"Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

05 ապրիլի 2021 | Նախագծեր | Цитата

Նախագծով առաջարկվում է.

1) սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը` հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով ներկայումս ԵԱՏՄ պայմանագրի 18-րդ հավելվածում նախատեսվող փոփոխությունները,

2) կարգավորել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով`

ա. հաշվետու ժամանակաշրջան սահմանել հաշվետու եռամսյակը,

բ. ծառայության մատուցման պահը որոշվում է այդ ծառայության դիմաց վճարում կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը ներառյալ,

գ. ԱԱՀ գումարներ վճարելու և ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,

3) ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների մասով Կառավարության կողմից սահմանել հարկային մարմնում հաշվառման և ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«48) ծառայության մատուցում՝ մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացում` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց: Սույն կետի կիրառության իմաստով՝ ծառայության մատուցում է համարվում նաև՝

ա. համատեղ գործունեության մասնակցի կողմից, որպես համատեղ գործու­նեութ­յան մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցին ծառա­յության մատուցումը, եթե այդ ծառայությունը մատուցվում է մինչև հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումը,

բ. էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցումը (այսուհետ` էլեկտրոնային ծառայություն)՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի (էլեկտրակապի) միջոցով ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ համացանցի (ինտերնետի) միջոցով, որի մատուցումն անհնար է՝ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման, և որոնց ցանկը հրապարակում է հարկային մարմինը իր պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.

«2.1) Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ ռեզիդենտ ֆիզիկական անձի և Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության միջև կատարվող էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործարքների դեպքում ձևավորվող հարկման բազաները և սկզբնական արժեքները որոշվում են էլեկտրոնային ծառայության մատուցման պահը համարվող օրվա դրությամբ` ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:»:

Հոդված 3. Օրենսգրքի 39-րդ հոդվածում`

1) 1-ին և 2-րդ մասերի առաջին պարբերությունում «ծառայության մատուցման» բառերը փոխարինել «ծառայության, բացառությամբ` էլեկտրոնային ծառայության, մատուցման» բառերով,

2) 2-րդ մասի 2-րդ կետում «1-ին մասի» բառերը փոխարինել «1-ին և 2.1-ին մասերի» բառերով,

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունը ստանում է`

1) կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը,

2) Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը (մասնաճյուղը, ներկայացուցչությունը), այդ թվում՝ այն դեպքերում, երբ էլեկտրոնային ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության (մասնաճյուղի, ներկայացուցչության) կողմից.

3) ոչ ռեզիդենտ կազմակերպության գործադիր մարմնի մշտական գտնվելու վայրը (կառավարման վայրը) գտնվում է Հայաստանի Հանրապետությունում և այդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում փաստացի իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև ստանում ծառայություններ,

4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը և բավարարվում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

ա. էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը.

բ. բանկի գտնվելու վայրը, որում բացված է հաշիվը, որն օգտագործվում է էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական կողմից այդ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար, կամ էլեկտրոնային դրամական միջոցների օպերատորի գտնվելու վայրը, որի միջոցով գնորդը վճարում է էլեկտրոնային ծառայությունների համար, գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.

գ. էլեկտրոնային ծառայությունների ստացման նպատակով ֆիզիկական անձի կողմից օգտագործված ցանցային հասցեն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում (վերաբերում է համապատասխան հասցեի տարածքին).

դ. հեռախոսահամարի երկրի միջազգային ծածկագիրը, որն օգտագործվում է ֆիզիկական անձի կողմից ծառայությունների ստացման կամ վճարման համար, տրված է Հայաստանի Հանրապետության կողմից:»,

4) 4-րդ մասի 1-ին կետում «ծառայությունների,» նառը փոխարինել «ծառայությունների, բացառությամբ` էլեկտրոնային ծառայությունների,» բառերով, իսկ 2-րդ կետում «ծառայությունը համարվում է» բառերը փոխարինել «ծառայությունը, բացառությամբ` էլեկտրոնային ծառայության, համարվում է» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 40-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանադակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման պահ է համարվում մատուցված էլեկտրոնային ծառայության դիմաց վճարումը և (կամ) մասնակի վճարումը կատարելու օրը ներառող եռամսյակի վերջին օրը` վճարմանը և (կամ) մասնակի վճարմանը համապատասխան:»:

Հոդված 5. Օրենսգրքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանադակությամբ 9.1-ին մասով.

«9.1. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայության մասով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ մշտական հաստատության կողմից դուրս գրվող հարկային հաշվում, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում` նաև ճշգրտող հարկային հաշվում լրացվում է ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 56-րդ հոդվածում`

1) 7-րդ մասում «ծառայության մատուցման» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայության մատուցման,»

2) լրացնել հետևյալ բովանադակությամբ 7.1-ին մաս.

«7.1. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից էլեկտրոնային ծառայության մատուցման մասով հարկային հաշիվը, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում նաև՝ ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կամ մշտական հաստատության կողմից` այդ ծառայության դիմաց կատարված վճարմանը (մասնակի վճարմանը) համապատասխան:»:

Հոդված 6. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում «7-րդ մասով» բառերը փոխարինել «7-րդ և 7.1-ին մասերով» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 69-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի» բառերով,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2.  Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 70-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «ծառայության մատուցման» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքերի» բառերով,

2) 2-րդ մասի 5-րդ կետը լրացնել «կամ եթե Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է էլեկտրոնային ծառայություններ»:

Հոդված 9. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով`

«4.1) հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ստացված էլեկտրոնային ծառայությունների դիմաց կատարված վճարման (մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված գումարների) մասով Օրենսգրքի 56-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով ԱԱՀ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝

ա. էլեկտրոնային ծառայությունների դիմաց վճարում (մասնակի վճարում) կատարելու օրն ընդգրկող եռամսյակի վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող հարկային հաշիվը դուրս է գրվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,

բ. համապատասխան գործարքին վերաբերող հարկային հաշվի դուրսգրման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հարկային հաշիվը դուրս է գրվել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետից հետո.»:

Հոդված 10. Օրենսգրքի 75-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «իրականացնելու դեպքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ` էլեկտրոնային ծառայության մատուց­ման դեպքի,» բառերով, իսկ «թղթային եղանակով հարկային մարմնի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը սպասարկող ստորաբաժանում է ներկայացնում» բառերը փոխարինել «ներկայացնում է» բառերով,

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում էլեկտրոնային ծառայության մատուց­ման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ` հարկային մարմնի սահմանած ձևին և լրացման կարգին համապատասխան:»:

Հոդված 11. Օրենսգրքի 78-րդ հոդվածի`

1) 3-րդ մասում «սահմանված դեպքերում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ` էլեկտրոնային ծառայության մատուց­ման դեպքի,» բառերը,

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում էլեկտրոնային ծառայության մատուց­ման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունն ԱԱՀ-ի գումարները վճարում է պետական բյուջե է մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 12. Օրենսգրքի 288-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.

«9.1. Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձին կամ մշտական հաստատությանը էլեկտրոնային ծառայության մատուց­ման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվում է Կառավարության սահմանած կարգով: Հարկային մարմնում հաշվառված` էլեկտրոնային ծառայության մատուց­ող Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի և 12-րդ հոդվածի դրույթների կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի հիմ­­նական նպատակը էլեկտրոնային ծառայությունների մատուցման մասով ՀՀ հարկային օրենսգրքով համապատասխան կարգավորումների սահմանումն է:
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածով տրված են օրենսգրքի կիրառման իմաստով հասկացությունների սահմանումները, մասնավորապես նույն հոդվածի 1-ին մասի 48-րդ կետով տրված է ծառայությունների մատուցման հասկացության սահմանումը և անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև էլեկտրոնային ծառայություն հասկացությունը:

ՀՀ հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածով սահմանված են ծառայությունների մատուցման վայրի որոշման կարգավորումները։ Էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքում ծառայության մատուցման վայրի որոշման կարգավորում նշված հոդվածով սահմանված չէ և անհրաժեշտ է նույն հոդվածում սահմանել համապատասխան կարգավորում էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքում։

Էլեկտրոնային ծառայություն հասկացության սահմանմամբ պայմանավորված համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն նաև ծառայության մատուցման պահի որոշման, հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման, հաշվարկի ներկայացման, ԱԱՀ-ի պարտավորության վճարման և հարկ վճարողի հարկային մարմնում հաշվառման կարգավորումներում։

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.
1) սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը` հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով ներկայումս ԵԱՏՄ պայմանագրի 18-րդ հավելվածում նախատեսվող փոփոխությունները,

2) կարգավորել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով`

ա. հաշվետու ժամանակաշրջան սահմանել հաշվետու եռամսյակը,

բ. ծառայության մատուցման պահը որոշվում է այդ ծառայության դիմաց վճարում կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը ներառյալ,

գ. ԱԱՀ գումարներ վճարելու և ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,

3) ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների մասով Կառավարության կողմից սահմանել հարկային մարմնում հաշվառման և ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ։

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործարքների մասով ՀՀ հարկային օրենսգրքով համապատասխան կարգավորումների սահմանում։

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն