Փետրվարի 28-ին Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի Ղրղզստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ժանարբեկ Ակաեւի հրավերով Բիշքեկում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ղրղզստան բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Սարիկ Մինասյանը եւ Արամ Խաչատրյանը:
Հայ պատգամավորներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիեւան:
Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիեւան ընդգծել է, որ հայկական պատվիրակության հանդիպումները նոր նախագծերի սկիզբ կդառնան եւ նոր որակ կհաղորդեն հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին: Տեղեկացնելով, որ կարեւորում են բարեփոխումները՝ սոցիալական, գենդերային, առողջապահության ոլորտներում, նա նաեւ նշել է, որ 2020 թ-ին Ժոգորկու Քենեշի նոր կազմում նախատեսված է 30% քվոտա կանանց համար:
Միքայել Մելքումյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ այցը բարեկամական խմբերի ձեւաչափով առաջինն է: Իր խոսքում նա առաջարկել է մանրամասն ուսումնասիրել համագործակցության բոլոր ուղիները, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական, հումանիտար ոլորտներում: Միքայել Մելքումյանը կարեւորել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, առողջապահության եւ հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ հավելելով, որ Հայաստանում հաջողությամբ գործում են ՏՏ կենտրոններ: Միքայել Մելքումյանը նշել է, որ 2018թ. Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում հաջողությամբ են ընթանում տարբեր ոլորտներում բարեփոխումները, պետության ուշադրության կենտրոնում են գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը:
Անդրադարձ է կատարվել ոսկերչության ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավոր հեռանկարներին:
Երկու երկրների տնտեսական համագործակցության համատեքստում պատվիրակության ղեկավարն առաջարկել է կազմակերպել բիզնես համաժողովներ, որի ընթացքում հնարավոր կլինի քննարկել տնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները: Կարեւորվել է միջազգային խորհրդարանական հարթակներում պատվիրակությունների համագործակցությունը:
Ժոգորկու Քենեշի Ղրղզստան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի անդամ Աալի Կարաշեւը կարեւորել է այն հանգամանքը, որ երկու երկրներում փոխգործակցությունն ընդլայնելու շատ ընդհանուր ոլորտներ կան: Ըստ նրա՝ Հայաստանի փորձը լեռնաարդյունաբերության ոլորտում հաջողված է: Նա հնարավոր է համարել նաեւ համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում:
Միքայել Մելքումյանը գոհունակությամբ նշել է, որ առաջիկայում ՀՀ Ազգային ժողովը կվավերացնի Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, ինչը եւս կնպաստի երկու երկրների տնտեսությունների զարգացմանը:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն հիմնահարցերին՝ բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ընդգծել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը միջազգային հանրության կողմից:
Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիեւան ընդգծել է, որ ղրղզական կողմը եւս կողմնակից է հակամարտությունների միմիայն խաղաղ կարգավորմանը:
Նույն օրը Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ղրղզստանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայրենակիցների գործունեությանը:
Փետրվարի 29-ին Բիշքեկ կատարած այցի ընթացքում հայկական պատվիրակությանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Էրկին Ասրանդիեւը: Հանդիպմանը քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում երկու անդամ երկրների մոտեցումները՝ համագործակցությունն առավել արդյունավետ եւ դինամիկ իրականացնելու համար: Ընդգծվել է որոշ ապրանքատեսակների գծով մաքսային արտոնություններ տրամադրելու հետ կապված միասնական մոտեցումներով հանդես գալու հնարավորությունները:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться