«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ»

21 օգոստոսի 2020 | Նախագծեր | Цитата

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գրանցման/հաշվառման գործընթացի բարեփոխման, դյուրինացման, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ նաև՝ Գործակալություն) կողմից իրականացվող գործառույթների նպատակով դիմումներն առցանց եղանակով ներկայացման հնարավորությունների ընդլայման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին և հասանելի դարձնելու նպատակով: Բացի վերը նշված նպատակների իրագործմանն ուղղված իրավական նորմերից, փոփոխության կամ լրացման են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում հանգեցնում էին հակասությունների և տարընթերցումների: 

Գործող օրենսդրությամբ էլեկտրոնային եղանակով Գործակալություն պետական գրանցման/հաշվառման դիմում ներկայացնելու համար անձանց անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որպիսի պարագայում պրակտիկայում էլեկտրոնային ստորագրության քիչ կիրառելիության պայմաններում փոքր է էլեկտրոնային եղանակով գրանցման/հաշվառման դիմումների քանակը: Նախատեսվող նույնականացման նոր գործիքակազմը հնարավորություն կտա անձանց առանց էլեկտրոնային ստորագրության դիմելու համապատասխան ծառայության մատուցման համար: Նախագծերով կատարվող առաջարկներով կարգավորվում են արդեն իսկ գործող օրենքով սահմանված ինքնաշխատ եղանակով իրականացվող գործառույթներ, ինչպես նաև սահմանվում է ինքնաշխատ եղանակով մահացած անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման հնարավորություն՝ առանց շահագրգիռ անձի դիմումի: Հեշտացվել են իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության, օտարեկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ մասնակցի մասին տեղեկությունների փոփոխության գրառման կարգերը: Գործող օրենսդրությամբ վերակազմակերպման դեպքում սահմանված է մասնակիցների ռեեստրից քաղվածք ներկայացնելու պահանջ, որը այն ընկերությունների համար, որոնց մասնակիցների ռեեստրը վարվում է Գործակալության կողմից, քննարկվող օրենքի նախագծով հանվել է: Փոխվել են լուծարման պետական գրանցման նպատակով դիմելիս դատական դեպարտամենտից և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ներկայացվող տեղեկանքներին ներկայացվող պահանջները: Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից քաղվածքների, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա կազմվող տեղեկանքների, կանոնադրությունների վրա Գործակալության աշխատակցի ստորագրությունն առաջարկվող փոփոխություններով փոխարինվում է համակարգի կողմից գեներացվող համարանիշով և արագ արձագանքման ծածկագրով (QR կոդ), որպիսի պարագայում փաստաթղթի իսկության ստուգումն իրականացվելու է համարանիշը մուտքագրելով ՀՀ արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կոդը կարդացող սարքի կիրառմամբ։ Նախատեսվել է նաև անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում՝ լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա։ Հստակեցվել են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը, ռեդոմիցիլացման գրանցման ժամկետները։ Բացի այդ, սահմանվում է նաև Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը։«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով պետական գրանցման/հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը մոտեցվել են պետական գրանցման ներկայացվող փաստաթղթերի հետ կապված Գործակալության կողմից իրականացվող աշխատանքի ծավալին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ,

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ,

ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդված՝

4-րդ մասից հանել «, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում առանց վճարման» բառերը, և երկրորդ նախադասությունը հանել։
Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 մասով. «4.1 Գրանցամատյանից քաղվածքների, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա տրվող տեղեկանքների, ինչպես նաև կանոնադրությունների (այդ թվում՝ պատճենի) վրա գործակալության աշխատակցի ստորագրությունը և դրոշմակնիքը կարող է փոխարինվել համակարգի միջոցով գեներացվող համարանիշով և (կամ) արագ արձագանքման ծածկագրով:»:
Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2 մասով. «4.2 Սույն հոդվածի 3.1 մասով նախատեսված փաստաթղթերի իսկության ստուգումը կատարվում է սույն հոդվածի 3.1 մասով ամրագրված համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները` արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
Հոդվածի 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու համար, ինչպես նաև անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների՝ որպես լրացուցիչ ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը և այդ ծառայությունների իրականացման համար վճարի չափը:  Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու, ինչպես նաև այլ լրացուցիչ ծառայությունների  դիմաց գանձվող վճարներն ուղղվում են պետական բյուջե:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «փաստաթղթի ձևով» բառերը փոխարինել «եղանակով» բառով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝

«Էլեկտրոնային» բառից հետո լրացնել «եղանակով» բառը,
Հանել «, հաշվի առնելով էլեկտրոնային փաստաթղթերի առանձնահատկությունները, » բառերը:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի՝

3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով դիմողին նույնականացնելու, ինչպես նաև պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը տեղեկատվական համակարգում նունականացվելուց հետո լրացնում է պետական գրանցման կամ հաշվառման համար անհրաժեշտ տեղեկատվությունը և ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը:»:

7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Արձանագրությունից քաղվածքի համապատասխանությունը բնօրինակին հավաստվում է գործադիր մարմնի ղեկավարի կողմից, եթե օրենքով վավերացման այլ կարգ նախատեսված չէ:»:

9-րդ մասում հանել երկրորդ նախադասությունը:
10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով համացանցում գործակալության պաշտոնական կայքի միջոցով փաստաթղթերն անմիջապես տեղեկատվական համակարգ ներմուծելիս սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից օգտվելու դեպքում փաստաթղթեր ներկայացնելու պահանջը համարվում է պատշաճ կերպով կատարված՝ սահմանված կարգով նույնականացվելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:»: 

11-րդ մասից հանել «էլեկտրոնային» բառը:
Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-րդ կետով.
«21.1) տեղեկություններ ռեդոմիցիլացման ընթացքում գտնվելու վերաբերյալ (ռեդոմիցիլացման երկիրը, տեղեկությունների գրառման օրը, ամիսը, տարին).»:

2. 1-ին մասի 22-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման դեպքում՝ օտարերկրյա պետությունում անվանումը, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, պետությունը, որի իրավազորության ներքո իրավաբանական անձը գրանցված է եղել, օտարերկյա պետությունում գրանցումը դադարեցնելու ամսաթիվը, ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցման օրը, ամիսը, տարին, ռեդոմիցիլացման գրանցման օրը, ամիսը, տարին, իսկ օտարերկրյա պետությունում  ռեդոմիցիլացման դեպքում՝  օտարերկրյա պետությունում անվանումը, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, պետությունը, Հայաստանի Հանրապետությունում գրանցումը դադարեցնելու ամսաթիվը, ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցման օրը, ամիսը, տարին, ռեդոմիցիլացման գրանցման օրը, ամիսը, տարին)» բառերով:
3. Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ մասով․
«28. Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տեղեկությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ և 22-րդ կետերով սահմանված տեղեկությունների, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված տվյալներից՝ միայն գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը: Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 7-րդ մասում նախատեսված տեղեկությունները, բացառությամբ 7-րդ մասի 5-րդ կետի։ Սույն մասով նախատեսված տեղեկությունները գրանցամատյանում գրառվում են` հաշվի առնելով սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող առանձին օրենքներով նախատեսված առանձնահատկությունները։ Սույն մասով նախատեսված տեղեկությունները գործակալությանը տրամադրվում են ինքնաշխատ եղանակով։  Սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ գրանցամատյանում գրառված տեղեկությունները, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի անունից ու ազգանունից,  կարող են տրամադրվել միայն էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տեղեկատվություն ստանալու իրավասություն ունեցող պետական մարմիններին, իսկ մասնավոր անձանց՝ արդարադատության նախարարության հետ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան։»։

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածի՝

1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
 «1. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը կամ նրա կողմից լիազորված անձը պետական հաշվառման համար Գործակալություն է ներկայացնում՝

1) դիմում.

2) անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է).

3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,եթե դիմումը ներկայացվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով

4) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում ՝ նաև լիազորագիրը, ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձի անձնագրի պատճենը: »։

2-րդ մասից հանել «՝ թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով» բառերը։
3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով պետական հաշվառման համար դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը տեղեկատվական համակարգում նույնականացվելուց հետո լրացնում է հաշվառման համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Սույն մասով սահմանված կարգով հաշվառման համար պետական տուրք չի գանձվում»:

6-րդ մասը «պահին» բառից հետո լրացնել հետևյալ բառերով «, բացառությամբ սույն հոդված 6․1 մասով նախատեսված դեպքերի։ »։
Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6․1 մասով․ «6․1 Դիմողն իրավասու է մատնանշելու անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման ավելի երկար ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրացույցային օրը։»։
9-րդ մասից հանել «, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում առանց վճարման» բառերը, և երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում «անձի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչվելու հետևանքով» բառերով։

Հոդված 9. Օրենքի 30-րդ հոդվածը՝

Լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․2 մասով․ «Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման դիմումը ներկայացնելիս գործակալությանն է հանձնվում անհատ ձեռնարկատիրոջ կնիքը (առկայության դեպքում), որի ոչնչացման կարգը սահմանում է ՀՀ արդարադատության նախարարը։»։
2. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մահացած անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

Հոդված 10. Օրենքի 35-րդ հոդվածը՝

1-ին մասում հանել «էլեկտրոնային» բառը,
2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գործակալությունը համապատասխան պետական գրանցումը պետք է կատարի անհրաժեշտ փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի։»։

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 մասով. «2.1 Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը, եթե իրավաբանական անձի հիմնադիրների կազմվում առկա է իրավաբանական անձ:»:
4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 2 մասով.
«2.2 Դիմողն իրավասու է մատնանշելու առևտրային կազմակերպության գրանցման ավելի երկար ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրացույցային օրը:»:

5. 9-րդ մասից հանել «, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու,» և «, այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը։
6. 11-րդ մասում «եռօրյա, իսկ ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում՝ տասնհինգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «եռօրյա ժամկետում» բառերը՝ «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 11. Օրենքի 36.4-րդ հոդվածի 1-ին մասում «մարմինն» բառը փոխարինել «մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «եռօրյա (իսկ ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում՝ տասնհինգօրյա) ժամկետում» բառերը՝ «10 աշխատանքային օրվա ընթացքում » բառերով:

Հոդված 12. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Իրավաբանական անձի մասնակից կամ գործադիր մարմնի ղեկավարի Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձի անձնագիրն անվավեր ճանաչվելու դեպքում անձնագրային տվյալների կամ իրավաբանական անձ լինելու դեպքում գրանցման տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդ մասին իրավաբանական անձը (գործադիր մարմնի ղեկավարը) տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե»:

Հոդված 13. Օրենքի 39-րդ հոդվածի՝ 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության դեպքում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ իրավաբանական անձի գտնվելու վայրի նոր հասցեի գրանցման մասին: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:»:

Հոդված 14. Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ մասով.

     «9. Ընկերության օտարերկրյա քաղաքացի կամ իրավաբանական անձ հանդիսացող մասնակցի(ների) տվյալների փոփոխության համար ներկայացվում է`

դիմում` մասնակցի կողմից, որը պետք է պարունակի մասնակցի փոփոխվող և նոր տվյալների մասին տեղեկություններ. Ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), բնակության (հաշվառման) վայրի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալներ, գտնվելու վայրի հասցեն,
փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:»:
Հոդված 15. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1-ին մասում
1) հանել «էլեկտրոնային» բառը,

«միջոցով» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով» բառերով:
Հոդվածի 7-րդ մասից հանել «, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում առանց վճարման» և «, իսկ պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը։
Հոդված 16. Օրենքի 44-րդ հոդվածի՝

6-րդ մասում «(փաստաթղթեր,)» բառից հետո լրացնել «բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց մասնակիցների ռեեստրը վարում է պետական ռեգիստրը,» բառերով:
Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Ոչ առևտրային կազմակերպությունները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետով և 2-րդ մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված փաստաթղթերը չեն ներկայացնում»:

Հոդված 17. Օրենքի 45-րդ հոդվածի՝

7-րդ մասում «ղեկավարը» բառը փոխարինել «աշխատակիցը» բառերով:
2. 8- րդ մասից հանել «, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում առանց վճարման» և «, իսկ պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը։
Հոդված 18. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «իրավաբանական անձի կանոնադրության» բառերից հետո լրացնել «,ոչ առևտրային կազմակերպությունների միացման կամ միաձուլման պայմանագրերի» բառերով:

Հոդված 19. Օրենքի 47-րդ հոդվածի՝

1,  1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:»:

2․ 4-րդ մասում հանել «, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում առանց վճարման» և «, որի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ» բառերը։

Հոդված 20. Օրենքի 50-րդ հոդվածում՝

1-ին մասի՝
5-րդ կետում «մեկ շաբաթվա» բառերը փոխարինել «տասնհինգ օրվա» բառերով.
6-րդ կետում «մեկ շաբաթվա» բառերը փոխարինել «տասնհինգ օրվա» բառերով:
Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1. մասով.
 «1.1. Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման դեպքում պետական տուրք չի գանձվում»:

Լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով «1.2 Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման դիմումը ներկայացնելիս գործակալությանն է հանձնվում իրավաբանական անձի կնիքը (առկայության դեպքում), որի ոչնչացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:
Հոդված  21. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 22. Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում առանց վճարման» բառերը, և 2-րդ նախադասությունը հանել։

Հոդված 23. Օրենքի 58-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

 «2. Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառումից հանելու դիմումը ներկայացնելիս գործակալությանն է հանձնվում առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կնիքը (առկայության դեպքում), որի ոչնչացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը։»

Հոդված 24. Օրենքի 61-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասում հանել «, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու» բառերը։
2. 5-րդ մասում հանել «, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու» բառերը։
Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործունեություն իրականացնող և սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գրանցված իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների և (կամ) հիմնարկների վերաբերյալ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասում.

1-ին, 1.1-րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 1.7-րդ, 1.8-րդ, 3-րդ, 3.1-րդ և 3.2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.6
պետական գրանցում իրականացնող այլ մարմնի կողմից գրանցված (հաշվառված) կազմակերպություններին, առանձնացված ստորաբաժանումներին  ու հիմնարկներին անձի դիմումի համաձայն պետական ռեգիստրի կողմից գրանցման (հաշվառման) համար (առանց փոփոխությունների գրանցման կամ հաշվառման)
բազային տուրքի 10-ապատիկի չափով».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.12-րդ կետով.
«1.12.
Պետական միասնական գրանցամատյանում գրանցման (հաշվառման)  ենթակա
 
1)            ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների) պետական գրանցման համար
բազային տուրքի 10-ապատիկի չափով
 
2)            կուսակցությունների պետական գրանցման համար
Բազային տուրքի 50-ապատիկի չափով
 
3)           Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև հիմնարկների հաշվառման համար
բազային տուրքի 10-ապատիկի չափով
 
4)           Օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև հիմնարկների հաշվառման համար
Բազային տուրքի 50-ապատիկի չափով
 
5)           իրավաբանական անձանց և դրանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղե­կությունների փոփոխությունների (բացառությամբ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման, լուծարման գործընթացում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների գրառման, պետական ռեգիստրում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված գրանցման համար   ինչպես նաև այն տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար, որոնք արդիականանում են պետական միասնական գրանցամատյանում ինքնաշխատ կերպով) գրանցման համար
բազային տուրքի 10-ապատիկի չափով
 
6)           իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների գործադիր մարմնի ղեկավարի կամ մասնակցի տվյալների (բացառությամբ այն տեղեկությունների, որոնք արդիականանում են ինքնաշխատ կերպով) փոփոխության պետական գրանցման համար
Բազային տուրքի 5-ապատիկի չափով
 
7)            պետական ռեգիստրում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված գրանցման համար (յուրաքանչյուր դիմումի համար)
Բազային տուրքի 30-ապատիկի չափով
 
8)           իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցման համար
Բազային տուրքի 20-ապատիկի չափով
 
9)           իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական գրանցման համար (նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցում, փոփոխության պետական գրանցում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցում)
բազային տուրքի 50-ապատիկի չափով
 
10)         հիմնարկների և առանձնացված ստորաբաժանումների վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական հաշվառման համար (նոր ստեղծվող պետական հաշվառում, փոփոխության պետական հաշվառում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական հաշվառում)
բազային տուրքի 50-ապատիկի չափով».

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ, «2․ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման նպատակով թղթային եղանակով դիմումի ընդունման համար բազային տուրքի եռապատիկի չափով։»:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 12-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Իրավաբանական անձն ազատվում է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար, նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման կամ իր առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի նոր խմբագրությամբ կանոնադրության պետական հաշվառման համար պետական տուրքի վճարումից, եթե պետական գրանցումը կամ հաշվառումը պայմանավորված է պետական ռեգիստրում գրանցումից կամ հաշվառումից հետո ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն վերակազմակերպվելու կամ կանոնադրությունը օրենքին համապատասխանեցնելու օրենքով սահմանված անհրաժեշտությամբ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումների քննության համար պետական տուրքը գանձվում է դիմումը ներկայացնելու պահին գործող պետական տուրքի դրույքաչափերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 3.1-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարին (այսուհետ՝ կառավարիչ) կամ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին (այսուհետ՝ ժամանակավոր կառավարիչ:)»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի`

2-րդ մասի 1-ին կետը «հիմնադրամի» բառից հետո լրացնել «կառավարչի կամ» բառերով,
3-րդ մասում ««Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «15 օրվա» բառերը փոխարինել «տասը աշխատանքային օրվա» բառերով,

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «գլխավոր տնօրենը» բառերից հետո լրացնել «, ռեկտորը» բառը:

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաև հիմնադիրը:» նախադասությունը:

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի

1-ին մասում `
«տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները» բառերը փոխարինել «հիմնադրամի մարմնի նախագահը և տվյալ նիստի քարտուղարը» բառերով:
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հիմնադրամի մարմնի նախագահը պատասխանատվություն է կրում նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար»:
4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Քաղվածքի համապատասխանությունը արձանագրությանը հավաստում է հիմնադրամի մարմնի նախագահը կամ կառավարիչը:»:

լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումները ստորագրում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:»:

  Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԸ

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-135 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9.1-րդ հոդվածի՝

 3-րդ մասի «ընդունելու մասին հաշվառման գրանցամատյանում գրառում կատարելուց հետո 30» բառերը փոխարինել «ստանալուց հետո 10 աշխատանքային» բառերով:

Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Պետական գրանցման մարմինը արհեստակցական միության փոփոխության գրանցման մասին դիմումն ու պահանջվող փաստաթղթերը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել դիմումը և գրանցել արհեստակցական միության փոփոխությունը կամ համապատասխան հիմնավորումներով մերժել արհեստակցական միության փոփոխության գրանցումը: Արհեստակցական միության փոփոխության պետական գրանցումը կարող է մերժվել օրենքով սահմանված կարգով և դեպքում:»:

Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԸ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 63-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Վերակազմակերպվող իրավաբանական անձինք մինչև վերակազմակերպման մասին որոշում ընդունելը պարտավոր են անցկացնել ակտիվների և պարտավորությունների գույքագրում և վերագնահատում, որոնց արդյունքները պետք է հաստատվեն վերակազմակերպման մասին որոշմամբ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի 3-րդ մասում «բաժնետոմսերի շուկայական արժեքով» բառերից հետո լրացնել  «(վերակազմակերպման մասին որոշմամբ սահմանված օրվա դրությամբ)» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔԸ  

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 40-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խբագրությամբ.

«5. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի կեսից ավելիին տնօրինող մասնակիցները:

Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների ընդհանուր ձայների թվի մեծամասնությամբ, եթե սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ:

Սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների ընդհանուր ձայների թվի առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ, եթե ընկերության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ:

 Սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի «ժ»  ենթակետում նշված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 50-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

          «Հոդված 50. Ընկերության վերակազմակերպումը

Ընկերության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է ընդհանուր ժողովի որոշմամբ:
Օրենքով նախատեսված դեպքերում Ընկերության բաժանման կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման ձևով Ընկերության վերակազմակերպումն իրականացվում է դատարանի վճռով: Օրենքով նախատեսված դեպքերում Ընկերության միաձուլման կամ միացման ձևով վերակազմակերպումը կարող է իրականացվել միայն լիազորված մարմնի թույլտվությամբ:
Ընկերությունը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:
Ընկերությունն այլ Ընկերության հետ միացման ձևով վերակազմակերպվելիս վերակազմակերպված են համարվում` միացող Ընկերության գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

Ընկերության վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո` 30 օրվա ընթացքում, Ընկերությունը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ` վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև Ընկերության պարտավորությունների իրավահաջորդության մասին:
Վերակազմակերպվող Ընկերության պարտատերն իրավունք ունի Ընկերությունից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում գրավոր ծանուցմամբ հետևյալ ժամկետներում`
ա) միաձուլման, միացման կամ վերակազմավորման ձևով վերակազմակերպման մասին ծանուցման պահից` 30 օրվա ընթացքում.

բ) բաժանման կամ առանձնացման ձևով վերակազմակերպման մասին ծանուցման պահից` 60 օրվա ընթացքում:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 50.1-րդ, 50.2-րդ, 50.3-րդ, 50.4-րդ, 50.5-րդ, 50.6-րդ, 50.7-րդ, 50.8-րդ և 50.9-րդ հոդվածներով.

«Հոդված 50.1.  Ընկերությունների միաձուլումը

Ընկերությունների միաձուլում է համարվում նոր ընկերության ստեղծումը` նրան երկու կամ ավելի միաձուլվող ընկերությունների իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միաձուլվող ընկերությունների դադարմամբ:
Միաձուլվող ընկերությունները կնքում են միաձուլման մասին պայմանագիր: Միաձուլման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է ընդունվի յուրաքանչյուր միաձուլվող ընկերության ժողովում, որը պետք է հաստատի նաև միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտը, միաձուլման կարգն ու պայմանները, ինչպես նաև միաձուլվող յուրաքանչյուր ընկերության մասնակիցների բաժնեմասերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող իրավաբանական անձի բաժնեմասերի և (կամ) այլ արժեթղթերի:
Միաձուլմանը մասնակցող ընկերությունների մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովը համարվում է միաձուլման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողով, որը հրավիրվում է միաձուլման պայմանագրում նշված մարմնի կողմից և ժամկետներում: Միաձուլման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը հաստատվում է նոր ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովում, որը որոշումներ է ընդունում նաև ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:
Ընկերությունների միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատասխան:
Միաձուլմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 50.2.  Ընկերությունների միացումը

Ընկերությունների միացում է համարվում մեկ կամ մի քանի ընկերությունների դադարումը` դրանց իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ այլ ընկերության:
Միացմանը մասնակցող ընկերությունները կնքում են միացման մասին պայմանագիր: Միացման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է ընդունվի յուրաքանչյուր միացող ընկերության ժողովում, որը պետք է հաստատի նաև միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգն ու պայմանները, ինչպես նաև միացող յուրաքանչյուր ընկերության մասնակիցների բաժնեմասերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգն այն ընկերության բաժնեմասերի և (կամ) այլ արժեթղթերի, որին միանում են:
Միացման հետևանքով ընդլայնված ընկերության մասնակիցների (միացմանը մասնակցող ընկերությունների մասնակիցների համատեղ) ընդհանուր ժողովը որոշումներ է ընդունում միացման հետևանքով ընդլայնված ընկերության կանոնադրության մեջ անհրաժեշտ (վերակազմակերպմամբ պայմանավորված) փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխությունը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը հաստատելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ հարցերով:
Ընկերությունների միացման դեպքում միացած ընկերություններից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են միացման հետևանքով ընդլայնված ընկերությանը` փոխանցման ակտին համապատասխան:
Միացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միացման պայմանագիրը (պայմանագրերը), փոխանցման ակտը (ակտերը) և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 50.3.  Ընկերության բաժանումը

Ընկերության բաժանում է համարվում Ընկերության դադարումը` նրա բոլոր իրավունքների և պարտականությունների` նոր ստեղծվող իրավաբանական անձանց փոխանցմամբ:
Բաժանման մասին որոշումը պետք է ընդունվի բաժանվող ընկերության ընդհանուր ժողովում, որը պետք է հաստատի նաև բաժանման կարգը և պայմանները, բաժանիչ հաշվեկշիռը, ինչպես նաև բաժանվող ընկերության մասնակիցների բաժնեմասերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող իրավաբանական անձանց բաժնեմասերի և/կամ այլ արժեթղթերի:
Բաժանման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձանց կանոնադրությունները հաստատվում են այդ իրավաբանական անձանց հիմնադիր ժողովներում, որտեղ որոշումներ են ընդունվում նաև ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ
Ընկերության բաժանման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված իրավաբանական անձանց` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
Բաժանմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով բաժանիչ հաշվեկշիռը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 50.4.  Ընկերության առանձնացումը

Ընկերության առանձնացում է համարվում նոր իրավաբանական անձի (անձանց) ստեղծումը` նրան (նրանց) վերակազմակերպվող Ընկերության իրավունքների և պարտականությունների մի մասի փոխանցմամբ` առանց վերակազմակերպվող Ընկերության դադարման:
Առանձնացման մասին որոշումը պետք է ընդունվի վերակազմակերպվող Ընկերության ընդհանուր ժողովում, որը պետք է հաստատի նաև առանձնացման կարգը և պայմանները, բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը, ինչպես նաև վերակազմակերպվող Ընկերության մասնակիցների բաժնեմասերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող իրավաբանական անձանց բաժնեմասերի և/կամ այլ արժեթղթերի:
Առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձանց կանոնադրությունները հաստատվում են այդ իրավաբանական անձանց հիմնադիր ժողովներում, որտեղ որոշումներ են ընդունվում նաև ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ
Ընկերության առանձնացման դեպքում նրա իրավունքների և պարտականությունների մի մասը փոխանցվում է նոր ստեղծված իրավաբանական անձանց` բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան:
Առանձնացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 50.5.  Ընկերության վերակազմավորումը

Ընկերության վերակազմավորում է համարվում նրա կազմակերպական-իրավական ձևի փոփոխությունը:
Ընկերությունը կարող է վերակազմավորվել բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի:
Վերակազմավորման մասին որոշումը պետք է ընդունվի վերակազմավորման ձևով վերակազմակերպվող Ընկերության ընդհանուր ժողովում, որը պետք է հաստատի վերակազմավորման կարգը և պայմանները, վերակազմավորման ձևով վերակազմակերպվող Ընկերության մասնակիցների բաժնեմասերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող իրավաբանական անձի (բաժնետոմսերի, փայերի) և/կամ այլ արժեթղթերի, ինչպես նաև փոխանցման ակտը:
Վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը հաստատվում է նոր ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովում, որը որոշումներ է ընդունում նաև ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:
Ընկերության վերակազմավորման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատասխան:
Վերակազմավորմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով փոխանցման ակտը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 50.6.  Միաձուլման (միացման) պայմանագիրը

Սույն օրենքի 50.1. -րդ և 50.2. -րդ հոդվածներով սահմանված կարգով հաստատված միաձուլման (միացման) պայմանագիրն օրենքով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:
Միաձուլման (միացման) պայմանագիրը կնքվում է միաձուլմանը (միացմանը) մասնակցող ընկերությունների միջև, ստորագրվում է ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կողմից և ենթակա է հաստատման` նրանց ընդհանուր ժողովների կողմից:
Միաձուլման (միացման) պայմանագիրը պետք է բովանդակի`

ա) մասնակից կողմերի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները.

բ) միաձուլման (միացման) ժամկետները, կարգը և պայմանները.

գ) միաձուլվող (միացող) ընկերության մասնակիցների բաժնեմասերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը` բանաձևային կամ այլ ստանդարտ ձևով.

դ) միաձուլվող (միացվող) ընկերությունների մասնակիցների մաժնեմասերի դիմաց շահութաբաժիններ ստանալու կարգը և պայմանները.

ե) համատեղ ժողովում քվեարկության կարգը.

զ) միաձուլմանը (միացմանը) մասնակցող ընկերությունների համատեղ ժողովի գումարման ժամկետը, հրավիրման և անցկացման կարգը.

է) այլ տեղեկություններ` միաձուլմանը (միացմանը) մասնակցող կողմերի հայեցողությամբ:

Հոդված 50.7.  Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը

Փոխանցման ակտը և բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը պետք է դրույթներ պարունակեն վերակազմակերպված ընկերության (ընկերությունների) գույքի և պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին, ներառյալ` վիճարկվող պարտավորությունները:
Բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը պետք է ապահովի վերակազմակերպվող Ընկերության կանոնադրական կապիտալում նոր ստեղծվող իրավաբանական անձանց մասնակիցների բաժնեմասերին համապատասխանող գույքի և պարտավորությունների համամասնորեն բաշխումը` վերակազմակերպման հետևանքով ստեղծված իրավաբանական անձանց միջև:
Եթե բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը հնարավորություն չի տալիս որոշել վերակազմակերպված Ընկերության իրավահաջորդին, ապա վերակազմակերպման հետևանքով ստեղծված իրավաբանական անձինք վերակազմակերպված Ընկերության պարտավորությունների համար նրա պարտատերերի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:
Կանոնադրությունների հետ միասին փոխանցման ակտը կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաև դրանցում վերակազմակերպված ընկերության (ընկերությունների) գույքի և պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը կամ գույքի և պարտավորությունների անհամամասնորեն բաշխումը հիմք է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների մերժման համար:

Հոդված 50.8.  Մասնակիցների իրավունքները վերակազմակերպման դեպքում

 Վերակազմակերպման միջոցով ստեղծվող կամ միացման հետևանքով ընդլայնվող ընկերության մասնակիցների բաժնեմասերը (բաժնետոմսերը) փոխարկման եղանակով համամասնորեն տեղաբաշխվում են վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու պահին այդ որոշումն ընդունած իրավաբանական անձանց բոլոր մասնակիցների միջև` բաժնեմասերի շուկայական արժեքով (վերակազմակերպման մասին որոշմամբ սահմանված օրվա դրությամբ): Ընդ որում, փոխարկման հարաբերակցությունը պետք է նույնը լինի յուրաքանչյուր բաժնեմասի (բաժնետոմսի) համար:

     Հոդված 50.9.  Ընկերության գույքի շուկայական արժեքի որոշման կարգը

Գույքի շուկայական արժեք է համարվում, ներառյալ` Ընկերության բաժնեմասերի և այլ արժեթղթերի արժեքը, այն գինը, որով գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը կհամաձայներ վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը կհամաձայներ այդ գույքը ձեռք բերել:
Գույքի շուկայական արժեքը սահմանվում է ընդհանուր ժողովի որոշմամբ:
Գույքի շուկայական արժեքը սահմանվում է անկախ գնահատողի կողմից օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև ընդհանուր ժողովի որոշմամբ:
Ընկերության բաժնեմասերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում այդ բաժնեմասերի ձեռքբերման, ինչպես նաև առաջարկի և պահանջարկի գներին վերաբերող և համապատասխան զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար հրապարակվող տեղեկությունները: Ընկերության բաժնեմասերի շուկայական արժեքի որոշման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել Ընկերության զուտ ակտիվների արժեքը, ինչպես նաև այն գինը, որն Ընկերության բաժնեմասերի համար համաձայն է վճարել Ընկերության գույքի մասին լրիվ տեղեկություններ ունեցող գնորդը, ինչպես նաև այլ գործոններ, որոնք Ընկերության գույքի շուկայական արժեքը սահմանող մարմինը (անձը) կհամարի կարևոր: Սույն կետով որոշվող բաժնեմասերի շուկայական արժեքը չի կարող պակաս լինել այն գնից, որը հաշվարկվել է Ընկերության զուտ ակտիվների արժեքը հիմք ընդունելով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
 «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորելու հիմնադրամների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) գործընթացում հաճախ հանդիպող խնդիրները և հստակեցնելու պետական գրանցման ժամկետները: «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է, որ հիմնադրամ հիմնադրելիս հիմնադրամի հիմնադիրները միաձայն որոշմամբ պետք է նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Օրենքի նախագծով նախատեսվում է նաև գործադիր մարմնի ղեկավար նշանակելու հնարավորություն՝ պետական գրանցման համար անձի կողմից նույն նպատակով կրկին անգամ լրացուցիչ գործողություն կատարելուց խուսափելու նպատակով: Օրենքի նախագծով նախատեսվում է վերացնել հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը  օգտագործելու համար թույլտվության տրամադրումը: Հաշվի առնելով դրույթի ամբողջ ժամանակահատվածում կիրառման փորձը և հստակ չափանիշների բացակայությունը՝ նման կարգավորումները աննպատակահարմար են: Հաշվի առնելով պետական գրանցման նպատակով հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նիստի արձանագրությանը գործող օրենքով ներկայացվող պահանջների կապակցությամբ պրակտիկայում առաջացող խնդիրները՝ առաջարկվել է սահմանել հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի որոշումներ ներկայացնելու հնարավորություն՝ հոգաբարձուների խորհրդի որոշումները խորհրդի նախագահի կողմից ստորագրվելու պայմանով: Գործող կարգավորումներով նաև սահմանված է հիմնադրամների մարմինների նիստերի արձանագրությունները նիստին մասնակցած բոլոր անդամների կողմից ստորագրվելու պահանջ, որը ևս, պրակտիկայում հաճախակի խնդիրներ առաջացնելով պայմանավորված՝ փոխարինվել է մարմնի նախագահի և քարտուղարի կողմից ստորագրված լինելու պահանջով։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերակազմակերպման կարգ սահմանելու, ինչպես նաև իրավաբանական անձանց վերակազմակերպման կարգի առանձնահատկությունների հստակեցման անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է վերակազմակերպման ժամանակ գույքագրում իրականացնելու, գործընթացի հստակեցման անհրաժեշտությամբ։ Օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև իրավաբանական անձանց վերակազմակերպման ժամանակ իրավաբանական անձի բաժնետոմսերի (բաժնեմասերի) և այլ արժեթղթերի իրական շուկայական արժեքի որոշման, գույքի և պարտավորությունների բաշխման իրական համամասնությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Գործող օրենքով սահմանված չէ ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, և պրակտիկայում անալոգիայի եղանակով կիրառվել են բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպումը կարգավորող նորմերը։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել ՍՊ ընկերությունների վերակազմակերպման պայմանները և կարգ։

Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը, օրենքներում առկա տարընթերցումների և դրանց հետևանքով անհարմարությունների առաջացման հնարավոր ռիսկերի կրճատմանը, առցանց եղանակով գրանցման/հաշվառման դիմումների ավելացմանը, Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացմանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց ընթացիկ աշխատանքներում օգտվելով դրանց ընձեռած հնարավորություններից և դրանք ծառայեցնելով գործունեության պարզեցմանը` բարելավվում է հանրային ծառայությունների որակը, երաշխավորվում է կառավարության արդյունավետ աշխատանքը. բացի այդ, դրանք նպաստում են ժողովրդավարության կայացմանը՝ քաղաքացիներին ավելի մոտեցնելով կառավարությանը: Էլեկտրոնային ծառայությունների տրամադրման հիմնական նպատակներն են բարելավել հանրային ծառայությունների մատուցման որակը՝ դրանք դարձնելով հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր անձի համար:  

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ավելանալու է առցանց եղանակով գրանցման/հաշվառման նպատակով դիմումների քանակը, կրճատվում է կազմակերպությունների պետական գրանցման ժամկետը, անձանց տրվում է հնարավորություն՝ նշելու պետական գրանցման նախընտրելի օր, վերացվում է առցանց եղանակով անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար պետական տուրք վճարելու պարտավորությունը, ստեղծվում է հնարավորություն հաշվառելու անհատ ձեռնարկատեր՝ լիազորված անձի դիմումի հիման վրա,  հստակեցվում և կրճատվում են մի շարք կազմակերպա-իրավական ձև ունեցող կազմակերպությունների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) ժամկետները, սահմանվում են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները, փոխվում են գրանցման ժամկետները, սահմանվում է ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, մեղմացվում են հիմնադրամների մարմինների արձանագրություններին ներկայացվող պահանջները, փոփոխվում են պետական գրանցման / հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը ։

 Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եվ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:

Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից իրականացվող գործառույթները անձանց առավել հասանելի կդառնան, դիմում ներկայացնելու հնարավորություններն ավելի դյուրին կլինեն, կվերանան փոփոխվող և լրացվող օրենքներում առկա տարընթերցումները, որով նաև կբարձրանա ծառայության քննարկվող տեսակների նկատմամբ վստահության մակարդակը: Ակնկալվող փոփոխությունները կազդեն նաև Գործարարությամբ զբաղվելը զեկույցում Հայաստանի դիրքի վրա:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն