ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ նախարար Պապիկյանն այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև:
Հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները նախ հետևել են գարու բերքահավաքի մեկնարկի աշխատանքներին, ծանոթացել հացահատիկային մշակաբույսերի բերքն անկորուստ հավաքելու նպատակով իրականացվող հակահրդեհային միջոցառումներին: Այցի ընթացքում նրանք հանդիպել են շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների հետ և հետաքրքրվել բերքահավաքի պատշաճ կազմակերպման առկա խնդիրներով։
Անդրադառնալով տարածաշրջանի հետ կապված առաջիկա ծրագրերին՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ, նախընտրական շրջանում տրված խոստման համաձայն, Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով Մայր հայրենիքի հետ կապող մայրուղու կառուցումը կսկսվի ընթացիկ տարում: «Մայրուղու կառուցմամբ մեկնարկում է Արցախի հարավային հատվածի իրացման նոր փուլը, որտեղ վերաբնակեցման և տնտեսական զարգացման մեծածավալ նոր ծրագրեր կիրականացվեն»,- ասել է նախագահ Հարությունյանը: Նա հավելել է, որ օրերս «Արցախէներգո» ընկերության հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել, և մինչև 2022թ.-ը կապիտալ աշխատանքների արդյունքում ամբողջովին կվերակառուցվի ենթաշրջանը սնուցող էլեկտրացանցը:
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին կարևորել է հարավային հաղորդակցության ուղիների ռազմավարական նշանակությունը և ընդգծել, որ ենթակառուցվածքների զարգացումը տարածաշրջանում կխթանի հայկական երկու հանրապետությունների տնտեսական առաջընթացին։
Նախարար Պապիկյանի խոսքով արցախյան հողում բերքահավաքին մասնակցությունը խորհրդանշանական է ոչ միայն պարենային անվտանգության խնդիրը լուծելու, այլև առաջիկա ծրագրերին հաջող մեկնարկ տալու և հարավային Արցախում ժողովրդագրական և տնտեսական նոր իրողությունների ստեղծելու առումով ։
Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Քաշաթաղի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և նշել․ «Նախատեսվող ծրագրերի իրականացման գործում կարևոր է ձեզանից յուրաքանչյուրի դերը։ Այս տարածքում ապրելն ու արարելը իրապես մեծ հայրենասիրություն ու խիզախություն է»:
Այցի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և ԱՀ մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելել է Իշխանաձոր համայնքում «Մասիս Տոբակո» ընկերության հիմնադրած չորանոցային տնտեսություն, ԱՀ ՊԲ Ն զորամաս, ինչպես նաև Հագարի գետի վրա կառուցվող՝ 6,8 ՄՎտ ընդհանուր հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան:
mtad.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться