• Armenianeconomy.com

Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին:

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները հանրապետությունում նվազել են: Կորոնավիրուսի տարածման հետևանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում, խնդիր է առաջանում տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։ Ծրագրի նպատակն է աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով՝ նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, արդյունքում տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Ծրագիրը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 տոկոսով։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ կարևոր արձանագրում՝ մենք սերմացու չենք տալիս, մենք սուբսիդավորում ենք սերմացուի ձեռք բերումը, իսկ թե ումից ձեռք բերի՝ որոշում է գյուղացիական տնտեսությունը: Երկրորդ արձանագրում՝ այս որոշումը մենք կայացրել ենք պարենային անվտանգության հարցերի քննարկման համատեքստում, բայց պետք է նշենք, որ այն մշտական չի լինելու: Ծրագիրն ունի մի շատ կարևոր բովանդակային առանձնահատկություն: Այսօր շատ հաճախ մեր գյուղացիները, որպես սերմ օգտագործում են նախորդ տարի իրենց դաշտից ստացած ցորենը և դա իր հերթին բերում է բերքատվության նվազման: Դա բացատրվում է նրանով, որ չկան ֆինանսական միջոցներ որակյալ սերմացու գնելու համար: Մենք այս գործընթացով ուզում ենք ցույց տալ մի բան և հասնել երկրորդ արդյունքի: Առաջինը ցույց տալ, որ որոշակի ֆինանսական ներդրման և որակյալ սերմացու ցանելու պարագայում գյուղատնտեսությունը, ցորենի արտադրությունը կարող է լինել իրոք շահութաբեր գործունեություն, և երկրորդ՝ մենք ուզում ենք այս աջակցությամբ գյուղացիական տնտեսություններին բերել ֆինանսական մի այնպիսի ցիկլի, որ արդեն ամեն տարի հավելյալ ստացած եկամուտներից իրենք որպես բյուջե հաշվարկեն հաջորդ տարվա սերմացուի ձեռք բերումն իրենց հաշվին: Մենք մեկ կամ հնարավոր է երկու տարի այս ծրագիրն իրականացնենք, որպեսզի գյուղացիական տնտեսություններում առաջանա բյուջե, որը կօգտագործվի պարտադիր սերմ ձեռք բերելու համար»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս ծրագիրը անիմաստ կլինի, եթե անընդհատ շարունակվի:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բերքատվությունը շատ հաճախ ցածր է նաև այն պատճառով, որ 10 տարի շարունակ նույն վայրում նույն մշակաբույսն են ցանում: «Իհարկե, մենք ունենք ջրի, ճանապարհի, սերմացուի, պարարտանյութի խնդիր, բայց եթե նույնիսկ այդ հայտնի ավանդաբար ձևակերպվող օրակարգի հարցերը լուծվեն, իսկ դրանք կլուծվեն ժամանակի ընթացում, միևնույնն է՝ տնտեսությամբ զբաղվող մարդկանց բարեկեցության մակարդակը չի փոխվելու քանի դեռ մենք չունենք գյուղատնտեսության բովանդակային փոփոխություն, քանի դեռ մենք չենք փոխել լավ և վատ այգու մասին մեր պատկերացումները, լավ և վատ տնտեսության մասին մեր պատկերացումները, քանի դեռ գյուղատնտեսության աշխատանքները չեն պլանավորվում թուղթ ու գրիչով, ավելի լավ է համակարգչով և այլ ծրագրերով: Սա ոչ թե այն ծրագրերից է, որ գյուղացուն տալիս ենք դիզվառելիք կամ սերմացու, որի կեսը չգիտես ուր է գնում, այլ մենք աջակցում ենք գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը, որովհետև այդ ֆիզիկական աջակցությունը ոչ մի արդյունքի չի բերում, պետք է լինի բովանդակային աջակցություն, իհարկե, նաև ֆիզիկական որոշ միջոցների և գործիքների կիրառում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Թիրախավորված համայնքներում սպանդանոցների համար ձեռք բերվող սարքավորումների լիզինգի 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը կսուբսիդավորվի

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար սպանդանոցային ցանցն ընդլայնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է պետական օժանդակություն ցուցաբերել Էկոնոմիկայի նախարարության քարտեզագրած սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցներ տեղակայելու նպատակով տնտեսավարողներին: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս պահին գործում է 23 սպանդանոց, ևս 36-ը շուտով կսկսի գործել, սակայն կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: Այսպիսով՝ առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացումներ, որոնցով քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցներ տեղակայելու նպատակով ձեռքբերվող սարքավորումների լիզինգի համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը կսուբսիդավորվի։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը նշել է, որ այս ճանապարհին այլընտրանք չի կարող լինել. «Առավել ևս այսօրվա համաճարակային իրավիճակում. առաջիկա ժամանակաշրջանում բոլոր կանխատեսումներով համաճարակներ, մարտահրավերներ լինելու են, և մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:

Բարենպաստ պայմաններ՝ Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համար

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ: Համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն առաքումն ազատվում է մաքսատուրքի գանձումից: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է համաձայնագրի կնքման կարևորությունը և նշել. «Այս համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքն ավելի բարելավված պայմաններով ներկրել դեպի Հայաստանի Հանրապետություն, ինչը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծվելու։ Այն ենթադրաբար ազդելու է Հայաստանում բենզինի շուկայի վրա»:

Նիկոլ Փաշինյանը նույնպես կարևորել է համաձայնագրի ստորագրումը: «Այո՛, շատ կարևոր է: Ինչքան էլ մենք ասենք, որ 2018 թվականից հետո մենաշնորհային երևույթները, մասնավորապես, նավթամթերքի շուկայում մեղմացել են, բայց դա չի նշանակում, որ վերացել են, և այստեղ մեր սպառողների իրավունքները պաշտպանելու և նաև մրցակցությունը խթանելու հետ կապված մենք շատ անելիք ունենք։ Սա մեր քաղաքական հանձնառություն է, որ մենք մինչև վերջ Հայաստանում որևէ արհեստական մենաշնորհ չպետք է թույլ տանք, որովհետև դա առաջին հերթին ազդում է քաղաքացիների, սպառողների պաշտպանության վրա: Մարդիկ պետք է ունենան հնարավորություն որակյալ և հնարավորինս մատչելի գնով ապրանք ձեռք բերելու»,- ասել է վարչապետը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ պետական որևէ խոչընդոտ որևէ տնտեսվարողի համար ՀՀ տարածքում չկա։

Կառավարության ղեկավարը նշել է, որ 2018-ից հետո և՛ բենզինի, և՛ դիզվառելիքի ներկրողների քանակը մեծացել է. «Մենք տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ է մեր շուկան արձագանքում միջազգային գների փոփոխություններին: Նախկինում շուկան գների բարձրացմանը շատ արագ էր արձագանքում, իսկ գների իջեցմանը՝ շատ դժկամությամբ: Հիմա նույնպիսի արագությամբ են արձագանքում թե՛ գների նվազմանը, թե՛ բարձրացմանը»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բենզալցակայաններում վաճառվող բեզնինի որակի և քանակի առնչությամբ առկա հարցին: «Երբ քաղաքացին լիցքավորում է 5 լիտր պրեմիում բենզին, պետությունը պետք է երաշխավորի, որ այդ 5 լիտրն իրոք 5 լիտր է, և այդ պրեմիումն իրոք պրեմիում է»,-նշել է վարչապետը:

Կառավարությունը շարունակում է կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը

Ուսումնական պրոցեսի և մշակութային դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Ըստ այդմ՝ կապահովվի կրթական և մշակութային հաստատությունների, առանձին մասնաշենքերի նորոգման/հիմնանորոգման, վերակառուցման, մարզադահլիճի կառուցման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերի կնքումը, արդեն նախաձեռնած գնման գործընթացների (հայտարարված մրցույթների) ամբողջական ապահովումը և արդեն նախագծած շենքերի/մասնաշենքերի նորոգումը/կառուցումը։ Որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թ. հաստատված բյուջեով մի շարք միջոցառումների գծով տնտեսված միջոցներից, ինչպես նաև Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում չեղարկվող միջոցառումների հատկացումներից 1,906,602.2 հազար դրամ վերաբաշխման միջոցով իրականացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար շինարարական և նախագծահետազոտական աշխատանքներ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացնելով 51,932.4 հազար դրամ: Նախատեսվում է նաև հատկացնել 60,014.0 հազար դրամ՝ Կարեն Դեմիրճյանի արձանի և պատվանդանի պատրաստման և տեղադրման համար: Կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը կնպաստի ուսումնական պրոցեսի առավել արդյունավետ կազմակերպմանը, իսկ մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավումը` ոլորտի արդիականացմանը և զարգացմանը: Բացի այդ, լայնածավալ շինարարական աշխատանքների գործընթացը կստեղծի նոր աշխատատեղեր` մեղմելով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման տնտեսական և սոցիալական հետևանքները: Մասնավորապես, աշխատանքներ են կիրականացվեն 7 քոլեջում, 46 հանրակրթական դպրոցում, 1 մասնագիտական մարզառազմական դպրոցում, 4 թանգարանում, 3 թատրոնում: ԿԳՄՍ նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել է թվով 57 կրթական և մշակութային հաստատությունների նորոգման/կառուցման և գույքային և տեխնիկական հագեցվածության բարելավման աշխատանքների ձեռքբերման համար գնման գործընթացը, որոնցից թվով 51 կրթական հաստատության (7 քոլեջ, 14 ավագ դպրոց և 30 հիմնական և միջնակարգ դպրոց) նորոգման աշխատանքների ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի 1-ին կունենանք ամբողջությամբ նոր 21 նախակրթարան:

Վարչապետը հետաքրքրվել է 100 օբյեկտների շինարարության ծրագրերի իրականացման ընթացքից: Ի պատասխան՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ արդեն հայտարարված է 20 դպրոցի և 2 բուժհիմնարկի շինարարության մրցույթ: «Առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհայտարարվեն ևս 2 դպրոցի և 1 քոլեջի, 1 բուժհիմնարկի շինարարության մրցույթները: Իսկ առաջիկա մի քանի օրվա ընթացքում ևս 3 բուժհիմնարկի նախագծեր կլինեն կոմիտեում»,- նշել է Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ հետևողականորեն փորձում են իրականացնել նախատեսված բոլոր աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանը վիճակագրությունը գնահատել է որպես լավ և նշել. «Այս դեպքերում կարևորվում է բանկային երաշխիքի դերը: Հիմա արդեն կբացառվի այն իրավիճակը, երբ որևէ ընկերություն արհեստական փոքր գին դնելով հաղթի մրցույթում, հետո այդ պարտավորությունը չկարողանալով կատարել՝ մեզ բոլորիս կանգնեցնի փաստի առաջ: Բանկային երաշխիքը հավելյալ մի լծակ է, որ երաշխավորում է՝ ընկերությունն իր առաջարկած գնով կկատարի աշխատանքը կամ, ավելի ճիշտ, գին առաջարկելուց առաջ կմտածի»:

Կառավարության ղեկավարը խոսել է նաև տեխնիկական հսկողության չափանիշների մասին և նշել, որ համապատասխան փոփոխությունների արդյունքում այն այլևս ձևական բնույթ չի կրում: «Հիմա արդեն կարող ենք ասել, որ բանկային երաշխիքի մեխանիզմն աշխատում է, նախագծերը գնում են առաջ և շինարարությունը տեղի է ունենում այն տարբերությամբ, որ մենք ունենք երաշխիք, որ դրանք կարվեն պատշաճ որակով, իսկ չարվելու դեպքում՝ անորակ աշխատանք կատարող ընկերությունները կկանգնեն լրջագույն ֆինանսական պրոբլեմների առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը այս համատեքստում կարևորել է նաև ստանդարտների բարձրացման խնդիրը. «Մենք պետք է արձանագրենք, որ այս որակը որն այսօր ունենք՝ դրանից ընդհանրապես բավարարված չենք»։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել նոր կառուցվող և վերակառուցվող բուժհաստատությունների մասին: «Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող, վերակառուցվող և վերանորոգվող բուժհաստատություններ ենք ունենալու: Բացառությամբ այն 12-ի, որ Քաղաքաշինության կոմիտեն իրականացնում է, մենք ևս 2 խոշոր օբյեկտ ունենք Համաշխարհային բանկի մեր ծրագրի շրջանակում կառուցվելիք: Առաջինը՝ Մարտունու ԲԿ-ի շինարարությունն է, որը կսկսվի մոտ օրերս: Շուտով կհայտարարվի նաև Վայոց Ձորի ԲԿ-ի ամբողջական կառուցման մրցույթը: Այս երկուսն ամբողջությամբ զրոյից են կառուցվելու և համապատասխանելու են միջազգային բոլոր չափանիշներին»,- ասել է նախարարը:

Այլ որոշումներ. կստեղծվեն ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ

Կառավարության կողմից սուբսիդավորվող ծրագրային ուսանողական վարկերի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Առաջարկվում է սահմանել ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ: Մասնավորապես՝ ուսանողական վարկերի տրամադրման համար վարկառու ուսանողի ծնողի կամ խնամակալի երաշխավորությանից բացի հնարավոր է նաև այլ անձանց երաշխավորությունների տրամադրումը։ Նախաձեռնության արդյունքում 4 տարուց ավելի տևողությամբ ուսումնառող սովորողների համար կստեղծվի հնարավորություն ուսումնառության ընթացքում ստանալու 4-ից ավելի մասնաբաժին վարկ, ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավելի, քան 800 հազ. դրամ՝ հաշվի առնելով, որ բուհերում բարձրացել են վարձավճարների չափերը:

Գործադիրը թույլատրել է «ՍՋՆ Ռոլլմեն վորլդ» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արդյունաբերական նշանակության էլեկտրական շարժիչների առանցքակալների պատրաստման համար (ք. Երևան)՝ իրականացնելով 624 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների և այլ սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 3 աշխատատեղ, կստեղծվի 20 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 720 մլն դրամ, որից 120 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 240 մլն դրամի արտադրանքը` ՌԴ տարածքում, 360 մլն դրամի արտադրանքը՝ ԱՄԷ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 458 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 35.4 մլն դրամ:

Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Երևանի քիմիա դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է դեղամիջոցների արտադրության համար՝ իրականացնելով 25 մլն դրամի ներդրում: Ընկերությունը 2017 թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 86 մլն դրամի ներդրում և ստեղծվել է 18 նոր աշխատատեղ:Ներկայում առկա է 195 աշխատատեղ, կստեղծվի ևս 15-20-ը՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 464 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 23.2 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Ափսթարթ լաբ» ՍՊԸ-ն ներառվել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: Ծրագրի շրջանակում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 110 000 000 դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 300 000 դրամից (առաջին տարում) մինչև 650 000 դրամ (հինգերորդ տարում) միջին ամսական աշխատավարձով: Ընկերություն գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 12 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 90 քմ մակերեսի հինգերորդ տարում: «ԷԿՈՍ» ՍՊԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Յոթ ամսում ՊԵԿ-ը ձեռնարկել և իրականացրել է 1750 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ• ՊԵԿ-Ը ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՆՑ ՀԴՄ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ• Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը• «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը սահմանելու մասին»• ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ 26 ՓԵՏՐՎԱՐԻ N 116 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ• ՊԵԿ. ԶԳԱԼԻ ՆՎԱԶԵԼ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ՝ ԿԱԶՄԵԼՈՎ 69,4 ՄԼՐԴ ԴՐԱՄ• ՊԵԿ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ 21-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ• «ՀԱՐԿԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՎՃԱՐՈՒՄ. 5 ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն