««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

14 հոկտեմբերի 2020 | Նախագծեր | Цитата

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի օրենսդրության զարգացման, այդ թվում՝ միջազգային պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նախագծով  ներկայացվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն վերացնել Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքում արձանագրված մի շարք թերությունները, այդ թվում՝ Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած անհստակությունները։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիuի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ  և 9.1-րդ կետերով.

«2.1) նախորդող հանցագործությունը հանցագործություն է, որի կատարման արդյունքում ստացվել կամ առաջացել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույքը.

«9.1) դրամական փոխանցումը ֆինանսական հաստատության կողմից որպես իր կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն փոխանցումը ստացողին հասանելի դարձնելու նպատակով փոխանցումը կատարողից դրամական միջոցների ընդունումն է՝ անկախ փոխանցում կատարողի և փոխանցում ստացողի կամ ուղարկող և ստացող ֆինանսական հաստատության նույն անձը (հաստատությունը) հանդիսանալու հանգամանքից.»։

2) 1-ին մասի 3.1-րդ կետի «տրամադրումն է» բառը փոխարինել «տրամադրումը կամ հավաքումն է» բառերով:

3) 1-ին մասի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) իրական շահառուն ֆիզիկական անձ է, որի անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է, և (կամ) որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, որի անունից կամ օգտին գործարքը կատարվում է կամ գործարար հարաբերությունը հաստատվում է.»:

4) 1-ին մասի 16-րդ կետի «օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող իրավաբանական կազմավորումը» բառերը փոխարինել «օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորումը» բառերով:

5) 1-ին մասի 21-րդ կետից հանել «, նրա ընտանիքի անդամ կամ նրա հետ այլ կերպ փոխկապակցված անձ (հայր, մայր, ամուսին, տատ, պապ, քույր, եղբայր, երեխաներ, ամուսնու ծնողներ)» բառերը:

6) 1-ին մասի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25) քաղաքական ազդեցություն ունեցող անձը  նախկին կամ գործող բարձրաստիճան պետական պաշտոնատար անձ է (այդ թվում՝ նրա ընտանիքի անդամ՝ ծնող, ամուսին, տատ, պապ, քույր, եղբայր, երեխա, ամուսնու ծնող կամ նրա հետ այլ կերպ փոխկապակցված անձ), որն իրականացրել կամ իրականացնում է պետական, քաղաքական կամ հանրային բնույթի նշանակալից գործառույթներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում նշանակալից գործառույթներ իրականացրած կամ իրականացնող անձ է (այդ թվում՝ նրա ընտանիքի անդամ՝ ծնող, ամուսին, տատ, պապ, քույր, եղբայր, երեխա, ամուսնու ծնող կամ նրա հետ այլ կերպ փոխկապակցված անձ): Ընդ որում, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին և ցածր դասի գործառույթներ իրականացնող անձանց: Քաղաքական ազդեցություն ունեցող անձինք են մասնավորապես՝

ա. պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախարարները և նախարարի տեղակալները,

բ. խորհրդարանի անդամները,

գ. բարձրագույն ատյանի դատարանի, սահմանադրական դատարանի կամ այլ բարձր դատական ատյանների դատավորները, անդամները, որոնց որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված բողոքարկման դեպքերի,

դ. աուդիտորների դատարանի անդամները կամ կենտրոնական բանկի խորհրդի անդամները,

ե. դեսպանները, գործերի հավատարմատարները և զինված ուժերի բարձրաստիճան սպաները,

զ. քաղաքական կուսակցության ակնառու գործիչները,

է. պետական սեփականություն հանդիսացող կազմակերպության վարչական, կառավարման կամ վերահսկողական մարմինների անդամները,

ը․ միջազգային կազմակերպության ղեկավարները, ղեկավարի տեղակալները, խորհրդի անդամները կամ կառավարչական կամ վերահսկողական այլ համանման գործառույթներ իրականացնող մարմինների անդամները.»:

7) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1 կետով.

«25.1) միջազգային կազմակերպությունը անդամ երկրների միջև միջազգային պայմանագրի կարգավիճակ ունեցող պաշտոնական քաղաքական համաձայնության հիման վրա ստեղծված կազմակերպություն է, որն իր գտնվելու վայրի երկրում ռեզիդենտ կառուցվածքային միավոր չի համարվում:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1)  3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը «գումարը» բառերից հետո լրացնել «հավասար է կամ» բառերով:

2) 4-րդ մասի 3-րդ կետի բ. ենթակետի «տնօրեն (գործադիր մարմին)» բառերը փոխարինել «գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ (մարմնի անդամ)» բառերով:

3) 4-րդ մասի 5-րդ կետի «դրամը» բառը փոխարինել «դրամին հավասար կամ դրան» բառերով:

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին և ներկայացուցիչներին արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկություններ են տրամադրվում լիազոր մարմնին, ինչպես նաև այլ անձանց, բացառությամբ ֆինանսական խմբի դեպքում՝ ֆինանսական խմբի անդամին,  հայտնել հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման, այդ թվում՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հանձնարարականների ստացման փաստի մասին:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) «Իրավաբանական անձի պետական գրանցման, փոփոխությունների գրանցման և ֆինանսական հաստատության լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունը» վերնագիրը փոխարինել «Ֆինանսական հաստատության լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը և հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունը» վերնագրով:

2) 1-ին և 2-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 6-րդ կետի «գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը» բառերը փոխարինել «գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը » բառերով:

2) 1-ին մասի 18-րդ կետի «տվյալների հիման վրա» բառերից հետո լրացնել «կամ սեփական նախաձեռնությամբ» բառերով:

3) 4-րդ մասը «10-րդ և 11-րդ կետերով սահմանված իրավասությունները» բառերը փոխարինել «10-րդ կետով սահմանված իրավասությունը, ինչպես նաև 11-րդ կետով սահմանված՝ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու իրավասությունը՝» բառերով:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «և կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «, որոնք կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն կարող տրամադրվել երրորդ անձի՝ բացառությամբ քրեական հետապնդման մարմինների» բառերով:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 1-ին պարբերությունը «կասկածներ» բառից հետո լրացնել «, կամ նախորդող հանցագործության այնպիսի հիմնավոր կասկածներ, որոնք կարող են հանգեցնել փողերի լվացման:» բառերով:

2) 4-րդ մասի 1-ին պարբերությունը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, կամ նախորդող հանցագործության կասկածի կամ դեպքի վերաբերյալ, որը լիազոր մարմնի կարծիքով կարող է հանգեցնել փողերի լվացման:» բառերով:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում « «դրամը» բառը փոխարինել «դրամին հավասար կամ դրան» բառերով , իսկ «(բացառությամբ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների առկայության, որի դեպքում հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունն իրականացվում է անկախ գումարային սահմանաչափից),» բառերից հետո լրացնել «ինչպես նաև սույն  հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում,» բառերով:

2) 4-րդ մասի 2-րդ կետի «գործադիր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձի (մարմնի անդամի)» բառերով:

3) 5-րդ մասի 1-ին կետից հանել «պարզի լիազորված անձի առկայությունը և առկայության դեպքում» բառերը, իսկ «լիազորված անձին» բառերից հետո լրացնել  «(առկայության դեպքում)» բառերը:

4) 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) նույնականացնի իրական շահառուին և ողջամիտ քայլեր ձեռնարկի նրա ինքնությունը ստուգելու նպատակով, ընդ որում Հայաստանի Հանրապետության և (կամ) օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ հիմնարկի դեպքում՝ սույն հոդվածի 5.1-րդ մասով սահմանված կարգով:»:

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ և 5.2-րդ մասերով.

«5.1 Իրավաբանական անձ (բացառությամբ օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորման)  հաճախորդների իրական շահառուի նույնականացումը և ինքնության ստուգումն իրականացվում է հետևյալ կարգով.

1) հաշվետվություն տրամադրող անձը նույնականացնում և ստուգում է այն ֆիզիկական անձի ինքնությունը, որն ուղղակի կամ շղթայական մասնակցության միջոցով քվեարկելու իրավունքով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) քսան և ավելի տոկոսին կամ իր մասնակցության ուժով կամ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշելու դրա որոշումները,

2) Սույն մասի 1-ին կետի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ առկա չլինելու, ինչպես նաև այդպիսի անձի՝ իրական շահառու չհանդիսանալու հիմնավոր ենթադրության դեպքում հաշվետվություն տրամադրող անձը նույնականացնում և ստուգում է այն ֆիզիկական անձի ինքնությունը, որն իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

3)  Սույն մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ առկա չլինելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը նույնականացնում  և ստուգում է այն ֆիզիկական անձի ինքնությունը, որը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումը իրականացնող պաշտոնատար անձ:

5.2 Սույն հոդվածի 5.1-րդ մասի համաձայն հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու և ինքնությունը ստուգելու նպատակով հաշվետվություն տրամադրող անձի կողմից ձեռնարկված քայլերը, եզրահանգումները և դրանց հիմնավորումները փաստաթղթավորվում ու պահպանվում են սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում:»:

6) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում հանդիսացող հաճախորդների դեպքում հաշվետվություն  տրամադրող անձը հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու և նրա ինքնությունը ստուգելու նպատակով պետք է լիարժեք տեղեկություններ ունենա դրա հիմնադիրների, կառավարիչների, շահառուների (այդ թվում՝ շահառուների դասի), շահերի պաշտպանի (առկայության դեպքում) և իրական (փաստացի) հսկողություն իրականացնող այլ ֆիզիկական անձի կամ համանման գործառույթներ իրականացնող անձի և նրանց լիազորությունների վերաբերյալ:»:

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.

«7.1 Օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստի կառավարիչ հանդիսացող հաճախորդը (այդ թվում՝ ոչ ֆինանսական հաստատությունը) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարք կատարելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս պարտավոր է բացահայտել իր կարգավիճակը։»:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ» բառերը փոխարինել «օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում» բառերով:

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «տեղեկատվության» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների» բառերով:

Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Գործարքի» բառից հետո լրացնել «կատարման» բառով, իսկ «իրականացման» բառը փոխարինել «հաստատման» բառով:

2) 1-ին մասի «համաձայն գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման» բառերը փոխարինել «համաձայն գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման» բառերով, «գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը» բառերը փոխարինել «գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը» բառերով «այն» բառը փոխարինել «դրա՝» բառով:

3) 2-րդ մասի «1-7-րդ մասերով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, «պարտականությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները» բառերը, «համաձայն» բառից հետո հանել «գործարքի կամ» բառերը, «դադարեցնի» բառից հետո հանել «գործարքը կամ» բառերը, «այն» բառը փոխարինել «դրա՝» բառով:

4) 3-րդ մասից հանել «անդրսահմանային» բառերը:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

----------------------------------------------------------------------------------------------

 1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ ՀՀ) շարունակական քայլեր է ձեռնարկում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգը միջազգային ստանդարտներին համապատասխանեցման ուղղությամբ: Այսպես, 2018թ.-ի մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենք) և այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը՝ ի կատարումն 2015թ.-ի Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի փորձագետների կողմից ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքում արձանագրված մի շարք հանձնարարականների:

2018թ.-ի հուլիս ամսին ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից հաստատվել է Հայաստանի Առաջընթացի առաջին հաշվետվությունը՝ ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ տրված հանձնարարականների կատարման մասով: ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից արձանագրվել է, որ ընդհանուր առմամբ բացահայտված տեխնիկական թերությունների վերացման ուղղությամբ Հայաստանը արձանագրել է զգալի առաջընթաց, այդուհանդերձ, դեռևս առկա են ՖԱԹՖ-ի հանձնարարականների իմպլեմենտացման որոշ թերություններ:

 ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն վերացնել ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից արձանագրված մի շարք թերություններ և Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած անհստակությունները.

2․ Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով ներկայացվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն կարգավորել հետևյալ հարաբերությունները․

1․ Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակի ընդլայնում՝ ներառելով տեղական բարձրաստիճան պաշտոնատար անձին, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, այդ թվում նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ այլ կերպ փոխկապակցված անձանց.

2015թ.-ի Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի փորձագետների կողմից ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ արձանագրվել է, որ նախատեսված չեն օրենսդրական պահանջներ տեղական քաղաքական ազդեցություն ունեցող անձանց, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, նրանց ընտանիքի անդամի կամ նրանց հետ այլ կերպ փոխկապակցված անձանց վերաբերյալ: Հետագայում, 2018թ.-ին Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ ֆինանսական համակարգի կայունության գնահատման հաշվետվությամբ հանձնարարական է տրվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենք) տեղական քաղաքական ազդեցություն ունեցող անձանց հասկացությունը սահմանելու և նրանց նկատմամբ պատշաճ ուսումնասիրության հավելյալ պահանջներ կիրառելու վերաբերյալ: Ըստ այդմ, վերանայվել է «քաղաքական ազդեցություն ունեցող անձ» հասկացությունը՝ համապատասխանեցնելով ՖԱԹՖ-ի 12-րդ հանձնարարականի պահանջներին: Նախագծով «քաղաքական ազդեցություն ունեցող անձ» հասկացության մեջ են ներառելով ոչ միայն արտասահմանյան երկրի կամ տարածքի նախկին կամ գործող բարձրաստիճան պետական պաշտոնատար անձանց, այլ նաև տեղական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ այլ կերպ փոխկապակցված անձանց:

2․ Իրական շահառուի նույնականացում և ինքնության ստուգմանն ուղղված ողջամիտ քայլերի ձեռնարկում՝ ըստ հաջորդականության սկզբունքի.

Իրավաբանական անձանց թափանցիկության ապահովման, այդ թվում՝ օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորումների և դրանց իրական շահառուների պարզման նպատակով կատարված փոփոխություններով հստակեցվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից իրավաբանական անձ հաճախորդի իրական շահառուի պարզման, այդ թվում՝ նույնականացման և ինքնության ստուգման համար իրականացվող գործընթացը՝ ըստ հաջորդականության սկզբունքի՝ հիմք ընդունելով ՖԱԹՖ 10-րդ հանձնարարականի պահանջները: Նշվածը ենթադրում է որպես իրական շահառու դիտել քսան և ավելի բաժնետոմսի տիրապետողին կամ իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու իրավասություն ունեցող ֆիզիկական անձին, իսկ այդպիսի անձի բացակայության դեպքում, կամ այն դեպքում, երբ առկա է հիմնավոր ենթադրություն այդպիսի անձի՝ իրական շահառու չհանդիսանալու վերաբերյալ, իրավաբանական անձի նկատմամբ իրական (փաստացի) վերահսկողություն իրականացնող անձին: Վերը նշված քայլերի իրականացման արդյունքում համապատասխան ֆիզիկական անձ առկա չլինելու դեպքում իրական շահառու է դիտվում իրավաբանական անձի ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումը իրականացնող պաշտոնատար անձը։ Ընդ որում՝ սահմանվել է նաև իրական շահառուի նույնականացման և ինքնության ստուգման արդյունքում վերոնշյալ քայլերի արդյունքում կատարված եզրահանգումները հաշվետվություն տրամադրող անձի կողմից փաստաթղթավորելու և պահպանելու պարտականությունը։ Նախատեսվել է նաև օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող իրավաբանական կազմավորում հանդիսացող հաճախորդների իրական շահառուի պարզման նպատակով հաշվետվություն տրամադրող անձանց կողմից անհրաժեշտ տեղեկություններին տիրապետելու պարտականությունը, ինչպես նաև օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստի կառավարիչ հանդիսացող հաճախորդի պարտավորությունը՝ բացահայտելու իր կարգավիճակը գործարք կատարելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս։

Նախագծով առաջարկվում է նաև իրավաբանական անձանց կողմից պետական գրանցման փուլում իրական շահառուի հայտարարագրման վերաբերյալ հարաբերությունների կարգավորումը հանել ՀՀ կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակներից և վերապահել ՀՀ արդարադատության նախարարությանը:

3․ Ֆինանսական խմբի անդամների միջև կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման դրույթների նախատեսում.

Նախագծով նախատեսվել է ֆինանսական խմբի դեպքում ֆինանսական խմբի անդամների միջև կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հնարավորությունը։ Նման պահանջը բխում է ՖԱԹՖ 18-րդ և 21-րդ հանձնարարականներից և ուղղված է ՓԼ/ԱՖ ռիսկերի կառավարման նպատակով ֆինանսական խմբի անդամների, այդ թվում՝ դուստր ընկերությունների և մասնաճյուղերի միջև ՓԼ/ԱՖ կասկածների հետ կապված տեղեկատվության ազատ շրջանառության ապահովմանը:

4․Փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենքի կիրառման արդյունքում ի հայտ եկած թերությունները վերացնելու անհրաժեշտությամբ.

Նախատեսվել է «դրամական փոխանցում» հասկացությունը, որի բացակայության պարագայում անհստակ էր ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենքի 20-րդ հոդվածի կիրառելիության շրջանակը, ներառվել է նաև «նախորդող հանցագործություն» հասկացությունը, որը միտված է հստակեցնելու ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենքի 13-րդ հոդվածում կատարված լրացումը, հստակեցվել են «իրավաբանական անձ», «զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորում» հասկացությունները՝ կապված տրաստերին վերաբերող կարգավորումների ներմուծմամբ և ահաբեկչության ֆինանսավորման հասկացության բոլոր տարրերի կրկնությունն ապահովելու նպատակով:
Նախագծով սահմանվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից լիազոր մարմնի հանձնարարականների ստացման մասին հաճախորդիներին կամ այլ անձանց հայտնելու արգելքը: Նշված դրույթի նախատեսումն ուղղված է լիազոր մարմնի հանձնարարականների, այդ թվում՝ կասկածների չբացահայտման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը:
Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների շարքից հանվել և ՖԴԿ-ին է վերապահվել կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու իրավասությունը՝ հաշվի առնելով միջոցների հնարավոր արտահոսքի կանխարգելման առավել արդյունավետ իրականացման, այդ թվում՝ քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցության շրջանակում քրեական գործի հարուցման և գույքի վրա կալանք դնելու հետագա գործընթացին արագ օժանդակելու անհրաժեշտությունը:
Հստակեցվել են գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը մերժելու կամ դադարեցնելու դրույթները, ներառյալ՝ ընթացիկ պատշաճ ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում գործարար հարաբերության դադարեցման պահանջի հետ կապված:
Նախատեսվել է լիազոր մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ չհամապատասխանող երկրների կամ տարածքների ցանկերը ներկայացնելու և այն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով հրապարակելու իրավասությունը՝ համապատասխանեցնելով ՖԱԹՖ-ի 19-րդ հանձնարարականի պահանջներին:
Լրացուցիչ կարգավորման են ենթարկվել քրեական հետապնդման մարմիններին տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները, ներառյալ՝ նախատեսելով կարգավորումներ տեղեկությունների փոխանակման հիմքերի և այդ տեղեկությունների՝ քրեական հետապնդման մարմինների կողմից երրորդ անձանց չտրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև այլ փոփոխություններ՝ պայմանավորված օրենքի կիրառման արդյունքնում ի հայտ եկած թերությունների վերացման անհրաժեշտությամբ:

3.Ակնկալվող արդյունքը

ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության շարունակական զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգը համապատասխանեցնել առկա միջազգային պահանջներին, ինչպես նաև բարելավել օրենսդրության պահանջների կիրարկման պրակտիկան։

4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, իսկ իրական շահառուի ինստիտուտի հետ կապված կարգավորումները կատարվել են ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն