«Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թ համալիր ծրագրի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

28 նոյեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

Հակիրճ բնութագիր
Ծրագիրն ուղղված է երեխայի լավագույն շահի ապահովմանն ու այլընտրանքային խնամքի կազմակերպմանը: 

ՆԱԽԱԳԻԾ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2019 թվականի N –Ն 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը. 

ՀՀ կառավարությունը որոշում է. 

Հաստատել.

«Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր ծրագիրը»՝ համաձայն հավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
     
ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      «----» «-------------------------» 2019 թվականի N---- Ն

Ո Ր Ո Շ Մ Ա Ն 

ՀԱՄԱԼԻՐ  ԾՐԱԳԻՐ

ԵՐԵԽԱՅԻ՝ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆՆ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ 

1. Ներածություն
2. Հայաստանի Հանրապետությունում երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N1 հավելվածի 14-րդ կետի:
3.Ծրագիրը սահմանում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման գերակայությունները և ուղղված է Հայաստանի Հանրապետությունում երեխաների՝ ընտանիքներում ներդաշնակ զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:
4. Ծրագրի մշակումն իրականացվել է մասնակցային սկզբունքով՝ ներգրավվելով ոլորտի տարբեր շահեկիցների։ Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, պետական այլ գերատեսչությունների և կառույցների, միջազգային և տեղական գործընկերների կողմից իրականացված՝ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքին առնչվող խնդիրների գնահատման հետազոտությունները, կազմված վերլուծական զեկույցներն ու հաշվետվությունները, հանրային քննարկումների արդյունքները, ներկայացված բազմաթիվ առաջարկները։
5. Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2000-ականներից սկսած իրականացվում են բարեփոխումներ, որոնք նպատակաուղղված են երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման և խնամքի այլընտրանքային ձևերի զարգացման միջոցով երեխայի՝ ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու իրավունքի ապահովմանը, այդ թվում` կարևորելով նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար այս իրավունքի ապահովման անհրաժեշտությունը և նրանց խնամքն ընտանեկան միջավայրում կազմակերպելը։ Բարեփոխումներն ընթացել են մի քանի փուլերով, զարգացնելով ձեռքբերումները և հետևողական աշխատանք տանելով ոււղղելու արձանագրված թերությունները։
6. Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում թևակոխեցին նոր փուլ 2014 թվականին (ՀՀ կառավարության 2014թ․ նոյեմբերի 13-ի No 1273-N որոշում), երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություններ կատարեց 2013-2016 թթ․ ռազմավարական ծրագրում՝ համապատասխանեցնելու իր ռազմավարական քայլերը ՄԱԿ-ի երեխայի այլընտրանքային խնամքի ուղեցույցի պահանջներին։ 2016թ․ ՀՀ կառավարությունն ընդունեց հայեցակարգային փաստաթուղթ և միջոցառումների ծրագիր՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար ընդլայնելու այլընտրանքային խնամքի ծառայությունները։ 2017թ․ հուլիսի 13-ին ՀՀ կառավարությունն ընդունեց 2017-2021թթ․ երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարական ծրագիրը, որը ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը դիտարկում է որպես գերակայություն, միջոցառումների ծրագրում ներառելով երեխաների մուտքը խնամքի շուրջօրյա հաստատություններ կանխարգելելու և ընտանիքներին աջակցող համայնքահենք ծառայությունների ցանցի ընդլայնմանն ուղղված համապատասխան օրենսդրական կարգավորումների մշակումը։ 2018 թվականի հունավարի 18-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունած Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը նոր թափ հաղորդեց խնամատարության զարգացմանը և երեխայի կարծիքի ու լավագույն շահի կարևորությանը, այդ թվում` նաև նրա այլընտրանքային խնամքի կազմակերպման հարցում։
7. 2019 թվականի մայիսի 16-ի ի N 650-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, որում կարևորվեց կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու այլընտրանքային, համայնքահենք ծառայությունների ցանցի ընդլայմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
8. Սույն ծրագիրը, բխելով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից, նախանշում է բարեփոխումների նոր փուլ՝ նպատակ ունենալով իրականացնել երեխաների պաշտպանության համակարգի և երեխաների իրավունքների գործուն իրացման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծման համալիր միջոցառումներ՝ ելնելով առկա իրավիճակից, հիմնվելով նախորդ փուլերի ընթացքում քաղած դասերի և փորձառության վրա, ինչպես նաև առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և ոլորտում գործող երկրի ստանձնած միջազգային պարտավորություններով։

 1.  Համալիր ծրագրի նպատակը և խնդիրները 

Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի իրացման համալիր ծրագրի նպատակն է՝ ամրագրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների իրենց կենսաբանական ընտանիքներում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված և դրա անհնարինության դեպքում, ընտանեկանին մոտ այլընտրանքային խնամքի ծառայությունների տեսականու և ցանցի ընդլայնումն ապահովող համապարփակ միջոցառումների ցանկը, սահմանել դրանց կատարման համար պատասխանատու մարմինները, կատարման ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները, թիրախներն ու արդյունքները առաջիկա հինգ տարիների համար: 
Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի իրացման համալիր ծրագրի խնդիրներն են՝
- զարգացնել երեխայի՝ ընտանիքից առանց անհրաժեշտության բաժանումը կանխարգելող ծառայությունները, այդ թվում ընդլայնել ցերեկային խնամքի տրամադրման հնարավորությունները, ցերեկային խնամքի կենտրոնների աշխարհագրությունը և ձևավորել ընտանիքին նպատակային աջակցության տրամադրման մեխանիզմներ,
- զարգացնել շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների համար կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորելու ծառայությունները,
- զարգացնել շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ընտանեկան միջավայրին մոտ այլընտրանքային խնամքի ծառայությունները և ընդլայնել աշխարհագրությունը,
- զարգացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար ճգնաժամային արձագանքման ծառայությունները և ընդլայնել ճգնաժամային աջակցության կենտրոնների ցանցը,
զարգացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ աշխատող համապատասխան մասնագետների հմտություններն ու կարողությունները՝ նրանց ընթացիկ վերապատրաստման և վերաորակավորման միջոցով,
- զարգացնել ընդհանուր, մասնագիտացված, ճգնաժամային և արձակուրդային խնամատարություն իրականացնելու համար խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց համապատասխան վերապատրաստման մեխանիզմները,
- ներդնել և զարգացնել որդեգրել ցանկացող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխա որդեգրել ցանկացող անձանց վերապատրաստման համար մշակված մեխանիզմները,
- մշակել և իրականացնել հանրային իրազեկման միջոցառումներ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների համար կենսաբանական կամ ընտանեկանին մոտ միջավայրում ապրելու և զարգանալու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։ 

Իրավիճակի վերլուծություն 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում երեխայի իրավունքների պաշտպանության համար հիմնարար նշանակություն ունեն «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, Ընտանեկան օրենսգիրքը, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, առողջապահության և կրթության ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը։

2. Հայաստանում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգում, այսուհետ՝ «Մանուկ» ՏՀ, 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ առկա է շուրջ 8000 երեխաների մասին տեղեկատվություն, որոնցից 7 տոկոսը կամ 572 երեխա ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ (464 երեխա) կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ են (108 երեխա)։ «Մանուկ» ՏՀ-ում երեխաները վերցվում են հաշվառման, եթե երեխաները խնամք են ստանում շուրջօրյա խնամքի հաստատություններում՝ ընդհանուր տիպի կամ մասնագիտացված մանկատներում, գիշերային խնամքի հաստատություններում, ժամանակավոր կացարաններում ու ընտանեկան տիպի փոքր տներում, խնամվում են խնամատար ընտանիքներում, խնամակալի/հոգաբարձուի մոտ կամ որգեդրվել են։ Համակարգում ներառված են նաև այն երեխաները, ովքեր ապրում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (ԸԱԳՀ) հաշվառված ընտանիքներում և հաճախում են պետական ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ գործող ցերեկային խնամքի կենտրոններ։
 
3. Հայաստանի Հանրապետության կառավարության, միջկառավարական, միջազգային ու տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև շարունակական համագործակցության արդյունքում Հայաստանում պետական ֆինանսավորմամբ շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների թիվը գրեթե հինգ անգամ կրճատվել է. 2006 թվականի մոտ 10 000-ից նվազելով մինչև մոտ 3900՝  2014թ. տարեվերջի դրությամբ, և ապա մինչև 2000 երեխայի՝ այլընտրանքային խնամքի բարեփոխումների շարունակական իրականացման արդյունքում (գծապատկեր 1)։

4. 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ ՀՀ ԱՍՀՆ ենթակայությամբ գործում է բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) 6 հաստատություն (մանկատուն), որտեղ խնամվում է շուրջ 608 երեխա, այդ թվում՝ առողջական խնդիրներով 450 երեխա, ովքեր խնամքը ստանում են 3 մասնագիտացված մանկատներում։ Հանրապետությունում գործում է նաև երկու ոչ պետական մանկատուն՝ Միսիոներների բարեգործական կազմակերպությունը՝ Երևանում (20 երեխաների ընդգրկմամբ) և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» բարեգործական կազմակերպությունը՝ Կոտայքի մարզի Աբովյան և Տավուշի մարզի Իջևան քաղաքների մասնաճյուղերում (131 երեխայի ընդգրկմամբ)։

5. Ներկայում գործում են երեխաների խնամքի գիշերօթիկ 4 հաստատություն՝ 2-ը Գյումրիում, Բյուրեղավանում և Դիլիջանում, որտեղ խնամվում է 260 երեխա։ Իրականացվում այս հաստատությունների լուծարման գործընթացը, որի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է հաստատման։

6. Թեև վերջին տարիներին երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությունների վերակազմավորման քաղաքականության արդյունքում նվազում է այդ հաստատություններում երեխաների թիվը, այնուամենայնիվ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը մասնագիտացված հաստատություններում աճում է՝ կենսաբանական ընտանիք վերադառնալու, խնամակալության, խնամատարության և որդեգրման հանձնելու գրեթե անհնարինությամբ պայմանավորված։

7. Շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող երեխաների ավելի քան 90 տոկոսը հաստատություններում հայտնվում է՝ պայմանավորված առողջական խնդիրներով և ընտանիքի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով:

8. Համաձայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալների՝ Հայաստանում երեխաների 64%-ը խոցելի է աղքատության 2 և ավելի չափելի դրսևորման ուղղությամբ: Ըստ առկա տվյալների՝ գյուղական բնակավայրերում նման խոցելիությունը հասնում է 82%-ի, մինչդեռ քաղաքային բնակավայրերում այն կազմում է 53%: Ազգային մակարդակում երեխաների միայն 12%-ն է, որ չի կրում աղքատության տարբեր դրսևորումների ազդեցությունը: Ընդ որում, գյուղական բնակավայրերում ապրող երեխաների դեպքում այս ցուցանիշը կազմում է 3 տոկոս, քաղաքային բնակավայրերում երեխաների 18 տոկոսն է, որ չի կրում աղքատության տարբեր դրսևորումների ազդեցությունը: Նման երեխաները խոցելի են աղքատության միաժամանակ 3 չափման ուղղությամբ:

9. Երեխաներն ավելի խոցելի են և´ ընդհանուր, և´ ծայրահեղ աղքատության ռիսկի նկատմամբ, քան ամբողջ բնակչությունը: 2016թ մանկական աղքատության ցուցանիշներով մինչև 18 տարեկան երեխաների 2.0%-ը ապրում էր ծայրահեղ աղքատության, իսկ 34.2%-ն` աղքատության մեջ:

10. Քաղաքային բնակավայրերում բնակվող երեխաների ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2.1%` գյուղական բնակավայրերում բնակվող երեխաների 1.9%-ի համեմատ, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը համապատասխանաբար 33.1%՝ 36.0%-ի համեմատ:
Մանկատներում հաշմանդամություն ունեցող երեխաները 18 տարին լրանալուց հետո շարունակում են մնալ հաստատությունում, քանի որ նրանց չեն տրամադրվում այլ լուծումներ, իսկ մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք երբեմն տեղավորվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված հաստատությունում:

-  Համընդհանուր ներառական կրթության ներդրման պայմաններում հաստատություններում խնամվող և գյուղական շրջաններում բնակվող հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երեխաների համար չի ապահովվում բավարար որակյալ ներառական կրթություն:
1. Անվճար ծառայությունները ցածրորակ են, ինչը ստիպում է հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին լրացուցիչ վճարումեր կատարել, օրինակ՝ որակյալ պրոթեզներ կամ օրթոպեդիկ կոշիկներ ստանալու համար։
2. Խնամատարության ինստիտուտի զարգացմանը խոչընդոտել են ինչպես իրավական դաշտի անկատարությունը, այնպես էլ դրա համակարգված զարգացման ուղղությամբ նախկինում պետական լիազոր մարմնի կողմից ցուցաբերվող ոչ բավարար քաղաքական կամքն ու հետևողականությունը՝ հատկապես ավելի վաղ տարիքի երեխաներին խնամատարության հանձնելու մասով։ Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներով պայմանավորված՝ նախատեսվում է խթանել հանրապետությունում խնամատար ընտանիքների ընդլայնման գործընթացը՝ որպես շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չունեն խնամք ստանալ կենսաբանական կամ խնամակալ ընտանիքներում: ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի հունիսի 13-ին հաստատվել է «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 751 որոշումը և հստակեցվել ու բարելավվել են խնամատարության որոշ ընթացակարգեր, որոնք բարենպաստ հիմք են ստեղծում խնամատարության խթանման համար։
3. 2008-2018 թվականների ընթացքում խնամատար ընտանիքների և դրանցում խնամվող հոգեզավակների թիվը գրեթե չի փոփոխվել։ 2018 թվականի օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերապատրաստումներ են կազմակերպվել 60 խնամատար ընտանիքների համար, իսկ խնամատարության հանձնված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվաքանակը 2017 թվականի 23 հոգեզավակից հասել է 40-ի։ Ներկայում 34 խնամատար ընտանիքում խնամվում է 48 երեխա, որոնցից 6-ը՝ մասնագիտացված խնամատար ընտանիքներում: Հարկ է նշել, որ 90 խնամատար ընտանիքում 94 երեխայի խնամքի իրականացման համար 2019 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 152 828 400 ՀՀ դրամ և առաջին անգամ երկու հոգեզավակի խնամքի իրականացման համար հատկացվող ֆինանսավարումը կրկնապատկվում է, մինչդեռ նախկինում ավելանում էր միայն 30 տոկոսով:
4. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործում է երեխաների ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող 3 կենտրոն, որտեղ ծառայություններ են տրամադրվում շուրջ 300 երեխայի և նրանց ընտանիքներին։ Պատվիրակված հասարակական կազմակերպությունների միջոցով ցերեկային խնամքի ծառայություններ են տրամադրվում շուրջ 600 երեխայի։ Երեխաների խնամքի գիշերօթիկ 3 հաստատության վերակազմակերպման արդյունքում ստեղծվել է երեխայի և ընտանիքի աջակցության 3 կենտրոն, որտեղ սոցիալ-հոգեբանական ծառայություններ են տրամադրվում 450 երեխայի և նրանց ընտանիքներին:
6. Ցերեկային խնամքի ծառայությունները Հայաստանի Հանրապետության տարածքում բաշխված չեն համաչափորեն, առկա են մարզեր, որտեղ ցերեկային խնամքի ծառայությունները գրեթե բացակայում են։
7. Որդեգրման գործընթացի մշտադիտարկման արդյունավետության բարձրացման, որդեգրող ծնողների ընտրության չափորոշիչների վերանայման, որդեգրված ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների կյանքի և դաստիարակության նկատմամբ հետագա վերահսկողության ընթացակարգերի ներդրման նպատակով մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Որդեգրել ցանկացող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, և որդեգրման ենթակա երեխաների հաշվառման, որդեգրել ցանկացող անձանց որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկությունների տրամադրման, որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների համադրման, որդեգրել ցանկացող անձանց կողմից երեխայի որդեգրման, օտարեկրյա պետությունից երեխա որդեգրելու համար որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրության, վերջիններիս կողմից որդեգրված երեխային՝ «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվության տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականիմարտի 18-ի N 269-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
8. Որդեգրված երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ՝ որդեգրել ցանկացող անձին հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և անցկացման գործընթացները սահմանելու նպատակով 2019 թվականի մայիսի 23-ին ընդունվել է ՀՀ կառավարության «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպում և անցկացում» N 630-Ն որոշումը: «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպում և անցկացում» ծրագրի իրականացման նպատակով դրամաշնորհի տրամադրման համար հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում շահած հասարակական կազմակերպությունը կիրականացնի որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացները:
Խնամակալությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է անհատույց, ինչը թույլ չի տալիս ստանձնել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալությունը, քանի որ երեխայի խնամքն իրականացնելու համար հնարավոր խնամակալ ընտանիքը շատ հաճախ չունի բավարար սոցիալական պայմաններ, ինչի հետևանքով մեծանում է երեխայի՝ շուրջօրյա խնամքի հաստատությունում հայտնվելու ռիսկը:
10. Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովն ունի սահմանափակ գործառույթներ և վերջին տարիներին գրեթե չի իրականացնում իրեն վերապահված գործառույթները

Ոլորտի վիճակագրությունը կարիք ունի համակարգման։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգում բացակայում են կարևոր տվյալներ, առկա է նաև մուտքագրվող տվյալների հավաստիության և հուսալիության խնդիրը:
1. Երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգը և ոլորտում պարտականությունների բաշխումն ու ուղղորդումը հստակ չէ։ Արդյունքում առկա են գործառույթներ, որոնցով փաստացի որևէ կողմի գործուն գործառություն չի ապահովվում, ինչպես թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների հարցը, աշխատանքային շահագործումը, կրթության համակարգից դուրս մնալը և այլն։
2. Չի գործում երեխաների պաշտպանության ոլորտի մոնիթորինգի և գնահատման ինստիտուցիոնալ համապարփակ մեխանիզմ։ Ոլորտի վիճակագրությունը կարիք ունի համակարգման և համարժեքության բարձրացման։ Առանձին խնդիր է անձնական տվյալների պաշտպանությունը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգում բացակայում է անհարժեշտ որոշ գործառույթների մասին տեղեկատվություն, առկա է նաև մուտքագրվող տվյալների հավաստիության և հուսալիության խնդիրը, ինչպես նաև տվյալներն օգտագործողների շրջանակը։
3. Առկա իրավիճակից բխելով Ծրագրի շրջանակներում կարևորվել է 5 գերակա ուղղություն և համապատասխանաբար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները:
 
Համալիր ծրագրի իրականացման սկզբունքները 
1. Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված քայլերի հիմնական սկզբունքն է կանխարգելումը. Պետական քաղաքականության հիմնական թիրախը պետք է լինի կանխարգելմանն ուղղված քաղաքականությունը, ինչը թույլ կտա երկարաժամկետ կտրվածքում էապես նվազեցնել հաստատություններում կամ այլընտրանքային ընտանեկան միջավայրում խնամքի կարիք ունեցող երեխաների թիվը:
2. Պատասխանատվությունների և գործառույթների հստակ բաշխվածությունն ու կրկնօրինակման բացառումը. Գործընթացի յուրաքանչյուր մասնակցի համար պետք է հստակ սահմանված լինեն պատասխանատվության շրջանակն ու գործառույթները՝ բացառելով կրկնությունը այլ մասնակիցների գործառույթների մասով։ Ընդ որում՝ պատասխանատվության շրջանակի և գործառույթների սահմանումը պետք է ներառի անհրաժեշտ սահմանված գործիքակազմ, որը նաև կապահովի յուրաքանչյուր մասնակցի հաշվետվողականությունն ու թափանցիկ գործելաոճը:

Պետական քաղաքականության գերակա լինելը ոլորտում իրականացվող այլ նախաձեռնությունների նկատմամբ. Մասնավոր հատվածի և միջազգային գործընկերները, քաղաքացիական հասարակությունը երեխայի իրավունքների պատշաճ պաշտպանության անհրաժեշտ և կարևոր մասնակիցներն են, սակայն նրանց գործունեությունն օժանդակ է և ուղղված է աջակցելու պետական քաղաքականությանը։ Պետությունն իր հերթին պետք է լիարժեք իրականացնի համակարգման գործառույթ ոլորտում գործող մասնակիցների նկատմամբ՝ ուղղորդելով օժանդակ աջակցությունը դրա կարիքն ունեցող հատվածներին և մեծացնելով համատեղ ջանքերի արդյունավետությունը։
1. Շահառուների անձնական տվյալների գործուն պաշտպանությունը. Իրականացվող քաղաքականությունը, հիմնված լինելով այլընտրանքային խնամքի և աջակցության վրա, ընթացքում շահառուների անձնական տվյալների անխուսափելի բացահայտման մասնակիցների որոշակի շրջանակի համար միաժամանակ չպետք է առաջ բերի շահառուների հավելյալ խոցելիություն և պետք է ելնի տվյալների բացահայտման ընթացքում առավելագույն հիմնավորված լինելու մոտեցումից՝ բացառելով տվյալների հետագա տարածումը և օգտագործումը այլ նպատակներով կամ այլոց կողմից

Միջոլորտային կամ միջգերատեսչական ներդաշնակ գործընկերությունը. Իրականացվող քաղաքականությունը պետք է ելնի տարբեր ոլորտների հետ հնարավորինս ներդաշնակ գործելու սկզբունքից՝ համադրելով հարակից ոլորտների քաղաքականությունները ընդհանուր նպատակի ներքո։
Համայնքների ակտիվ ներգրավվածությունը. Անհրաժեշտ խնամքն ու աջակցությունը պետք է հասանելի լինի շահառուին հնարավորինս մոտ վայրում, ինչը ենթադրում է համայնքների ակտիվ ներգրավվածություն գործընթացին և մեծ լիազորություններ՝ կոնկրետ իրավիճակների նկատմամբ ճկուն գտնվելու և անհրաժեշտ աջակցությունն իրականացնելու համար։ Այս սկզբունքը սակայն հնարավոր է ապահովել միայն համայնքներին համապատասխան օժանդակության և կարողությունների հզորացման պարագայում։
Ոլորտը կարգավորող իրավական ակտերը պետք է նվազագույնի հասցնեն բյուրոկրատիայի հնարավոր դրսևորումները, երբ կանոնները հստակ են, հասկանալի և հասանելի բոլոր մասնակիցներին և շահառուներին՝ գործողությունների արդյունքները կանխատեսելի են, հետադարձ կապի մեխանիզմները՝ բավարար և արդյունավետ։
1. Խտրականության բացառման սկզբունքը, երեխայի լավագույն շահի կամ չվնասելու սկզբունքը, երեխաների կարծիքը հաշվի առնելու սկզբունքը, համապարփակ բնույթը, ինչը նշանակում է, որ պետական քաղաքականությունը վերաբերում է նաև շուրջօրյա խնամքի մասնագիտացված հաստատություններին և ոչ պետական հաստատություններին։ 
1. Համալիր ծրագրի մշտադիտարկումը և գնահատումը 
1. 2019-2023 թվականների համալիր ծրագրի ներդրման ընթացքում առաջնահերթ ուշադրություն կդարձվի շարունակական մշտադիտարկմանը և վերահսկողությանը:
2. Ծրագրով նախատեսվում է ներդնել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի մշտադիտարկման և տեղեկատվության փոխանակման մեխանիզմ, որը կնպաստի նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետության գնահատմանը, ծագած խնդիրների հստակեցմանը և հնարավոր լուծումներին:
3. Սույն որոշմամբ նշված միջոցառումների կատարման, ինչպես նաև համալիր ծրագրի VI բաժնում նախանշված ակնկալվող ամփոփ արդյունքների ապահովման ընթացքի վերաբերյալ՝ այդ միջոցառումների պատասխանատու կատարող պետական մարմինները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) են ներկայացնում տեղեկատվություն, որը կամփոփվի եռամսյակային կտրվածքով և կնախանշի ծրագրի իրականացման արդյունքները և/կամ խոչընդոտները։
4. Ծրագրի մշտադիտարկումը կիրականացվի նաև այլընտրանքային խնամքի բարեփոխումների ընթացիկ մշտադիտարկման համար մշակված ցուցանիշների մասին «Մանուկ» տեղեկատվական համակարգի միջոցով եռամսյակային կտրվածքով ստացվող ամփոփ տեղեկատվության հիման վրա։
5. Ծրագրի գնահատումը կիրականացվի մշտադիտարկման և գնահատման այլընտրանքային ձևերի՝ պաշտոնական վիճակագրական տվյալների վերլուծության, քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող հետազոտությունների, զեկույցների միջոցով:
6. Նախարարությունը, նախորդ տարվա մշտադիտարկման և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կազմում է հաշվետվություն, ինչպես նաև մշակում առաջարկություններ և ներկայացնում Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին։ Հանձնաժողովը քննարկում է հաշվետվությունը և ներկայացնում իր դիրքորոշումը և/կամ առաջարկություններ միջոցառումների պատասխանատու կատարող պետական մարմիններին:
7. Համալիր ծրագրի գնահատումն իրականացնելու նպատակով` համալիր ծրագրի ավարտից հետո նախարարությունը ամփոփում  է տարեկան մշտադիտարկման արդյունքները, հանձնաժողովի կողմից տրված  առաջարկությունները  և կազմում ամփոփ հաշվետվություն: Հանձնաժողովը քննարկում է ամփոփ հաշվետվությունը և  իր առաջարկությունների հետ միասին այն տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Վերջինս այն համաձայն սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի ներկայացնում ՀՀ կառավարություն:
 
Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն ու ներդաշնակ զարգացումն ապահովող հիմնական ուղղությունները և ակնկալվող ամփոփ արդյունքները.
1. Ծրագրի շրջանակներում կարևորվել է 5 գերակա ուղղություն և համապատասխանաբար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները:
Գերակայություն 1.

Համալիր աջակցություներ երխաների կենսաբանական ընտանիքներին

Նպատակներն են.

1. Հայաստանի Հանրապետությունում երեխաներին ուղղված աջակցության ծրագրերի և փաթեթների ընդլայնում,
2. Մինչամուսնական և հետամուսնական ընտանեկան խորհրդատվության և ծնողավարման ինստիտուտի զարգացում,
3. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կենսաբանական ընտանիքներին ուղղված աջակցության ընդլայնում՝ խրախուսելով կայուն եկամտի աղբյուրների ձևավորումը և զբաղվածությունը,
4. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կենսաբանական ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի մշակում և ներդրում,
5. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների վաղ հայտնաբերում: 
Ակնկալվող արդյունքներն են.

1. Տարբեր իրավիճակներում և երեխաների տարբեր կարիքների բավարարմանն ուղղված անհրաժեշտ աջակցության գործուն հնարավորություններ, կրճատված մանկական աղքատություն,
2. Ընտանեկան խորհրդատվության և ծնողավարման դասընթացների միջոցով ստեղծված և արդեն իսկ կազմավորված ընտանիքների ծնողավարման և կենցաղավարման, ընտանեկան հարաբերությունների կառուցման զարգացած հմտություններ, խնդիրներ ունեցող ընտանիքները կանխորոշված են և նրանց հետ հավելյալ աշխատանքի իրականացման հնարավորությունը՝ գործող,
3. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կենսաբանական ընտանիքներում աշխատունակ անձանց զբաղվածության մակարդակն աճել է և ընտանիքի կենսամակարդակը՝ բարձրացել,
4. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կենսաբանական ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հնարավորություննեն առկա են: 
Գերակայություն 2.

Կենսաբանական ընտանիքում խնամքի անհնարինության պայմաններում ընտանեկան միջավայում խնամքի ձևերի զարգացում ու ընդլայնում

Նպատակներն են.

1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սահմանման և հաշվառման գործընթացների հստակեցում և բարելավում,
3. Խնամատարության, խնամակալության և որդեգրման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի բացառում, գործընթացների և պատասխանատվությունների հստակեցում,Խնամատարության ինստիտուտի զարգացում և տարածում՝ գործուն կիրառության պայմաններ ստեղծելով խնամատարության տարբեր ձևերի համար, այդ թվում՝ մենթորային խնամատարության շարունակական արդյունավետ վերահսկողության ապահովում,
3. Խնամակալության ինստիտուտի հստակեցում և աջակցություն,
4. Որդեգրման ինստիտուտի զարգացման պայմանների ստեղծում՝ ընթացակարգերի պարզեցման և թափանցիկության բարձրացման, բազմամասնագիտական համադրման ներդրման, արդյունավետ վերահսկողության միջոցով: 
Ակնկալվող արդյունքներն են. 

1. Հստակ սահմանված են առանց ծնողական խնամքի մնալու դեպքերի չափորոշիչները և ըստ այդմ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սահմանումը, բարելավված է երեխաների հաշվառման տեղեկատվական համակարգը և ընթացակարգերը,
2. Վերանայված են խնամատարության, խնամակալության և որդեգրման գործընթացները,
3. Բարելավված են խնամատարության զարգացման հնարավորությունները, բարձրացված է հասարակության իրազեկվածությունը խնամատարության ինստիտուտի և դրա առանձնահատկությունների մասին, բազմամասնագիտական թիմի կողմից իրականացվում են որակյալ համադրումներ, աճել է տարբեր տիպի խնամատար ընտանիքների թիվը, մշակված և ներդրված են արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ,
4. Մշակված և ներդրված է խնամակալության հաշվառման համակարգված գործընթացը, ինչպես նաև խնամակալության պետական աջակցության ձևերը,
5. Գործում են որդեգրման պարզեցված և թափանցիկ ընթացակարգեր, բազմամասնագիտական թիմի կողմից իրականացվում են որակյալ համադրումներ, մշակված և ներդրված են արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ: 
Գերակայություն 3.

Ցերեկային ծառայությունների ծածկույթի համաչափ և ըստ գնահատված կարիքների ընդլայնում

Նպատակներն են.

1. Ներառական ցերեկային ծառայությունների ցանկի ընդլայնում, այդ թվում՝ ներառելով վաղ մանկության տարիքը, և ցերեկային ծառայությունների նվազագույն որակական չափորոշիչների սահմանում և ապահովում,
2. Բոլոր մարզերի խոշոր բնակավայրերում համայնքահեն ներառական ցերեկային ծառայությունների մշակում և ներդրում՝ շրջակա համայնքների համար շարժական ծառայությունների հնարավորությամբ,
3. Սոցիալական պատրոնաժի և անձնական օգնականի ինստիտուտի զարգացման նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկում՝ որպես ներառական ցերեկային ծառայությունների բաղադրիչ,
4. Վարքային խնդիրներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար անհրաժեշտ ծառայությունների մոդելի մշակում և ներդրում,
5. Հաշմանդամություն ունեցող երեխաների համար մասնագիտացված ծառայությունների ներդրում բոլոր մարզերի խոշոր բնակավայրերում,
6. Երիտասարդական ծառայությունների ընդլայնում մարզերում դեռահասների և 18-23 տարեկան անձանց համար: 
Ակնկալվող արդյունքներն են.

1. Գործում է ներառական ցերեկային ծառայությունների ընդլայնված ցանկ և հաստատված են նվազագույն որակական չափորոշիչներ,
2. Բոլոր մարզերի խոշոր բնակավայրերում առկա են համայնքահեն ներառական ցերեկային ծառայություններ՝ շրջակա համայնքների համար շարժական ծառայությունների հնարավորությամբ,
3. Անհրաժեշտ աջակցության բոլոր ծառայությունները հասանելի են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված բոլոր ընտանիքներին,
4. Ներառական ցերեկային ծառայությունների ցանկում գործում է սոցիալական պատրոնաժի և անձնական օգնականի ինստիտուտ,
5. Վարքային խնդիրններ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար անհրաժեշտ ծառայությունները հասանելի են,
6. Հաշմանդամություն ունեցող երեխաների համար մասնագիտացված ծառայությունները հասանելի են բոլոր մարզերի խոշոր բնակավայրերում,
Երիտասարդական ընդլայնված ծառայությունները հասանելի են մարզերում դեռահասների և 18-23 տարեկան, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար: 
Գերակայություն 4.

Ճգնաժամային աջակցության և ծառայությունների կենտրոնների հիմնում Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում

Նպատակներն են.

1. Ճգնաժամային աջակցության և անհրաժեշտ ծառայությունների նվազագույն որակական չափորոշիչների սահմանում և ապահովում,
2. Ճգնաժամային աջակցության կենտրոնների մոդելի մշակում և ներդրում Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում՝ ելնելով գնահատված կարիքից,
3. Ճգնաժամային աջակցության և անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով վերապատրաստումների միջոցով անհրաժեշտ մարդկային կարողությունների զարգացում,
4. Ճգնաժամային աջակցության կենտրոնների գործունեության արդյունավետ վերահսկողության մեթոդների մշակում, ներդրում և իրականացում: 
Ակնկալվող արդյունքներն են.

1. Հաստատված են ճգնաժամային աջակցության և անհրաժեշտ ծառայությունների նվազագույն որակական չափորոշիչներ, ներառյալ ծառայության տևողությունը, ինչպես նաև ճգնաժամային աջակցության կարիք ունեցող երեխաների սահմանման հստակ չափորոշիչներ,
2. Հանրապետության երեք քաղաքներում գործում են ճգնաժամային աջակցության կենտրոններ, որոնք սպասարկում են երկրի ողջ տարածքը,
3. Ճգնաժամային աջակցության և անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով վերապատրաստումների արդյունքում առկա անհրաժեշտ մարդկային կարողություններ,
4. Գործում է ճգնաժամային աջակցության կենտրոնների գործունեության արդյունավետ վերահսկողություն: 
Գերակայություն 5.

Գործող շուրջօրյա և գիշերօթիկ խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացում՝ ներառյալ ոչ պետական հաստատություններն ու մասնագիտացված խնամքի հաստատությունները

Նպատակներն են.

1. Գործող պետական գիշերօթիկ հաստատությունների ապաինստիտուցիոնալացում,
2. Գործող պետական շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի հաստատությունների ապաինստիտուցիոնալացում,
3. Գործող պետական շուրջօրյա խնամքի մասնագիտացված հաստատությունների ապաինստիտուցիոնալացում,
4. Գործող ոչ պետական շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացում,
5. Շուրջօրյա խնամքի մասնագիտացված հաստատություններում գտնվող և հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց համար փոքր տների հիմնում, ինքնասպասարկման հմտությունների զարգացում, զբաղվածության խթանում,
6. Շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի հաստատությունների շրջանավարտների համալիր աջակցության ծրագրի մշակում և գործարկում՝ ներառյալ կացարանային, զբաղվածության և սոցիալական ինտեգրման բաղադրիչները,
7. Պալիատիվ խնամքի կարիք ունեցող անչափահաս և շուրջօրյա խնամքի մասնագիտացված տիպի հաստատություններում գտնվող չափահաս անձանց համար համապատասխան խնամքի ապահովում,
8. Հաստատություններում գտնվող երեխաների հետագա խնամքի կազմակերպում ընտանեկան միջավայրում՝ գնահատելով յուրաքանչյուր երեխայի կարիքները և մշակելով անհատական պլաններ, ինչպես նաև հետագա քայլերն իրականացնելով ըստ մշակված պլանների՝ բարելավելով երեխաներին կենսաբանական ընտանիքներ վերադարձնելու ծրագիրը և ներդնելով հասցեական նոր ծրագիր: 
Ակնկալվող արդյունքներն են.

1. Գիշերօթիկ հաստատություններին հատկացվող ՀՀ պետական բյուջեի միջոցները վերջիններիս լուծարման արդյունքում ուղղվել են ցերեկային ծառայությունների ցանցի ընդլայնմանը՝ հաստատությունների մասնագետներն ըստ հնարավորության վերապատրաստված են և ընդգրկված են ցերեկային ծառայությունների տրամադրման գործընթացում, մյուս աշխատակիցների համար առկա են զբաղվածության և մասնագիտական ուսուցման ծրագրեր զբաղվածության պետական գործակալության կողմից,
2. Գործող պետական շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի հաստատությունների համար նախատեսված պետական ֆինանսավորումն ուղղված է ցերեկային ծառայությունների ընդլայնված ծածկույթին, հաստատությունների մասնագետներն ըստ հնարավորության վերապատրաստված են և ընդգրկված են ցերեկային ծառայությունների տրամադրման գործընթացում, մյուս աշխատակիցների համար առկա են զբաղվածության և մասնագիտական ուսուցման ծրագրեր զբաղվածության պետական գործակալության կողմից,
3. Գործող պետական շուրջօրյա խնամքի մասնագիտացված տիպի հաստատությունները վերակազմավորված են մասնագիտացված ծառայություններ մատուցող ցերեկային կենտրոնների՝ հանդիսանալով նաև ռեսուրս կենտրոններ մասնագիտացված ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, աշխատանքի ուղեցույցերի մշակման և այլ առումներով,
4. Գործող ոչ պետական շուրջօրյա խնամքի հաստատությունները վերակազմավորված են՝ համապատասխան պետական քաղաքականության վերոնշյալ գերակայությունների՝ ծավալելով հետագա գործունեությունը,
5. Շուրջօրյա խնամքի մասնագիտացված հաստատություններում գտնվող և հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց համար ստեղծված են փոքր տներ, որտեղ ինքնասպասարկման հմտությունների զարգացումից հետո անհրաժեշտ աջակցությամբ բնակվում են չափահաս անձինք, մշակված են և գործում են նրանց շրջանում զբաղվածության խթաման ծրագրեր,
6. Առկա է շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի հաստատությունների շրջանավարտների համալիր աջակցության ծրագիր՝ ներառյալ կացարանային, զբաղվածության և սոցիալական ինտեգրման բաղադրիչները,
7. Պալիատիվ խնամքի կարիք ունեցող անչափահաս և շուրջօրյա խնամքի մասնագիտացված հաստատություններում գտնվող չափահաս անձանց համար մշակված և ներդրված է համապատասխան խնամքի ծրագիր,
8. Խնամքի հաստատություններում գտնվող երեխաների հետագա խնամքը կազմակերպված է ընտանեկան միջավայրում՝ ապահովելով կամ նրանց վերադարձը կենսաբանական ընտանիքներ՝ համաձայն բարելավված նոր ծրագրի, կամ որդեգրման, խնամատարության և խնամակալության միջոցով՝ ըստ յուրաքանչյուր երեխայի գնահատված կարիքի և անհատական պլանի: 
Ծրագրի ներդրման ֆինանսական միջոցները 
Ծրագրի ներդրումն ապահովող ֆինանսավորումն ակնկալվում է հետևյալ աղբյուրներից.
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ շահագրգիռ նախարարություններին տրամադրվող միջոցների շրջանակում),

2) Միջազգային կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում, սեփական ֆոնդեր,

3) Հասարակական կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում,

4) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ: 

Ծրագրի իրականացման ռիսկերը 
- Ծրագրի իրականացման արդյունավետության նախապայման է միջգերատեսչական սերտ համագործակցությունը պետական տարբեր կառույցների միջև, ինչպես նաև համագործակցությունը պետական, մասնավոր և հասարակական սեկտորների միջև։ Արդյունավետ համագործակցություն ապահովելու համար անհրաժեշտ է գործուն վերահսկողությունը ծրագրի իրականացման ընթացքում։ Վերահսկողության հարթակ է հանդիսանում Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը։
1. Ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր են որոշակի գործողությունների ժամկետների երկարաձգումներ՝ պայմանավորված լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու հանգամանքով։ Ինչպես օրինակ՝ հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացը կարող է պահանջել լրացուցիչ ռեսուրսների ներգրավում։
2. Ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր են որոշակի խնդիրներ համակարգային նորամուծությունների հետ կապված։ Նոր համակարգերի, մեխանիզմների ներդնումը հաճախ բախվում է որոշակի դիմադրության, թյուրընկալման, անբավարար կարողությունների։ Նախատեսվում է իրականացնել իրազեկության բարձրացման և կարողությունների զարգացման ծրագրեր՝ ռիսկը նվազագույնի հասցնելու միտումով։

Հիմնավորումը կարդալ հետևյալ հղումով ՝  e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն