«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

15 հուլիսի 2020 | Նախագծեր | Цитата

Նախագծերի ընդունումը նախևառաջ պայմանավորված է օրենքով ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտքի և ելքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Օրիագծի հետ փաթեթով ներկայացված մյուս նախագծերի մշակումը իր հերթին պայմանավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1141-Ն որոշման 4-րդ հավելվածով հաստատված Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի 20-րդ կետից, որի համաձայն հստակ օրենսդրական կարգավորումներ պետք է նախատեսվեն նաև հետախուզվող պարտապանների ՀՀ-ից ելքի սահմանափակման համար:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքը (այսուհետ՝ օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 10.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի իրավունքը

Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետություն անարգել մուտք գործելու իրավունք ունի:
Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացու ելքի իրավունքը ժամանակավորապես սահմանափակվում է, եթե`
1) քաղաքացին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության մեջ է գտնվում: Մինչև պարտադիր զինվորական ծառայության ավարտը` սպորտային և ռազմական համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումների մասնակցելու, բուժման, ինչպես նաև ամուսնու կամ մերձավոր ազգականի (ծնող, քույր, եղբայր, զավակ) թաղմանը մասնակցելու կամ ծանր հիվանդության դեպքում նրանց տեսակցելու նպատակով զինծառայողի ելքը Հայաստանի Հանրապետությունից  կարող է թույլատրվել սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնի միջնորդությամբ: Մինչև այլընտրանքային ծառայության ավարտը` անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից  կարող է թույլատրվել սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` տվյալ անձի այլընտրանքային ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող պետական մարմնի միջնորդությամբ.

2) քաղաքացու նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառվել է խափանման միջոց՝ մինչև ընտրված խափանման միջոցի վերացումը: Խափանման միջոցի առկայության դեպքում անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից  կարող է թույլատրվել սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության հիման վրա.

3) քաղաքացին դատապարտվել է հանցագործություն կատարելու համար՝ մինչև հիմնական պատժի կրման ավարտը կամ օրենքով սահմանված կարգով պատժից ազատվելը (բացառությամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակումը որպես հիմնական պատիժ նշանակված լինելու դեպքերի).

4) քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից ելք կատարելիս չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը կամ ներկայացրել է անվավեր փաստաթղթեր կամ հիմքեր կան ենթադրելու, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են.

5) 16 տարին չլրացած երեխայի ծնողներից կամ այլ օրինական ներկայացուցիչներից  մեկի կողմից երեխայի մեկնելու վերաբերյալ՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով առարկություն է ներկայացվել.

6) նրա նկատմամբ՝ որպես պարտապան, հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնատար անձի կողմից հայտարարվել է հետախուզում.

7) նա կասկածվում է հանցանք կատարելու մեջ և փախուստը կանխելու նպատակով հետապնդվում (որոնվում) է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող կամ քրեական հետապնդման մարմնի կողմից,

8) քաղաքացին՝ որպես մեղադրյալ, հետախուզվում է:

Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում պարտապան հետախուզվողների վերաբերյալ տվյալները հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստանալուց հետո Ոստիկանության կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում են Ոստիկանության պաշտոնական էլեկտրոնային կայքէջում գործող էլեկտրոնային հարթակ, որտեղ անձը, մուտքագրելով իր հանրային ծառայությունների համարանիշը, կարող է պարզել իր նկատմամբ սահմանափակում կիրառված լինելու փաստը:
Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-8-րդ կետերով նախատեսված հիմքերով ելքի իրավունքը սահմանափակելիս կամ այդ հիմքերը ժամանակավորապես կամ վերջնական վերանալու դեպքերում սահմանափակում նախաձեռնող (կիրառող) մարմինը համապատասխան տվյալները անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով փոխանցում է ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմնին՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար:
Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով ելքի իրավունքի սահմանափակումը վերացվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով առարկություն ներկայացրած ծնողի կողմից առարկության բացակայության մասին ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմնին գրավոր դիմելու կամ ելքի սահմանափակման հիմնավորումների բացակայության մասին դատարանի կողմից կայացված որոշման ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրը:
Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով ելքի իրավունքի սահմանափակումը գործում է հետապնդվող (որոնվող) անձի վերաբերյալ տվյալները սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրելու օրվան հաջորդող օրվանից առավելագույնը 10 օր: 

ՀՈԴՎԱԾ 10.2. 16 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանի Հանրապետությունի 

Հայաստանի Հանրապետության 14 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են մեկնել ծնողներից առնվազն մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի (որդեգրողի կամ խնամակալի) կամ չափահաս այլ անձի ուղեկցությամբ: Եթե Հայաստանի Հանրապետության 14 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից մեկնում են չափահաս այլ անձի ուղեկցությամբ, ապա այդ անձին ծնողներից առնվազն մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից տրվում է նոտարական կարգով վավերացված համաձայնություն` մեկնելու վայրի և ժամկետի մասին նշումով:
Հայաստանի Հանրապետության 14 տարին չլրացած քաղաքացու անձնագրում ծնողների վերաբերյալ տվյալները ծնողների անձնագրում առկա տվյալների հետ չհամապատասխանելու դեպքում ուղեկցող ծնողը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պարտավոր է ներկայացնել ազգակցական կապը հիմնավորող փաստաթղթեր (երեխայի ծննդյան վկայականը, ամուսնության վկայականը, հայրության ճանաչման վկայական, ծնողի անվան կամ ազգանվան փոփոխության հանգամանքը հավաստող փաստաթուղթ):
Հայաստանի Հանրապետության 14 տարին չլրացած քաղաքացուն այլ օրինական ներկայացուցչի, իսկ անգործունակ ճանաչված քաղաքացուն օրինական ներկայացուցչի կողմից ուղեկցելու դեպքում ուղեկցող օրինական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պարտավոր է ներկայացնել նաև օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հավաստող փաստաթուղթ:
Հայաստանի Հանրապետության 14 տարին չլրացած քաղաքացուն կամ անգործունակ ճանաչված քաղաքացուն ծնողներից առնվազն մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ չափահաս այլ անձի կողմից ուղեկցելու դեպքում ուղեկցողը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պարտավոր է ներկայացնել նոտարական կարգով վավերացված համաձայնությունը: Եթե 14 տարին չլրացած քաղաքացու անձնագրում և նոտարական կարգով վավերացված համաձայնությունում ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների տվյալները չեն համընկնում, ուղեկցողը պարտավոր է ներկայացնել նաև 14 տարին չլրացած քաղաքացու և համաձայնություն տվողի ազգակցական կապը կամ համաձայնություն տվող անձի օրինական ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (երեխայի ծննդյան վկայականի, ամուսնության վկայականի, հայրության ճանաչման վկայականի, ծնողի անվան կամ ազգանվան փոփոխության հանգամանքը հավաստող փաստաթուղթի, օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հավաստող փաստաթղթի պատճենները):
Եթե 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունից մեկնելուն առարկում է նրա ծնողներից կամ այլ օրինական ներկայացուցիչներից մեկը, ապա անչափահասի` Հայաստանի Հանրապետությունից ելքի հարցը լուծվում է դատական կարգով: Ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը գրավոր առարկությունը ներկայացնում է ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմին՝ կցելով ազգակցական կապը կամ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը հավաստող փաստաթղթերը (երեխայի ծննդյան վկայական, հայրության ճանաչման վկայական կամ ամուսնության վկայական, դիմող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի անձնագիրը, օրինական ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր): Ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմինը ստանալով գրավոր առարկությունը, փաստաթղթերի ամբողջական լինելու դեպքում 1 աշխատանքային օրվա ընթացքում սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում սահմանում է սահմանափակում և 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում մյուս ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման հասցեով (բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում ծանուցում չի ուղարկվում):
14-16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից կարող է մեկնել առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի ուղեկցության: Առանց ուղեկցողի մեկնող 14-16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացին վավեր անձնագրից բացի պետք է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին ներկայացնի իր ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից տրված նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին: Նշված համաձայնությունը պետք է նշում պարունակի մեկնելու, վերադարձի ժամկետների և այն պետությունների վերաբերյալ, որոնք անձը մտադիր է այցելել:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս՝

«Առանց փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի ներկայացած անձինք մինչև նրանց ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը պարզելը գտնվում են պետական սահմանի անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումների տարածքում և Հայաստանի Հանրապետություն մուտք են գործում սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի թույլտվությամբ՝ նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը Ոստիկանության կողմից հաստատվելուց հետո: Անձի ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը Ոստիկանության կողմից պարզվում է առավելագույնը 3 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի էլեկտրոնային բազայում առկա տեղեկատվության հիման վրա:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունման

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծերի ընդունումը նախևառաջ պայմանավորված է օրենքով ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտքի և ելքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Օրիագծի հետ փաթեթով ներկայացված մյուս նախագծերի մշակումը իր հերթին պայմանավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1141-Ն որոշման 4-րդ հավելվածով հաստատված Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի 20-րդ կետից, որի համաձայն հստակ օրենսդրական կարգավորումներ պետք է նախատեսվեն նաև հետախուզվող պարտապանների ՀՀ-ից ելքի սահմանափակման համար:
Ներկայումս ՀՀ քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ անչափահասների մասով, հստակ և ամբողջական օրենսդրական կարգավորում չունեն: Բացի այդ, պարտապանների հետախուզման գործառույթների իրականացման գործընթացում ոստիկանության մասնակցությունը նույնպես հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաև հետախուզվող պարտապանների ՀՀ-ից ելքի հետ կապված հարցերը:
Ներկայացված օրինագծերի փաթեթով առաջարկվում է լրացնել նշված օրենսդրական բացը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով հստակ սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները, ելքի ժամանակավոր սահմանափակումների կիրառման դեպքերը, 16 տարին չլրացած կամ դատական կարգով անգործունակ ճանաչված ՀՀ քաղաքացիների ՀՀ-ից ելքի հետ կապված առանձնահատկությունները:
«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս ոստիկանությունն իրավունք կունենա ժամանակավորապես սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացու ելքի իրավունքը, եթե նա կասկածվում է հանցանք կատարելու մեջ կամ հետապնդվում (որոնվում) է Ոստիկանության կողմից.
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կավելանա անձնագիրը տրամադրելը (փոխանակելը) մերժելու նոր հիմք. մասնավորապես՝ անձնագիր չի տրամադրվի (փոխանակվի) այն անձնաց, ովքեր հետախուզվում են հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա: Միաժամանակ, «Նույնականացման քարտերի մասին» օրենքում կատարվող լրացման արդյունքում՝ նույնականացման քարտ նույնպես չի տրամադրվի անձին՝ հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա հետախուզման մեջ գտնվելու դեպքում:
Նախագծի մշակման գործընթացքում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Կկանոնակարգվեն ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտք գործելու և ՀՀ ելքի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, օրենքով հստակ կնախատեսվեն այն պահանջներն ու փաստաթղթերն, որոնք անհրաժեշտ կլինեն անչափահասների՝ ՀՀ-ից ելքի համար, իրավակիրառ պրակտիկայում կնվազեն կամայականությունների դրսևորման հնարավորությունները, կլրացվեն ու կվերանան ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից ելքի հետ կապված հարաբերություններում օրենսդրական բացերն ու հակասությունները, ինչպես նաև կկանոնակարգվեն հետախուզվող պարտապանների ՀՀ-ից ելքի հետ կապված հարաբերությունները և վերջիններիս նկատմամբ հետախուզումը դադարեցնելու հիմքերը:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշման մեջ:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն