Սերմերի և տնկանյութի մասին օրենքը

10 մարտի 2021 | Նախագծեր | Цитата

Հայաստանի Հանրապետությունում կկանոկարգվի տնկարանային արտադրությունը և կարտադրվի հավաստագրված տնկանյութ, որը կնպաստի պտղահատապտղային այգիների ծավալների ավելացմանը և արտադրության արդյունավետության բարձրացմանը:

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    Օ Ր Ե Ն Ք Ը

ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ

Սերմերի և տնկանյութի մասին

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.
Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի գրանցման, սերմերի, տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրումների, պահպանության, իրացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Սույն օրենքը տարածվում է արտադրության կամ վերարտադրության համար նախատեսված տեղական ու ներկրված բոլոր տեսակի մշակաբույսերի, զարդաբույսերի (դեկորատիվ), վայրիաճ մարգագետնային կերաբույսերի և անտառային բույսերի սերմերի, տնկանյութի վրա:
Սույն օրենքը կիրառելի չէ գենային ինժեներիայի եղանակով ստացված և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ համարվող սորտերի գրանցման, սերմերի և տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրման, պահպանության, իրացման և օգտագործման դեպքում:

Հոդված 2.  Սերմերի և տնկանյութի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
 
Սերմերի և տնկանյութի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից ու իրավական ակտերից:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, ապա գործում են միջազգային պայմանագրերի դրույթները:
Հոդված 3.
Սերմերի և տնկանյութի արտադրության հիմնական խնդիրները
 
Սերմնաբուծության և տնկանյութի արտադրության հիմնական խնդիրներն են՝
1) մշակաբույսերի սերմերի, տնկանյութի արտադրության և վերարտադրության գործնական կիրառելի համակարգերի հիմնումը և զարգացումը,

2) սորտաթարմացման, սորտափոխարինման և սորտափորձարկման գործընթացում մշակաբույսերի սորտերի և տնկանյութի ձևերի տնտեսական և կենսաբանական արժեքավոր հատկանիշների պահպանությունն ու վերարտադրությունը,

3) Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի և տնկանյութի նոր ձևերի արագացված բազմացումը,

4) Հայաստանի Հանրապետությունում տարածված, տեղածին (աբորիգեն) ու հազվագյուտ սորտերի և տնկանյութի ձևերի գենետիկական պաշարների պահպանությունն ու վերարտադրությունը,

5) գիտական մեթոդների կիրառմամբ սերմնաբուծության և տնկանյութի արտադրության կազմակերպումը,

6) սերմնաբուծության և տնկանյութի արտադրության զարգացմանը նպաստող ժամանակակից տեղեկատվական շտեմարանների ստեղծումը:

Հոդված 4.
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
 
1․ Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

  • սերմ` սորտերի պահպանության և վերարտադրության նպատակով օգտագործվող բույսի ժառանգականություն կրող գեներատիվ օրգան.
    տնկանյութ՝ բազմամյա բույսերի (որոշ միամյա) վեգետատիվ կամ սերմնային բազմացման մեթոդների կիրառման միջոցով ստացված դուստր բույսեր.
  • տնկանյութի արտադրություն` տարբեր մեթոդների և եղանակների կիրառմամբ բույսերի տնկանյութի վերարտադրությամբ զբաղվող բուսաբուծության ոլորտ.
  • սերմնաբուծություն` սորտաթարմացման և սորտափոխարինման իրականացման նպատակով բույսերի շրջանացված սորտերի սերմերի զանգվածային բազմացմամբ զբաղվող բուսաբուծության ոլորտ
    նախահիմնային (օրիգինալ) սերմեր` ընտրասերողի կամ սորտը պահպանողի արտադրած, սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, տվյալ սորտի առանձնահատկություններն ամբողջությամբ կրող սերմեր.
  • հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր (սուպերէլիտա, էլիտա)` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, նախահիմնային սերմերից ստացված սերմեր.
  • վերարտադրված սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող հիմնային սերմերից ստացված սերմեր.
  • հիբրիդային սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, ծնողական տարբեր ձևերի տրամախաչման միջոցով ստացված առաջին սերնդի (F1) սերմեր.
  • բազմամյա բույսերի ելակետային (նախահիմնային) տնկանյութ ՝ մայր բույսերի ժառանգականության պահպանման ու հետագա բազմացման նպատակով ընտրասերման (սելեկցիոն) աշխատանքների արդյունքում ստացված սորտերի, նույնակների (կլոնների) մասեր կամ վիրուսազերծ ամբողջական բույսեր.
  • բազմամյա բույսերի հիմնային (սուպերէլիտային, էլիտային) տնկանյութ՝ մայրուտների համար նախատեսված և ելակետային տնկանյութի հաջորդիվ բազմացման արդյուքում ստացված վիրուսազերծ ամբողջական բույսեր կամ սորտերի և նույնակների (կլոնների) մասեր.
    բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութ՝ արտադրական այգեհիմնման համար նախատեսված և հիմնային տնկանյութի վեգետատիվ բազմացումից ստացված սորտի անփոփոխ ժառանգականությունը կրող առավել վարակածին վիրուսազերծությունը ստուգված ամբողջական բույսեր.
  • բազմամյա բույսերի վերարտադրված տնկանյութ՝ բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութի հաջորդիվ երեք սերունդները ընդգրկող բուսաճային (վեգետատիվ) բազմացման միջոցով ստացված և վիրուսազերծությունը (առավել վարակածին հարուցիչներից) ստուգված ամբողջական բույսեր.
  • բազմամյա բույսերի շարքային (սովորական) տնկանյութ՝ բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութի չորրորդ և հաջորդիվ վերարտադրությունների վեգետատիվ բազմացման միջոցով ստացված, առողջացման և ստուգման չենթարկված ամբողջական բույսեր.
  • տնտեսական արդյունավետության պետական փորձարկում` լիազոր մարմնի կողմից բույսերի սորտերի տարբերիչ առանձնահատկությունը, միատարրությունը, կայունությունը, հանրապետության բնակլիմայական պայմաններին նրանց հարմարվողականությունը, մշակության գոտում (գոտիներում) հանրաճանաչ սորտերի համեմատությամբ նրանց տնտեսական արդյունավետությունը որոշելու նպատակով կատարվող դաշտային և լաբորատոր համալիր փորձարկումներ.
  • օգտագործման թույլտվություն ունեցող սորտ` տնտեսական արդյունավետության պետական փորձարկումներ անցած, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտ.
  • սերմերի արտադրության հերթագայություն` բույսի տվյալ տեսակի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտերի սերմերի արտադրության և հավաստագրման նպատակով կիրառվող կանոնների, հրահանգների, ցուցումների և երաշխավորությունների համալիր.
  • տնկարանային արտադրության առաջնային օղակ - բազմամյա մշակաբույսերի մայրուտներ և սորտընտրանի (կոլեկցիոն, հավաքածու) այգիներ, որոնք ստեղծված են հիմնական տնկարաններում գրանցված սորտերի ելակետային տնկանյութով մայր բույսերի ժառանգականության պահպանման, ուսումնասիրության ու հետագա բազմացման նպատակով.
  • սերմերի և տնկանյութի հավաստագրում` սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիության, սերմերի ցանքային և տնկանյութի ապրանքային որակների՝ տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների, սերմնաբուծության և տնկանյութի արտադրության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով սահմանված միջոցառումների համալիր (դաշտային փորձարկումներ, լաբորատոր հետազոտություններ).
  • սերմերի հավաստագիր՝ օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի սերմերի ծագումը, ցանքային պիտանիությունը և տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերին դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.
  • տնկանյութի հավաստագիր՝ տնկանյութի սորտային պատկանելիությունը, ապրանքային որակները և տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և տնկանյութի արտադրության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերին դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.
  • բուսաբանական հատկանիշների ստուգիչ փորձարկում` հատուկ այգետարածքների (մայրուտների) և հողակտորների վրա սերմերի ցանքի և բազմամյա մշակաբույսերի մայր բույսերի սորտային պատկանելիության հետագա ստուգումների միջոցով սերմերի և մայր բույսերի որոշակի սորտի պատկանելիության և սերմերի ու մայր բույսերի որակական ցուցանիշների որոշման նպատակով լիազոր մարմնի կողմից իրականացվող դաշտային փորձարկումների և միջոցառումների համալիր.
  • սերմերի և տնկանյութի սորտային հատկանիշներ` տվյալ սորտի տարբերիչ առանձնահատկությունները, կայունությունը, միատարրությունը բնորոշող հատկությունների և հատկանիշների նույնականացման համալիր.
  • տնկանյութի ապրանքային որակ՝ տնկանյութի կենսաչափագրական (բիոմետրիկ) չափումների և բուսասանիտարական վիճակի համալիր, որոնց հիման վրա տեսակավորվում է տնկանյութի խմբաքանակը և որոշվում է դրա տնտեսական պիտանելիությունը.
  • դաշտային հետազոտություններ (ապրոբացիա)` սերմնադաշտերի, մայրուտների և տնկարանային հողակտորների վրա սերմերի ցանքի և բազմամյա մշակաբույսերի տեսակային և սորտային պատկանելիության, սորտային մաքրության ու միատարրության նույնականացում, հողակտորների՝ մոլախոտերով, մշակաբույսերի հիվանդություններով ու վնասատուներով վարակվածության որոշման միջոցառումներ.
    դաշտային հետազոտող (ապրոբատոր)՝ սերմնադաշտերի և տնկարանների դաշտային հետազոտությունների և հսկումների կատարող.
  • մշակաբույսեր` արտադրությունում օգտագործվող հացահատիկային, հատիկաընդեղեն, պալարապտղավոր, կերային, տեխնիկական, բանջարաբոստանային բույսեր, ծաղկաբույսեր, դեղաբույսեր, պտղահատապտղային բույսեր, վազեր (ծառեր, թփեր), ուտելի սնկեր.
    լիազոր մարմին` գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարում իրականացնող մարմին:
     
    Գ Լ ՈՒ Խ  2

ՍՈՐՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Հոդված 5.
Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և տնկանյութի ցանկը
Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով թույլատրվում են այն սորտերը և տնկանյութի այն ձևերը, որոնք անցել են տնտեսական արդյունավետության պետական փորձարկում և գրանցվել են օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում:
Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկը վարում և տարեկան առնվազն մեկ անգամ հրապարակում է լիազոր մարմինը:

Հայաստանի Հանրապետությունում տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:
Տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6.
Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկանյութի արտադրության քայլերի հերթագայությունը (սխեման)
 
Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկանյութի արտադրության հերթագայությունը (սխեման) սահմանում է լիազոր մարմինը:
Սերմերի սորտային և տնկանյութի ձևերի պատկանելիության, սերմերի որակի և տնկանյութի ապրանքային ցուցանիշների որոշման նպատակով հանրապետությունում օգտագործվում են միասնական մեթոդներ, հասկացություններ, տեխնիկական միջոցներ և կանոնակարգեր, չափորոշիչներ, նորմատիվային նույնականացված պահանջներ, որակի ամրագրման փաստաթղթերի ձևեր, այլ նորմատիվային փաստաթղթեր:
Սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիության, մաքրության և սերմերի որակի ու տնկանյութի ապրանքային ցուցանիշների ամրագրման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:
Սերմնաբուծության հերթագայությամբ սահմանվում են սերմերի հետևյալ դասերը.
1) նախահիմնային (օրիգինալ) սերմեր.

2) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր.

3) վերարտադրված սերմեր (առաջին և երկրորդ վերարտադրությունների, հիբրիդային առաջին և երկրորդ սերունդների սերմեր):

Տնկարանային արտադրությամբ սահմանվում են հետևյալ կարգերը.
1) ելակետային (նախահիմնային) տնկանյութ

2) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) տնկանյութ

3) հավաստագրված տնկանյութ

4) սովորական տնկանյութ

Հոդված 7.
Սերմերի որակի և տնկանյութի ապրանքային որակի որոշումը
 
1․ Սերմերի որակը և տնկանյութի ապրանքային որակը բնութագրվում է սորտային պատկանելիությամբ, սորտային մաքրությամբ, վերարտադրությամբ, դասերով և կարգերով:

2․ Սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիությունն ու մաքրությունը, դասը և կարգը որոշվում են դաշտային հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների միջոցով:

3․ Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիությունը յուրաքանչյուր մշակաբույսի, տնկանյութի կարգի և սերմերի դասի համար առանձին որոշվում է սերմնադաշտերի (ցանքատարածությունների), սորտընտրանի այգիների, մայրուտների (կոլեկցիոն այգի) և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների, բուսաբանական հատկանիշների ստուգիչ գնահատման և լաբորատոր հետազոտությունների միջոցով:

4․ Մշակաբույսերի սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունները կատարվում են սերմ արտադրողի և տնկանյութ արտադրողի հայտի հիման վրա: Հայտի ներկայացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

5․ Դաշտային հետազոտողների հավատարմագրման կարգը և սերմնադաշտերի ու տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6․ Լաբորատոր հետազոտությունների նպատակով մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակից նմուշառման կարգը և նմուշառման ակտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7․ Սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները կազմակերպում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաները:

Հոդված 8.
Սերմերի և տնկանյութի հավաստագրումը
 
Նախահիմնային, հիմնային և վերարտադրված սերմերը ենթակա են պարտադիր հավաստագրման, իսկ ելակետային, հիմնային, հավաստագրված և սովորական տնկանյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետում կամավոր հավաստագրման:
Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը, հավաստագրման կարգը և դրա նպատակով օգտագործվող ձևաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հավաստագրման գործընթացն իրականացնում և համապատասխանության հավաստագիր տրամադրում է լիազոր մարմինը:
Հավաստագրման ընթացակարգով նախատեսված պահանջները բավարարող սերմերին, տնկանյութին և դրանց խմբաքանակներին տրվում է դրանց ծագումն ու որակը վավերացնող հավաստագիր, իսկ այդ պահանջները չբավարարող սերմերին ու տնկանյութին` փորձարկումների արդյունքների մասին արձանագրություն:
Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար նախատեսված սերմերի տարբեր դասերի և տնկանյութի տարբեր կարգերի որակական ցուցանիշները գնահատվում են միջազգային իրավասու կազմակերպությունների սահմանած ընթացակարգով:
Անձնական օգտագործման համար արտադրվող և օգտագործվող սերմերն ու տնկանյութը կարող են չհավաստագրվել, չունենալ սորտային պատկանելիության և սերմերի որակական ցուցանիշները հավաստող փաստաթղթեր:
Լիազոր մարմինն իրականացնում է հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառում:
Հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման համար լիազոր մարմինը վարում է գրանցամատյան:
Հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 9.
Հավաստագրված սերմերի և տնկանյութի պիտակավորումը, փաթեթավորումը, տարավորումը, պահպանությունն ու փոխադրումը
 
Հավաստագրված սերմերի և տնկանյութի փաթեթավորումը, տարավորումը, պիտակավորումը, պահպանությունը, փոխադրումն ու իրացումը կատարվում են հավաստագրի առկայության դեպքում:
Փոխադրման և իրացման համար նախատեսված հավաստագրված սերմերի և տնկանյութի յուրաքանչյուր խմբաքանակ փաթեթավորվում, տարավորվում և դրոշմվում է` տարայի (ապրանքային միավորի) կամ փակցված պիտակի վրա նշելով սորտի անվանումը, բուսաբանական դասակարգումը, սերմերի ու տնկանյութի ծագման և որակի մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկատվությունը:
Պիտակների ձևերը և դրանց միջոցով հաղորդվող տեղեկությունների բովանդակությունը սահմանում է լիազոր մարմինը:
Քիմիական և կենսաբանական միջոցներով մշակված սերմերը և տնկանյութը պահպանվում, փոխադրվում և իրացվում են միայն փաթեթավորված վիճակում: Փաթեթը (տարան) պետք է ունենա համապատասխան նախազգուշացնող գրություն և ուղեկցվի սերմերի և տնկանյութի անվտանգ օգտագործման հրահանգով, մարդկանց, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր հետևանքներ ունենալու մասին համառոտ տեղեկատվությամբ:
Փաթեթավորման համար օգտագործվող տարաները պետք է ապահովեն հավաստագրված սերմերի և տնկանյութի որակի և քանակի պահպանությունը, իսկ քիմիական և կենսաբանական միջոցներով մշակված սերմերի համար` նաև մարդկանց, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի անվտանգությունը:
Հոդված 10.
Սերմեր ու տնկանյութ արտադրողների և իրացնողների իրավունքները, պարտականությունները և երաշխավորությունները
 
Սերմեր և տնկանյութ արտադրողներն ու իրացնողները՝
1) ինքնուրույն են որոշում արտադրվող կամ իրացվող սերմերի  և տնկանյութի տեսականին և քանակությունը,             

2) կարող են սորտերի տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման և դրանք Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցման հայտ ներկայացնել,

3) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի և տնկարանային դաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտ ներկայացնել:

Հավաստագրման ենթակա սերմեր և տնկանյութ արտադրողները և իրացնողները պարտավոր են՝
1) ներկայացնել հայտ(եր)` սերմնադաշտերի և տնկանյութի մայրուտների ու տնկարանի թողարկող դաշտերի դաշտային հետազոտություններ, սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր փորձարկումներ կատարելու և համապատասխան փաստաթղթեր ստանալու համար.

2) սերմերի արտադրությունն իրականացնել` պահպանելով սերմնաբուծության հերթագայությունը.

3) հինգ տարվա ընթացքում, իսկ տնկանյութի համար ութ տարվա ընթացքում գրանցել և պահպանել արտադրված, օգտագործված և իրացված սերմերի ու տնկանյութի ծագումը հաստատող և քանակությունները հավաստող փաստաթղթերը.

4) ապահովել լիազոր մարմնի իրավասու աշխատակիցների ազատ մուտքն արտադրական տարածք (սերմնադաշտեր, տնկարաններ, մայրուտներ, պահեստներ, սերմերի մշակման և փաթեթավորման տարածքներ), անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրանց գործունեության իրականացման և պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար:

Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ, իրացմամբ զբաղվող և հավաստագրման գործընթացն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են երաշխավորել՝
1) սերմերի  և տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելիության ցուցանիշների համապատասխանությունը իրացվող սերմերի և տնկանյութի հավաստագրին, որոնց խախտման դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

2) սերմերի և տնկանյութի ապրանքային որակը բնորոշող ցեղային, տեսակային, տարատեսակային, սորտային և հիբրիդային ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելիության մասին փաստաթղթերի պահպանությունը.

3) սերմերի որակական և տնկանյութի ապրանքային ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ ողջամիտ ժամկետներում լիազոր մարմին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելը.

4) հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տնկարանային արտադրության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նշված ոլորտներում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված պահանջների իրականացումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

Հոդված 11.
Սերմերի և տնկանյութի ներմուծումն ու արտահանումը
 
Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է, եթե՝
1) սերմերը և տնկանյութը նախատեսված են գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկման նպատակների համար.

2) ներմուծվող սորտը գրանցված է օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում և ներկայացվում են սերմերի և տնկանյութի խմբաքանակի սորտի պատկանելիության և որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության տված հավաստագրերը:

Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութի առավելագույն քանակները սահմանում է լիազոր մարմինը:
Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթները չեն տարածվում «տարանցիկ փոխադրում», «ներմուծում մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սերմերի խմբաքանակների վրա:

Գ Լ ՈՒ Խ  3

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 12.
Պատասխանատվությունն արտադրանքի անհամապատասխանության համար
1. Հավաստագրված սերմերի և տնկանյութի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ, իրացմամբ զբաղվող և հավաստագրման գործընթացն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում, եթե՝
1) ապացուցվում է, որ սերմերի և տնկանյութի  սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային, հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելիության ցուցանիշների փոփոխությունները տեղի են ունեցել իրենց մեղքով.

2) լրացուցիչ դաշտային հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների արդյունքներով անհամապատասխանություն է հայտնաբերվում հավաստագրում ամրագրված ցուցանիշների և սերմերի, տնկանյութի խմբաքանակի համապատասխան փաստացի ցուցանիշների միջև.

3) հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տնկարանային արտադրության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նշված ոլորտներում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումներով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նկարագրված պատասխանատվության հետևանքով տնտեսավարողներին հասցված վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե կողմերի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 13.
Սերմնաբուծության և տնկանյութի արտադրության գիտական ապահովումը
 
Սերմնաբուծության և տնկանյութի արտադրության գիտական ապահովումն իրականացնում են լիազոր մարմինը, գիտակրթական, գիտահետազոտական, գիտաարտադրական, փորձարարական հաստատությունները, գիտնական-հետազոտողները, որոնք մշակում են՝
1) բույսերի նոր սորտերի ընտրասերման, սերմնաբանության և սերմնաբուծության վերաբերյալ գիտատեխնիկական ծրագրեր,

2) սերմնաբանության, սերմնաբուծության և սորտագիտության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված արդյունավետ համակարգեր,

3) նոր սորտերի ներդրման և հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում և հողակլիմայական տարբեր պայմաններում դրանց մշակության գիտականորեն հիմնավորված առաջարկություններ,

4) սերմնարտադրության և տնկանյութի արտադրության արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական ժամանակակից համակարգեր,

5) հանրաճանաչ, արժեքավոր սորտերի և տնկանյութի ձևերի պահպանության և արագացված բազմացման ծրագրեր:

Մշակաբույսերի գենետիկական պաշարների պահպանության նպատակով լիազոր մարմինը սահմանում է հանրահայտ և տնտեսական մեծ արժեք ունեցող սորտերի պահպանության և վերարտադրության ընթացակարգեր:

Հոդված 14.
Սերմերի  և տնկանյութի  մասին օրենքը խախտելու համար պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը
 
Սերմերի և տնկանյութի մասին օրենքի խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Լիազոր մարմնի հավաստագրման գործընթացն իրականացնող ստորաբաժանումների կամ պաշտոնյաների, հավատարմագրված լաբորատորիաների և դաշտային հետազոտողների որոշումների հետ չհամաձայնելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են՝
1) համապատասխան որոշումը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բողոք ներկայացնել լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ, որը բողոքը քննության է առնում այն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, և իր որոշումը տրամադրում բողոքարկող կողմին՝ որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.

2) սերմնադաշտերի և տնկարանային դաշտերի ու տնկարկների դաշտային լրացուցիչ հետազոտությունների և սերմերի, տնկանյութի լաբորատոր լրացուցիչ փորձարկումների անցկացման հայտ ներկայացնել լիազոր մարմին` պահանջելով այդ աշխատանքների իրականացումն ապահովել այլ հավատարմագրված դաշտային հետազոտողների և փորձարկման լաբորատորիաների միջոցով.

3) բողոքի խնդրո առարկա համարվող որոշման հավաստիությունը պարզաբանելու նպատակով կազմակերպել դաշտային լրացուցիչ հետազոտություններ և լաբորատոր փորձարկումներ այդ իրավասություններն ունեցող անկախ դաշտային հետազոտողների և հավատարմագրված լաբորատորիաների միջոցով:

Լիազոր մարմնի բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում բողոքարկող կողմը կարող է դիմել դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Բողոքարկման խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատում է լիազոր մարմինը:

Գ Լ ՈՒ Խ  4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 15.
Եզրափակիչ մաս

 1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-106-Ն օրենքը:

Հոդված 16.  Անցումային դրույթներ

Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 9-րդ մասերով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվածիրավական ակտերն ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։  
Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 7-րդ հոդվածի 4-րդ մասով, 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ և 14-րդ հոդվածի 4-րդ մասերով նախատեսված իրավական ակտերը լիազոր մարմնի կողմից ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
1.  Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
 
Տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության բացակայությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում արտադրված տնկանյութը երբևէ չի հավաստագրվել: 1990-ական թվականներից սկսած հանրապետությունում բացակայում են գիտականորեն հիմնավորված (օրինակելի) տնկարանային տնտեսությունները և չի արտադրվում բարձրորակ ու արժանահավատ տնկանյութ:

Սույն ոլորտը կարգավորող միջազգային օրենսդրության ուսումնասիրությունները և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետի դիտարկումները հաշվի առնելով առավել նպատակահարմար է «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 մայիս 2005 թվական) շրջանակներում կանոնակարգել նաև տնկանյութը՝ արտադրությունից մինչև օգտագործում: Բացի դրանից, առկա է վերոնշյալ օրենքում նաև այլ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն:

Վերջին տարիներին նոր, հանրապետության բնակլիմայական պայմաններում չփորձարկված պտղահատապտղային բույսերի սորտերի ներմուծումը և դրանցով արտադրական այգիների հիմնումը, հավաստագրված տնկարանների կողմից ապրանքային բարձր որակով օժտված տնկանյութի արտադրության բացակայությունը, միաժամանակ ժամանակակից ինտենսիվ այգիների և հատապտղանոցների ծավալների շարունակական աճը մեծ անհրաժեշտություն և պահանջ են առաջացնում  Հայաստանի Հանրապետությունում տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության առկայության: Հանրապետության գյուղատնտեսության արդյունավետ զարգացման նպատակով կարևորվում է տեղական սերմնաբուծությունից և սերմարտադրությունից բացի ունենալ նաև տեղական տնկարանային արտադրություն, որը կարող է երաշխավորել ոչ միայն պտղահատապտղային այգիների տարածքների ավելացումը, այլ նաև հնարավորություն կընձեռի տնկանյութի արտահանման համար: Տնկանյութի հավաստագրման գործընթացի իրականացման արդյունքում տնտեսավարողների կողմից այգեհիմնման նպատակով կատարված ներդրումները կլինեն արդարացված՝ շնորհիվ տնտեսական արդյունավետության պետական սորտափորձարկումների, հանրապետությունում կիրականացվի գիտականորեն հիմնավորված (օրինակելի) տնկարանային արտադրություն, հնարավորություն կստեղծվի արտադրել արժանահավատ և բարձրորակ տնկանյութ, որը կունենա հավաստագիր և կլինի մրցունակ:

Սույն օրենքի ընդունումը կհանգեցնի՝

1.      Ինքնարժեքի նվազման

Համաձայն որոշ գնահատականների՝ ներմուծված տնկիների միջին գինը կազմում է 3500-4000 դրամ, իսկ տեղական արտադրության տնկիներինը՝ 1500-2000 դրամ։ Բացի այդ, համաձայն տնկիների արտադրությամբ զբաղվող ընկերությունների գնահատականների՝ բարձր պահանջարկի պարագայում մասշտաբի էֆեկտի հաշվին տեղական արտադրության տնկիի միջին գինը կարող է նվազել լրացուցիչ շուրջ 500 դրամով՝ կազմելով միջինում 1000–1500 դրամ։ Արդյունքում տեղական արտադրության տնկիների գինը կարող է ներմուծվածի նկատամբ շուրջ 70%–ով նվազել։

2.     Ներմուծման փոխարինման

Տեղական արտադրության տնկիների ինքնարժեքի ցածր լինելը ավելացնում է տեղական տնկիների գնային մրցունակությունը ներմուծվածի համեմատ, հետևաբար կհանգեցնի մասնակի ներմուծման փոխարինման։  

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2019 թվականին «0602 Խաղողի, ծառի, թփի շիվ և սածիլ» ապրանքի գծով ներմուծման ծավալը կազմել է 4064 տոննա կամ 13.4 մլն ԱՄՆ դոլար։ Ուստի ներմուծման փոխարինման մասով ստացվող տնտեսական օգուտը կարող է կազմել առավելագույնը շուրջ 13 մլն ԱՄՆ դոլար։  

3.     Արտահանման ծավալների ավելացման

Համաձայն ԱՎԿ վիճակագրության՝ 2014–2019թթ. Ժամանակահատվածի համար տնկիների արտահնաման միջին տարեկան ցուցանշը կազմել է շուրջ 3400 տոննա կամ 850 հազար ԱՄՆ դոլար։ Ցածր գնի և բարձր որակի պայմաններում ակնկալվում է արտահանման ծավալների աճ դեպի ԵԱՏՄ շուկա, իսկ հավաստագրի առկայության պարագայում դեպի ԵՄ շուկաներ։ Մասնավորապես, «Նորատունկ» ՓԲԸ–ի տվյալների՝ արտահանման ծավալները կարող են ավելացվել շուրջ 4 անգամ՝ կազմելով տարեկան 40–50 հազար տնկի։   

4.     Բերքատվության և բերքի որակի բարձրացման

Համաձայն միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների՝ երաշխավորվում է, որ միևնույն պայմանների պարագայում չհավաստագրված տնկանյութի նկատմամբ հավաստագրված տնկանյութի օգտագործումը կբարձրացնի բերքատվության ցուցանիշը 20–30%–ով, ինչը էական նշանակություն կթողնի գյուղատնտեսության վրա։ Բացի այդ, հավաստագրված տնկանյութի պարագայում ակնկալվում է որակապես առավել բարձր բերքի ստացում։
2․   Առաջարկվող կարգավորումների բնույթը

Սույն օրենքով կկանոնակարգվի Հայաստանի Հանրապետությունում տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրումների, պահպանության, իրացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

6.   Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
 
Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամը, Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամը:

7.Ակնկալվող արդյունքը
 
Հայաստանի Հանրապետությունում կկանոկարգվի տնկարանային արտադրությունը և կարտադրվի հավաստագրված տնկանյութ, որը կնպաստի պտղահատապտղային այգիների ծավալների ավելացմանը և արտադրության արդյունավետության բարձրացմանը:

8. Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը
 
Նախագիծը տեղադրված է https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

1.  ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտություն  է առաջանում:
 

 

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն