«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, հաշմանդամությունը սահմանվում է որպես մարդու ֆիզիկական և մտավոր խնդիրների ու շրջակա միջավայրի խոչընդոտների փոխազդեցության արդյունքում գործունեության և մասնակցության սահմանափակում. հաշմանդամություն ունեցող անձ է համարվում այն անձը, ով ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրների և տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում: Այս համատեքստում հաշմանդամությունն այլևս չի դիտարկվում որպես մշտական առողջական խնդիր, այլ ընկալվում է որպես գործունեության սահմանափակումների կրճատմանն ու մասնակցության ընդլայնմանն ուղղված միջամտություններ (աշխատանք, կրթություն, ընտանեկան և համայնքային կյանք, սպորտ ու մշակույթ և այլն)՝ շրջակա միջավայրում առկա ֆիզիկական և վերաբերմունքային խոչընդոտները վերացնելու, լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ու ծառայություններ տրամադրելու միջոցով:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, այս ոլորտում կառավարության և լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցության եւ արդյունավետ սոցիալական ներառման ապահովումը:
Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան
1.Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք կամ կացության կարգավիճակ ունեցող և բնակվող օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաuտանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:
2. Սույն օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարգավորող հարաբերությունները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից եւ (կամ) որքանով որ դրանք կիրառելի են հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
3.Սույն օրենքով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակի, սկզբունքների եւ ուղղությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական եւ իրավական հիմքերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով:
2.Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման, կենսաթոշակների եւ նպաստների նշանակման, վճարման, կասեցման, վերահաշվարկման, վճարումը դադարեցնելու եւ վերսկսելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`
- հաշմանդամություն՝ առողջական խնդիրներ ունեցող անձանց եւ միջավայրային արգելքների (այդ թվում՝ վերաբերմունքի) փոխազդեցության արդյունքում առաջացող երեւույթ (իրավիճակ), որը խոչընդոտում է անձի` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը․
- հաշմանդամություն ունեցող անձ` անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ զգայական տեւական խնդիրների եւ տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում.
- միջավայրային գործոններ` ֆիզիկական եւ սոցիալական միջավայր, որն ազդեցություն է թողնում անձի եւ կենսագործունեության բոլոր ոլորտներում նրա մասնակցության վրա .
ա. ֆիզիկական միջավայր՝ անձին շրջապատող նյութական աշխարհն իր բոլոր դրսեւորումներով(այդ թվում՝ ֆիզիկական, աշխարհայացքային, տեղեկատվական եւ հաղորդակցական), բնակության եւ գործունեության այն վայրը, որտեղ անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում եւ կազմակերպում իր անձնական եւ հանրային կյանքը.
բ. սոցիալական միջավայր` անձին շրջապատող եւ նրա գոյության ու գործունեության հասարակական (այդ թվում՝ հասարակության կողմից դրսևորվող վերաբերմունքը), տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգեւոր պայմանների ամբողջությունը.
4) միջավայրային արգելքներ՝ անձի միջավայրում այնպիսի խոչընդոտող գործոններ (ներառյալ՝ անմատչելի ֆիզիկական միջավայրը, տեղեկատվական եւ հաղորդակցական խոչընդոտները, համապատասխան աջակցող միջոցների բացակայությունը, հաշմանդամության նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքը), որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը եւ խանգարում են հասարակական կյանքին անձի սոցիալական ներառմանը եւ լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը.
- սոցիալական ներառում` հասարակական կյանքին անհատի լիարժեք ներգրավվածությունը եւ ակտիվ մասնակցությունը.
- համընդհանուր դիզայն` ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն, որն առանց շտկումների եւ մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության, յուրաքանչյուր անձի համար առավելագույնս մատչելի է դարձնում ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների օգտագործումը՝ անհրաժեշտության դեպքում չբացառելով հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար աջակցող միջոցների առկայությունը.
- աջակցող միջոցներ՝ ցանկացած ապրանք, գործիք, սարք կամ տեխնոլոգիա, որը հարմարեցված կամ հատուկ կերպով նախագծված է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար: «Աջակցող միջոցներ» եզրույթը չի ներառում բժշկական սարքավորումները, որոնք վիրահատությամբ փոխպատվաստած են կամ փոխարինողն են որևէ սարքի.
- հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիր (այսուհետ նաեւ՝ համալիր ծրագիր)՝ փաստաթուղթ, որին համապատասխան իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը.
- հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիր (այսուհետ նաեւ՝ տարեկան ծրագիր)՝ համալիր ծրագրի շրջանակներում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման եւ պաշտպանության ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը ներառող փաստաթուղթ.
- մատչելիություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության եւ հաղորդակցությունների, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների եւ համակարգերի, ինչպես նաեւ հանրության համար բաց հաստատությունների եւ հանրությանը մատուցվող ծառայությունների՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասանելիությունը քաղաքային եւ գյուղական համայնքներում, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց անկախությունը եւ կենսագործունեության բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցությունն ապահովելն է.
- խելամիտ հարմարեցում՝ անհրաժեշտ եւ համապատասխան փոփոխությունների եւ հարմարեցումների (շտկումների) կատարում, որոնք համաչափ են, չեն առաջացնում անհարկի բեռ եւ ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի մարդու իրավունքներից եւ հիմնական ազատություններից մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվելուն․
անկախ կյանք՝ միջավայրային եւ անհատական գործոնների, ծառայությունների ամբողջություն, որը հաշմանդամություն ունեցող անձին ընձեռում է իր առօրյա կյանքին վերաբերող որոշումները կայացնելու, բնակության վայրը ընտրելու, համայնքում ապրելու, բնակչության համար նախատեսված համայնքային ծառայություններից օգտվելու հնարավորություն հաշմանդամություն չունեցող անձանց հետ հավասարհիմունքներով․
- անձնական օգնական՝ ֆիզիկական անձ, որը տվյալ պահին գտնվում է հաշմանդամություն ունեցող անձի հետ եւ անհատույց կամ դրամական վճարումների դիմաց իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կամ աջակցում (օգնում է) հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները կամ տեղաշարժվելու (այդ թվում՝ փոխադրամիջոցը վարելու միջոցով) կամ հաղորդակցվելու.
- հաշմանդամության հիմքով խտրականություն՝ իրական կամ ենթադրյալ հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և/կամ ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը և/կամ մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը։ Հաշմանդամության հիմքով խտրականությունը ներառում է նաև խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը։
ԳԼՈՒԽ 2
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ,ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
Հոդված 4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգը
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց եւ նրանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման ապահովման շրջանակներում իրականացվող գործառույթների (լիազորությունների) եւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված համալիր միջոցառումների ամբողջություն է:
2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգն ընդգրկում է պետության կողմից երաշխավորված տնտեսական, սոցիալական, առողջապահական, իրավական, կրթական, մշակութային, մարզական եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ բնույթի միջոցառումներ:
3. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգն ուղղված է վարչական, կազմակերպչական, մարդկային, նյութական, տեղեկատվական եւ այլ ռեսուրսների լիարժեք, արդյունավետ, նպատակային օգտագործման եւ համագործակցության միջոցով ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը:
4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգի հիմնական բաղադրիչներն են՝
1) hաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության եւ նրանց սոցիալական ներառման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ նաեւ՝ լիազորած մարմին),
2) պետական կառավարման համակարգի այլ մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմինները,
3) սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ hաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը (այսուհետ նաեւ՝ Ազգային հանձնաժողով),
4) սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված՝ մատչելիության հանձնաժողովը,
5) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝
ա. համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը,
բ. սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերը (աջակցող ցանցը),
գ. միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերը,
6) Մարդու իրավունքների պաշտպանը,
7) հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված՝ սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-վերականգնողական եւ սոցիալ-կրթական միջոցառումներ իրականացնող սուբյեկտները,
8) սույն մասի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված աջակցող ցանցում չընդգրկված, ինչպես նաեւ սույն մասի 6-րդ կետում չնշված այլ կազմակերպություններ եւ ֆիզիկական անձինք, որոնք մասնակցում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված նպատակների իրականացմանը:
Հոդված 5. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգի ֆինանսավորման աղբյուրները
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության եւ նրանց սոցիալական ներառման համակարգի ֆինանսավորումն իրականացվում է՝
1) պետական բյուջեի միջոցներից.
2) համայնքի բյուջեի միջոցներից.
3) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 6. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությունը
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության միասնական պետական քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականությունն իրականացվում է համալիր եւ տարեկան ծրագրերին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց ոլորտների զարգացման ծրագրերում հաշվի են առնում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ ուղղությունները` այդ ծրագրերում ներառելով համապատասխան միջոցառումներ:
4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակն է՝
1) հաշմանդամության հիմքով խտրականության բացառումը եւ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավումը,
2) հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով իրենց իրավունքները եւ ազատություններն իրականացնելու եւ օրինական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումը,
3) հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության նպատակով մատչելի պայմանների եւ հնարավորությունների ապահովումը:
Հոդված 7. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
- խտրականության բացառումը,
- հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության, - ինքնուրույնության, ազատ ընտրության եւ անկախության նկատմամբ հարգանքը,
- հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում,
- հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերի, - նախապաշարումների վերացումը,
- hաշմանդամություն ունեցող անձանց տարբեր լինելու նկատմամբ հարգանքը եւ նրանց` որպես մարդկային բազմազանության եւ մարդկության մաս ընդունելը, աշմանդամություն ունեցող անձանց աշխատելու իրավունքի նկատմամբ հարգանքը,
- հնարավորությունների հավասարությունը՝ անկախ հաշմանդամությունից օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով իրենց իրավունքները եւ ազատություններն իրականացնելու, օրինական շահերը պաշտպանելու հնարավորություններ ունենալը,
- հավասարությունը տղամարդկանց և կանանց միջև ,
- հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների հասանելիությունը եւ հասցեականությունը,
մատչելիությունը,
- հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների եւ իրենց անհատականությունը պահպանելու իրավունքի նկատմամբ հարգանքը եւ երեխայի լավագույն շահը,
- հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց խոսքի ազատության նկատմամբ հարգանքը,
- համագործակցությունը եւ սոցիալական գործընկերության ապահովումը, այն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների, ինչպես նաեւ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում նշված այլ սուբյեկտների եւ աջակցող ցանցի մասնակցության ապահովումը հաշմանդամություն ունեցող անձանց կյանքին վերաբերող քաղաքականությունների եւ ծրագրերի մշակման, իրականացման, մշտադիտարկման եւ գնահատման գործընթացին՝ նրանց համար մատչելի եղանակով,
- պետական եւ համայնքի բյուջեի միջոցներից կատարվող ֆինանսավորման համընդհանուր ներառականությունը, այդ թվում՝ պետական կամ համայնքային բյուջեների միջոցների հաշվին ձեռք բերվող ապրանքների եւ ծառայությունների հնարավորինս համապատասխանությունը համընդհանուր դիզայնի սկզբունքներին։
Հոդված 8. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական ուղղությունները
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`
1) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության եւ նրանց սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմանների, հավասար հնարավորությունների, կազմակերպական եւ իրավական հիմքերի ապահովումը` անկախ հաշմանդամության առաջացման պատճառից, բնույթից, ծանրության աստիճանից եւ այլ հանգամանքներից,
2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ապահովումը՝ զբաղվածությանը, կրթությանը եւ կենսագործունեության այլ ոլորտներում նրանց լիարժեք մասնակցությունն ապահովելու նպատակով,
3) համընդհանուր դիզայնի սկզբունքների առավելագույն պահպանումը, դրանց հիման վրա ստանդարտների մշակումը և հաստատումը, հետազոտությունների իրականացումը, կրթական և իրազեկվածության բարձրացման ծրագրերի իրականացումը,
4) հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ պարագաների, աջակցող տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների, ապրանքների ներդրման խթանումը,
5) աջակցող միջոցների (ապրանքների եւ ծառայությունների) ստեղծմանը եւ կիրառմանը միտված աշխատանքների, ծրագրերի, միջոցառումների իրականացումը եւ (կամ) խրախուսումն ու խթանումը,
6) հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող միջոցների վերաբերյալ տեղեկությունների մատչելիության եւ հասանելիության ապահովումը՝ նրանց առանձնահատուկ կարիքների բավարարման եւ նրանց մասնակցության ընդլայնման նպատակով,
7) հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, այդ թվում՝ շինությունների, տրանսպորտային միջոցների, սարքավորումների, համընդհանուր օգտագործման ապրանքների, ինչպես նաեւ տեղեկատվության եւ հաղորդակցության (այդ թվում՝ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների), այլ ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովումը,
8) համայնքներում մատչելի ծառայությունների ստեղծումն ու զարգացումը, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի, համայնքում ներառվելու, ընտանեկան կամ դրան մոտ միջավայր ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը եւ դրանց բարելավումը,
9) հաշմանդամություն ունեցող անձանց` բնակավայր, կրթություն, մասնագիտություն, աշխատանք, ապրելու եւ ինքնադրսեւորվելու համար անհրաժեշտ միջավայր ընտրելու, ինչպես նաեւ որակյալ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքի իրականացման ապահովումը,
10) հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական ներառմանը միտված միջոցառումների, մատուցվող ծառայությունների եւ տրամադրվող աջակցող միջոցների մատչելիության, հասանելիության եւ հասցեականության ապահովումը,
11) ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը՝ իրականացման համար մատչելի պայմանների, անհրաժեշտ երաշխիքների, կազմակերպական եւ իրավական հիմքերի ապահովմամբ,
12) հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման գործընթացի ապահովումը,
13) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության եւ նրանց սոցիալական ներառման բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը,
14) հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաների խնամքն ընտանիքում կազմակերպելու առաջնայնությունը (հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը):
Հոդված 9. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) մշակում եւ իրականացնում է միասնական պետական քաղաքականությունը,
2) հաստատում է`
ա. համալիր ծրագիրը,
բ. տարեկան ծրագիրը եւ այն պետական բյուջեի կազմում ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով,
գ. ծառայությունների անհատական ծրագրերի կազմման եւ իրականացման կարգը,
դ. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրելու կարգերը,
ե. հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու, դրանց գնային արժեքը որոշելու կարգերը,
զ. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության եւ հաղորդակցության մատչելիությունն ապահովող ընդհանուր պահանջները,
3) իրականացնում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 10. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հանդիսանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Լիազորած մարմինը՝
- իր իրավասությունների շրջանակներում մշակում եւ իրականացնում է կառավարության՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության քաղաքականությունը,
- մշակում է համալիր եւ տարեկան ծրագրերի նախագծերը եւ դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը,
- իր իրավասությունների շրջանակներում վերահսկողություն է իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ,
- իր իրավասությունների շրջանակներում, մշակում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի նախագծերը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն,
- համագործակցում է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող, հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունների, սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում նշված այլ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ աջակցող ցանցի հետ,
- իր իրավասությունների շրջանակներում կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման գործընթացը,
- իր իրավասությունների շրջանակներում աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների վերացմանն ուղղված հետազոտությունների իրականացմանը,
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման վերաբերյալ մշակում եւ հաստատում է մեթոդական ուղեցույցներ,
- զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակում է մատչելի տեղեկատվություն` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների, դրանց կարգավորմանն ուղղված ծառայությունների եւ հաստատությունների վերաբերյալ, էլեկտրոնային պաշտոնական կայքէջում հրապարակում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների մասին տեղեկատվություն,
- իրականացնում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 11. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիրը
1. Համալիր ծրագիրն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական եւ արդյունավետ իրականացումը: Համալիր ծրագիրը կազմվում է, հաշվի առնելով սույն օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակները, սկզբունքներն ու ուղղությունները:
2. Համալիր ծրագիրը ներառում է՝
1) հիմնական նպատակը,
2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում իրավիճակի, վիճակագրական եւ այլ տվյալների վերլուծությունը, գնահատումներն ու կանխատեսումները,
3) իրականացվելիք աշխատանքների (միջոցառումների, ծրագրերի, գործողությունների) բնույթը, ծավալները, առաջնահերթությունները եւ ժամկետները, այդ թվում՝
ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովող սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-կրթական, սոցիալ-վերականգնողական միջոցառումները, օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ միջոցառումները (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունները),
բ. հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ միջավայրային գործոնների ապահովման համար իրականացվելիք աշխատանքները, այդ թվում՝ նրանց համար ֆիզիկական միջավայրի, ինչպես նաեւ տեղեկատվության եւ հաղորդակցության, այլ ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները,
գ. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված այլ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ գործողությունները,
դ. հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպություններին տրամադրվող պետական աջակցության եղանակները,
4) սույն մասի 3-րդ կետում նշված աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները,
5) ակնկալվող արդյունքները՝ ընթացիկ եւ վերջնական թիրախային ցուցանիշները,
6) սույն մասի 3-րդ կետում նշված աշխատանքների նկատմամբ մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը,
7) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են համալիր ծրագրի համակողմանի ներկայացման համար:
1. Համալիր ծրագրի նախագիծը մշակում է լիազորած մարմինը:
2. Լիազորած մարմինը համալիր ծրագրի նախագիծը ներկայացնում է Ազգային հանձնաժողով, որը քննարկում եւ ներկայացնում է իր գրավոր դիրքորոշումը դրա վերաբերյալ: Ազգային հանձնաժողովի դիրքորոշումն ստանալուց եւ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելուց հետո լիազորած մարմինը համալիր ծրագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Համալիր ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3.Համալիր ծրագիրը մշակվում է առնվազն հինգ տարվա ժամանակահատվածի համար, իսկ աշխատանքների տարեկան համամասնություններն արտացոլվում են տարեկան ծրագրում:
Հոդված 12. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիրը
Տարեկան ծրագիրը ներառում է բյուջետային տարում իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը՝ համալիր ծրագրի շրջանակներում: Տարեկան ծրագիրը, ի թիվս սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված՝ տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ տեղեկությունների, պետք է ներառի նաեւ՝
1) տարեկան ծրագրի հիմնական խնդիրները,
2) հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանված (սահմանվելիք) արտոնությունները, դրանց ծավալները, ձեւերը, այդ թվում՝ այն բոլոր ծառայությունները, որոնցից հաշմանդամություն ունեցող անձինք պետք է օգտվեն անվճար կամ արտոնյալ հիմունքներով, այդ ուղղությամբ ձեռնարկվող (նախատեսվող) միջոցառումները,
3) պետական բյուջեի շրջանակներում տրամադրվող (տրամադրվելիք) ծառայությունների, ձեռնարկվող (նախատեսվող) միջոցառումների ծավալները, ձեւերը,
4) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են տարեկան ծրագրի համակողմանի ներկայացման համար։
1. Լիազորած մարմինը, յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաջորդ բյուջետային տարվա տարեկան ծրագրի նախագիծը:
2. Լիազորած մարմինը տարեկան ծրագրի նախագիծը ներկայացնում է Ազգային հանձնաժողով, որը քննարկում եւ ներկայացնում է իր գրավոր դիրքորոշումը դրա վերաբերյալ: Ազգային հանձնաժողովի դիրքորոշումն ստանալուց եւ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելուց հետո լիազորած մարմինը տարեկան ծրագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
3. Տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում:
4. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է:
Հոդված 13. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը
1. Ազգային հանձնաժողովը ստեղծվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականությանն աջակցելու նպատակով: Ազգային հանձնաժողովը խորհրդակցական մարմին է եւ գործում է հասարակական հիմունքներով` սույն օրենքին եւ իր աշխատակարգին համապատասխան: Տարվա ընթացքում Ազգային հանձնաժողովի նիստերից մեկը Ազգային հանձնաժողովի աշխատակարգով նախատեսված կարգով եւ դեպքերում գումարվում է վարչապետի կամ վարչապետի հանձնարարությամբ՝ համապատասխան փոխվարչապետի մոտ:
2. Ազգային հանձնաժողովի անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատում է վարչապետը՝ լիազորած մարմնի ներկայացմամբ: Ազգային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են շահագրգիռ պետական մարմինների (ենթակա պետական մարմինների) եւ հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչները (համաձայնությամբ)՝ հավասար քանակով ներկայացուցչության սկզբունքով: Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրությունը կատարվում է այդ կազմակերպությունների կողմից: Ազգային հանձնաժողովում համապատասխան պետական մարմինը (ենթակա պետական մարմինը) ներկայացնում է այդ մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը։ Ազգային հանձնաժողովի կազմում, իրենց համաձայնությամբ կարող են ընդգրկվել նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ եւ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Ազգային հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ այդ մասին նիստից առնվազն մեկ օր առաջ դիմում ներկայացնելով Ազգային հանձնաժողովի նախագահին: Ազգային հանձնաժողովի նիստերը դռնբաց են:
3.Ազգային հանձնաժողովի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության իրականացմանն աջակցելն է:
4.Ազգային հանձնաժողովն օրենքով եւ իր աշխատակարգով սահմանված կարգով`
1) քննարկում է համալիր եւ տարեկան ծրագրերի նախագծերը եւ դրանց վերաբերյալ իր գրավոր դիրքորոշումները ներկայացնում լիազորած մարմին,
2) ուսումնասիրում է տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը եւ դրա վերաբերյալ լիազորած մարմնին ներկայացնում իր առաջարկությունները,
3) լիազորած մարմին է ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացմանը խոչընդոտող գործոնների վերացման վերաբերյալ առաջարկություններ,
4) լիազորած մարմին է ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, այդ թվում՝ շինությունների, սարքավորումների, համընդհանուր օգտագործման ապրանքների, ինչպես նաեւ տեղեկատվության եւ հաղորդակցության (այդ թվում՝ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների), այլ ծառայությունների մատչելիությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ,
5) լիազորած մարմին է ներկայացնում առաջարկություններ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում օրենսդրության կատարելագործման ուղղությամբ,
6) համագործակցում է լիազորած մարմնի, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման այլ մարմինների եւ կազմակերպությունների հետ,
7) աջակցում է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների եւ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում նշված սուբյեկտների՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում համագործակցության աշխատանքներին,
8) մասնակցում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման նկատմամբ մշտադիտարկման եւ գնահատման գործընթացին,
9) քննարկում է ֆունկցիոնալության գնահատման գործընթացին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության արդյունքները եւ համապատասխան դիտարկումները, առաջարկություններ է ներկայացնում լիազորած մարմին` վերհանած խնդիրների կարգավորման ուղղությամբ,
10) կարող է հանդես գալ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կարգավորման վերաբերյալ հայտարարություններով:
1. Ազգային հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Երեւան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման խնդիրների համապարփակ կարգավորմանն աջակցելու նպատակով ստեղծվում են նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երեւան քաղաքի եւ մարզային հանձնաժողովներ (այսուհետ` Հանձնաժողովներ), որոնք խորհրդակցական մարմիններ են եւ գործում են հասարակական հիմունքներով` սույն օրենքին եւ իրենց աշխատակարգին համապատասխան: Հանձնաժողովների անհատական կազմերը եւ աշխատակարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների, իսկ Երեւանում` Երեւանի քաղաքապետի կողմից: Հանձնաժողովների կազմում ընդգրկվում են տեղական ինքնակառավարման մարմինների եւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (համաձայնությամբ)՝ հավասար քանակով ներկայացուցչության սկզբունքով: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրությունը կատարվում է այդ կազմակերպությունների կողմից: Հանձնաժողովների նիստերին կարող են հրավիրվել շահագրգիռ այլ կազմակերպություններ կամ անձինք:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԸ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄԸ
Հոդված 14․ Հաշմանդամության հիմքով խտրականության արգելքը
Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելվում է։
Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկում են համապատասախան միջոցներ՝ ուղղված՝
- հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ հաշմանդամության հիմքով խտրականության կանխարգելմանը․
- հաշմանդամության հիմքով խտրականության ենթարկված անձանց իրավունքների եւ օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը․
- հատուկ ժամանակավոր միջոցների կիրառմանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ փաստացի հավասարությանը հասնելու եւ նրանց հիմնարար ազատություններն ու իրավունքներն ապահովելու նպատակով:
Հոդված 15. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառումը
1. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառման նպատակով իրականացվող միջոցառումները միտված են բարենպաստ միջավայրային գործոնների ստեղծմանը, միջավայրային արգելքների հաղթահարման
2. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառումն իրականացվում է ծառայությունների անհատական ծրագրի համաձայն՝ առողջապահության, կրթության եւ զբաղվածության մատչելիությունը խթանող, վերականգնողական եւ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ միջոցառումների իրականացման (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների տրամադրման) միջոցով:
3.Առողջապահության մատչելիությունը խթանող միջոցառումները միտված են ապահովելու բժշկական ծառայությունների ներառականությունը եւ արդյունավետությունը:
4. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն ուղղված միջոցառումները միտված են հաշմանդամություն ունեցող անձի զբաղվածությունը խթանելուն և ապահովելուն, այդ թվում՝ զբաղվածության ծրագրերի հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու, անձի մասնագիտական ունակությունները, հմտությունները, կարողությունները պահպանելու եւ զարգացնելու, աշխատատեղը մատչելի դարձնելու (աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ տրամադրելու) եւ այլ միջոցներով։
5.Վերականգնողական միջոցառումները միտված են անձի համար սոցիալական, այդ թվում՝ անկախ կյանքի հմտությունների պահպանմանն ու զարգացմանը: Վերականգնողական գործընթացի ավարտից հետո հաշմանդամություն ունեցող անձի համար ապահովվում է արժանապատիվ կենսագործունեության համար անհրաժեշտ աջակցություն:
6.Կրթության մատչելիությունը խթանող միջոցառումները միտված են անձի մտավոր կարողությունները, անհատականությունը, տաղանդը եւ ստեղծագործական միտքը զարգացնելուն, այդ թվում՝ բոլոր ուսումնական և կրթական հաստատություններում ներառական կրթական ծրագրերի ու անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունն ու մատչելիությունը ապահովելու միջոցով:
7.Առողջապահության, կրթության եւ զբաղվածության մատչելիությունը խթանող եւ վերականգնողական միջոցառումներն իրականացնող մարմինները, կազմակերպությունները եւ հիմնարկները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:
ԳԼՈՒԽ 5
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների իրականացումը, ապահովումը, խթանումը և ազատությունների պաշտպանությունը
1. Հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, նրանց իրավունքների իրականացման ու պարտականությունների կատարման համար, կարող են սահմանվել առավել բարենպաստ պայմաններ ստեղծող հատուկ միջոցներ, այդ թվում՝ մյուսների հետ համահավասար հնարավորություններ ապահովելու նպատակով: Հատուկ միջոցները, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ համահավասար հնարավորություններ ապահովելուն, չեն կարող դիտարկվել որպես խտրականություն, եթե դրանք համաչափ են, նպատակահարմար ու անհրաժեշտ՝ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար:
2.Պետությունն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը եւ աջակցում է դրանց լիակատար իրականացմանը` առանց հաշմանդամության հիմքով որեւէ խտրականության, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվում է հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով, ուղղակիորեն կամ ազատ կերպով ընտրված ներկայացուցիչների միջոցով արդյունավետ ու լիարժեք մասնակցությունը քաղաքական ու հասարակական կյանքին, ներառյալ քվեարկելու եւ ընտրվելու նրանց իրավունքը եւ հնարավորությունը։
3.Հաշմանդամություն ունեցող երեխաներին վերաբերող բոլոր ոլորտների քաղաքականություններում եւ ծրագրերում, գործողություններում եւ այլ միջոցառումներում պետությունը կարեւորում է հաշմանդամություն ունեցող երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունը եւ առաջնորդվում է դրանց առավելագույն պաշտպանության անհրաժեշտությամբ: Երեխայի կարծիքը ենթակա է նրա տարիքին եւ հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության՝ հաշվի առնելով երեխաների զարգացող կարողությունները: Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց առողջական վիճակին եւ տարիքին համապատասխան աջակցության տրամադրումը՝ իրենց իրավունքներն իրականացնելու համար:
4.Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած՝ ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները), վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում, այլ հավասար պայմանների դեպքում, oգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:
5.Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած և պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերի համար առնվազն անցումային միավորներ հավաքած՝ ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատությունների անվճար համակարգեր:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե ուսումնառության ընթացքում ֆունկցիոնալության գնահատման արդյունքում նրանց ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում չի սահմանվել:
7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում առկա (ստացիոնար) ձևով ուսուցանող՝ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք շարունակում են մնալ անվճար համակարգում, եթե ուսումնառության ընթացքում ֆունկցիոնալության գնահատման արդյունքում սահմանվել է միջին աստիճանի սահմանափակում։
8. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորողները տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար ուսուցման համակարգ, եթե ուսումնառության ընթացքում ֆունկցիոնալության գնահատման արդյունքում նրանց սահմանվել է ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի, իսկ երեխաների դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում:
9.Սույն հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով սահմանված հիմքերով պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում առկա (ստացիոնար) ձևով ուսուցանող՝ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, ստանում են կրթաթոշակ՝ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունենալու ամբողջ ժամանակահատվածում, անկախ ստացվող այլ նպաստներից, թոշակներից կամ այլ դրամական վճարումներից: Այդ անձանց կրթությունը և ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ:
10.Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն այլ անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակին և չափանիշներին համապատասխանող բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով:
Ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ունեն անվճար դեղեր ստանալու իրավունք: Անվճար բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ դեղեր տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
11. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալականաջակցությունը դրամական վճարումների (նպաստների, միանվագ վճարումների և այլն) ձևով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
12. Պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովվում է արդարադատության մատչելիության իրավունքի իրականացումը` ստեղծելով հավասար հնարավորություններ եւ մատչելի պայմաններ նրանց մասնակցությունը դատական գործընթացներին ապահովելու համար:
13. Պետությունը ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ միջոցներ` կանխելու հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելը:
14. Պետությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը եւ ապահովությունը արտակարգ իրավիճակներում: Հատուկ միջոցների իրականացման պայմանները սահմանվում են արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
15. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց համայնքում ապրելու, հանրությանը հասանելի ծառայություններից օգտվելու իրավունքը, այդ թվում՝ մյուսների հետ համահավասար հիմունքներով ընտրություն կատարելու հնարավորությամբ, ինչպես նաեւ համայնքից չմեկուսացվելու իրավունքը` համապատասխան ծառայություններ մատուցելու միջոցով (այդ թվում` անհատական աջակցություն, տնային սպասարկում եւ այլն):
16. Հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկների շահերն ու իրավունքները համակարգված ձեւով պետք է ընդգրկվեն կանանց, մանկության եւ հաշմանդամության վերաբերյալ ազգային ռազմավարություններից բխող, ինչպես նաեւ ոլորտային բարեփոխումներին միտված գործողությունների ծրագրերում:
17. Հաշմանդամություն ունեցող անձինք ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկման դատապարտված անձանց պահելու համար նախատեսված վայրերում, ապահովվում են համապատասխան պայմաններով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համալիր եւ տարեկան ծրագրերի համաձայն: Ազատազրկման վայրում եւ նախնական կալանքի տակ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է անհրաժեշտ իրավաբանական, բժշկական, սոցիալ-հոգեբանական օգնություն եւ տեղեկություններ` իրենց համար մատչելի եղանակով, ինչպես նաեւ իրականացվում են այդ անձանց սոցիալական ներառմանն ուղղված համապատասխան միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
18.Պետությունը երաշխավորում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական աջակցությունը դրամական վճարումների (նպաստների, միանվագ վճա ումների և այլն) ձևով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաշմանդամություն ունեցող անձինք ամուսնության և ընտանեկան հարաբերությունները լիարժեքորեն իրականացնելու նպատակով իրավունք ունեն՝
1) ազատ և լիակատար համաձայնության հիման վրա ամուսնանալ և ընտանիք կազմել,
2) ազատ և պատասխանատու որոշումներ կայացնել երեխաների թվի և նրանց ծնվելու ժամկետների մասին, ստանալ մատչելի տեղեկություններ վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման վերաբերյալ, ինչպես նաև ստանալ այդ իրավունքներն իրացնելու համար անհրաժեշտ միջոցները,
3) խնամակալության, հոգաբարձության, խնամատարության ու երեխաների որդեգրման, ստանալ աջակցություն ծնողական պարտականությունները կատարելու ընթացքում:
Պետությունը ձեռնարկում է միջոցներ, որպեսզի երեխան չբաժանվի (չառանձնացվի) հաշմանդամություն ունեցող ծնողից (ծնողներից) նրանց հաշմանդամության պատճառով, ծնողի (ծնողների) կամքին հակառակ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները (անկախ կազմակերպաիրավական ձևից), յուրաքանչյուրն իր մասով, ապահովում են հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող մասնագետների վերապատրաստումը և (կամ) ուսուցումը և (կամ) վերաորակավորումը, տեսական և գործնական գիտելիքների տրամադրումը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների, դրանց վերաբերյալ ժամանակակից մոտեցումների ու սկզբունքների, մատուցվող ծառայությունների, էթիկայի կանոնների, հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովման և այլ գործընթացների վերաբերյալ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` օրենքի նախագիծ) հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակություն ներառելուն ուղղված քաղաքականությունը և օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին (այսուհետ` Կոնվենցիա), որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության ԱԺ կողմից և ուժի մեջ մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ից:
Նախագծի մշակման պահանջը սահմանված է ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով (Ազգային օրենսդրության համապատասխանեցում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին):
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունած Հայաստանի Հանրապետության օրենքով, որով հիմնականում սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության սկզբունքները և մոտեցումները: Գործող օրենքում ամրագրված մոտեցումները չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին և մոտեցումներին:
Հայաստանի Հանապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչնդոտ է հանդիսանում նրանց սոցիալական ներառման համար: Հաշմանդամության հիմքով խտրականությունը ևս խոչընդոտում է սոցիալական ներառմանը:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, այս ոլորտում կառավարության և լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները
Օրենքի նախագծում սահմանված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր և տարեկան ծրագրերի վերաբերյալ դրույթներ:
Նախագծով սահմանվում է նաև դրույթ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի վերաբերյալ: Հանձնաժողովի նպատակներից են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման գործընթացի վրա համապատասխան իրավական ակտերի ներգործության աստիճանի և կիրառելիության ուսումնասիրությունը և վերլուծությունը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ռազմավարությունների, տարեկան ծրագրի, հաշվետվությունների և դրանց կատարումն ապահովող այլ փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը, հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման և դրանց իրականացման գործընթացի մոնիթորինգի իրականացումը:
Սահմանվել են դրույթներ հաշմանդամության հիմքով խտրականությունը արգելելու համար: Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հավասար պայմաններ ապահովելու նպատակով սահմանվել են դրույթներ ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցման ապահովման վերաբերյալ: Ընդ որում, պահանջ է դրվել այդ իրավունքենրն ապահովել ունիսվեսալ դիզայնի սկզբունքների համաձայն: Նախագծում սահմանվել են նաև ունիվերսալ դիզայնի սկզբունքները: Ունիվերսալ դիզայնի սկզբունքներին համաձայն մատչելիությունն ապահովելու անհնարինության դեպքում սահմանվել են դրույթներ խելամիտ հարմարեցումների համար: Մասնավորապես, աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում՝ գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի հետ ինտերակտիվ երկխոսության միջոցով։
Նախագծով պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում (հոդված 33՝ Ներպետական կիրարկումը և վերահսկումը) իր մտահոգությունն է արտահայտում ներպետական վերահսկման մեխանիզմին հատկացվող միջոցների պակասի և վերահսկման գործընթացին հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների ոչ բավարար մասնակցության առումով: Նույն հոդվածով Կոմիտեն հանձնարարում է, որ մասնակից պետությունը հատկացնի անհրաժեշտ ֆինանսավորում՝ անկախ վերահսկման մեխանիզմի գործունեության համար և ապահովի հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների լիարժեք մասնակցությունը վերահսկման գործընթացին։
Անհերքելի փաստ է, որ չնայած սահմանված պահանջներին, պարբերաբար խախտվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելությունն ապահովելուն առնչվող նորմերը (քաղաքաշինության և այլ ոլորտներում): Մատչելիության վերահսկողության և խթանման նպատակով նախագծով նախատեսվում է ստեղծել մատչելիության հանձնաժողով: Հանձնաժողովը ստեղծվում է որպես ինքնավար պետական մարմին, որի առջև դրվում են մատչելիության պաշտպանության, մատչելիության ապահովման նկատմամբ վերահսկողության, համընդհանուր դիզայնի սկզբունքների ապահովման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծման, հանրային իրազեկվածության բարձրացման և այլ խնդիրներ: Հանձնաժողովը կնպաստի մշակված նորմերի կիրառմանը տուգանքների նշանակման, համապատասխան խորհրդատվություն տրամադրելու և մեթոդական ուղեցույցներ մշակելու և այլ գործողությունների միջոցով: Նախագծում սահմանվել են նաև հանձնաժողովի գործառույթները, կազմավորման կարգը, անդամներին ներկայացվող պահանջները և նրա գործունեության իրականացման վերաբերյալ այլ դրույթներ:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
5. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը անհրաժեշտ իրավական հիմքեր կստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովման, hասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրանց իրավունքների իրացումն ապահովելու համար` բացառելով հաշմանդամության հիմքով խտրականությունը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
« ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունման դեպքում անհրածեշտ կլինի մշակել հետևյալ իրավական ակտերը՝
«Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում,
«Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Անհրաժեշտ փոփոխությունները յուրաքանչյուր տարի կնախատեսվեն պետական բյուջեի հայտերում և կիրականացվեն պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться