• Armenianeconomy.com

Քննարկվել են բանկային ավանդների ներգրավման, արժութային կարգավորման եւ վերահսկողության, ֆինանսական ոլորտին առնչվող օրինագծեր

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արտակ Մանուկյանի նախագահությամբ մայիսի 19-ին հրավիրած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում կարգավորել վարկառու-երաշխավոր փոխհարաբերությունները:

Առաջարկվում է պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկա տարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորի համար սահմանել  սուբսիդիար պատասխանատվություն` օրենքով սահմանված պատասխանատվության փոխարեն: Ինչպես նաեւ սահմանվում են նոր դրույթներ, որոնք սահմանված չեն գործող Քաղաքացիական օրենսգրքով: Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյանի հավաստմամբ` անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ չհանդիսացող երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում պետք է նշվի երաշխավորության առավելագույն գումարային չափը` թվային արտահայտությամբ: Երաշխավորության պայմանագրում պետք է հստակ նշվի այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը:

Քննարկման արդյունքում փաստաթղթին տրվել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի հեղինակած  «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով հստակեցվում են սպառողի եւ ֆինանսական կազմակերպության միջեւ հարաբերությունները: Դրանք նպատակ ունեն ապահովելու մշտական հասանելիություն ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունից բխող տեղեկատվությանը: Հետեւաբար, սպառողի հետ հաղորդակցման կարգը պետք է հնարավորինս ճկուն լինի ու համապատասխանի հաղորդակցման արդի մոտեցումներին: Ըստ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի` փաթեթով առաջարկվում է թղթային ծանուցումներից անցում կատարել էլեկտրոնային ծանուցումներին եւ սպառողի ու ֆինանսական կազմակերպության հաղորդակցման կարգը համապատասխանեցնել 2018 թվականին ընդունված «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված հաղորդակցման կարգին` ապահովելով համանման հարաբերությունների միատեսակ կարգավորումը: Մասնավորապես, «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքում եւս առաջարկվում է սահմանել, որ սպառողի եւ կրեդիտավորողի միջեւ հաղորդակցումն իրականացվի էլեկտրոնային եղանակով, եթե հաճախորդը չի պահանջում, որպեսզի այն իրականացվի այլ եղանակով, օրինակ` փոստային կապի միջոցով: Առաջարկվում է նաեւ միակողմանի ձեւով հաղորդակցման եղանակի փոփոխություն թույլատրել տարին մեկ անգամ, ինչը հավասարակշտված մոտեցում է հաճախորդի եւ ֆինանսական կազմակերպության համար: Սակայն դա չի նշանակում, որ ֆինանսական կազմակերպությունը եւ հաճախորդը չեն կարող համատեղ փոփոխություն իրականացնել իրենց հաղորդակցման կարգում:

Սահմանվում է նաեւ, որ ֆինանսական կազմակերպության ծառայություններից օգտվող անձի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում ֆինանսական կազմակերպությունը պետք է վճարի երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առեւտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ` ֆինանսական կազմակերպությունը ձեռնարկել է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները եւ փաստացի վերացրել է սպառողի իրավունքի խախտումը, եւ սպառողի իրավունքի խախտման հետեւանքով սպառողը փաստացի չի կրել նյութական վնաս, իսկ վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը:

Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն` նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովականները քննարկել են ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի հեղինակած  «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ գործող օրենքով բանկերին եւ վարկային կազմակերպություններին թույլատրվում է արտարժութային վարկերի եւ արտարժույթով ներգրաված ավանդների տոկոսագումարները հաճախորդի ցանկությամբ համապատասխանաբար ստանալ կամ վճարել այն արժույթով, որով տրամադրվել է վարկը կամ ներգրավվել է ավանդը: Սակայն, ըստ Արտակ Մանուկյանի, բաց է մնացել նույն բանկերի եւ վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ անձանց կողմից թողարկված արտարժութային պարտատոմսերի արժեկտրոնների (տոկոսագումարների) հարցը, որոնք վճարվում են ՀՀ դրամով: Սա մի շարք հարցեր ու խնդիրներ է առաջացնում: Նաեւ հստակեցման կարիք ունի ռեպո պայմանագրերով եւ ածանցյալ ֆինանսական գործիքներով նախատեսվող վճարումներն արտարժույթով կատարելու հնարավորության հարցը: Առաջարկվում է ռեպո պայմանագրերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների եւ դրանցով նախատեսված վճարումների, կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված արտարժութային պարտատոմսերի գնանշումները եւ դրանց դիմաց արժեկտրոնների վճարումներն իրականացնել այն արժույթով, որով ստանձնվել է պարտավորությունը:

Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը: Գործող օրենքով սահմանված են հատուցման` հինգ եւ տասը միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր` համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ: Նախագծի ընդունման արդյունքում դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափը կավելանա վեց միլիոն դրամով, իսկ արտարժութային ավանդների փոխհատուցման սահմանաչափը` երկու միլիոնով:

Նշվել է, որ փոփոխությունները պայմանավորված են նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչպես նաեւ դրա հետեւանքների հաղթահարման հետագա ժամանակաշրջանում ՀՀ բանկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման, ներգրավված ավանդների  գումարի պահպանմանման ու ավելացման, ավանդների կառուցվածքում դրամային ավանդների տեսակարար կշռի մեծացման անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում բանկային համակարգն առավել մեծ հնարավորություններ կունենա ընդլայնելու տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող վարկային միջոցների ծավալները:

Կառավարության դիրքորոշումը բացասական չէր: Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն` առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել Կառավարության հեղինակած «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի ու Վարազդատ Կարապետյանի «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
 
Առաջին ընթերցումից հետո օրինագծերի վերաբերյալ առաջարկություններ չէին ներկայացվել:

Բյուջետային  գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը հանձնաժողովականներին է ներկայացրել հաշվետվություն` Բյուջետային գրասենյակի 2020 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ:

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի նախագահի վերընտրություն: ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն ընտրվել է ենթահանձնաժողովի նախագահ:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում գյուղնշանակության և բժշկական որոշ ապրանքների արտահանման նկատմամբ• ՀՀ ԿԲ-ն եւ Ֆինանսական ներգրավման դաշինքը կազմակերպել են Ֆինանսական ներգրավման քաղաքականության փորձագետների խմբի նիստը• Հարկել տեսանելի հարստությունը համարժեքորեն. Կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում փոփոխությունները• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ• Բիզնես ստեղծելու գաղափար ունեցող սկսնակներին օժանդակություն կտրամադրվի․ կառավարությունը հաստատեց 19-րդ միջոցառումը• 4 մլրդ դրամ՝ նոր պարեկային ծառայության ներդրման համար• Խորհրդարանը քննարկեց աճուրդով հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը բարձրացնող նախագիծը• ԱԺ-ն քննարկել է ԵԱՏՄ-ի շրջանակում Ղրղզստանի մաքսային արտոնության ժամկետը երկարաձգող արձանագրությունը• ՊԵԿ-Ը ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն