Նախագծի նպատակը «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրի մոնիթորինգի արդյունքում վերհանված խնդիրների լուծումն ու ծրագրի պայմանների բարելավումն է, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ իրավակիրառ պրակտիկայից բխող և զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը բարձրացնող այլ փոփոխությունների իրականացումը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման N 2 հավելվածի`
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «տասը» բառը փոխարինել «քսան» բառով, իսկ «մեկ» բառը՝ «մինչև երկու» բառերով,
բ. 4-րդ կետից հետո լրացնել նոր՝ 4.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ՝
«4.1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից առաջարկվող աշխատանքը հարմար է համարվում, եթե այդ աշխատանքը բավարարում է սույն չափանիշների 3-րդ կետով և 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանները, միաժամանակ այդ աշխատանքն այն ոլորտում է, որում աշխատանք փնտրող անձը նախկինում աշխատել է առնվազն մեկ տարի (ունի առնվազն մեկ տարվա ստաժ):».
2) որոշման N 16 հավելվածի`
ա. 23-րդ կետի 4-րդ ենթակետում «եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը» բառերը փոխարինել «շահութահարկը» բառով,
բ. 33-րդ կետից հետո լրացնել նոր՝ 33.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
«33.1. Այն դեպքում, երբ տնտեսական գործունեությունը ենթակա է լիցենզավորման, ապա տնտեսական գործունեության սկիզբը պետք է ընկած լինի լիցենզիան ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում:»,
գ. 37-րդ կետից հետո լրացնել նոր` 37.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
«37.1. Անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա չեն վերադարձման, եթե պետական աջակցությամբ սկսած տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է նրա մինչև երեք տարեկան երեխա ունենալու հանգամանքով: Նշված դեպքում անհատ ձեռնարկատերը տարածքային կենտրոն է ներկայացնում (այդ թվում` առցանց եղանակով) երեխայի ծննդյան վկայականի պատճենը:»,
դ. 45-րդ կետից հետո լրացնել նոր՝ 45.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
«45.1. Տարածքային կենտրոնի տնօրենը սույն կարգի 46-րդ կետում նշված աշխատանքների կատարման համար անասնաբույժի հետ կնքում է ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագիր, որում նշվում են մատուցվող ծառայությունների բնույթը, աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը, ավարտը և մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող փոխհատուցման ամսական գումարի չափը:»,
ե. 48-րդ, 56-րդ, 57-րդ, 58-րդ և 63.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել.
զ. 50-րդ կետում «ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է» բառերը փոխարինել «երեք ամիսը մեկ, իսկ անասնաբույժը ամիսը մեկ անգամ իրականացնում են» բառերով,
է. 52-րդ կետում «48-րդ» բառերը փոխարինել «45.1-ին» բառերով,
ը. 53-րդ կետի 1-ին ենթակետից հանել «՝ ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը» բառերը,
թ. 53-րդ կետից հետո լրացնել նոր՝ 53.1-ին, 53.2-րդ և 53.3-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ.
«53.1. Գրասենյակը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարություն է ներկայացնում ենթածրագիր 2-ի ծախսերի նախահաշիվը:
53.2. Նախարարությունը գրասենյակից ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գրասենյակին:
53.3. Գրասենյակը նախարարությունից ծախսերի հաստատված նախահաշիվն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:»,
ժ. 59-րդ կետում «1-ին և 4-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «4-րդ ենթակետով» բառերով,
ժա. 60-րդ կետից հետո լրացնել նոր` 60.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
«60.1. Անմրցունակ անձը Հայաստանի Հանրապետության տարածքից գումարային մինչև երեք ամիս ժամկետով բացակայելու դեպքում այդ մասին նախապես գրավոր հայտարարություն է ներկայացնում տարածքային կենտրոն` նշելով բացակայության ժամկետը:»,
ժբ. 61-րդ կետը լրացնել նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«5) միայն սույն կարգի 53-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աջակցության մասով` հայտարարության հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքից գումարային մինչև երեք ամիս ժամկետով բացակայելու դեպքում` բացակայության ժամանակահատվածով.
6) ենթածրագիր 2-ի պատասխանատուի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում առանց 60.1-ին կետով նախատեսված հայտարարության կամ երեք ամսից ավելի ժամկետով անմրցունակ անձի Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայությունը պարզելու դեպքում:»,
ժգ. 61-րդ կետից հետո լրացնել նոր՝ 61.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
«61.1. Անմրցունակ անձի կողմից ձեռք բերված կենդանին կարող է փոխարինվել նույն տեսակի և որակական չափանիշներով այլ կենդանիով՝ ենթածրագիր 2-ի պատասխանատուի ու անասնաբույժի անմիջական մասնակցությամբ։»,
ժդ. 63-րդ կետի 2-րդ ենթակետում «դեպքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ կենդանու անկումից հետո մեկամսյա ժամկետում անմրցունակ անձի կողմից նույն տեսակի և որակական չափանիշներով նոր կենդանու ձեռքբերման դեպքի)» բառերը.
3) որոշման N 21 հավելվածի 18-րդ կետում «մեկնարկից» բառից հետո լրացնել «առնվազն» բառը:
2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ժգ» և «ժդ» պարբերությունները տարածվում են «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում կնքվածանասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման պայմանագրի հիման վրա աջակցություն ստացող անձանց վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ
Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը հիմնականում ուղղված է Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի մոնիթորինգի արդյունքում վերհանված խնդիրների լուծմանն ու ծրագրի պայմանների բարելավմանը: Նախագծով կատարվել են նաև ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ իրավակիրառ պրակտիկայից բխող և զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը բարձրացնող այլ փոփոխություններ:
2. Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է լուծել անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի մոնիթորինգի արդյունքում վերհանված մի շարք խնդիրներ, մասնավորապես՝
անասնապահությամբ զբաղվող անձին ընձեռել հնարավորություն՝ կենդանու անկման դեպքում մեկ ամսվա ընթացքում այն նույն տեսակի և որակական չափանիշներով այլ կենդանիով փոխարինելու համար, ինչի պարագայում անմրցունակ անձի կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա չեն լինի վերադարձման,
անասնապահությամբ զբաղվող անձին ընձեռել հնարավորություն՝ ծրագրի շրջանակներում տրամադրված կենդանուն փոխարինել նույն տեսակի և որակական չափանիշներով նոր կենդանիով` ծրագրի պատասխանատուի ու անասնաբույժի անմիջական մասնակցությամբ,
ծրագրից հանել անասնապահությամբ զբաղվող անձին անասնապահական աշխատանքների կատարման համարվճարվող գումարի նկատմանբ հաշվարկվող և տարածքային կենտրոնի կողմից եկամտային հարկի և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարի տրամադրման պայմանը` հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի կարգավորումները, համաձայն որի սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում ստացվող պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները համարվում են նվազեցվող եկամուտներ,
տարածքային կենտրոնի մասնագետի` ծրագրի պատասխանատուի կողմից ամսական առնվազն մեկ անգամ գործարար ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգի իրականացումը փոխարինել 3 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանատուի կողմից ամիսը մեկ անգամ մոնիթորինգի իրականացման պահանջի կատարումը չափազանց դժվար է ժամանակատարության, տրանսպորտային միջոցների անբավարարության և ամիսներ շարունակ կենդանիների արոտավայրերում, սարերում լինելու պատճառով: Միաժամանակ առաջարկվում է ամիսը մեկ անգամ գործարար ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգի իրականացման պարտականություն սահմանել անասնաբույժի համար` հաշվի առնելով, որ ծրագրի շրջանակներում նրան է վերապահված կենդանու առողջության մասով հսկողություն իրականացնելը,
ծրագրի շրջանակներում տրամադրված կենդանուն նույն տեսակի և որակական չափանիշներով նոր կենդանիով փոխարինելու, ինչպես նաև կենդանու անկման դեպքում մեկ ամսվա ընթացքում այն նույն տեսակի և որակական չափանիշներով այլ կենդանիով փոխարինելու դրույթները տարածել որոշումն ուժի մեջ մտնելու պահին դեռևս չավարտված ծրագրերի վրա,
նախատեսել, որ ծրագրի շրջանակներում անասնապահությամբ զբաղվող անձի գումարային մինչև երեք ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու պարագայում ծրագիրը չի դադարեցվելու, այլ դադարեցվելու է միայն անասնապահական աշխատանքների կատարման համար անձին ամսական կտրվածքով տրամադրվող աջակցությունը: Ծրագիրն ամբողջությամբ կդադարեցվի այն դեպքում, եթե մոնիթորինգի արդյունքում պարզվի, որ անձը նախապես ՀՀ-ից իր բացակայելու մասին չի տեղեկացրել տարածքային կենտրոնին, ինչն էլ առաջարկվում է, որ լինի ծրագրի պահանջ,
հստակեցնել ծրագրով նախատեսված գործընթացների իրականացման քայլերի հաջորդականությունը։
Վերոնշյալից բացի, նախագծով առաջարկվում է անդրադառնալ նաև աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրավակիրառական պրակտիկայում վերհանված որոշ խնդիրների լուծմանը, այն է՝
նախատեսել ժամկետ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում տնտեսական գործունեության մեկնարկի համար,
ծրագրով նախատեսված «ձեռնարկատիրական գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը» բառերը փոխարինել «շահութահարկ» բառով` հիմք ընդունելով Հարկային օրենսգրքով սահմանված դրույթները,
անհատ ձեռնարկատիրոջ համար սահմանել, որ ծրագրի շրջանակներում ստացված ֆինանսական միջոցները ենթակա չեն վերադարձման, եթե պետական աջակցությամբ սկսած տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է նրա մինչև երեք տարեկան երեխա ունենալու հանգամանքով: Առաջարկը բխում է անհատ ձեռնարկատերերի համար հավասար հնրարավորություններ ապահովելու անհրաժեշտությունից, քանի որ նրանց համար օրենսդրությամբ սահմանված չէ երեխայի խնամքի արձակուրդից օգտվելու իրավունք:
Նախագծով անդրադարձ է կատարվել նաև զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից առաջարկվող հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշներին։ Համաձայն ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 2 հավելվածի՝ զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից առաջարկվող աշխատանքը հարմար է համարվում, եթե ի թիվս այլ չափանիշների այդ աշխատանքի վայրը գտնվում է աշխատանք փնտրող անձի բնակության միևնույն բնակավայրի կամ տվյալ բնակավայրից մինչև տասը կիլոմետր հեռավորության վրա գտնվող այլ բնակավայրի տարածքում, որտեղ մեկնելու և վերադառնալու համար անձը կարող է օգտվել մեկ տրանսպորտային միջոցից (բացառությամբ տաքսի ծառայության): Սակայն իրականում խնդիրներ են առաջանում հարմար աշխատանքի առկայության և մեկ բնակավայրից մյուս բնակավայր գնալու հետ կապված։ Այդ իսկ պատճառով նախագծով առաջարկվում է՝
աշխատանք փնտրող անձի համար հարմար համարել նաև աշխատանքն այն ոլորտում, որտեղ աշխատանք փնտրող անձն աշխատել է առնվազն մեկ տարի,
վերանայել աշխատանք փնտրող անձի բնակավայրից աշխատանքի գտնվելու վայրի հեռավորությունը՝ մինչև տասը կիլոմետր հեռավորության փոխարեն սահմանելով մինչև 20 կիլոմետր հեռավորություն,
վերանայել տրանսպորտային մատչելիությունը՝ սահմանելով մինչև երկու տրանսպորտային միջոցից օգտվելու հնարավորություն։
Նախագծով նախատեսվում է նաև «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի մեկնարկին նախորդող նախապատրաստական աշխատանքներն իրականացնել 10 օրը գերազանցող ժամանակահատվածում:
Նախագծում կատարվել են նաև խմբագրական բնույթի փոփոխություններ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի նպատակայնության ու արդյունավետության բարձրացում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈւՋԵՈւՄ ԵԿԱՄՈւՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի n 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться