2019 թվականի հունիսի 28-ին ընդունվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՕ-113-Ն օրենքը (այսուհետ` Օրենք), որով նախատեսված է սահմանել պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) հարաբերությունները, իրականացման չափանիշները, ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը և կիրառելի սկզբունքները: Օրենքի նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման և կառավարման նպատակով սահմանել անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքեր:
Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերությունից բխող իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումը նպատակ ունի խթանելու երկրում հանրային ենթակառուցվածքների բարելավումը, ստեղծելու Հայաստանում հաջողակ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրագործման, խթանման և կառավարման համար բարենպաստ օրենսդրական և ինստիտուցիոնալ միջավայր, որը կհամապատասխանի պետություն-մասնավոր գործընկերության միջազգային լավագույն փորձին:
Նախագծի ընդունումը կապահովի պետություն-մասնավոր գործընկերության իրականացման չափանիշների, ընթացակարգերի և կիրառելի սկզբունքների համաձայն պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի արդյունավետ մշակումը և իրականացումը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 11-րդ, 14-րդ և 23-րդ կետերը, 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ , 4-րդ և 7-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, 12-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 1-ին մասը, 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և 25-րդ հոդվածի 2-րդ մասը, 26-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը (ՊՄԳ ընթացակարգեր)՝ համաձայն N 1 հավելվածի:
Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն մշակող մարմնի ղեկավարի կողմից հաստատվող ուղեցույցների ցուցակը` ըստ դրանց ընդունման ժամկետների՝ համաձայն N2 հավելվածի:
Սահմանել, որ`
Պետություն-մասնավոո գործընկերության ծրագրերն իրականացվելու են հետևյալ ոլորտներում.
ա․ էներգետիկա (գազ, էլեկտրաէներգիա և ջեռուցում, վերականգնվող էներգետիկ և էներգախնայող համակարգեր).
բ․ ջրային տնտեսություն (ջրամատակարարում, ջրի մաքրում և բաշխում, կեղտաջրերի հավաքում և մաքրում և ոռոգման համակարգեր).
գ․ մայրուղիներ, ճանապարհներ և ճանապարհային կառույցներ (ինչպիսին են՝ կամուրջները և թունելները), երկաթուղիներ, մետրոյի համակարգեր, ավտոկայարաններ և ավտոբուսային տրանսպորտի հետ կապված այլ ենթակառուցվածքներ ու ծառայություններ, հանրային տրանսպորտի այլ ծառայություններ, օդանավակայաններ և տրանսպորտային այլ ենթակառուցվածքներ.
դ. վերելակային տնտեսություն.
ե․ կոշտ թափոնների հավաքում, մշակում և հեռացում.
զ․ համայնքային ավտոկայանատեղիներ և համայնքային այլ ծառայություններ.
է․ փոստային ենթակառուցվածքներ և ծառայություններ.
ը․ առողջապահություն.
թ․ կրթություն:
Պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն մշակող մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է։
Պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է։
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1241-Ն որոշումը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
-ի N -Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն ընթացակարգերը սահմանում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք)2-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ` ՊՄԳ) ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներին առնչվող հիմնական փուլերի նկատմամբ կիրառելի կանոնները:
ՊՄԳ ընթացակարգերի նպատակը ՊՄԳ ծրագրերի արդյունավետ մշակումն ու իրականացումն է:
ՊՄԳ ձևաչափով իրականացման համար գնահատվող ծրագրի զուտ ներկա արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործվող զեղչման (դիսկոնտավորման) դրույքը կազմում է 11 (տասնմեկ) տոկոս:
Սոցիալական ոլորտի (առողջապահական և կրթական), ինչպես նաև աղքատության կրճատումը թիրախավորող ծրագրերի տնտեսական շահութաբերության ներքին դրույքի նվազագույն շեմը 6 (վեց) տոկոս է, իսկ մնացած բոլոր ծրագրերի համար՝ 9 (ինը) տոկոս:
Օրենքով նախատեսված ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմնի ղեկավարի կողմից կարող են սահմանվել ՊՄԳ ծրագրերի մշակման և իրականացման գործընթացների նկատմամբ կիրառելի ուղեցույցներ (այսուհետ` ուղեցույցներ)։
Սույն ընթացակարգերի իմաստով` ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`
ՊՄԳ ծրագրի նախագիծ (Draft PPP Project )՝ հնարավոր ՊՄԳ ծրագրի համապարփակ վերլուծություն, որը ներառում է տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և ՊՄԳ պայմանագրի պայմանները․
ՊՄԳ տվյալների բազա (PPP Database )՝ ընթացիկ ՊՄԳ ծրագրերի և ՊՄԳ ծրագրերի նախագծերի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային ռեգիստր․
հնարավոր ՊՄԳ ծրագիր (Potential PPP Project)՝ հանրային ներդրումային ծրագիր, որը կարող է իրականացվել ՊՄԳ ձևաչափով, եթե կատարված վերլուծությունների արդյունքում ապացուցվի դրա համապատասխանությունը ՊՄԳ չափանիշներին․
ծրագրի տեղեկատվական հուշագիր (Project Information Memorandum)՝ իրավասու մարմնի կողմից կազմված փաստաթուղթ, որը պարունակում է ՊՄԳ ծրագրի նախագծի վերաբերյալ մանրամասներ և ակնկալվող ՊՄԳ պայմանագրի պայմանների ընդհանուր պատկերը․
հանրային ներդրումների կառավարում (Public Investment Management)` հանրային ենթակառուցվածքների ստեղծման և կառավարման հարցում պետական քաղաքականությունը.
ֆինանսապես կենսունակ (Financially Viable)՝ ծրագրի դրական ֆինանսական զուտ ներկա արժեքը.
ՊՄԳ պայմանագրի կամ գործարքի կառուցվածք (Transaction Structure)՝ ՊՄԳ պայմանագրի կողմերի միջև իրավունքների, պարտավորությունների և ռիսկերի բաշխման եղանակը.
հանրային հատվածի ծախսերի համեմատական կամ ՀՀԾՀ (Public Sector Comparator, PSC)՝ գործիք, որով ստուգվում է մասնավոր հատվածի կողմից ծրագրի իրականացման դեպքում փողի դիմաց արժեքի ապահովումը՝ պետական գնումների ամենաարդյունավետ ձևի համեմատությամբ.
ռիսկերի մատրից (Risk Matrix)՝ հնարավոր ՊՄԳ ծրագրի և ՊՄԳ ծրագրի նախագծի համար կազմվող հաշվետվություն, որտեղ նկարագրվում է ծրագրին բնորոշ յուրաքանչյուր ռիսկ, ռիսկի հետևանքը, դրա կառավարման և մեղմացման մոտեցումը, ինչպես նաև դրա համար պատասխանատու գործընկերը։
Սույն ընթացակարգում օգտագործվող և սույն ընթացակարգի 6-րդ կետով չնախատեսված հասկացությունները ունեն «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նշանակությունը։
II. ՊՄԳ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունում ՊՄԳ քաղաքականության մշակման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ՊՄԳ ծրագրերի մշակման և իրականացման համար իրենց իրավասությունների սահմաններում պատասխանատու են`իրավասու մարմինը (ՊՄԳ պայմանագրի կնքումից հետո` հանրային գործընկեր).
լիազոր մարմինը.
ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմինը.
ՊՄԳ ստորաբաժանումը։
ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմինը՝
իրականացնում է ՊՄԳ քաղաքականության մշակման աշխատանքներ.
իրականացնում է ՊՄԳ ծրագրերի խթանման, տարածման և մասնավոր գործընկերոջ ներգրավման գործառույթներ.
ապահովում է ՊՄԳ գործընթացին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և մեթոդաբանական նյութերի մշակումը։
ՊՄԳ ստորաբաժանումը՝
ՊՄԳ ծրագրերի պատրաստման և իրականացման ոլորտում հանրային գործընկերներին և իրավասու մարմիններին ցուցաբերում է վարչական, մեթոդաբանական, փորձագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ տեսակի աջակցություն.
հանրային գործընկերների և իրավասու մարմինների համար կազմակերպում է ուսուցողական դասընթացներ և նրանց կարողությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ.
ներկայացնում է գործող իրավական ակտերի փոփոխման առաջարկություններ՝ հաշվի առնելով դրանց կիրառման ընթացքում առաջացող խնդիրները.
ուսումնասիրում է կնքված ՊՄԳ պայմանագրերը և մշակման փուլում գտնվող ՊՄԳ պայմանագրերի նախագծերը՝ օրենքին, սույն ընթացակարգերին և ուղեցույցներին դրանց համապատասխանության մշտադիտարկմանը և գնահատմանը օժանդակելու նպատակով.
իրականացնում է իրավասու մարմնի կողմից մշակված ՊՄԳ ծրագրի նախագծի՝ ՊՄԳ ընթացակարգերին և ուղեցույցներին համապատասխանության գնահատում, ինչի մասին նախքան ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման կայացումը ներկայացնում է հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
ստեղծում և վարում է ընթացիկ ՊՄԳ ծրագրերի և ՊՄԳ ծրագրերի նախագծերի տվյալների բազա։
Յուրաքանչյուր ՊՄԳ ծրագրով իրավասու մարմնի ղեկավարը հաստատում է, իսկ սույն ընթացակարգերի 25-րդ կետով նախատեսված փուլում առաջարկում է ՊՄԳ ծրագրի պատրաստման համար պատասխանատու աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) կազմ, որում կազմում կարող են ընդգրկվել այլ մարմինների կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդատուներ և փորձագետներ։ Աշխատանքային խմբում արգելվում է սույն ընթացակարգերի 17-րդ գլխի իմաստով ՊՄԳ ծրագրի իրականացման մեջ շահագրգռվածություն ունեցող կազմակերպությանը փոխկապակցված անձանց ներգրավումը։ Աշխատանքային խմբի կազմը կարող է ենթարկվել փոփոխության՝ պայմանավորված ՊՄԳ ծրագրի պատրաստման փուլերի փոփոխման հանգամանքով։
Աշխատանքային խումբը՝պատրաստում է հնարավոր ՊՄԳ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը.
իրականացնում է ՊՄԳ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը.
կազմում է ՊՄԳ պայմանագրի նախագիծը.
պատրաստում է ՊՄԳ ծրագրի տեղեկատվական հուշագիրը.
իրականացնում է շուկայի հետ նախնական հաղորդակցում:
Հաղթող մասնակցի ընտրությունից հետո, սակայն ոչ ուշ, քան ՊՄԳ պայմանագրի առևտրային կայացումը, հանրային գործընկերոջ ղեկավարը հաստատում է ՊՄԳ պայմանագրի կառավարող խումբ (այսուհետ` կառավարող խումբ): Կառավարող խմբի կազմում կարող են ընդգրկվել հանրային գործընկերոջ և այլ մարմինների ներկայացուցիչներ, խորհրդատուներ, փորձագետներ և մասնավոր գործընկերոջ ներկայացուցիչներ։
ՊՄԳ ծրագրի՝ շահագործման և պահպանման փուլ անցնելուց ոչ ուշ, քան 10 (տասը) աշխատանքային օրում հանրային գործընկերը ձևավորում է խումբ (այսուհետ` մշտադիտարկող խումբ), որը կառավարում և մշտադիտարկում է ՊՄԳ պայմանագրում սահմանված պարտավորություններին համապատասխան ՊՄԳ ծրագրի շահագործումը և պահպանումը մասնավոր գործընկերոջ կողմից։ Մշտադիտարկող խմբի կազմում կարող են ընդգրկվել հանրային գործընկերոջ և այլ մարմինների ներկայացուցիչներ, խորհրդատուներ և փորձագետներ: Մշտադիտարկման խմբում արգելվում է մասնավոր գործընկերոջ ներկայացուցիչների և սույն ընթացակարգերի 17-րդ գլխի իմաստով ՊՄԳ պայմանագրի մասնավոր գործընկերոջը փոխկապակցված անձանց ներգրավումը։
III. ՊՄԳ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԸ
ՊՄԳ ծրագրերի նախագծերի նախապատրաստման, ՊՄԳ ծրագրերի կառավարման և մշտադիտարկման պարտադիր փուլերն են՝ ըստ ներկայացված.
հանրային ներդրումների կառավարման (այսուհետ՝ ՀՆԿ) քաղաքականության հետ ՊՄԳ ծրագրի հայեցակարգի համաձայնեցում: ՀՆԿ քաղաքականության մաս չկազմող ներդրումային նախագծերի հայեցակարգերը չեն կարող մշակվել որպես ՊՄԳ ծրագիր.
նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացում, որը ներառում է ՊՄԳ ծրագրի իրագործելիության նախնական գնահատում, այդ թվում՝ փողի դիմաց արժեքի (այսուհետ՝ ՓդԱ), ծրագրի հետ կապված ռիսկերի, տնտեսական շահութաբերության ներքին դրույքի (այսուհետ՝ ՏՇՆԴ) և ֆինանսական շահութաբերության ներքին դրույքի (այսուհետ՝ ՖՇՆԴ) նախնական վերլուծությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման հաստատում․
ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստում և տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում, որը ներառում է ՊՄԳ ծրագրի իրագործելիության մանրակրկիտ գնահատում, այդ թվում՝ լիարժեք տեխնիկական գնահատումը, ծրագրի հետ կապված ռիսկերի, ՓդԱ-ի, ՏՇՆԴ-ի, ՖՇՆԴ-ի մանրամասն վերլուծությունը, ինչպես նաև ՊՄԳ պայմանագրի նախագծի կառուցվածքը.
ՊՄԳ ծրագրի նախագծի ներկայացում ՊՄԳ ստորաբաժանմանը՝ օրենքին, սույն ընթացակարգերին և ուղեցույցներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով.
ՊՄԳ ծրագրի նախագծի ներկայացում օրենքով նախատեսված լիազոր մարմնին՝ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված եզրակացության տրամադրման նպատակով.
ՊՄԳ ծրագրի նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ՊՄԳ ձևաչափով ծրագրի հնարավոր իրականացման վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով.
ՊՄԳ ծրագրի նախագծի մասով շուկայի հետ նախնական հաղորդակցման իրականացում՝ ծրագրի նկատմամբ հնարավոր մասնավոր գործընկերների և ֆինանսական հաստատությունների հետաքրքրությունը հասկանալու և վերջիններիս հետ նախնական հաղորդակցման հիման վրա ՊՄԳ ծրագրի նախագծի լրամշակման նպատակով.
ՊՄԳ ծրագրի մասնավոր գործընկերոջ ընտրություն՝ օրենքով նախատեսված մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերին համապատասխան.
ՊՄԳ պայմանագրի առևտրային և ֆինանսական կայացման ապահովում.
ՊՄԳ ծրագրի իրականացում (ներառյալ՝ նախագծում, կառուցում և շահագործում), պայմանագրի մշտադիտարկման համակարգերի և ընթացակարգերի մշակում և կիրառում.
հիմք ընդունելով ՊՄԳ պայմանագրի հիմնական պայմանները և ՊՄԳ ծրագրի նվազագույն կատարողական ցուցանիշները՝ յուրաքանչյուր ՊՄԳ ծրագրի համար առանձին ձեռնարկի մշակում և դրա կիրառում՝ ծրագրի արդյունավետ ընթացիկ կառավարումը և շահագործումն ապահովելու նպատակով.
հիմք ընդունելով ՊՄԳ պայմանագրի հիմնական պայմանները՝ ՊՄԳ պայմանագրի ավարտի կառավարման համակարգի և ընթացակարգերի մշակում և դրանց կիրառում.
ՊՄԳ ծրագրի արդյունքների վրա հիմնված գնահատման իրականացում:
IV. ՀՆԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊՄԳ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ
Հանրային ներդրումների կառավարման քաղաքականության հետ ներդրումային նախագծի հայեցակարգի համաձայնեցման պատասխանատվությունը կրում է համապատասխան ոլորտի իրավասու մարմինը։ Այդ նպատակով ՊՄԳ ստորաբաժանումը իրավասու մարմնին ցուցաբերում է տեխնիկական, մեթոդաբանական և այլ տեսակի աջակցություն։
Ներդրումային նախագծի հայեցակարգը համարվում է ՀՆԿ քաղաքականության հետ համաձայնեցված, եթե այն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որակվել է որպես առաջնահերթություն և մաս է կազմում ծրագրված հանրային ենթակառուցվածքի կամ հանրային ծառայությունների։ ՀՆԿ քաղաքականության հետ չհամաձայնեցված հայեցակարգերը ենթակա չեն որպես ՊՄԳ ծրագրի նախագիծ հետագա մշակման։
V. ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Հնարավոր ՊՄԳ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացման պատասխանատվությունը կրում է համապատասխան ոլորտի իրավասու մարմինը: Այդ նպատակով ՊՄԳ ստորաբաժանումը իրավասու մարմնին ցուցաբերում է տեխնիկական, մեթոդաբանական և այլ տեսակի աջակցություն։
Սույն ընթացակարգերի 10-րդ կետի համաձայն` իրավասու մարմնի ղեկավարը ձևավորում է աշխատանքային խումբ` նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստման նպատակով։
Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման շրջանակներում ուսումնասիրվում են հնարավոր ՊՄԳ ծրագրի հետևյալ բաղադրիչները՝ համաձայն ուղեցույցների՝
ծրագրի ընդհանուր նկարագիրը, շրջանակը, նպատակները, պահանջվող ենթակառուցվածքները և ծառայությունները, նպատակներին հասնելու հնարավոր այլընտրանքները.
ծրագրի նախագիծը, որը հանդիսանում է տվյալ ոլորտի համար սովորաբար կիրառելի ընդհանրական նախագիծ՝ ծրագրի իրականացման վայրին բնորոշ առանձնահատկություններով։ Ծրագրի ծախսերը գնահատվում են՝ հիմք ընդունելով ծրագրի ընդհանրական նախագիծը և դրանց առկայության դեպքում հնարավոր առանձնահատկությունները․
ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, որը սահմանափակվում է հնարավոր այն աղետալի հետևանքներով, որոնց պատճառով ծրագիրը կարող է դառնալ անիրագործելի․
ծրագրի սոցիալական ազդեցությունը, ներառյալ` հողի և վերաբնակեցման վերլուծությունը` սահմանափակված հողի ձեռքբերման և վերաբնակեցման հետ կապված և ծրագրի իրականացմանը խոչընդոտող կամ լրացուցիչ ծախսեր առաջացնող էական խնդիրների վերհանմամբ, ծրագրի` գենդերային, տեղի համայնքների, տեղական զբաղվածության վրա ազդեցության վերլուծությունը` սահմանափակված ծրագրի իրականացման էական խնդիրներին անդրադարձով․
ծրագրի տնտեսական ազդեցությունը, որը ծրագրի գործողության ողջ ժամանակահատվածում հասարակության համար դրա ընդհանուր տնտեսական ծախսերի և օգուտների գնահատումն է: Ծրագրի տնտեսական ազդեցության ուսումնասիրությունը ներառում է նախնական ՏՇՆԴ-ի հաշվարկման և դրա նվազագույն շեմի հետ համադրման միջոցով որոշվող ծրագրի տնտեսական կենսունակության գնահատումը, նախնական տնտեսական զուտ ներկա արժեքի (այսուհետ՝ ՏԶՆԱ) վերլուծությունը, ֆիզիկական ենթակառուցվածքների և շահագործման գծով ծախսերը` հաշվարկված ըստ տեխնիկական վերլուծության ընթացքում ստացված մոտավոր արժեքների, սոցիալական ծախսերը և օգուտները` ըստ շահառուների մոտավոր թվով հաշվարկված ազգային միջին արժեքների.
ծրագրի հետ կապված շինարարության, շահագործման, պահպանման, վարչական, ծառայությունների մատուցման և անհրաժեշտ հողամասերի գծով ծախսերը, որում`
ա․ շինարարության, շահագործման, պահպանման, վարչական, ծառայությունների մատուցման ծախսերի գնահատումը իրականացվում է` հիմք ընդունելով սարքավորումների, նյութերի, անձնակազմի, ակտիվների վերանորոգման և փոխարինման գնահատված ծախսերը, որոնք հաշվարկվում են հիմնված իրավասու մարմնի գիտելիքների, փորձի և նախնական ուսումնասիրված մոտավոր արժեքների վրա․
բ․ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի գծով ծախսերը հաշվարկվում են` հիմք ընդունելով հողամասի գնահատված չափերը և համադրելի տեղեկությամբ ստացված արժեքները.
վերջնական սպառողների կողմից հնարավոր պահանջարկը և դրա կարողությունը՝ նպաստելու հնարավոր ՊՄԳ ծրագրի տնտեսական և ֆինանսական իրագործելիությանը, որում`
ա․ համայնքի պահանջարկի մասնաբաժնի գնահատականը հիմնվում է ազգային կամ տարածաշրջանային միջին վիճակագրական տվյալների վրա․
բ․ վերջնական սպառողների վճարելու պատրաստակամության գնահատականը հիմնվում է ազգային կամ տարածաշրջանային միջին վիճակագրական տվյալների և ազդակիր համայնքների շրջանում իրականացվող ուղիղ հարցումների վրա․
գ․ վերջնական սպառողների վճարելու կարողությունը հաշվարկվում է` ելնելով նույն կամ նմանատիպ ծառայությունների շուկայական գներից․
դ․ վերջնական սպառողների հետ քննարկումները իրականացվում են սահմանափակ թվով անձանց շրջանում՝ վճարելու հնարավորության և պատրաստակամության գծով ենթադրությունները ստուգելու, ինչպես նաև հնարավոր այլընտրանքները և դրանց գները հաստատելու նպատակով․
ե․ պահանջարկի կանխատեսումները իրականացվում են իրավասու մարմնին հասանելի տեղեկատվության միջոցով․
զ․ պահանջարկի աճի ժամանակահատվածի գնահատումը հիմնվում է նմանատիպ ենթակառուցվածքների մասով ընդհանուր միջին արժեքների վրա:
ծրագրի ռիսկերի վերլուծությունը և բաշխումը հանրային և մասնավոր գործընկերների միջև, որի արդյունքում ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման պահին առկա ամբողջ տեղեկատվության հիման վրա սահմանվում է ՊՄԳ պայմանագրի կառուցվածք.
ՊՄԳ գործարքի կառուցվածքի մի քանի տարբերակներով ծրագրի իրականացման հնարավորությունների, դրանց ֆինանսական կենսունակության վերլուծության և ՓդԱ-ի նախնական վերլուծության միջոցով որոշվող ծրագրի ֆինանսական կենսունակությունը, որում`
ա․ ՊՄԳ ձևաչափի մի քանի տարբերակներով ծրագրի իրականացման հնարավորությունների ֆինանսական կենսունակության վերլուծությունը ներառում է ՊՄԳ ամենահավանական կառուցվածքային տարբերակների ֆինանսական վերլուծություն, այդ թվում` պետական աջակցության հնարավոր անհրաժեշտության վերլուծություն․
բ․ կապիտալ ծախսերը որոշվում են սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ծրագրի նախագծի շրջանակներում գնահատված մոտավոր արժեքի հիման վրա․
գ․ շինարարության ժամկետը որոշվում է` հիմք ընդունելով սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ծրագրի նախագծի շրջանակներում ներկայացված` ոլորտի համար սովորաբար կիրառելի շինարարության ժամկետները․
դ․ հողամասերի ձեռքբերման և վերաբնակեցման ծախսերը որոշվում են սոցիալական ազդեցության վերլուծության շրջանակներում կատարված՝ հողամասերի ձեռքբերման և վերաբնակեցման սահմանափակ վերլուծությունից և մոտավոր գնահատված արժեքներից․
ե․ շահագործման և պահպանման ծախսերի մոտավոր արժեքը որոշվում է սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ծրագրի նախագծի շրջանակներում կատարված տեխնիկական վերլուծությունից․
զ․ շահագործման ժամանակահատվածը որոշվում է` ըստ հանրային ենթակառուցվածքի շահագործման գնահատված ժամկետի․
է․ պահանջարկը հիմնվում է պահանջարկի վերլուծության և պահանջարկի աճի գնահատված ժամանակահատվածի վրա․
ը․ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավվող երկարաժամկետ փոխառության տոկոսադրույքները որոշվում են` ելնելով ֆինանսական միջոցների հավանական աղբյուրից` օգտագործելով վերլուծության կատարման ժամանակ գործող տոկոսադրույքները: Փոխառության ժամկետայնությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով ֆինանսական միջոցների աղբյուրի և ձեռքբերվող ակտիվին համապատասխանող՝ հասանելի ամենաերկար ժամկետայնությունը․
թ․ ակտիվի մաշվածությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով հարկային օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները․
ժ․ ծրագրի եկամուտները կանխատեսվում են` հիմք ընդունելով շահութաբերության նվազագույն շեմին հասնելու համար անհրաժեշտ` վերջնական սպառողների կողմից կատարվող կամ հասանելիության վճարները․
ժա․ ՖՇՆԴ-ի և ԶՆԱ-ի վերլուծությունը կատարվում է` հիմք ընդունելով նախնական հաշվարկները․
ժբ․ ծրագրի մատչելիությունը գնահատվում է` հիմք ընդունելով ծրագրի մատչելիությունը և վճարելու պատրաստակամությունը սահմանող՝ պահանջարկի վերլուծությունը և վերջնական սպառողների հետ քննարկումները:
հնարավոր խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ էական բնապահպանական խնդիրները, պատմական գտածոների հետ կապված խնդիրները, համայնքի էական դիմադրությունը, լիազոր մարմնի կողմից վերհանվող հարկաբյուջետային ու ֆիսկալ կայունության ապահովման խնդիրները և այլն.
առաջարկվող ՊՄԳ ծրագրի՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման վերաբերյալ որոշման կայացման դեպքում՝ այդ առնչությամբ դիտարկման ենթակա hատուկ խնդիրները.
ծրագրի իրականացման ռազմավարությունը, որը ներառում է ծրագրի պատրաստման և գնման գործընթացների ժամանակացույցը, անհրաժեշտ միջոցները, պատասխանատու իրավասու մարմինը և, առկայության դեպքում, համակատարողները․
ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման համար էական ցանկացած այլ խնդիր:
Հնարավոր ՊՄԳ ծրագրի պատրաստման գործընթացը կարող է շարունակվել միայն ստորև ներկայացված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝հաշվարկված ՏՇՆԴ-ը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն շեմը, և
ծրագրի իրականացմանը չի խոչընդոտում որևէ հիմնարար գործոն: Ի թիվս այլոց, հիմնարար գործոնները ներառում են ծրագրի հետ կապված էական բնապահպանական ռիսկերը, սոցիալական կամ համայնքային խնդիրները, ինժեներական ռիսկի հետ կապված խնդիրները և այլն։
Սույն ընթացակարգերի 21-րդ կետով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում ստուգվում է ՊՄԳ ձևաչափով ծրագրի իրագործելիությունը։ ՊՄԳ ձևաչափով ծրագիրը համարվում է իրագործելի, եթե այն միաժամանակ ապահովում է ստորև ներկայացված երկու պայմանները`
նախնական գնահատվում է որպես ֆինանսապես կենսունակ, և
դրա իրականացումը կարող է փողի դիմաց արժեք ապահովել:
Այն դեպքերում, երբ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքում առաջարկվում է անցնել ՊՄԳ ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության փուլին, ապա նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ պետք է սահմանվի տեխնիկատնտեսական ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքը:
Եթե նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքում առաջարկվում է անցնել տեխնիկատնտեսական ուսումնասիրության փուլին, ապա իրավասու մարմինը պատրաստում և կառավարության հաստատմանն է ներկայացնում ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման մասին որոշման նախագիծը: Սույն կետով նախատեսված որոշման նախագծի առնչությամբ լիազոր մարմինը այն ստանալուց 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է նախնական եզրակացություն` ֆիսկալ կարողությունների վրա առաջարկվող ՊՄԳ ծրագրի երկարաժամկետ ազդեցության մասին։
Որոշման նախագծում ներառվում են առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ և 7-րդ կետերին ՊՄԳ ծրագրի համապատասխանության և լիազոր մարմնի` սույն ընթացակարգերի 24-րդ կետով նախատեսված եզրակացության մասին հաշվետվություն.
2) աշխատանքային խմբի առաջարկվող կազմը։ Աշխատանքային խմբի կազմում առնվազն ընդգրկվում են ներկայացուցիչներ լիազոր մարմնից, ՊՄԳ ստորաբաժանումից, առաջարկվող ՊՄԳ ծրագրում էական հետաքրքրություն ունեցող այլ պետական մարմիններից և տեղական ինքնակառավարման մարմիններից.
3) ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման գնահատված ծախսերը, սահմանված տեխնիկական առաջադրանքը և աշխատանքների իրականացման ժամկետները:
VI. ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման և տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացման պատասխանատվությունը կրում է համապատասխան ոլորտի իրավասու մարմինը: Այդ նպատակով ՊՄԳ ստորաբաժանումը իրավասու մարմնին ցուցաբերում է տեխնիկական, մեթոդաբանական և այլ տեսակի աջակցություն։
ՊՄԳ ծրագրի նախագիծը ներառում է՝
տեխնիկատնտեսական ուսումնասիրություն՝ համաձայն սույն ընթացակարգերի 28-րդ կետի.
«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի 4-րդ հոդվածում սահմանված ՊՄԳ չափանիշներին համապատասխանության վերաբերյալ եզրակացություն.
ընտրված մասնակցին որոշելու համար կիրառվելիք չափանիշների սահմանում.
ՊՄԳ պայմանագրի էական պայմանները, այդ թվում՝ ՊՄԳ պայմանագրի տեսակը և ՊՄԳ պայմանագրի կառուցվածքը:
ՊՄԳ ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության շրջանակներում ենթակա են գնահատման ծրագրի հետ կապված բոլոր հիմնական հարցադրումները։ ՊՄԳ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության շրջանակներում ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվում են հնարավոր ՊՄԳ ծրագրի հետևյալ բաղադրիչները՝ համաձայն ուղեցույցների՝
ծրագրի ընդհանուր նկարագիրը, շրջանակը, նպատակները, պահանջվող ենթակառուցվածքները և ծառայությունները.
վերջնական սպառողների կողմից հնարավոր պահանջարկը (այդ թվում՝ ծրագրի պահանջարկի վերաբերյալ առաջնային հարցումները) և դրա կարողությունը՝ նպաստելու հնարավոր ՊՄԳ ծրագրի տնտեսական և ֆինանսական իրագործելիությանը, որում`
ա․ համայնքի պահանջարկի մասնաբաժնի գնահատականը հիմնվում է ազգային կամ տարածաշրջանային միջին վիճակագրական տվյալների և ազդակիր համայնքների շրջանում իրականացվող ուղղակի հարցումների վրա․
բ․ վերջնական սպառողների վճարելու պատրաստակամության գնահատականը հիմնվում է ազգային կամ տարածաշրջանային միջին վիճակագրական տվյալների և ազդակիր համայնքների շրջանում իրականացվող ուղղակի հարցումների վրա․
գ․ վերջնական սպառողների վճարելու հնարավորությունը հաշվարկվում է` ելնելով նույն կամ նմանատիպ ծառայությունների շուկայական գներից և տնային տնտեսությունների տնօրինվող եկամուտների վերաբերյալ ազգային վիճակագրությունից.
դ․ վերջնական սպառողների հետ քննարկումները իրականացվում են սահմանափակ թվով անձանց շրջանում՝ վճարելու հնարավորության և պատրաստակամության գծով ենթադրությունները ստուգելու, ինչպես նաև հնարավոր այլընտրանքները և դրանց գները հաստատելու նպատակով․
ե․ պահանջարկի կանխատեսումները և պահանջարկի աճի ժամանակահատվածի գնահատումը իրականացվում է մանրամասն գնահատված արժեքների, հարցումների, քննարկումների, վճարելու պատրաստակամության և վճարելու հնարավորության վերլուծությունների արդյունքների օգտագործմամբ․
շինարարական տեղամասի, տարածքի ինժեներաերկրաբանական, գոյություն ունեցող շենքերի, շինությունների և կառուցվածքների փաստացի տեխնիկական վիճակի հետազննության հետ կապված ինժեներատեխնիկական և նախագծանախահաշվային աշխատանքները, որում՝
ա․ ծրագրի տեխնիկական գնահատումը և կապիտալ ծախսերը հաշվարկվում են` հիմք ընդունելով կառուցվող ենթակառուցվածքների ֆիզիկական բնութագրերի և առկա ենթակառուցվածքների մանրակրկիտ ուսումնասիրությունը․
բ․ շահագործման, վերանորոգումների և պահպանման, վարչական և այլ ծախսերը գնահատվում են` հիմնվելով կապիտալ ծախսերի և սույն կետով նախատեսված նախագծերի վրա.
գ. սահմանվում են կատարողական նվազագույն ստանդարտները և բնութագրերը։
հողամասերի անհրաժեշտությունը և առկայությունը՝ հիմք ընդունելով կարիքների մանրամասն գնահատումը, հողամասերի ձեռքբերման ծրագիրը և ծախսերի համապատասխանությունը ձեռքբերման իրական գներին․
ծրագրի՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի համաձայն ՊՄԳ նախագծի ռազմավարական գնահատումն ու փորձաքննության անցկացումը, որը ներառում է նախքան շինարարությունը, շինարարության և դրան հաջորդող փուլերի բնապահպանական խնդիրները, դրանց ազդեցությունը և մեղմացման միջոցառումները, այդ թվում` դրանց առնչվող ծախսերի գնահատումը․
ծրագրի սոցիալական ազդեցությունը, ներառյալ`
ա. հողամասերի և վերաբնակեցման վերլուծությունը` հիմք ընդունելով հողամասերի սեփականության, դրա գծով անհրաժեշտ ձեռքբերումները և նախատեսվող ծախսերը, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման ընթացակարգերի կիրառման ծախսերը և ժամկետները.
բ. ծրագրի` գենդերային, տեղի համայնքների, տեղական զբաղվածության վրա ազդեցությունների մանրակրկիտ վերլուծություն.
ծրագրի տնտեսական ազդեցությունը, որը ծրագրի գործողության ողջ ժամանակահատվածում հասարակության համար դրա ընդհանուր տնտեսական ծախսերի և օգուտների գնահատումն է: Սույն փուլում ծրագրի տնտեսական ազդեցության ուսումնասիրությունը ներառում է ՏՇՆԴ-ի հաշվարկման և դրա նվազագույն շեմի հետ համադրման միջոցով որոշվող ծրագրի տնտեսական կենսունակության գնահատումը, տնտեսական զուտ ներկա արժեքի (այսուհետ՝ ՏԶՆԱ) վերլուծությունը, ֆիզիկական ենթակառուցվածքների և շահագործման գծով ծախսերը` հաշվարկված ըստ տեխնիկական վերլուծության ընթացքում ստացված ճշգրիտ արժեքների, սոցիալական ծախսերը և օգուտները` ըստ շահառուների ճշգրիտ թվով հաշվարկված ազգային կամ տարածաշրջանային միջին արժեքների.
ծրագրի ֆինանսական վերլուծությունը, ինչպես նաև պետական աջակցության տարբերակների և դրանց գնահատման վերլուծությունը՝ ուղեցույցների համաձայն կատարված ՖՇՆԴ-ի վերլուծության հիման վրա, որում`
ա․ ՊՄԳ գործարքի կառուցվածքի տարբերակների ֆինանսական վերլուծությունը իրականացվում է` հիմք ընդունելով պետական աջակցության հատուկ առաջարկությունների և նշված աջակցության տրամադրման բոլոր պայմանների և ընթացակարգերի նկարագրությունը․
բ․ ծրագրի կապիտալ ծախսերը և շինարարության ժամկետները հաշվարկվում են` հիմք ընդունելով ակտիվի կառուցման ճշգրիտ գնահատված և հիմնավորված արժեքը և ժամկետները․
գ․հողամասերի ձեռքբերման և վերաբնակեցման ծախսերը որոշվում են սոցիալական ազդեցության վերլուծության շրջանակներում կատարված՝ հողամասերի ձեռքբերման և վերաբնակեցման վերջնական վերլուծությունից և ճշգրիտ գնահատված արժեքներից.
դ․ շահագործման և պահպանման ծախսերը որոշվում են ակտիվների շահագործման ծախսերի ճշգրիտ գնահատված և հիմնավորված արժեքներից.
զ․ շահագործման ժամանակահատվածը որոշվում է ըստ հանրային ենթակառուցվածքի շահագործման գնահատված ժամկետի.
ե․ ծրագրի պահանջարկը որոշվում է` հիմք ընդունելով պահանջարկի վերլուծությունը և պահանջարկի աճի ժամանակահատվածը․
զ. Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավվող երկարաժամկետ փոխառության տոկոսադրույքները որոշվում են` ելնելով ֆինանսական միջոցների հավանական աղբյուրից` օգտագործելով վերլուծության կատարման ժամանակ գործող տոկոսադրույքները: Փոխառության ժամկետայնությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով ֆինանսական միջոցների աղբյուրի և ձեռքբերվող ակտիվին համապատասխանող՝ հասանելի ամենաերկար ժամկետայնությունը․
է․ ակտիվի մաշվածությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով հարկային օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները․
ը. ծրագրի եկամուտները կանխատեսվում են` հիմք ընդունելով շահութաբերության նվազագույն շեմին հասնելու համար անհրաժեշտ օգտագործման կամ հասանելիության վճարները.
թ. ՖՇՆԴ-ն և ԶՆԱ-ն հաշվարկվում են` հիմք ընդունելով վերջնական և հիմնավորված վերլուծությունները.
ժ․ ծրագրի մատչելիությունը գնահատվում է` հիմք ընդունելով ծրագրի մատչելիությունը և վճարելու պատրաստակամությունը սահմանող՝ պահանջարկի վերլուծությունը և վերջնական սպառողների հետ քննարկումները․
ծրագրի ռիսկերի վերլուծությունը, ինչը ընդգրկում է տեխնիկատնտեսական ուսումնասիրության բոլոր բաժիններում ներկայացված ռիսկերի մանրամասն վերլուծությունների հիման վրա ռիսկերի հստակ նկարագրությունը, դրանց բաշխման և կառավարման մոտեցումները.
փողի դիմաց արժեքի վերլուծությունը` կատարված համաձայն սույն ընթացակարգերի 15-րդ գլխով նախատեսված կարգի.
ՊՄԳ ծրագրի համար կատարողական նվազագույն ստանդարտները և բնութագրերը.
առաջարկվող ՊՄԳ գործարքի կառուցվածքը և ՊՄԳ պայմանագրի նախագիծը: ՊՄԳ գործարքը և ՊՄԳ պայմանագրի նախագիծը առաջարկվում են` հիմք ընդունելով ծրագրի ռիսկերի, մատչելիության, ՖՇՆԴ-ի վերլուծությունները և պետական աջակցության անհրաժեշտության վերլուծությունը․
գործարքի առևտրային և ֆինանսական կայացման պայմանները, ներառյալ` ՊՄԳ պայմանագրի ուժի մեջ մտնելու նախապայմանները.
ծրագրի առանցքային փուլերի (այդ թվում` նախագծում, կառուցում, ավարտում, ծառայությունների մատուցման մեկնարկ, շահագործում և պահպանում, դադարեցում) ժամանակացույցը.
ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը, ներառյալ՝ հողամասի ձեռքբերումը, սոցիալական և բնապահպանական կառավարումը և շինարարության ժամկետները։
ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման ընդունման փուլին անցնելու համար ՊՄԳ ծրագրի նախագիծը պետք է հաստատի, որ.
ծրագրի տնտեսական շահութաբերության ներքին դրույքը (ՏՇՆԴ) բարձր է սույն ընթացակարգերի 4-րդ կետով սահմանած շահութաբերության նվազագույն շեմից.
ծրագրի իրականացմանը չի խոչընդոտում որևէ հիմնարար գործոն: Ի թիվս այլոց, հիմնարար գործոնները ներառում են ծրագրի հետ կապված էական բնապահպանական ռիսկերը, սոցիալական կամ համայնքային խնդիրները, ինժեներական ռիսկի հետ կապված խնդիրները.
ծրագիրը կարող է իրագործվել ՊՄԳ ձևաչափով, քանի որ հավանական է, որ այն ֆինանսապես կենսունակ կլինի և դրա իրականացման արդյունքում հավանական է փողի դիմաց արժեքի ապահովումը:
VII. ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ
Իրավասու մարմինը ՊՄԳ ծրագրի նախագիծը ներկայացնում է ՊՄԳ ստորաբաժանմանը, որը նախագծի ստացման պահից մեկամսյա ժամանակահատվածում տրամադրում է եզրակացություն՝ օրենքին, սույն ընթացակարգերին և ուղեցույցներին նախագծի համապատասխանության վերաբերյալ։
Իրավասու մարմինը ՊՄԳ ծրագրի նախագիծը ներկայացնում է օրենքով նախատեսված լիազոր մարմնին, որը նախագծի ստացման պահից մեկամսյա ժամանակահատվածում օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով տրամադրում է եզրակացություն ՊՄԳ ծրագրի ֆիսկալ մատչելիության վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրի իրականացման ոլորտի իրավասու մարմնի առաջարկությամբ կայացնում է որոշում ՊՄԳ ծրագրի նախագծի իրականացման վերաբերյալ՝ հաշվի առնելով սույն ընթացակարգերի 30-րդ և 31-րդ կետերին համաձայն ներկայացված եզրակացությունները:
ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշումը սահմանում է ՊՄԳ ծրագրի և ՊՄԳ պայմանագրի բոլոր էական պայմանները: Որոշման մեջ ներառվում են տեխնիկատնտեսական ուսումնասիրության բոլոր առանցքային եզրակացությունները, և ՊՄԳ ծրագրի համար սահմանվում են.
1) ՊՄԳ գործարքի կառուցվածքը.
2) ընտրված մասնակցին որոշելու համար կիրառվելիք չափանիշները.
3) պետական աջակցության տեսակները և դրանց կիրառման պայմանները.
4) ՊՄԳ ծրագրի ռիսկերի բաշխումը մասնավոր և հանրային գործընկերների միջև՝ համաձայն սույն ընթացակարգերի 14-րդ գլխի և ուղեցույցների:
ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման կատարման պատասխանատվությունը կրում է համապատասխան ոլորտի իրավասու մարմինը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման կատարումը ներառում է.
1) ՊՄԳ ծրագրի կառավարող խմբի ձևավորումը.
2) մրցույթի ծրագրումը և դրա նախապատրաստական աշխատանքները, որոնք, ի թիվս այլոց, կարող են ներառել ՊՄԳ խորհրդատուների ներգրավում, հողատարածքների ձեռքբերում, սոցիալական վերաբնակեցման և բնապահպանական կառավարման միջոցառումներ:
VIII. ՇՈՒԿԱՅԻ ՀԵՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
ՊՄԳ ծրագրի առնչությամբ շուկայի հետ նախնական հաղորդակցման և մասնավոր գործընկերոջ ընտրության գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը կրում է համապատասխան ոլորտի իրավասու մարմինը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության` սույն ընթացակարգերի 7-րդ գլխով նախատեսված որոշմամբ։ Այդ նպատակով ՊՄԳ ստորաբաժանումը իրավասու մարմնին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ մարմնին (սույն գլխի իմաստով այսուհետ՝ իրավասու մարմին) ցուցաբերում է տեխնիկական, մեթոդաբանական և այլ տեսակի աջակցություն։
ՊՄԳ ծրագրի վերաբերյալ շուկայի հետ նախնական հաղորդակցումը ներառում է հետևյալ գործողությունները.
1) ՊՄԳ ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հուշագրի պատրաստում.
2) շուկայի հետ նախնական հաղորդակցման ծրագրի պատրաստում, որը ներառում է գործընթացի նպատակների, ժամկետների, անհրաժեշտ միջոցների, փաստաթղթերի սահմանումը.
3) ոլորտային, այդ թվում՝ վարկատուների շրջանում, հարցման նախապատրաստում՝ հիմնվելով տեխնիկատնտեսական ուսումնասիրության և ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման վրա.
4) շուկայի հետ նախնական հաղորդակցման և հարցման գործընթացում ներգրավվող ընկերությունների խմբերի որոշում.
5) ՊՄԳ ծրագրի վերաբերյալ քննարկումների կազմակերպում մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ հիմք ընդունելով սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված շուկայի հետ նախնական հաղորդակցման ծրագիրը.
6) ՊՄԳ ծրագրի ֆինանսավորման հարցում բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների հետաքրքրության գնահատում.
7) արդյունքների ամփոփում և ՊՄԳ ծրագրի նախագծում պահանջվող ճշգրտումների կատարում:
Եթե շուկայի հետ նախնական հաղորդակցման արդյունքներով անհրաժեշտություն է առաջանում կատարելու փոփոխություն կամ լրացում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ, ապա իրավասու մարմինը նախաձեռնում է սույն ընթացակարգերի 7-րդ գլխով նախատեսված որոշման մեջ փոփոխության կամ լրացման կատարման գործընթաց:
Մասնավոր գործընկերոջ ընտրության գործընթացի նկատմամբ կիրառվում են օրենքով նախատեսված մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերը:
IX. ՊՄԳ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ
ՊՄԳ պայմանագրի առևտրային և ֆինանսական կայացման փուլում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավունքների և պարտավորությունների պատշաճ իրականացման պատասխանատվությունը կրում է հանրային գործընկերը, եթե այլ բան նախատեսված չէ ՊՄԳ պայմանագրով։ Այդ նպատակով ՊՄԳ ստորաբաժանումը հանրային գործընկերոջը կամ պայմանագրով նախատեսված այլ մարմնին (այսուհետ՝ հանրային գործընկեր) ցուցաբերում է տեխնիկական, մեթոդաբանական և այլ տեսակի աջակցություն։
ՊՄԳ պայմանագրի կնքումից հետո հանրային գործընկերը և կառավարող խումբը իրենց իրավասությունների սահմաններում ապահովում կամ մշտադիտարկում են.
1) պայմանագրի առևտրային կայացումը: Գործարքի առևտրային կայացման տարրերն են` մասնավոր գործընկերոջ կողմից.
ա. ՊՄԳ պայմանագրով նախատեսված ապահովման միջոցների ներկայացումը.
բ. ՊՄԳ պայմանագրով սահմանված լինելու դեպքում` անհրաժեշտ վճարումների կատարումը:
2) պայմանագրի ֆինանսական կայացումը: Պայմանագրի ֆինանսական կայացման տարրերն են.
ա. մասնավոր գործընկերոջ և նրա ֆինանսավորողների միջև ծրագրի հետ կապված ֆինանսական բոլոր համաձայնագրերի ստորագրումը.
բ. ծրագրի ֆինանսավորման պայմանագրի նախապայմանների բավարարումը:
Եթե ՊՄԳ պայմանագիրը պարունակում է պայմանագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ նախապայմաններ (conditions precedent), ապա վերջիններիս հետ համապատասխանությունը պետք է ապահովվի պայմանագրի առևտրային կայացման պահին: ՊՄԳ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ նախապայմանները ներառում են ՊՄԳ ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքում հետագայում որպես պայմանագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ նախապայման ընդգրկվելու նպատակով առանձնացված դրույթները:
X. ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
Նախագծման և կառուցման փուլերում ՊՄԳ ծրագրի իրականացման և մշտադիտարկման պատասխանատվությունն իր իրավասությունների սահմաններում կրում է հանրային գործընկերը և իրեն վերապահված լիազորությունների մասով` կառավարող խումբը:
ՊՄԳ պայմանագրի կառավարող խումբն իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) պայմանագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ նախապայմանների կատարման մշտադիտարկումը.
2) ՊՄԳ պայմանագրի ֆինանսական կայացման մշտադիտարկումը.
3) ՊՄԳ ծրագրի մեկնարկի կառավարումը, այդ թվում՝ ծրագրի իրականացման հողամասի հասանելիության ապահովումը և ծրագրի հետ կապված բոլոր թույլտվությունների ստացման մշտադիտարկումը՝ անհրաժեշտ դիմումների ներկայացումն ու օրենսդրական պահանջների հետ դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.
4) ՊՄԳ ծրագրի ժամանակացույցի կառավարումը։ Կառավարող խումբը, համաձայն ՊՄԳ պայմանագրի, մշտադիտարկում է համապատասխան նախագծերի ժամանակին մշակումը և հաստատումը, շինարարական աշխատանքների ժամանակին մեկնարկը.
5) մասնավոր գործընկերոջ կողմից ծառայությունների մատուցման և շահագործման և պահպանման ձեռնարկի ներկայացման ապահովումը.
6) ՊՄԳ պայմանագրի գծով հանրային գործընկերոջ առանցքային մասնագետների և խորհրդատուների ընտրության ապահովումը.
7) ՊՄԳ ծրագրի շեղումների և փոփոխությունների կառավարումը.
8) ՊՄԳ ծրագրի հետ կապված խնդիրների և վեճերի կառավարումը և լուծումը.
9) ՊՄԳ ծրագրի հաշվետվությունների ստացումը՝ համաձայն ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգի.
10) ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով ՊՄԳ ծրագրի ընթացիկ փուլային արդյունքների ընդունման ապահովումը.
11) ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով նախագծային փաստաթղթերի, շինարարության և ծրագրի՝ շահագործման ու ծառայությունների մատուցման փուլին անցնելուն պատրաստության վերջնական հաստատման ապահովումը:
Հանրային գործընկերն ապահովում է, որ ՊՄԳ ծրագիրը իրականացվի ՊՄԳ պայմանագրի դրույթներին համապատասխան, այդ թվում՝ պահպանվեն ՊՄԳ պայմանագրով սահմանված ռիսկերի բաշխումը և ՊՄԳ պայմանագրում ներառված կատարողական նվազագույն ստանդարտները և բնութագրերը:
XI. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
Շահագործման և պահպանման փուլում ՊՄԳ ծրագրի կառավարման և մշտադիտարկման համար պատասխանատու է հանրային գործընկերը, իսկ ծրագրի ֆինանսական կատարողականի և պայմանական պարտավորությունների մասով՝ լիազոր մարմինը։ ՊՄԳ ստորաբաժանումը հանրային գործընկերոջը ցուցաբերում է տեխնիկական, մեթոդաբանական և այլ տեսակի աջակցություն։
ՊՄԳ ծրագրի շահագործման և պահպանման փուլում ծրագրի և ՊՄԳ պայմանագրի մշտադիտարկման գործառույթն իրականացնում է մշտադիտարկող խումբը։
Հիմք ընդունելով ՊՄԳ պայմանագրի դրույթները՝ մշտադիտարկող խումբը մշակում է ՊՄԳ պայմանագրի կառավարման ձեռնարկ, որի համաձայն իրականացվում է հանրային գործընկերոջ կողմից ՊՄԳ ծրագրի կառավարումը և մշտադիտարկումը:
ՊՄԳ պայմանագրի կառավարման ձեռնարկում պետք է ներառվեն դրույթներ առնվազն հետևյալի մասով.
1) շահագործման և պահպանման և ծառայության մատուցման` կատարողական նվազագույն ստանդարտներին և բնութագրերին համապատասխանության ապահովում.
2) շահագործման և պահպանման ծախսերի մշտադիտարկում.
3) ակտիվի վիճակի մշտադիտարկում՝ կատարողական նվազագույն ստանդարտներին և բնութագրերին դրա համապատասխանությունն ապահովելու նպատակով.
4) ՊՄԳ պայմանագրին համապատասխան շահագործման և պահպանման ապահովման միջոցների ներկայացում, ինչպես նաև մասնավոր գործընկերոջ անվճարունակության դեպքում ապահովման միջոցների կիրառում.
5) մասնավոր գործընկերոջ կողմից ներկայացվող ՊՄԳ պայմանագրի հաշվետվություններ.
6) ՊՄԳ ծրագրի վերջնական սպառողների կողմից կատարվող վճարումների և հասանելիության վճարների կիրառում և ճշգրտում՝ ըստ ՊՄԳ պայմանագրի պահանջների.
7) հանրային և մասնավոր գործընկերների կողմից ՊՄԳ ծրագրի պահանջարկի մշտադիտարկում.
8) ՊՄԳ պայմանագրում ներառված և մշտադիտարկում կամ կառավարում պահանջող ցանկացած այլ հարց:
Հանրային գործընկերը պատրաստում և ՊՄԳ ստորաբաժանում ու լիազոր մարմին է ներկայացնում ՊՄԳ ծրագրի շահագործման և պահպանման վերաբերյալ պարբերական հաշվետվություններ: Հաշվետվության ձևաչափը և ներկայացման հաճախականությունը յուրաքանչյուր ՊՄԳ ծրագրի համար սահմանվում է սույն ընթացակարգերի 7-րդ գլխով նախատեսված որոշմամբ:
Մշտադիտարկող խումբը և լիազոր մարմինը պետք է մշտադիտարկեն ՊՄԳ պայմանագրի հետ կապված այն հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած պայմանական պարտավորությունների ընթացիկ պարտավորությունների վերածվելուն: Նշված հանգամանքները ներառում են հետևյալ դեպքերը, սակայն դրանցով չեն սահմանափակվում.
1) վերջնական սպառողների քանակը կանխատեսվածից ցածր է և պահանջվում է մասնավոր գործընկերոջը տրամադրել ՊՄԳ պայմանագրով սահմանված պետական աջակցությունը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից ՊՄԳ պայմանագրով նախատեսված սակագնի կամ օգտագործման վճարի բարձրացման հայտի չհաստատումը.
3) ՊՄԳ պայմանագրով նախատեսված դեպքերում ՊՄԳ ծրագրից բխող ծախսերի փոփոխություն, երբ հանրային գործընկերոջ պահանջով կատարվում են ծրագրի շրջանակի կամ շինարարական պահանջների փոփոխություններ, որոնց գումարը գերազանցում է ՊՄԳ պայմանագրով սահմանված գումարը.
4) ծառայությունների մատուցման շրջանակի փոփոխություն, որը հանգեցնում է շահագործման և պահպանման ծախսերի ավելացման, ինչպես նաև հանրային գործընկերոջ կողմից վճարվող հասանելիության վճարների ավելացման.
5) տվյալ պայմաններում արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ (անհաղթահարելի ուժ):
Սույն ընթացակարգերի 51-րդ կետով նախատեսված հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները դրանց մասին տեղեկանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում, հանրային գործընկերը ներկայացնում է լիազոր մարմնին:
XII. ՊՄԳ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊՄԳ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
ՊՄԳ պայմանագրի դադարման մշտադիտարկման և ՊՄԳ պայմանագրի դադարման պատասխանատվությունը կրում է հանրային գործընկերը։
ՊՄԳ պայմանագրի դադարմանը առնչվող դրույթները, այդ թվում՝ հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ՝ պայմանագրի դադարման հետ կապված պարտավորությունները, սահմանվում են ՊՄԳ պայմանագրով: ՊՄԳ պայմանագրում պետք է ներառվեն առնվազն հետևյալ դրույթները.
1) պայմանագրի դադարման ծրագրումը մեկնարկում է ՊՄԳ պայմանագրի նախատեսված ավարտից մինչև 2 (երկու) տարի առաջ.
2) ՊՄԳ պայմանագրի դադարման պահին ակտիվների փաստացի վիճակը պետք է համապատասխանի ՊՄԳ պայմանագրով սահմանված կատարողական նվազագույն ստանդարտներին և բնութագրերին.
3) ՊՄԳ պայմանագրի դադարման համար սահմանված կատարողական նվազագույն ստանդարտներին և բնութագրերին համապատասխանությունն ապահովելու նպատակով նախատեսվում են ստուգումներ և փորձաքննություններ.
4) այն դեպքերում, երբ ակտիվների փաստացի վիճակը չի համապատասխանում ՊՄԳ պայմանագրի դադարման համար սահմանված կատարողական նվազագույն ստանդարտներին և բնութագրերին, մասնավոր գործընկերը ներկայացնում է դրան համապատասխանեցման ծրագիր.
5) մասնավոր գործընկերոջ կողմից ՊՄԳ պայմանագրով սահմանված իր պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով ՊՄԳ պայմանագրի դադարման համար ապահովման միջոցներ:
ՊՄԳ պայմանագրի վաղաժամկետ դադարման դեպքում սույն գլխի դրույթները կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում պայմանագրի վաղաժամկետ դադարեցման էությանը:
XIII. ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
ՊՄԳ ծրագրի փաստացի արդյունքների գնահատման պատասխանատվությունը կրում է ՊՄԳ ստորաբաժանումը: Այդ նպատակով հանրային գործընկերը ՊՄԳ ստորաբաժանմանը ցուցաբերում է տեխնիկական աջակցություն։
ՊՄԳ ծրագրի փաստացի արդյունքների գնահատումն իրականացնելու նպատակով ՊՄԳ ստորաբաժանումը կարող է ներգրավել անհրաժեշտ փորձագետների և մասնագետների:
ՊՄԳ պայմանագրի դադարեցումից հետո ՊՄԳ ստորաբաժանումն իրականացնում է ծրագրի՝ փաստացի արդյունքների վրա հիմնված գնահատում՝ հետևյալ պայմաններին համապատասխան.
1) գնահատումը պատրաստվում է ՊՄԳ պայմանագրի դադարեցումից հետո 180 օրվա ընթացքում.
2) գնահատվում են ծրագրի կոնկրետ տեսակի հետ կապված ՊՄԳ ձևաչափի արդյունքները.
3) հատկորոշվում են ՊՄԳ ծրագրի կամ գործարքի կառուցվածքի կոնկրետ տեսակի իրականացմանը կամ կառավարմանն առնչվող հնարավոր խնդիրները:
XIV. ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՊՄԳ ծրագրի ռիսկերը բաժանվում են հետևյալ երեք դասերի.
մասնավոր գործընկերոջ կողմից ստանձնվող ռիսկեր.
հանրային գործընկերոջ կողմից ստանձնվող ռիսկեր.
համատեղ ստանձնվող ռիսկեր:
Ռիսկերի բաշխման հիմնական սկզբունքն է ռիսկերի ստանձնումը այն գործընկերոջ կողմից, որն ունի առավելագույն կարողություններ դրանք պատշաճ կառավարելու համար: Ռիսկերի կառավարման կարողությունների եղանակով դրանք ստանձնող կողմի որոշման բարդության կամ անհնարինության դեպքում կարող է կիրառվել գործընկերների կողմից ռիսկերի համատեղ ստանձնումը:
ՊՄԳ ծրագրի ռիսկերի արժեքի որոշման, ռիսկերի բաշխման և ռիսկերի կառավարման կարգը հաստատվում է ուղեցույցներով: ՊՄԳ ծրագրի ռիսկերի վերլուծությունը կատարվում է սույն ընթացակարգերով սահմանվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության ընթացքում՝ հիմք ընդունելով այդ փուլերում հասանելի տեղեկատվությունը: ՊՄԳ ծրագրի ռիսկերի վերլուծության արդյունքները ամփոփվում են ռիսկերի մատրիցում։
XV. ՓՈՂԻ ԴԻՄԱՑ ԱՐԺԵՔԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն գլուխը սահմանում է հանրային հատվածի ծախսերի համեմատական (այսուհետ` ՀՀԾՀ) վերլուծության միջոցով ՓդԱ-ի գնահատման կարգը։
ՊՄԳ ծրագրի ՓդԱ-ի գնահատման պատասխանատվությունը կրում է իրավասու մարմինը։ Այդ նպատակով ՊՄԳ ստորաբաժանումը իրավասու մարմնին ցուցաբերում է տեխնիկական, մեթոդաբանական և այլ տեսակի աջակցություն։
ՓդԱ-ի գնահատման նպատակը ապահովելն է, որ հանրային ենթակառուցվածքի կամ հանրային ծառայության` ՊՄԳ ձևաչափով մատուցումը ստեղծում է հանրության համար ավելի մեծ արժեք, քան նմանատիպ ծրագրի իրականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով։
ՓդԱ-ի գնահատումը վերլուծում է նմանատիպ կամ համադրելի հանրային ենթակառուցվածքը կամ հանրային ծառայությունն ապահովող ընդհանուր ընթացակարգով իրականացվող լավագույն ծրագրի և ՊՄԳ ծրագրի արժեքների միջև տարբերությունը, ինչպես նաև ՊՄԳ ծրագրի իրականացման ծախսերը։
ՓդԱ-ի գնահատականը ներառում է հավանական ՊՄԳ ծրագրի քանակական և որակական բնութագրիչների վերլուծություն` համաձայն ուղեցույցներով նախատեսված կարգի։
ՓդԱ-ի գնահատումը կատարվում է` հաշվի առնելով ՊՄԳ ծրագրի ռիսկերի մատրիցում ներկայացված ռիսկերի գնահատումը, ռիսկերի արժեքի հաշվարկը և ռիսկերի բաշխման առաջարկված տարբերակը։
ՓդԱ-ի նախնական գնահատումը ներառվում է ՊՄԳ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման, իսկ վերջնական գնահատումը` տեխնիկատնտեսական ուսումնասիրության մեջ։
ՓդԱ-ի որակական գնահատումը պետք է պատասխանի ՊՄԳ ծրագրի վերաբերյալ հետևյալ հարցերին․
արդյոք ծրագրի չափը բավարար է ՊՄԳ գործարքի գծով կատարվելիք ծախսերը ծածկելու համար.
արդյոք հնարավոր է մի քանի ծրագրի միավորում մեկ երկարաժամկետ ծրագրում.
արդյոք ծրագիրը առանձնացված է գոյություն ունեցող ծրագրերից կամ ցանցերից, թե՞ ինտեգրված է դրանցում.
արդյոք ծրագրի կատարողական պահանջները և ծրագրի արդյունքների օգտագործումը ծրագրի իրականացման ժամանակահատվածում կայուն են.
արդյոք ծրագրի կատարողականը չափելի է.
արդյոք ծրագրի հիմքում եղած ոչ ընթացիկ ակտիվի ծառայության ժամկետը ունի առնվազն 20 տարի ակնկալվող օգտակար ծառայության ժամկետ.
արդյոք ծրագրի հիմքում եղած ոչ ընթացիկ ակտիվի պահպանումը ներառում է էական պահանջներ.
արդյոք ծրագրի հիմքում եղած ակտիվների վերանորոգման և վերակառուցման շրջափուլը կանխատեսելի և կայուն է.
արդյոք առկա չեն այնպիսի գործոններ, որոնք սահմանափակում են ծրագրի շահագործման և պահպանման փոխանցումը մասնավոր հատվածին.
արդյոք ծրագրի նախագծման, կառուցման կամ շահագործման մասով առկա է նորարարության հնարավորություն.
արդյոք ծրագիրն պարունակում է մասնավոր գործընկերոջ համար լրացուցիչ եկամուտներ առաջացնելու հնարավորություն:
ՓդԱ-ի քանակական գնահատումը հաշվարկում է հանրային հատվածի ծախսերի համեմատականի և ՊՄԳ ձևաչափով ծրագրի իրականացման արժեքների տարբերությունը:
ՀՀԾՀ-ի վերլուծության միջոցով համեմատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով պետական գնման միջոցով և ՊՄԳ ձևաչափով ծրագրի իրականացման՝ ռիսկերով ճշգրտված ծախսերը:
ՀՀԾՀ-ի վերլուծությունը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից`
նախնական ՀՀԾՀ հաշվարկ։ Նախնական ՀՀԾՀ-ի հաշվարկով որոշվում է ենթակառուցվածքային ծրագրի ավանդական գնումների միջոցով իրականացման ամբողջական ծախսը (այսուհետ` ԵԾԱԳ): Սույն կետով նշված ծախսը հաշվարկվում է հետևյալ մեծությունների գումարով.
ա. ծրագրի ինժեներական գնահատականի կամ համադրելի ծրագրի՝ մասնավոր կապալառուից գնման արդյունքում անցյալում ստացված արժեքների հիման վրա ԵԾԱԳ գնահատված ընդհանուր արժեք.
բ. հատկորոշված, տեխնիկատնտեսական կամ նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների պատրաստման համար կատարված, սակայն հաշվի չառնված բոլոր ծախսեր․
գ. ծրագրի գնումների և իրականացման ընթացքի ուղղակի վերահսկման և մշտադիտարկման հետ կապված բոլոր ուղղակի ծախսերի գնահատականներ․
դ. ֆինանսավորման ծախսեր, այդ թվում՝ ֆինանսավորման դիմելու հետ կապված վճարները, ֆինանսավորում տրամադրելու պարտավորության ստանձնման վճարները, ծրագրի շինարարության և շահագործման ընթացքում վճարվող տոկոսագումարները:
Ռիսկով ճշգրտված ՀՀԾՀ։ Ռիսկով ճշգրտված ՀՀԾՀ-ի հաշվարկման նպատակով սույն կետի 1-ին ենթակետով ստացված ԵԾԱԳ-ին գումարվում է ուղեցույցների համաձայն հաշվարկված ծրագրի ռիսկերի արժեքը։
ՀՀԾՀ-ի վերլուծության արդյունքները ամփոփվում են ՓդԱ-ի վերլուծության եզրակացությունում։ ՓդԱ վերլուծության եզրակացությունում արտացոլվում են հետևյալ ցուցանիշները.
ՊՄԳ ծրագրի կապիտալ ծախսերը.
ՊՄԳ ծրագրի շահագործման ծախսերը և ակնկալվող խնայողությունները, որը ծրագրի կենսապարբերաշրջանի ընթացքում շահագործման և պահպանման ծախսերի զուտ ներկա արժեքն է.
ՊՄԳ ծրագրի կողմերի միջև ռիսկերի բաշխումը և այդ ռիսկերի արժեքը.
ծրագրի իրականացման ուսումնասիրված տարբերակների միջև ՓդԱ-ը:
XVI. ՊՄԳ ԾՐԱԳՐԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով՝ ՊՄԳ ստորաբաժանումը ստեղծում և վարում է ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ տվյալների բազան, որը ներառում է ՊՄԳ ծրագրի կամ ՊՄԳ ծրագրի նախագծի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.ծրագրի նույնականացման համարը․
ծրագրի անվանումը․
իրավասու մարմինը․
հանրային գործընկերը․
ծրագրի իրականացման ոլորտը․
ծրագրի իրականացման վայրը․
ծրագրի կարգավիճակը․
մրցույթի հայտարարման ամսաթիվը․
ընտրված մասնակցի որոշման ամսաթիվը․
պայմանագրի ֆինանսական կայացման ամսաթիվը․
կառուցապատման աշխատանքների ավարտի ամսաթիվը․
շահագործման մեկնարկի ամսաթիվը․
պայմանագրի գործողության ժամկետը (տարիներով)․
ծրագրով նախատեսված կապիտալ ծախսերի գումարը (Հայաստանի Հանրապետության դրամով)․
ՊՄԳ պայմանագրի տեսակը․
փաստաթղթերի փաթեթի հղումը։
ՊՄԳ ծրագրերի տվյալների բազայում ներառվում են այն բոլոր ՊՄԳ ծրագրերը, որոնց մրցույթի հայտարարությունը հրապարակվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՊՄԳ ծրագրերի տվյալների բազայում չեն ներառվում մինչև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը կնքված ՊՄԳ պայմանագրերի և հայտարարված մրցույթների վերաբերյալ տեղեկությունները՝ բացառությամբ, եթե մասնավոր գործընկերը համաձայնել է բացահայտել պայմանագրի դրույթները: Եթե մինչև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը կնքված ՊՄԳ պայմանագրով կամ հայտարարված մրցույթով մասնավոր գործընկերը համաձայնել է բացահայտել պայմանագրի դրույթները, ապա ՊՄԳ պայմանագրի վերաբերյալ տեղեկությունները ՊՄԳ տվյալների բազայում ներառվում են այն ծավալով, որին համաձայնվել է մասնավոր գործընկերը։
Սույն գլխով սահմանված կարգով հանրային գործընկերը ՊՄԳ ստորաբաժանմանն է ներկայացնում իր կողմից ստորագրված յուրաքանչյուր ՊՄԳ պայմանագրի, դրա բոլոր հավելվածների կամ լրացումների պատճենները՝ ՊՄԳ պայմանագրի կամ դրա համապատասխան լրացման ստորագրման պահից հետո քսան (20) օրվա ընթացքում:
Իրավասու մարմինը և հանրային գործընկերը ներկայացնում են ՊՄԳ ծրագրի նախագծի և ՊՄԳ ծրագրի մասին ամփոփ տեղեկատվություն՝ համաձայն սույն ընթացակարգերի 74-րդ կետի:
XVII. ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ
Սույն ընթացակարգերի իմաստով ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տնօրինող մասնակից.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.
տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի նախագահ, անդամ.
իրավաբանական անձի աշխատակից։
Սույն ընթացակարգերի 11-րդ և 14-րդ կետերով նախատեսված աշխատանքային խմբի մասնակիցները պետք է ներկայացնեն հայտարարություն` տվյալ ՊՄԳ ծրագրի իրականացման մեջ շահագրգռվածություն ունեցող կազմակերպությանը փոխկապակցվածության բացակայության մասին։
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թվականի
-ի N -Ն որոշման
ՑԱՆԿ
ՊՄԳ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎՈՂ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ
ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ
1. ՊՄԳ ծրագրի տնտեսական վերլուծության և սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման ուղեցույց
01.04.2020թ.
2. ՊՄԳ նախնական տեխնիկատնտեսական գնահատման ուղեցույց
01.04.2020թ.
3. ՊՄԳ ծրագրերի պատրաստման ուղեցույց` բաղկացած`
1) պահանջարկի վերլուծության
2) ֆինանսական վերլուծությունից
3) պետական աջակցության կարիքների գնահատման
4) ռիսկերի հատկորոշման և կառավարման
5) փողի դիմաց արժեքի և հանրային հատվածի ծախսերի համեմատական գնահատման
6) ՊՄԳ պայմանագրի պայմանների մշակման մասին ուղեցույցներից
01.04.2020թ.
4. ՊՄԳ պայմանագրի կառավարման ուղեցույց` բաղկացած`
1) ՊՄԳ պայմանագրի ապահովման միջոցների, դրանց տեսակների և կիրառելիության
2) ՊՄԳ պայմանագրի կառավարման ձեռնարկի մշակման
3) հանրային գործընկերոջ կողմից ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման սկզբունքների և պահանջների
4) մասնավոր գործընկերոջ կողմից ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման սկզբունքների և պահանջների մասին ուղեցույցներից
01.09.2020թ.
5. ՊՄԳ շրջանակներում շուկայի հետ նախնական հաղորդակցման ուղեցույց
01.09.2020թ.
6. ՊՄԳ շրջանակներում մասնավոր գործընկերոջ ընտրության չափանիշների ուղեցույց
01.09.2020թ.
7. ՊՄԳ ծրագրի՝ փաստացի արդյունքների գնահատման ուղեցույց
01.09.2020թ.
Հիմնավորում
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՕ-113-Ն օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված է սահմանել պետություն-մասնավոր գործընկերության հարաբերությունները, իրականացման չափանիշները, ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը և կիրառելի սկզբունքները: Օրենքի նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման և կառավարման նպատակով սահմանել անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքեր:
Համաձայն Օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է`
ՊՄԳ ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառելի ընթացակարգերը և կանոնները (հոդված 2, մաս 1, կետ 14).
ՊՄԳ ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները (հոդված 5).
ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմինը (հոդված 2, մաս 1, կետ 25).
ՊՄԳ ստորաբաժանումը (հոդված 2, մաս 1, կետ 11):
Անցումային դրույթներով որպես Օրենքի ամբողջական կիրակումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամանակահատված է սահմանված վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրը:
2. Կարգավորման հարաբերությունների առկա վիճակը
Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերությունից բխող իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումը նպատակ ունի խթանելու երկրում հանրային ենթակառուցվածքների բարելավումը, ստեղծելու Հայաստանում հաջողակ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրագործման, խթանման և կառավարման համար բարենպաստ օրենսդրական և ինստիտուցիոնալ միջավայր, որը կհամապատասխանի պետություն-մասնավոր գործընկերության միջազգային լավագույն փորձին:
Հարկ է նշել, որ 2017թ. նոյեմբերի 9-ի նիստում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթուղթը, 2019 թվականի հունիսի 28-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքը, որոնք ՀՀ կառավարության առաջին քայլերն են` ուղղված պետություն-մասնավոր գործընկերության իրավական հիմքերի ստեղծմանը և Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության սահմանման, շնորհման և իրականացման մասով կիրառելի կանոնների ու ընթացակարգերի հստակ համախմբի ձևավորմանը, որը կօժանդակի պետություն-մասնավոր գործընկերության նոր համակարգն ավելի ամբողջական դարձնելուն:
Միաժամանակ, Օրենքի կիրառման, և հետևաբար, Հայաստանում հանրային ենթակառուցվածքներում մասնավոր հատվածի ֆինանսական և կառավարման կարողությունների ներգրավման համար օրենսդրական շրջանակը դեռևս ամբողջական չէ: Մասնավորապես` ՊՄԳ իրավահարաբերությունների կարգավորման համար Օրենքը նախատեսում է կառավարությանը լիազորող իրավական նորմեր` պայմանավորված այդպիսի իրավահարաբերությունների կարգավորման առավել ճկուն մեխանիզմներ ունենալու պահանջով և հաջողված գնահատված միջազգային փորձով:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը:
Նախագծով առաջարկվում է`
հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, մասնավորապես` պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներին առնչվող հիմնական փուլերի նկատմամբ կիրառելի կանոնները.
հաստատել ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմնի ղեկավարի կողմից ընդունման ենթակա ուղեցույցների ցանկը, որոնցով սահմանվելու են ՊՄԳ ծրագրերի մշակման խորհրդատվական բնույթի ցուցումներ.
որպես ՊՄԳ ծրագրերի իրականացման ոլորտներ սահմանել էներգետիկան, ջրային տնտեսությունը, մայրուղիները, ճանապարհային, տրանսպորտային ենթակառուցվածքները ու ծառայությունները, վերելակային տնտեսությունը, կոշտ թափոնների հավաքումը, մշակումը և հեռացումը, համայնքային ավտոկայանատեղիներ և համայնքային այլ ծառայությունները, փոստային ենթակառուցվածքները և ծառայությունները, առողջապահությունը և կրթությունը.
որպես ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
որպես ՊՄԳ ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումը:
ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1241-Ն որոշումը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը կապահովի պետություն-մասնավոր գործընկերության իրականացման չափանիշների, ընթացակարգերի և կիրառելի սկզբունքների համաձայն պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի արդյունավետ մշակումը և իրականացումը:
Նախագիծը կնպաստի մասնավոր հատվածի ֆինանսական, մարդկային և այլ կարողությունների ընձեռած հնարավորությունների օգտագործմանը հանրային ծառայությունների մատուցման բնագավառում, միաժամանակ ժամանակակից լուծումների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով կխթանի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հանրային ենթակառուցվածքների կայացմանը:
e-draft.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться