ՀՀ օրենքը «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին

11 դեկտեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

Հակիրճ բնութագիր

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրումը։

Հոդված 1. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-97-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «պետական կառավարչական հիմնարկները» բառերը փոխարինել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ վարչապետի աշխատակազմը, պետական մարմինները՝ բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի» բառերով.

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1. 1-ին մասի 4-րդ կետից հանել «ֆինանսատնտեսական գործունեության» բառերը.
2. 1-ին մասի 6-րդ կետում «փաթեթը» բառից հետո լրացնել «և լրացման ցուցումները» բառերը.
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Լիազոր մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է`

1) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը,

2) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը,

3) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը,

4) կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը և լրացման ցուցումները,

5) կազմակերպություններում հողամասերի և շենքերի վերագնահատման անցկացման ժամկետները և մեթոդաբանությունը,

6) կազմակերպություններում նյութական ակտիվը որպես հիմնական միջոց դասակարգելու նվազագույն արժեքը,

7) կազմակերպություններում նոր հիմնական միջոցների և սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատի­վա­յին օգտակար ծառայության ժամկետները,

8) կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգը.

9) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:»

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝

3-րդ մասի 3-րդ կետից հանել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերը,
3-րդ մասը լրացնել 5-րդ կետով հետևյալ խմբագրությամբ.
«5) կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ մշտադիտարկումը և անհրաժեշտ մեթոդական ցուցումների տրամադրումը, ինչի նպատակով իրավասու է կազմակերպություններից պահանջելու տրամադրել նրանց հաշվապահական հաշվառման գրանցամատյանները և ֆինանսական հաշվետվությունները:».

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1. 4-րդ մասից հանել «ֆինանսատնտեսական գործունեության» բառերը.
2. 4-րդ մասում «օրինակելի փաթեթը և» բառերը փոխարինել «օրինակելի փաթեթը և լրացման ցուցումները, ինչպես նաև» բառերով։
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի համակարգված ներկայացումն են:»։

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «սկզբնական հաշվառման փաստաթղթերի» բառերը փոխարինել «սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի (այսուհետ՝ սկզբնական հաշվառման փաստաթղթեր)» բառերով։

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքի՝ որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է համայնքի ղեկավարի աշխատակազմը։»։

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասում «2017 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի հաշվետու ժամանակահատվածի համար» բառերով.
2. 3-րդ մասում «2019» բառը փոխարինել «2022» բառով։
Հոդված 10. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

Հոդված 11. Սույն օրենքն ուժի ﬔջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ-ում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորվում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք):  Օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

Առաջին հերթին, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ոլորտում լիազոր մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարություն) մի շարք իրավական ակտերի ընդունման իրավասություններ, որոնք ներկայումս սահմանված են ենթաօրենսդրական իրավական ակտերով (օրինակ` ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի «ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը հաստատելու մասին» թիվ 725-Ն հրամանով), սահմանել Օրենքով:

Մասնավորապես, այդ իրավասությունները ներառում են հողամասերի և շենքերի վերագնահատման անցկացման ժամկետների և մեթոդաբանության, նյութական ակտիվը որպես հիմնական միջոց դասակարգելու նվազագույն արժեքի, նոր հիմնական միջոցների և սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատի­վա­յին օգտակար ծառայության ժամկետների, կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգի հաստատումը։

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է հստակ սամանել ՀՀ ֆինանսների նախարարության պարտականությունը իրականացնելու մշտադիտարկում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ և անհրաժեշտության դեպքում տրամադրելու մեթոդական ցուցումներ:

Նախագծով նախատեսվում է նաև փոփոխել վերահսկող կազմակերպությունների կողմից համախմբված ֆինանսական հաշվետվությունների (միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվություններ) և ՀՀ` որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամկետները: Վերը նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայումս իրականացվում են առանձին հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների մշտադիտարկման աշխատանքներ` այդ հաշվետվությունների որակի բարձրացման նպատակով, և համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը տեղին կլինի առանձին հանրային հատվածի կազմակերպությունների մակարդակով ֆինանսական հաշվետվողականության բավարար մակարդակ ունենալու դեպքում: Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է «Նախարարությունների մակարդակով միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու մեթոդաբանություն և համախմբման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրի տեխնիկական առաջադրանքի մեթոդական բաղադրիչ» փաստաթուղթը, որի գործնական արդյունավետությունը նախատեսվում է գնահատել կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի մշակման շրջանակներում, քանի որ ֆինանսական հաշվետվությունների համախմբումն իրենից ներկայացնում է նշված համակարգի առանցքային մոդուլներից մեկը:

Միաժամանակ, նախատեսվում է Օրենքում կատարել որոշ խմբագրական բնույթի շտկումներ։

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս ՀՀ-ում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորվում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի թիվ 24-Ա որոշմամբ Օրենքի շրջանակներում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Լիազոր մարմնի կողմից մի շարք իրավական ակտեր ընդունելու իրավասությունը սահմանված է ենթաօրենսդրական իրավական ակտերով, բացի այդ համախմբված ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու համար անհրաժեշտ է առանձին հանրային հատվածի կազմակերպությունների մակարդակով ֆինանսական հաշվետվողականության բավարար մակարդակ:

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Օրենքի նախագծի ընդունմամբ հիմնականում առաջարկվում է լիազոր մարմնի կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը ենթաօրենսդրական ակտերի փոխարեն, սահմանել օրենքով, ինչպես նաև հետաձգել համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման պահանջը:   

4.Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան ՀՀ-ում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման կարգավորումն է:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրումը։

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն