«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2020 թվականի հուլիսի 7-ի նիստի N ԿԱ/131-2020 արձանագրության 1-ին կետի 2-րդ ենթակետի կատարումն ապահովելու հանգամանքով:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 8-րդ մասում՝
1) 1-ին կետում «օգտագործվող (նախատեսվող)» բառերը փոխարինել «նախատեսվող» բառով, նույն կետում «եռամսյա ժամկետում» բառերը հանել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1) քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների համար փոփոխելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո այդ հողամասի կամ դրա մասի նպատակային կամ գործառնական նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ սահմանված կարգով այլ տնտեսությունների կամ շինությունների կառուցման և սպասարկման համար փոփոխելու դեպքում հողամասի սեփականատերը, ըստ գույքի գտնվելու վայրի, համայնքային բյուջե է մուծում փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքի և մինչև հողամասի նպատակային նշանակությունը ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների համար փոփոխելը ունեցած հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև հողամասի նպատակային նշանակությունը ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների համար փոփոխելը ունեցած նպատակային նշանակությամբ կադաստրային արժեքը:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ մասերով.
«9. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին և 1.1-ին կետերով նախատեսված դեպքերում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային նշանակությամբ իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե չի ներկայացվում հողամասերի՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերության վճարման անդորրագիրը:
Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով սահմանված դրույթները վերաբերում են նաև Կառավարության սահմանած կարգով քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում ինքնակամ կառույցներն օրինականացնելիս հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքերին:»:
Հոդված 2. Օրենսգրքի 35-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «գնի» բառից հետո լրացնել «(արժեքի)» բառը.
2) 3-րդ մասում «գների» բառից հետո լրացնել «(արժեքների)» բառը:
Հոդված 3. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասում «կադաստրային գինը» բառերից հետո լրացնել «(արժեքը)» բառը, նույն մասի երկրորդ պարբերությունում «գները» բառից հետո լրացնել «(արժեքները)» բառը, իսկ «տարի» բառից հետո լրացնել «հաջորդ տարվա համար» բառերը:
Հոդված 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ կետերի և 3-րդ կետի նոր լրացվող 10-րդ մասի կադաստրային արժեքների տարբերության վճարման վերաբերյալ դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, եթե քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների համար փոփոխելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով չի փոփոխվել այդ հողամասի կամ դրա մասի նպատակային կամ գործառնական նշանակությունը այլ տնտեսությունների կամ շինությունների կառուցման և սպասարկման համար:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը պայմանավորված է Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2020 թվականի հուլիսի 7-ի նիստի N ԿԱ/131-2020 արձանագրության 1-ին կետի 2-րդ ենթակետի կատարումն ապահովելու հանգամանքով:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների համար փոփոխելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո այդ հողամասի կամ դրա մասի նպատակային կամ գործառնական նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ սահմանված կարգով այլ տնտեսությունների կամ շինությունների կառուցման և սպասարկման համար փոփոխելու դեպքում փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքի և մինչև հողամասի նպատակային նշանակությունը ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների համար փոփոխելը ունեցած հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերության համայնքային բյուջե մուծելու նոր պահանջով:
Առկա իրավիճակը
Գործող օրենքով՝ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների համար օգտագործվող (նախատեսվող) հողամասերի փոփոխելու դեպքում, հողամասի սեփականատերը, կադաստրային արժեքի տարբերությունը չի վճարում և առկա չէ հետագայում հողամասը այլ շինությունների կամ տնտեսությունների համար օգտագործելու դեպքում կադաստրային արժեքի տարբերության վճարման պահանջ:
Նախատեսված չէ իրավունքի պետական գրանցման մերժում հողամասի նպատակային նշանակության փոփոխելու մասով կադաստրային արժեքների տարբերությունները չվճարելու դեպքերի համար:
Առաջարկվող փոփոխություններով՝ նախատեսվում է կադաստրային արժեքի տարբերության վճարման պայման սահմանել եթե առանց կադաստրային արժեքի վճարման հողամասի նպատակային նշանակությունը փոխելուց հետո հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ նախատեսվում է կրկին փոխել հողամասի նպատակային նշանակությունը:
Նախատեսվում է սահմանել իրավունքի պետական գրանցման մերժման հիմք կադաստրային արժեքների վճարի տարբերության վճարված չլինելու դեպքերի համար, ինչպես նաև հստակեցվում և սահմանվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում ինքնակամ կառույցներն օրինականացնելիս հողամասերի նպատակային նշանակության փոխելու դեպքում կադաստրային արժեքների տարբերության վճարման հետ կապված հարաբերությունները:
Նախատեսվում է կադաստրային արժեքների տարբերությունների վճարման առաջացման դեպքում փոփոխված նպատակային նշանակության պետական գրանցման իրականացում կադաստրային արժեքների տարբերության անդորրագրի հիման վրա:
Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Նախագծով կարգավորվում է հողամասի նպատակային նշանակության փոփոխման ժամանակ հողամասի կադաստրային արժեքների տարբերությունների վճարման հետ կապված հարաբերությունները:
Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը
Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջ:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться