«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

16 սեպտեմբերի 2020 | Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունմամբ կսահմանվի պետական տուրքի այլ դրույքաչափ առանց նույնականացման քարտի անձնագիր ստանալու համար, ինչի արդյունքում առավել շատ թվով քաղաքացիներ կունենան նույնականացման քարտեր, հետևաբար հանրային կառավարման ոլորտում կզարգանա թվային ծառայությունների մատուցման գործընթացը, ավելի արագ և արդյունավետ կապահովվի քաղաքացիների նույնականացումը նրանց իրավունքների իրացման և ծառայությունների մատուցման ընթացքում։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈւՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևալ բովանդակությամբ 1.3-րդ կետով.

«1.3 Նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար -  բազային տուրքի 8- ապատիկի չափով»
 
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» և «ժգ» ենթակետերով.

«ժբ) նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում օտարերկրյա պետություններում վավերական` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու  (փոխանակելու) համար - 73
«ժգ) Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նույնականացման քարտ տրամադրելու  (փոխանակելու) համար - 30

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2011 թվականին ընդունված «Նույնականացման քարտերի մասին» օրենքով կարգավորվում են  Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նույնականացման քարտ (այսուհետ` նույնականացման քարտ) տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը եւ դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների հիմունքները: Օրենքի համաձայն՝  ՀՀ քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալուց հետո: Նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու  ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար: Նույնականացման քարտն ունի տվյալների էլեկտրոնային պահոց, որը ներառում է քաղաքացու` տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալիներ, էլեկտրոնային թվային ստորագրության և նույնականացման համար հավաստագրեր, էլեկտրոնային փոստ:

Բացի այն, որ նույնականացման քարտի միջոցով առավել արագ և հեշտությամբ հնարավոր է իրականացնել քաղաքացու նույնականացումը, նույնականացման քարտն անփոխարինելի է նաև Հայաստանի Հանրապետությունում մատուցվող հանրային ծառայությունների գրեթե բոլոր ոլորտներում` թվային հարթակների ընլդլայնման և արդիականացման ռազմավարական  մոտեցումների կենսագործման, էլեկտրոնային շտեմարանների փոխգործելիության հնարավորությունների կիրառության, ռեսուրսների և ժամանակի խնայողության տեսանկյունից: Հարկ է ընդգծել, որ նույնականացման քարտի բաղադրիչների՝ թվային ստորագրության, պաշտոնական էլեկտրոնային փոստի առօրյայում կարևորությունը հատկապես ընդգծվում է   էլեկտրոնային ծառայությունների մատուցման, բանկային գործարքների կատարման, վարչարարության գործընթացների նույնականացման ժամանակ՝ ապահովելով դրանց անվտանգությունը, անձնական տվյալների պաշտպանությունը, ժամկետների և ռեսուրսների խնայողությունը:

Հաշվի առնելով ներկայումս թվային տեխնոլոգիաների զարգացման սրընթաց տեմպերը՝ պետական և հանրային այլ ոլորտներում քաղաքացիների իրավունքների և պարտականությունների իրականացումը կարևոր է ապահովել նաև էլեկտրոնային հարթակներում, այդ թվում՝ Հայաստանից դուրս գտնվելու ընթացքում: Գնալով ավելանում է այն ծառայությունների շրջանակը, որոնցից կարելի է օգտվել նաև էլեկտրոնային եղանակով (լիցենզիաների, թույլտվությունների տրամադրում, իրավաբանական անձանց գրանցում, տրանսպորտային միջոցների գրանցում, հաշվառում, ՔԿԱԳ ծառայությունների մատուցում և այլն): Այս առումով բացառիկ նշանակություն ունի անձի ճշգրիտ և արագ նույնականացումը պետական և այլ մարմինների կողմից, ինչը ներկայումս հնարավոր կլինի երաշխավորել ՀՀ քաղաքացիների կողմից նույնականացման քարտեր ունենալու պարագայում: Նույնականացման քարտի տրամադրման ընլայնումն արտերկրում առավել հասանելի կդարձնի պետության կողմից մատուցվող ծառայությունների հասանելիությունը:

Խնդրի կարևորությունը պայմանավորված է նաև ներկայիս իրավիճակի թելադրանքով, երբ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված երկրում գրեթե բոլոր պետական մարմինները, անգամ՝ մասնավոր հատվածի մի մասը, անցում են կատարել էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցմանը և էլեկտրոնային հարթակների կիրառությանը, որտեղ առավել արդիական է խիստ նույնականացումը և անձնական տվյալների պաշտպանությունը, որոնք լավագույնս հնարավոր է ապահովել նույնականացման քարտի միջոցով: Մասնավորապես, նույնականացման քարտի առկայությունը թույլ է տալիս քաղաքացիներին էլեկտրոնային հարթակներում կամ ինտերնետային կայքերում էլեկտրոնային փաստաթղթեր, այդ թվում` դիմումներ, հարցումներ, հայտեր ներկայացնել՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստելով իրենց անձը և ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը:

ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ 16 տարին լրացած քաղաքացին կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար պետք է ունենա նաև նույնականացման քարտ: Ներկայացված նախաձեռնության նպատակն է համանման պահանջ ամրագրել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ սահմանված (հին նմուշի) անձնագրի տրամադրման համար՝ միաժամանակ սահմանելով պետական տուրքի այլ դրույքաչափ նույնականացման քարտ չունեցող և ստանալուց հրաժարված քաղաքացիներին նշված անձնագրերը տրամադրելու համար:

Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Ներկայացված օրինագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ ՀՀ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի  թիվ 821 որոշմամբ սահմանված (հին նմուշի) անձնագիր ստանալու համար նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում պետական տուրքի այլ՝ ավելի բարձր դրույքաչափ սահմանելու նպատակով: Պետական տուրքի նման տարբերակումը պայմանավորված է նրանով, որ էլեկտրոնային հարթակների ներդրմամբ պետության կողմից մատուցվող ծառայությունների տրամադրման գործընթացներն ունենում են դրական ազդեցություն ժամանակի, վարչարարության և ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա, ինչը հնարավոր է ապահովել նույնականացման քարտերի լայնածավալ կիրառման պարագայում: Իսկ նույնականացման քարտ չունենալու պարագայում, հանրային ծառայությունների մատուցման ընթացքում պետական կամ այլ մարմինների կողմից քաղաքացուն նույնականացնելու, վարչարարություն իրականացնելու, դիմում ընդունելու և ծառայություն մատուցելու համար կպահանջվի առավել շատ ժամանակ և ռեսուրս:

Վերոգրյալ տրամաբանությամբ պայմանավորված սահմանվել է պետական տուրքի բարձր դրույքաչափ: Քանի որ սույն նախագծերի ընդունման արդյունքում հին նմուշի անձնագրի և նույնականացման քարտի միաժամանակյա ստացման համար պետական տուրքի չափը կազմում է 4000 ՀՀ դրամ (1000 ՀՀ դրամ հին նմուշի անձնագրի տրամադրման համար և 3000 ՀՀ դրամ նույնականացման քարտի տրամադրման համար), առաջարկվում է հին նմուշի անձնագիր ստանալու և նույնականացման քարտից հրաժարվելու պարագայում կիրառել պետական տուրքի տարբերակված՝ առավել բարձր սահմանաչափ, որը կապված է արդեն իսկ ներկայացված հանրային ծառայությունների տրամադրման վարչարարության և ռեսուրսատարության հետ:

Միաժամանակ, քանի որ նույնականացման քարտ ներկայացնելու պահանջ է սահմանվում նաև օտարերկրյա պետություններում անձնագիր ստանալու համար, ուստի նույն օրինագծով սահմանվում է առանձին տուրքի չափ նաև նունյականացման քարտերը օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության  կամ հյուպատոսական հիմնարկի կողմից տրամադրելու համար:

Նախագծի նպատակն է խրախուսել նույնականացման քարտի տրամադրման միջոցով հանրային ծառայությունների էլեկտրոնային եղանակով մատուցման ընդլայնման հնարավորությունները, որը կնպաստի ծառայությունների տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը, քաղաքացիների կողմից հանրային ոլորտի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը, քաղաքացի-պետություն շփումներում սուբյեկտիվիզմի նվազեցմանը, իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմանը, մարդկային գործոնի և հետևաբար նաև  կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, հանրային հատվածում նյութական ռեսուրսների և ծախսերի խնայողությունը:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

4.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվի պետական տուրքի այլ դրույքաչափ առանց նույնականացման քարտի անձնագիր ստանալու համար, ինչի արդյունքում առավել շատ թվով քաղաքացիներ կունենան նույնականացման քարտեր, հետևաբար հանրային կառավարման ոլորտում կզարգանա թվային ծառայությունների մատուցման գործընթացը, ավելի արագ և արդյունավետ կապահովվի քաղաքացիների նույնականացումը նրանց իրավունքների իրացման և ծառայությունների մատուցման ընթացքում։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն