դրսևորվել է հրապարակային եղանակով, ինչն ինքնին վկայում է արարքի հանրային որոշակի վտանգավորության, հանրային բարքերի և բարոյական նորմերի, համակեցության ողջամիտ կանոնների նկատմամբ անտարբեր, ընդհուպ մինչև անհարգալից վերաբերմունքով: Այսինքն, նման պարագայում անձի արարքը ոչ միայն մասնավոր, այլև հանրային իրավունքի կողմից կարգավորման առարկա պետք է դառնա: Առավել ևս, երբ դրա դրսևորումներից մեկը՝ առանց անհատականացման, ընդհանրացված ձևով հայհոյանքը, չի կարող պաշտպանության արժանանալ քաղաքացիաիրավական դաշտում, քանզի առկա չէ հայհոյանքի կոնկրետ հասցեատերը, անձը, ում՝ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված իրավունքը խախտվել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում խուլիգանության համար, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի համար, որն իր մեջ ներառում է նաև անձին հայհոյելը:

Վերոնշյալ դրույթների և, ընդհանրապես, օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ հանրային կյանքում առկա են հետևյալ խնդիրները.

Հրապարակային հայհոյանքը կամ անպարկեշտ ձևով վիրավորանքը կարող է չորակվել որպես խուլիգանություն՝ հանցակազմի բացակայության հիմքով, որի արդյունքում, ըստ էության, հանրորեն որոշակի վտանգավորություն ունեցող արարք կատարած անձը չի ենթարկվում պատասխանատվության:
Ինչ վերաբերում է քաղաքացիաիրավական պատասխանատվությանը, ապա դա կոնկրետ անձանց հարաբերությունների խնդիրն է և տնօրինչականության սկզբունքից ելնելով՝ անձն ինք է որոշում՝ դիմել իրավական պաշտպանության, թե՝ ոչ: Ընդ որում, քննարկվող գաղափարի իմաստով էական չէ նույնիսկ, թե արդյոք անձն օգտվել է դատական պաշտպանության իր իրավունքից, քանզի թեկուզև հայհոյանքն ուղղված է եղել կոնկրետ անձի, սակայն իր հրապարակային բնույթով պայմանավորված՝ պահպանելով մասնավոր հարաբերությունը, վերածվում է նաև հանրային իրավահարաբերության:
Առանց անհատականացման, ընդհանրացված ձևով հայհոյանքի դեպքում առկա չէ մասնավոր հարաբերություն, իսկ դրա վերաբերյալ հանրային իրավահարաբերության բացակայության պայմաններում, այդպիսի վարքագիծը մնում է անհետևանք:
Այս խնդիրները հաղթահարելու նպատակով առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որ հրապարակային հայհոյանքի կամ անպարկեշտ ձևով վիրավորանքի դեպքում, հստակ նշված այլ պայմանների առկայության դեպքում իհարկե, անձը ենթարկվի վարչական պատասխանատվության: Ընդ որում, Նախագծում առկա ձևակերպումներն այնպիսին են, որ բացառում են որակման հետ կապված հնարավոր խնդիրները, որոնք կարող էին առաջանալ քրեական և վարչական պատասխանատվության առումով: Ինչ վերաբերում է քաղաքացիական պատասխանատվությանը, ապա հրապարակային հայհոյանքի համար համար անձին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելը կամ այդպիսի գործընթաց սկսելը որևէ կերպ չի փոխկապակցվում կամ առավել ևս արգելակում վարչական պատասխանատվության գործընթացը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրավախախտման օբյեկտը տարբեր է. քաղաքացիականի դեպքում՝ անձի արժանապատվությունն է, իսկ վարչականի դեպքում՝ հասարակական կարգը: Ուստի, այս առումով, որևէ իրավական խնդիր չկա նաև անձին մեկ արարքի համար կրկին անգամ պատասխանատվության ենթարկելու արգելքի սկզբունքի հետ:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթը կայանում է հետևյալում.

Նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 172-րդ հոդվածով, ըստ որի վարչական իրավախախտում կդիտարկվի  հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ անպարկեշտ ցանկացած ձևով վիրավորանքը:

Այսինքն, առանձնացված են այն հարթակները կամ տեղերը, որոնցով կարող է դրսևորվել հայհոյանքը, այն է՝ հասարակական վայրերը, զանգվածային լրատվության միջոցները կամ ինտերնետային կայքերը (այդ թվում՝ սոցիալական ցանցերը):

Նախագծով սահմանվել են նաև հայհոյանքի դրսևորման ձևերը, այն է՝ խոսքի, պատկերի կամ նշանի միջոցով՝ նպատակ ունենալով հնարավորինս համապարփակ կերպով ամրագրել հիմնական ձևերը՝ չբացառելով դրսևորման այլ ձևերի հնարավորությունը:

 Միաժամանակ, ինչպես նախորդ կետում նշվեց, բացառելու համար որակման հետ կապված հնարավոր խնդիրները և փակուղային իրավիճակները, սահմանվել է պայման, ըստ որի կատարված արարքը չպետք է պարունակի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության  (խուլիգանություն) հատկանիշներ:

Որպես պատասխանատվության տեսակ սահմանված է տուգանքը, իսկ տուգանքի չափ է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկը՝ նպատակ ունենալով հնարավորություն տալ իրավակիրառին յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, հաշվի առնելով արարքի բնույթը և օրենսդրությամբ նախատեսված այլ հանգամանքները, ողջամիտ կիրառել՝ ի թիվս այլնի, նաև համաչափության սկզբունքի հստակ պահպանմամբ: Ընդ որում, տուգանքի չափի ընտրությունը պայմանավորված է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13-րդ գլխով (Հասարակական կարգի դեմ ոտնձգող վարչական իրավախախտումներ), որտեղ նախատեսվում է կատարել հիմնական լրացումը, սահմանված պատժաչափերի հաշվառմամբ: Բացի այդ, պատժաչափի ընտրության հարցում էական է եղել նաև այն մոտեցումը, որ, հաշվի առնելով դրա առնչությունը (սակայն ոչ երբեք պաշտպանությունը) կարծիքի ազատ արտահայտման՝ սահմանադրական և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով ամրագրված իրավունքի հետ, պատժաչափը չպետք է լինի այնքան բարձր, որ իր բնույթով ընկալվի իբրև քրեական բնույթ ունեցող:

Նախագծով լրացվող 172-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են կարգավորումներ, որոնք նպատակ ունեն կանխելու անձի կողմից նոր այդպիսի արարքի կատարումը՝ սահմանելով առավել խիստ իրավական ներգործության միջոցներ:

Նախագծով նախատեսված մյուս նոր կարգավորումները, որոնք վերաբերում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 224-րդ, 261-րդ, 277-րդ, 287-րդ և 305-րդ հոդվածներին, հանդիսանում եմ լրացվող 172-րդ հոդվածի լիարժեք իրացումն ապահովող հարակից լրացումներ և փոփոխություններ:

Նշվածներից մեկով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-րդ հոդվածում կատարել փոփոխություն, որով հրապարակային հայհոյանքի կամ անպարկեշտ ձևով վիրավորանքի հետ կապված գործերով վարչական ակտերը դատական կարգով կարող են բողոքարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո: Այսպիսի մոտեցման նպատակն է նախ, ապահովել անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ ինչպես այս, այնպես էլ՝ վարչական դատարանում քննվող այլ գործերով դիմած անձանց (նախևառաջ՝ նկատի ունենալով վարչական դատարանի ծանրաբեռնածությունը), ինչպես նաև կանխել վարչական դատարանի հնարավոր նոր ծանրաբեռնվածությունը:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել օրենսդրության մեջ առկա այն բացը, որը հնարավորություն չի տալիս իրավական պատասխանատվության ենթարկելու հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյած, անպարկեշտ ձևով վիրավորած անձին, եթե վերջինիս արարքը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման  կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման դեպքում պետական ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Նախատեսվում է պետական բյու­­ջեի եկա­մուտ­ների ավելացում, սակայն հնարավոր չէ ստույգ կամ նույնիսկ մոտավոր ներկայացնել որևէ հաշվարկ այդ առնչությամբ:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն