2012 թվականի տնտեսական տասն առանցքային իրադարձություններն ըստ «ԱՌԿԱ» գործակալության

2012 թվականի տնտեսական տասն առանցքային իրադարձություններն ըստ «ԱՌԿԱ» գործակալության1. Հայաստանի հաջողությունները «Doing Business -2013» վարկանիշում

Թռիչքաձև աճը, որ գրանցեց Հայաստանը Doing Business վարկանիշում, լավագույններից մեկն էր նրա պատմության ընթացքում։

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հրապարակած Doing Business-ի տարեկան վարկանիշում Հայաստանը բարձրացավ 12 կետով և այժմ զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը: Doing Business-ի նոր վարկանիշում Հայաստանը գտնվում է Նիդեռլանդների (31-րդ տեղ) և Բելգիայի (33-րդ տեղ) մեջտեղում՝ հետևում թողնելով Ֆրանսիային (34-րդ տեղ), Իսրայելին (38-րդ տեղ), Հարավաֆրիկյան Հանրապետությանը (38-րդ տեղ), Իսպանիային (44-րդ տեղ):

Վարկանիշի հրապարակումից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության առջև խնդիր դրեց այնպես անել, որ հաջորդ տարի Հայաստանը վարկանիշի առաջին քսանյակում հայտնվի։

2. ԵՄ–ի հետ ազատ առևտրի համաձայնագրով բանակցությունների մեկնարկը

ԵՄ–ի առևտրային քաղաքականության հանձնաժողովը, որը բաղկացած է 27 անդամ–երկրներից, 2012 թվականի փետրվարի 29–ին միաձայն որոշում կայացրեց «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին» համաձայնագրով Հայաստանի հետ բանակցությունների մեկնարկի մասին։ Համաձայնագրի շնորհիվ Հայաստանը հնարավորություն կստանա դիվերսիֆիկացնել արտահանման կառուցվածքը և բարենպաստ պայմաններով մտնել եվրոպական շուկա։

Ինչպես հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանը մտադիր է բանակցություններն ավարտել մինչև 2013 թվականի նոյեմբերը, երբ կկայանա «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը։

Հոկտեմբերի 2-4-ը Երևանում տեղի ունեցավ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների 2-րդ փուլը, որի ընթացքում տասը բանակցային խմբերի շրջանակներում քննարկվեցին տասը ուղղություններով ապագա համաձայնագրի տեքստերի նախագծերը' Ապրանքների առևտուր, Մրցակցություն, Առևտրի տեխնիկական խոչընդոտներ, Մաքսային հարցեր, Կայուն զարգացում, Մտավոր սեփականության իրավունքներ, Ծագման կանոններ, Թափանցիկություն, Առևտրի պաշտպանական միջոցներ և Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ: Բանակցային փուլի վերջում ստորագրվեց համապատասխան փաստաթուղթ, որտեղ ամրագրվեցին կողմերի պարտավորություններն ու պայմանավորվածությունները' բանակցությունների հաջորդ' երրորդ փուլի նախապատրաստման նպատակով:

Բրյուսելում դեկտեմբերի 3-5–ը կայացած բանակցությունների երրորդ փուլում շարունակվեցին քննարկումները բոլոր վերոնշյալ ուղղություններով, ինչպես նաև քննարկվեցին Համաձայնագրի և չորս տեքստերի նախագծեր' ծառայությունների առևտրի, պետական գնումների և էներգետիկայի ոլորտում։

3. «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումը

Սեպտեմբերին Հայաստանում մեկնարկեցին «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու շինարարական աշխատանքները, որոնք ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը։ Նախագծի շրջանակներում արդեն սկսվել է Երևան–Արարատ 38 կիլոմետրանոց քառագիծ ավտոճանապարհի բարեկարգումը։

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումը նախատեսվում էր սկսել 2009 թվականին և ավարտել 2017-ին։ Ծրագրի համաձայն, նախատեսվում էր 556 կմ (Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա) երկայնությամբ մայրուղի կառուցել։

ԱԶԲ–ի' 70.4 միլիոն դոլարի առաջին տրանշի միջոցներով ծրագրվում է վերակառուցել Երևան–Արարատ (38 կմ) և Երևան–Աշտարակ (12 կմ) ավտոճանապարհների հատվածները։ 179.6 մլն դոլարի երկրորդ տրանշի միջոցներով կվերականգնվի Աշտարակ–Թալին ճանապարհային հատվածը։

«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության ներդրումային ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի և ԱԶԲ–ի միջև շրջանակային ֆինանսական համաձայնագիրը' 500 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, հավանության էր արժանացել Հայաստանի կառավարության կողմից 2010 թվականի հունվարի 14–ին։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) ևս 50-70 միլիոն դոլար տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։

«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումը, որի շնորհիվ կբարելավվի Եվրոպա–Կովկաս–Ասիա ճանապարհային հաղորդակցությունը Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի հատման կետում, ծրագրվում է ամբողջությամբ ավարտել 2017 թվականին։ «Հյուսիս–Հարավ» միջանցքը 556 կիլոմետր ընդհանուր երկայնությամբ կապահովի մուտք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։

Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ապահովում են մուտք դեպի համաշխարհային շուկաներ։

Ծրագիրը թույլ կտա, որ Հայաստանն ապագայում մեղմի Ադրբեջանի և Թուրքիայի ստեղծած շրջափակումը, տարանցիկ պետության կարևոր դեր խաղա տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների հարցում, ինչպես նաև միանա Սևծովյան օղաձև ավտոմայրուղուն։

4. VIP կոմերցիոն սրահի բացումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մարտին տեղի ունեցավ պաշտոնական պատվիրակությունների և VIP կոմերցիոն նորաբաց սրահի բացումը։
Սրահը 2011 թվականի սեպտեմբերին շահագործման հանձնած ուղևորային համալիրի նախագծի մի մասն էր կազմում։

Նախկին VIP սրահի երկու հաշվառման սեղանների փոխարեն նոր սրահում գործելու են չորս հաշվառման սեղաններ: Ուղևորները նոր սրահից ուղիղ մուտք կունենան բիզնես սրահ, որի ծառայություններից կօգտվեն անվճար:

Կոմերցիոն սրահից կարող է օգտվել ցանկացած ուղևոր՝ վճարելով 30.000 դրամ: Գումարի դիմաց ուղևորներն իրավունք ունեն անցնել անհատական հաշվառում, անվճար օգտվել սրահի ծառայություններից: Խմիչքներն անվճար են:

2011թ.-ի սեպտեմբերի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ պաշտոնապես բացվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր ուղևորային համալիրը։

Նոր համալիրի շենքի տարածքը 34,000 քառակուսի մետր է։ Օդանավակայանի հանրային գոտում են ժամանման և մեկնման նոր հասարակական սրահներն ու ավտոկանգառի շենքը' 20 հազար քառակուսի մետր տարածքով։

Նոր ուղևորային համալիրն ունի տարեկան 3,500,000 ուղևոր սպասարկելու հնարավորություն' նախկին 1.6 միլիոնի փոխարեն, 46 հաշվառման սեղաններ' ապահովված CUTE ժամանակակից հաշվառման տեխնոլոգիայով, մաքսային նոր գոտի, ուղեբեռի ստացման նոր համակարգ: Ժամում 2800 ուղեբեռի սպասարկում (պայթուցիկի ավտոմատ հայտնաբերման հնարավորությամբ)։

Ամբողջությամբ նորոգվել է թռիչքուղին, տեղադրվել է լուսազդանշանային նոր համակարգ, կառուցվել է նոր դրենաժային համակարգ, նորոգվել են ղեկուղիները, տեղադրվել է լուսավորության համակարգ։
Ընդհանուր ներդրումները կազմում են շուրջ 320.000.000 ԱՄՆ դոլար, ներառյալ ' օդանավակայանի արդիականացման 1-ին և 2-րդ փուլերը։
Վերջին 20 տարիներին Հայաստանում դեռևս նման մասշտաբի և նշանակության օբյեկտներ շահագործման չեն հանձնվել։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալի կառուցման անհրաժեշտությունը թելադրված է ուղևորահոսքերի աճով և ուղևորների ընդունման ու սպասարկման գործառույթների տեղափոխման միջազգային պահանջներին համապատասխանող շենք։

5. ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի վավերացումը

Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ ԱՊՀ-ում ԱԱԳ-ն էական դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, կնպաստի ՀՆԱ աճին և արտադրանքի արտահանմանը:

Այսպիսով, Հայաստանը չորրորդ երկիրն է դարձել Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից հետո, որը վավերացրել է փաստաթուղթը:

2011թ. հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուկրաինայի կողմից ստորագրվել է ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը:

ԱՊՀ շրջանակներում ԱԱԳ մասին պայմանագիրն ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտու լիարժեք և արդյունավետ գործառնության համար անհրաժեշտ պայմաններ կապահովի և բարենպաստ պայմաններ կստեղծի ինտեգրման հետագա խորացման համար' Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի հիման վրա:

Պայմանագիրը կփոխարինի ներկայում ԱՊՀ մասնակից պետությունների միջև գործող ազատ առևտրի մասին համաձայնագրին' ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի:

6. Բանակցություններ' գազի գնի շուրջ

Գազի գնի բարձրացման հարցն ամենաքննարկվող թեման էր հասարակության շրջանում։ Հուլիսի սկզբին հայկական ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ գազի գինը կարող է թանկանալ ընթացիկ տարվա հոկտեմբերի մեկից։ Այսպես, Հայաստանի հետ սահմանին 1000 խորանարդ մետր գազի գինը, լրատվամիջոցների տվյալներով, կարժենա 280 դոլար, իսկ հաջորդ տարվա հունվարի մեկից գազի գինը կկազմի 320 դոլար։ Ներկայում Հայաստանը «Գազպրոմից» գազը գնում է 180 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։ Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերը «ՀայՌուսգազարդ» ընկերությունն է։ Գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանի միջոցով։

Ենթադրվում էր, որ գնի բարձրացումը կլինի 2012 թվականի ապրիլի 1-ից, սակայն ռուսական գազի գնի փոփոխության մասին ոչինչ չէր հայտարարվում։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, օգոստոսի 7-8–ին ՌԴ կատարած այցի ընթացքում, Մոսկվայում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը փոխհամաձայնության են եկել հանրապետություն մատակարարվող ռուսական գազի գնի վերաբերյալ:

Դրանից հետո հայկական կողմի ու ռուսական «Գազպրոմի» միջև սկսեցին բանակցությունները, որոնց արդյունքը Էներգետիկայի նախարարությունը խոստացավ հրապարակել տարեվերջին։

7. Մեղրիում կառուցվող ՀԷԿ-ի հիմքը դրված է

Սահմանամերձ Արաքս գետի մոտ 130 ՄՎտ հզորությամբ և 323 մլն դոլար արժողությամբ Մեղրիի ՀԷԿ-ի հիմքի կառուցման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին։

Տվյալ ծրագիրն իրականացվում է 2007թ.-ի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրված Մեղրիում և Կարաչիլարում էլեկտրակայանի զինման և շահագործման համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում։

Համաձայնագրի շրջանակներում սահմանամերձ Արաքս գետի մոտ երկու հիդրոկայանների կառուցում է նախատեսվում՝ հայկական կողմից ՀԷԿ-ը կտեղակայվի Մեղրի քաղաքում, իսկ իրանական կողմից՝ Կարաչիլարում: Մեղրիում և Կարաչիլարում ՀԷԿ-ի կառուցումը կիրականացվի զուգահեռ, ինչը թույլ կտա 10-15 տոկոսով օպտիմալացնել ծախսերը:

ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը կկազմի շուրջ 130 ՄՎտ, իսկ արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը՝ տարեկան շուրջ 800 Կվտ/ժ՝ ավելացնելով, որ տվյալ շինարարության շրջանակներում շուրջ 18 կմ երկարությամբ և 8,5 մ ներքին տրամագծով ճնշումային թունել կկառուցվի:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Իրանի էներգետիկայի նախարարի միջև ստորագրված փոխըմբռնման մասին հուշագրի հիման վրա շինարարության ՏՏՀ-ի աշխատանքներն իրականացրել է «Սաղաբ-Գոդս» իրանական խորհրդակցական ընկերությունը՝ Ջրային և էներգետիկական զարգացման իրանական ընկերության պատվերով: Տվյալ աշխատանքները համակարգվել և վերահսկվել են համատեղ հայ-իրանական տեխնիկական կոմիտեի կողմից:

Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան Իրան կփոխանցվի կառուցվող ԷՀԳ ինվեստորի միջոցով՝ 230 ԿՎ լարումով: Շահագործումից 15 տարի անց ՀԷԿ-ն անհատույց կերպով կփոխանցվի հայկական կողմին: Միաժամանակ համատեղ փորձարկումների ճանապարհով անհրաժեշտ կլինի հիմնավորել, որ փոխանցման պահին էլեկտրամեխանիկական և հիդրոմեխանիկական սարքերը 10 տարի ժամկետով օգտակար շահագործման նվազագույն պաշար ունեն, իսկ թունելը և ինժեներական կառուցվածքները՝ 30 տարուց ոչ պակաս:

Ընդհանուր առմամբ շինարարության տարբեր փուլերում շուրջ 2 հազար մասնագետ և աշխատող կներգրավվի:

8. GeoProMining–ն ավարտեց Սոտքի հանքավայրի տեխնիկական բազայի թարմացումը

GeoProMining լեռնահանքային ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը 45 մլն դոլար է ներդրել Հայաստանի Սոտքի հանքավայրի տեխնիկական բազայի թարմացման համար' դրանով ավարտելով վերջինիս արդիականացումը։

Տեխնիկական վերազինումը թույլ կտա ընդլայնել հանքավայրի շահագործումը, ինչն անհրաժեշտ է Արարատի ՈԱՖ–ում «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի ներդրման համար։

2011-2012 թվականների նախագծի շրջանակներում ձեռք է բերվել ավելի քան 30 միավոր լեռնային տեխնիկա, արդիականացվել են վառելիքային քսանյութերի պահման և մեքենաների սպասարկման տարածքները։

Արարատի ֆաբրիկայում հանքաքարի հարստացման նոր գծի ստեղծումն «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի հիման վրա թույլ կտա էապես բարձրացնել Սոտքի հանքավայրի կայուն սուլֆիդային հանքաքարից մետաղի արդյունահանումը։ «Ալբիոնը» համալիր նախագիծ է և ընդգրկում է ոչ միայն գծի կառուցում և նոր տեխնոլոգիայի ներդրում, այլ նաև Սոտքի հանքավայրի շահագործման արդյունավետության բարձրացում և ձեռնարկությունների տեխնիկական բազայի թարմացում' նոր տեխնիկայի շահագործման հաշվին։

Նախագիծն իր ծավալով բացառիկ է Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության մեջ, քանի որ դրա շրջանակներում ընդհանուր առմամբ կներդրվի ավելի քան 100 մլն դոլար։

9. ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարեց ևս 10 տարով

Հայաստանի կառավարությունը 10 տարով ավելացրեց հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը։ Ավելի վաղ փորձագետները ԱԷԿ–ի աշխատանքի հնարավորությունը կանխատեսում էին մինչև 2016 թվականը։ Էներգետիկային և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ԱԷԿ-ի կյանքը պետք է երկարացվի 10 տարով՝ հաշվի առնելով այն, որ նոր էներգաբլոկի կառուցումը նույնքան ժամանակ կպահանջի։

ՀՀ իշխանությունները պատրաստվում են նոր կայան կառուցել Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ ԱԷԿ-ի տեղում: Խոսքը մեկ էներգաբլոկի շինարարության մասին է, որ 1000 ՄՎտ հզորություն կունենա:

Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2019-2020թթ.-ին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների համաձայն՝ նախագծի արժեքը կարող է կազմել 5-6 մլրդ դոլար: Այս նախագծի համար օտարերկրյա կապիտալի ներգրավման նպատակով ՀՀ խորհրդարանը 2006 թ.-ին չեղյալ համարեց նոր ատոմային էներգաբլոկերի սեփականության իրավունքի պետական մենաշնորհը:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

10. Համաշխարհային բանկը տոնեց Հայաստանի հետ համագործակցության 20-ամյա տարեդարձը

Համաշխարհային բանկը դեկտեմբերի 4-ին տոնեց Հայաստանի հետ համագործակցության 20-ամյա տարեդարձը: Համաշխարհային բանկը Հայաստանում գործունեության 20 տարվա ընթացքում 57 ծրագրերով 1,6 մլրդ դոլար ընդհանուր գումարի չափով ներդրումներ է իրականացրել։

2012 թվականի աշնանը իրականացված «Երկրի հաճախորդների ուսումնասիրության» համաձայն' Հայաստանում Համաշխարհային բանկի գործառնության արդյունավետության ընդհանուր գնահատականը 7.6 (10-ից) միավոր է կազմում, իսկ շահառուների նկատմամբ բանկի վերաբերմունքը գնահատվել է 8.6 միավոր և վերջապես աշխատակիցների պատրաստակամությունը՝ 8.3 միավոր:

2009թ. –ին համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո մշակված՝ Հայաստանի հետ «Երկրի գործընկերության ռազմավարության» ժամկետը 2013թ. կեսին մոտենում է ավարտին: Համաշխարհային բանկը կառավարությանն աջակցել է՝ նախատեսելով ՄԶԸ/ՎԶՄԲ 640.6 միլիոն ԱՄՆ դոլար գումարի ընդհանուր հատկացում, որից 277 միլիոն ԱՄՆ դոլարը բաժին է ընկնում ՄԶԸ-ին:

Ներկայում Բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է 14 ծրագիր: Այդ թվում' «Կենսական նշանակության ճանապարհների բարելավումը» (LRIP), «Համայնքային ջրամատակարարում (MWP) և համայնքային ջրամատակարարման և ջրահեռացում» (MWWP), «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը» (IREP), «Հայաստանի էլեկտրամատակարարման հուսալիության» ծրագիրը (ESRP), «Երկրաջերմային էներգետիկայի ծրագիրը» (GEP), «Էներգախնայողության ծրագիրը» (EEP), «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարումը և մրցունակությունը» (CARMAC): Ինչպես նաև՝ «Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագիրը» (AFSME), «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» III (ASIF) ծրագիրը, «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագիրը» (HMP), «Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիրը» (JRP II), «Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագիրը» (PSMP-II), «Կրթության որակ և համապատասխանություն», «Սոցիալական պաշտպանության վարչարարություն», «էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության»:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին
Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն