Հակիրճ բնութագիր
Կադաստրի կոմիտեի համակարգում բարեփոխումները կրում են շարունակական բնույթ: ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 331-րդ կետով նախատեսվում առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրում: Այն ենթադրում է օրենսդրական դաշտի կարգավորում, որի արդյունքում կիրականացվեն իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ գրանցման, տարածական տվյալների ոլորտներում:
Օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի N 560-Լ որոշմամբ, որի արդյունքում ակնկալվում է Հայաստանի գործարար միջավայրի դիրքի բարելավում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը կարող է ընդունել պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև անշարժ գույքի գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության, այդ թվում պայմանագրերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները կարգավորող ներքին իրավական ակտեր:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝
1) «շարժական գույքի կադաստրի վարում» հասկացության «սույն օրենքում նշված պետական կառավարման» բառերը փոխարինել «Կառավարության լիազորված պետական» բառերով.
2) «սպասարկման գրասենյակ» հասկացության «առանձնացված» բառը հանել:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում՝
1) 2-րդ կետում «իրավատերերին» բառը փոխարինել «կամ ունեցած անձանց» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) գործարքների կամ դրանց առանձին պայմանների վերաբերյալ տեղեկությունները՝ այդ գործարքների կողմերին կամ նրանց համաձայնությամբ` այլ անձանց:»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «ռեգիստրը» բառը փոխարինել «ռեգիստրի ղեկավարը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասում «լիազորված անձի» բառերից հետո լրացնել «կամ նրա օրինական ներկայացուցչի կամ դատական ակտի հիման վրա գույքը կամ դրա մասը օտարելու կամ այլ գույքային իրավունքով ծանրաբեռնելու իրավասություն ունեցող անձի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով
«Դիմողը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով, բացառությամբ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումների:»
2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով
«Եթե հայցվող տեղեկատվությունը պարունակում է սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն, ապա էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումը պետք է հաստատված լինի դիմումը ներկայացնող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.
«3.1. Փոստային կապի միջոցով ներկայացված տեղեկատվության տրամադրման դիմումով կարող է պահանջվել միայն սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող տեղեկություններ:
3.2. Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:».
4) 4-րդ մասում՝
ա. 1-ին կետում «տեղեկություն» բառից հետո լրացնել «և տեղեկատվությունը հայցող անձը չունի դրան առնչվելու համապատասխան իրավունք» բառերով,
բ. 2-րդ կետում «տեղեկություն» բառից հետո լրացնել «և տեղեկատվությունը հայցող անձը չունի այն ստանալու իրավունք» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկատվության մեջ նշվում են իրավունքի տեսակը, անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը, ինչպես նաև գույքի գտնվելու վայրը բնութագրող տեղեկություններ:».
6) 9-րդ մասում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «էլեկտրոնային կամ ինքնաշխատ եղանակով» բառերով.
7) 10-րդ մասում «առանձնահատկությունները» բառից հետո լրացնել «, անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով տրամադրվող՝ յուրաքանչյուր փաթեթում ներառվող վճարովի տեղեկությունների ցանկը (առնվազն չորս տեղեկություն)» բառերով:
Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դիմումով ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ անշարժ գույքի միավորի նույնականացված չլինելը կամ սույն օրենքի 32-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված պահանջները պահպանված չլինելը կամ տեղեկատվության տրամադրման ծառայության մատուցման համար սույն օրենքով սահմանված չափով գումարը վճարած չլինելը, բացառությամբ սույն օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության անվճար տրամադրման դեպքերի, հիմք է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության տրամադրումը կասեցնելու համար:»:
Հոդված 9. Օրենքի 33.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում ներառվող այլ տեղեկությունները և դրանց տրամադրումը».
2) 1-ին մասում «ներկայացված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև համապատասխան բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ընդհանուր կանոն և արգելք հանդիսացող սահմանափակումների (պատմամշակույթային, քաղաքաշինական, առողջապահական, պաշտպանական, շրջակա միջավայրի պահպանման և այլն) մասին» բառերով:
Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «նման գրանցման գործողության ընթացքում» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1 Եթե ամուսնության ընթացքում ձեռք բերած և նրանց համատեղ սեփականությունը դիտարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է միայն ամուսիններից մեկը, ապա ամուսինների համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:».
3) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածով նախատեսված` ամուսինների համատեղ դիմումը համարվում է ամուսինների կողմից տրված հայտարարություն այն մասին, որ նրանց միջև չի կնքվել պայմանագիր կամ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով պետական գրանցման ներկայացված գույքի նկատմամբ փոփոխվել է ընդհանուր սեփականության շրջանակը:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1 Ամուսնալուծված ամուսինների դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կանոնները՝ ամուսնալուծության վկայականի ներկայացման առանձնահատկությամբ:».
5) 3-րդ մասում «այլ փաստաթղթի» բառերից հետո լրացնել «կամ անձը հաստատող փաստաթուղթը տրամադրող լիազոր մարմնի տրված փաստաթղթի» բառերով:
Հոդված 11. Օրենքի 48-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ստորագրության իսկության ճանաչման նպատակով պայմանագրի յուրաքանչյուր կողմը պայմանագրիրը պետք է ստորագրի անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակում (անկախ գույքի գտնվելու վայրից) ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի և պայմանագրի մյուս կողմի (կողմերի) ներկայությամբ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված դիմումը և պայմանագիրը պետք է ընդունվի սույն հոդվածի 3-րդ մասում նշված ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:»:
Հոդված 12. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) առաջին պարբերության «կամ իրավաբանական անձանց լրիվ անվանումները (ներառյալ` իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը)՝ առանց հապավումների կամ կրճատումների» բառերը փոխարինել «, իսկ իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը` ներառյալ ֆիրմային անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը (կազմակերպական-իրավական ձևը կարող է լրացվել հապավումով)» բառերով
2) երկրորդ պարբերությունում «ստորագրվեն» բառից հետո լրացնել «պայմանագրի կողմերի և կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչող լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից» բառերով:
Հոդված 13. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 11.5-րդ կետում «տրամադրման համար» բեռերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 11.8-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով
2) 11.6-րդ կետում «կադաստրային արժեքի» բառերից հետո լրացնել «և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալների» բառերով, իսկ «տրամադրման համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 11.7-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.7-րդ, 11.8-րդ և 11.9-րդ կետերով
«11.7) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի կադաստրային արժեքի և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` 500 դրամ.
11.8) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի նկատմամբ կամ դրա որևէ մասի նկատմամբ միևնույն տեսակի իրավունքի կամ սահմանափակման, դրա փոփոխման կամ դադարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար՝ 500 դրամ.
11.9) միևնույն սուբյեկտին որևէ իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար՝ 1000 դրամ.».
4) 12-րդ կետում՝
ա. «9-11.6-րդ» բառերը փոխարինել «9-11.9-րդ» բառերով, իսկ «, ինչպես նաև միևնույն սուբյեկտին որևէ իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության» բառերը հանել.
գ) «ա», «բ», «գ», «դ» ենթակետերից հանել «կամ սուբյեկտի» բառերը.
5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճեններ տրամադրելու համար՝
ա. թղթային տարբերակով՝ յուրաքանչյուր էջը՝ 30 դրամ.
բ. էլեկտրոնային տարբերակով ՝ յուրաքանչյուր էջը՝ 10 դրամ.
Ընդ որում, եթե կադաստրային գործի փաստաթղթերից լուսապատճեններ տրամադրելու դիմումի բովանդակությունից կամ էությունից պահանջվում է սույն մասի 11.1-11.9-րդ կետերով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի լուսապատճեններ, բացառությամբ կադաստրային գործի բոլոր փաստաթղթերի լուսապատճենների, ապա գանձվում է նաև այդ կետերով նախատեսված համապատասխան վճարները.».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 27-րդ և 28-րդ կետերով.
«27) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվության համար՝ 300 դրամ.
28) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող տեղեկությունների առկա յուրաքանչյուր փաթեթում ներառված տեղեկատվության համար՝ 1000 դրամ:»:
Հոդված 14. Օրենքի 74-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասում «2-րդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 2-րդ աշխատանքային օրը» բառերով.
2) 9-րդ մասում «3-րդ, 5-րդ և 6-րդ» բառերը փոխարինել «3-րդ և 5-րդ» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13-րդ կետով.
«13. Սույն օրենքի 73-րդ հոդվածի 27-րդ և 28-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է անմիջապես՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում հասանելի վճարահաշվարկային համակարգի միջոցով նույն կետով սահմանված վճարը կատարելուց հետո, բացառությամբ ֆիզիկական անձանց մասով սույն օրենքի 75-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի:»:
Հոդված 15. Օրենքի 75-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասում «պետական կառավարման մարմիններին» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններին, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ մաս.
«6. Սույն հոդվածով սահմանված տեղեկատվության տրամադրման արտոնությունները, բացառությամբ ֆիզիկական անձանց մասով սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի, չեն տարածվում սույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ և 28-րդ կետերով սահմանված տեղեկատվության տրամադրման վրա:»:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Կադաստրի կոմիտեի համակարգում բարեփոխումները կրում են շարունակական բնույթ, և կոմիտեն հանձն է առել իրականացնելու նոր համակարգային բարեփոխումներ, որոնց իրականացման միջոցառումները նախատեսվել են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով, այն է առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրում: Այն ենթադրում է օրենսդրական դաշտի կարգավորում, որի արդյունքում կիրականացվեն իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ գրանցման, տարածական տվյալների ոլորտներում:
Օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի N 560-Լ որոշմամբ, որի արդյունքում ակնկալվում է Հայաստանի գործարար միջավայրի դիրքի բարելավում: Այսպիսով կոմիտեի առջև դրված են այնպիսի խնդիրներ և պահանջներ, որոնք ենթադրում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ և լրացումներ:
Կարգավորման նպատակը և բնույթը.
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է հետևյալը.
Նախագծի 1-ին հոդվածով (Օրենքի 1-ին հոդված) պետական ռեգիստրի ղեկավարին իրավունք է տրվում պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով ընդունելու պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև անշարժ գույքի գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության, այդ թվում՝ պայմանագրերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները կարգավորող ներքին իրավական ակտեր:
Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով (Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մաս) կատարվող լրացումը նպատակ ունի ընդլայնելու օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով և կարգով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն ստանալու շրջանակը, մասնավորապես գործարքների կամ դրանց առանձին պայմանների վերաբերյալ տեղեկությունների մասով՝ այդ գործարքների կողմերին կամ նրանց համաձայնությամբ` այլ անձանց:
Նախագծի 5-րդ հոդվածով (Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետ) նախատեսվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթներից հանել ՀՀ հողային օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված պետական վերահսկողությունը, քանի որ անշարժ գույքի պետական ռեգիստրը վերահսկողական գործառույթ չի իրականացնում:
Նախագծի 6-րդ հոդվածով (Օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մաս) նախատեսվում է ընդլայնել մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինելու համար դիմող անձանց շրջանակը:
Նախագծի 7-րդ հոդվածում (Օրենքի 32-րդ հոդված) կատարվող լրացումը նպատակ ունի հստակեցնելու Օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով և կարգով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն ստանալու համար դիմումատուի կողմից դիմումը անձամբ սպասարկման գրասենյակ ներկայացնելու կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում պարտադիր էլեկտրոնային ստորագրության սահմանումը: Բացի այդ՝ սահմանվում է նաև ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրման կարգը, նման եղանակով տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը, ինչպես նաև իրավունք է տրվում, որ ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով տրամադրվող և յուրաքանչյուր փաթեթում ներառվող վճարովի տեղեկությունների ցանկը (առնվազն չորս տեղեկություն) սահմանի անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը, իսկ ՀՀ տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու է կառավարությունը: Նոր լրացվող՝ 6.1-ին կետով հստակեցվում է տրամադրվող տեղեկատվության տրամադրման բնույթը:
Նախագծի 8-րդ հոդվածով (Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մաս) նախատեսվող խմբագրությամբ հստակեցվում են տեղեկատվության տրամադրումը կասեցնելու հիմքերը:
Նախագծի 9-րդ հոդվածով (Օրենքի 33.1-ին հոդված) նախատեսվում է ընդլայնել անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում արտացոլվող տեղեկությունների շրջանակը՝ դրանում ներառելով նաև համապատասխան բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից ներկայացված ՀՀ օրենսդրությամբ սահմանված, ընդհանուր կանոն և արգելք հանդիսացող սահմանափակումների մասին տեղեկությունները (պատմամշակութային, քաղաքաշինական, առողջապահական, պաշտպանական, շրջակա միջավայրի պահպանման և այլն):
Նախագծի 10-րդ հոդվածով (Օրենքի 43-րդ հոդված) նախատեսվում է, որ եթե գույքը ձեռք է բերվել ամուսնության ընթացքում և նրանց համատեղ սեփականությունը դիտարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է միայն ամուսիններից մեկը, ապա երկուսի համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել վերջիններիս համատեղ սեփականության իրավունքը:
Նշված հոդվածով նախատեսվում է որպես ամուսինների համատեղ դիմում համարել նաև նրանց կողմից տրված հայտարարությունն այն մասին, որ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով պետական գրանցման ներկայացված գույքի նկատմամբ փոփոխվել է ընդհանուր սեփականության շրջանակը: Նույն հոդվածի լրացվող՝ 2.1-ին կետով սահմանվում է նաև ամուսնալուծված ամուսինների համար կիրառվող առանձնահատկությունները՝ համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի մասով: Միաժամանակ, նույն հոդվածի 3-րդ մասի լրացմամբ նախատեսվում է, որ ֆիզիկական անձի անվան կամ իրավաբանական անձի անվանվան հետ կապված գրանցման մատյանում կատարվող տվյալների փոփոխության համար հիմք է նաև անձը հաստատող փաստաթուղթը տրամադրող լիազոր մարմնի կողմից տրված փաստաթուղթը:
Նախագծի 11-րդ հոդվածով (Օրենքի 48-րդ հոդված) նախատեսվում է ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով պայմանագրի բոլոր կողմերի միաժամանակյա ներկայության ապահովումը, իսկ այդ պայմանագրից ծագող իրավունքի գրանցման դիմումն ու պայմանագիրը պետք է ընդունվի կոնկրետ ստորագրությունների իսկությունը ճանաչող պաշտոնատար անձի կողմից:
Նախագծի 12-րդ հոդվածով (Օրենքի 49-րդ հոդված) պարզեցվում և հստակեցվում են ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագրերին առաջադրվող պահանջները:
Նախագծի 13-րդ հոդվածի (Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մաս) նոր լրացվող՝ 11.7-րդ, 11.8-րդ և 11.9-րդ կետերով նախատեսվում է էժանացնել գյուղատնտեսական նշանակության հողամասերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար Օրենքով սահմանված վճարը՝ 1'000 դրամի փոխարեն գանձելով 500 դրամ:
Նախատեսվող փոփոխությամբ հստակեցվում է 12-րդ կետը: 15-րդ կետով նախատեսվում է վճար նաև էլեկտրոնային տարբերակով կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճենների տրամադրման համար:
Նոր լրացվող՝ 27-րդ և 28-րդ կետերով սահմանվում է նոր վճար, որի արդյունքում շուրջ 3-ից ավելի անգամ նվազում է ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրումը:
Նախագծի 14-րդ հոդվածով (Օրենքի 74-րդ հոդվածի 6-րդ մաս) նախատեսվող փոփոխությամբ նվազեցվում է նոր նմուշի վկայական տրամադրելու ժամկետը:
Միաժամանակ նույն հոդվածի նոր լրացվող՝ 13-րդ կետով նախատեսվում է հստակեցնել ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրման ժամկետները՝ վճարի մասով սահմանելով արտոնություն ֆիզիկական անձանց համար:
Նախագծի 15-րդ հոդվածով (Օրենքի 75-րդ հոդվածի 4-րդ մաս) նախատեսվում է, Օրենքով նախատեսված մյուս մարմիններից բացի, անվճար տեղեկատվություն ստանալու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ մարզպետարաններին: Նույն հոդվածի նոր լրացվող՝ 6-րդ մասով նախատեսվում է, որ ինքնաշխատ եղանակով պահանջվող տեղեկատվության համար արտոնություններ, բացառությամբ ֆիզիկական անձանց, չկիրառվեն, և այն չի կարող տրամադրվել անվճար:
Նախագծի մյուս փոփոխությունները կրում են տեխնիկական բնույթ կամ նախատեսվում են Օրենքում կատարել որոշակի շտկումներ, բացթողումներ (Օրենքի 2-րդ, 15-րդ, 49-րդ հոդվածներ, 74-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ մասեր, 75-րդ հոդվածի 4-րդ մաս):
Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունմամբ հնարավորություն է տրվելու պետական ռեգիստրի ղեկավարին ընդունելու պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև անշարժ գույքի գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության, այդ թվում՝ պայմանագրերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները կարգավորող ներքին իրավական ակտեր: Վերջինս է սահմանելու անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով տրամադրվող և յուրաքանչյուր փաթեթում ներառվող վճարովի տեղեկությունների ցանկը (առնվազն չորս տեղեկություն), իսկ ՀՀ կառավարությանն է վերապահվում սահմանելու կադաստրային քարտեզներում (հատակագծերում) հայտնաբերված սխալների ուղղման կարգը:
Ընդլայնվելու է սահմանափակված մատչելիությամբ տեղեկատվություն ստացող անձանց շրջանակը, մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինելու համար դիմող անձանց շրջանակը, ինչպես նաև անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում արտացոլվող սահմանափակումների մասին տեղեկությունների շրջանակը (պատմամշակութային հուշարձան և այլն): Նախատեսվում է կարգավորել և հստակեցնել նաև ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքային հարաբերություններին առնչվող հարցերը:
Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան անշարժ գույքի պետական միասնական կադաստրի կազմից տեղեկատվության էլեկտրոնային, ինչպես նաև ինքնաշխատ եղանակով տրամադրման կարգը, ժամկետները, մերժման հիմքերը, վճարները, ինչն էլ ավելի կդյուրացնի տեղեկատվություն հայցողների գործողությունները, կկրճատի ժամանակը, որն էլ իր հերթին կնպաստի ՀՀ դիրքի բարելավմանը «Գործարարությամբ զբաղվելը զեկույց»-ում:
Հստակեցվում է ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագրին առնչվող որոշակի դրույթներ:
Նախատեսվում է էժանացնել գյուղատնտեսական նշանակության հողամասերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար Օրենքով սահմանված վճարները:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться