ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՇՈՒՇԱՆԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ԵՎ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԻՍԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Հունվարի 20-ին ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը և ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Հայաստան վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից և հարկերից ազատելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:
Ներկայումս գործող իրավական կարգավորումներով, եթե անձը 5 տարի բացակայել է ՀՀ-ից, նա ստանում է ներմուծման որոշակի արտոնություններ Հայաստան մշտական վերադառնալու դեպքում: Նոր կարգավորումներով 5 տարվա սահմանաչափը նվազում է և դառնում է 3 տարի։ Նոր նախաձեռնությամբ կարգավորվում է նաև ՀՀ-ից մեկնելիս սահմանված կարգով հաշվառումից դուրս չեկած անձանց արտոնության տրամադրման հարցը։
Մասնավորապես, «Մաքսային կարգավորումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու ճանապարհով նախատեսվում է կարգավորում, համաձայն որի, եթե անձը փաստացի, 3 տարի անընդմեջ կամ մշտապես չի բնակվել Հայաստանում, կամ 3 տարվա մեջ յուրաքանչյուր տարվա կտրվածքով չի բնակվել 184 օր և ավելի, նա համարվում է օտարերկրյա ֆիզիկական անձ և կարողանում է օգտվել արտոնություններից, որոնք վերաբերում են անձնական գույքի և մեքենայի ներկրմանը: Ներկրվող մեքենան պետք է լինի տվյալ անձի սեփականությունը և հաշվառված լինի նրա անունով առնվազն 6 ամիս:
Անհրաժեշտ է նշել, որ ԵԱՏՄ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների համաձայն՝ ՀՀ–ում հաշվառված անձինք չեն կարող դիտարկվել որպես մշտական բնակության ժամանող անձ, քանի որ նրանք հանդիսանում են ոչ թե օտարերկրյա, այլ Միության ֆիզիկական անձ։
«Այս արտոնությունից յուրաքանչյուր քաղաքացի կարող է օգտվել 1 անգամ և ներկրելիս ամբողջությամբ ազատվել հարկերից: Նման բարեփոխումների նպատակն է հայրենադարձության խթանումը», - ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: Հարկ է նշել, որ խոսքը գնում է մաքսային վճարներից ազատման մասին, որի մեջ չի ներառվում բնապահպանական հարկը (տրանսպորտային միջոցների համար), քանի որ Միության օրենսդրության տեսանկյունից այն մաքսային վճար չի համարվում։
Ներսիսյանի խոսքով՝ կարևոր փոփոխություն է նաև այն, որ եթե անձը 1 տարի բացակայել է երկրից, անկախ նրանից՝ նա ՀՀ քաղաքացի է, թե ոչ, նրան կտրամադրվի 5 հազ. եվրոյի չափով արտոնություն, որի մեջ տրասպորտային միջոցների ներմուծումն ընդգրկված չէ: Ներսիսյանն ընդգծել է, որ այս արտոնությունից յուրաքանչյուր քաղաքացի կարող է օգտվել 3 տարին մեկ:
Ըստ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ անձը, վերադառնալով Հայաստան և դիմելով առաջին անգամ մշտական կացության, քաղաքացիության համար, 6 ամսվա ընթացքում հաշվառվում է, ստանում համապատասխան փաստաթուղթ, որն էլ ներկայացնում է մաքսային մարմին և հաշվառման պահից սկսած 18 ամսվա ընթացքում կարող է իր գույքը տեղափոխել առաջարկվող արտոնության շրջանակներում:
Բացի հիմնական թիրախային փոփոխություններից օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում են բարեփոխումներ, որոնք կնպաստեն վարչարարության դյուրացմանը: Վերանայվել է նաև արտոնություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Բանախոսները նշել են, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք գալիս են Հայաստան մշտական բնակվելու, հենց սահմանին որևէ խնդրի չբախվեն:
ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ մաքսային մարմնի կողմից իրականացվող վարչարարությունը խիստ կլինի բոլոր այն դեպքերի համար, երբ արտոնությունները չարաշահելով՝ քաղաքացիները կփորձեն առանց մաքսազերծման որևէ ապրանք Հայաստան ներմուծել:
«Մաքսային կարգավորումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը դեկտեմբեր ամսին դրվել է շրջանառության մեջ: Առաջիկայում նախատեսվում է ներկայացնել կառավարություն հավանությանը, որը ստանալու դեպքում՝ այն կքննարկվի Ազգային ժողովում:
petekamutner.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться