Նախագծով առաջարկվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացում, որի արդյունքում կստեղծվի օրենսդրական հիմք՝ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու համար:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը, որին նշանակում և ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը՝ իր կողմից հաստատված գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման կարգի հիման վրա, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում մարզադպրոցների կառավարման և գործունեության կազմակերպման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» № 36 արձանագրային որոշման հավելվածի 4-րդ կետի պահանջներից, որի համաձայն անհրաժեշտ է մարզադպրոցների տնօրենների պաշտոնի նշանակման հարցում իրականացնել միասնական քաղաքականություն:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացում, որի արդյունքում կստեղծվի օրենսդրական հիմք՝ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու համար:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կհանգեցնի մարզական գործունեություն իրականացնող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ողջ գործընթացի, տնօրեններին ներկայացվող պահանջների հստակեցմանը և դրանց համապատասխանեցմանը պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների համար գործող կարգին:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» № 224-Ն որոշման մեջ:
e-draft.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться