<<ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04 նոյեմբերի 2019 | Նախագծեր | Цитата

Նախատեսված փոփոխությամբ ակնկալվում է հստակեցնել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կատարման իրավակարգավորումները, սկզբունքները, համաձայնեցման և փոփոխման կարգերը, ինչպես նաև փորձագետներին ներկայացվող կոնկրետ պահանջները, նրանց իրավունքները ու պարտականությունները: Կատարվող փոփոխությամբ նաև կարգավորվում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության ձևերը և փորձագիտական եզրակացության ձևն ու դրա տրամադրման կարգը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

<<ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>>   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 9-րդ հոդվածի բ) մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 <<բ) Քաղաքաշինական փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիս և դրանց վերաբերյալ անհամաձայնության դեպքում պահանջում կամ նախաձեռնում է կրկնակի փորձաքննության նշանակումը:>>

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասում է) կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ խմբագրությամբ.

<<ը) սահմանում է քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննություն իրականացնող մարմինը և դրա գործունեության կարգը:>>

 Հոդված 3. Օրենքի 10.1-րդ հոդվածի 21-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<21) համակարգում է քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննություն իրականացնող մարմնի աշխատանքը: >>

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի հոդված 143 –ի 25-րդ և 33-րդ կետերը:

Հոդված 5. Օրենքի 144-րդ հոդվածի 9-րդ կետից հանել <<փորձաքննվում>> բառը:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 20-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<20. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման, հաստատման, փոփոխման կարգերը սահմանում է Կառավարությունը։>>

Հոդված 7. Օրենքը լրացնել նոր VII1 գլխով հետևյալ բովանդակությամբ.

Գ Լ ՈՒ Խ VII1

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 17.1.  Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական դրույթներ

1. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության նպատակը քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծային լուծումների համապատասխանության ստուգումն է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ինչպես նաև քաղաքաշինական գործունեությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին։

2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը հավաստվում է սահմանված կարգով տրված փորձագիտական եզրակացությամբ:

3. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության արդյունքում տրվող փորձագիտական եզրակացությունների ձևերը և եզրակացությունների գործողության ժամկետները հաստատում է կառավարությունը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ։

4. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը համարվում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեություն՝ բացառությամբ պետական փորձաքննության:

5. Լիցենզավորված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել միայն հավաստագրված փորձագետի կամ փորձագետների միջոցով:

6. Փորձագետների հավաստագրման կարգը և նրանց ներակայացվող մասնագիտական չափորոշիչները, հավաստագրի գործողության ժամկետը սահմանում է Կառավարությունը:

7. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատում է Կառավարությունը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:

8. Փորձագետների ցանկը և փորձագիտական եզրակացությունները (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության) պարտադիր հրապարակվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող էլեկտրոնային տեղեկատվական հարթակում:

Հոդված 17.2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական սկզբունքները

1.Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական սկզբունքներն են՝

1)  փորձաքննության անաչառությունը․

2) փորձագիտական եզրակացության հիմնավորվածությունը և  ամբողջականությունը.

3) փորձաքննություն իրականացնելիս փորձագետի անկախությունը. 

4)փորձաքննություն իրականացնող փորձագետի մասնագիտական պատասխանատվությունը:

Հոդված 17.3. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության տեսակները

1. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության տեսակներն են՝

1) պետական

2) արտագերատեսչական

2.Քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննություն իրականացնող մարմնի գործունեությունը համակարգում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը:

3.Արտագերատեսչական փորձաքննություն իրականացնում են քաղաքաշինության բնագավառում համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:

4.Պարտադիր փորձաքննության ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի ցանկը դրանց փորձաքննության տեսակները սահմանում է Կառավարությունը քաղաքաշինության բանգավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ։

 

Հոդված 17.4. Քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննություն

1.Արտագերատեսչական փորձաքննության ենթակա քաղաքաշինական փաստաթղթերը կարող են ենթարկվել պետական փորձաքննության Կառուցապատողի հայեցողությամբ:

2.Քաղաքաշինական փաստաթղթերը պետական փորձաքննության կարող են ենթարկվել տեսչական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի դիմումի հիման վրա՝ արտագերատեսչական փորձաքննության ենթարկված քաղաքաշինական փաստաթղթերը գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերին անհամապատասխանության հայտնաբերման դեպքում:

3.Պետական փորձաքննության եզրակացությունը կարող է վիճարկվել միայն դատական կարգով:

Հոդված 17.5. Փորձագետի հիմնական իրավունքները և պարտականությունները

1.Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականցող փորձագետի իրավունքներն են՝

1) փորձաքննության օբյեկտին և մեթոդաբանությանը վերաբերող  հարցերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ազատ արտահայտումը,

2) փորձաքննության օբյեկտի ուսումնասիրությանը, վելուծությանը և գնահատմանը մասնակցելը փորձաքննության բոլոր փուլերում,

3) փորձագիտական եզրակացություն նախապատրաստելու համար կառուցապատողից լրացուցիչ նյութեր պահանջելը:

2.Փորձագետի հիմնական պարտականություններն են`

1) օրենսդրությամբ սահմանված դեպքերում փորձաքննության նյութերի մեջ պարունակվող տեղեկատվությունը չհրապարակելը,

2) հրաժարվել իր մասնակցությամբ մշակված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն կատարելուց:

3.Փորձագետն ունի նաև օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ և պարտավորություններ:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<<<ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2005 թվականի հուլիսի 8-ի <<<<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների և լրացումների կատարելու մասին>> ՀՀ օրենքում համապատասխան կարգավորմամբ ամրագրվեց, որ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը սահմանվում է 2015 թվականի մարտի 19-ի Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայասատանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին>> N596-Ն որոշմամբ:     

Գործող օրենսդրությամբ փորձաքննության հիմնական նպատակն է ընտրված նախագծային լուծումների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանության ապահովումն է։  Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, համաձայն <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի, ապահովում է Կառուցապատողը։ Գործող կարգը, կախված քաղաքաշինական օբյեկտի բարդությունից, նախատեսում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության երեք տեսակ՝

1) պարզ փորձաքննություն` միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (III կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով, ինչպես նաև միջին (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով,

 2) պետական համալիր փորձաքննություն` բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների, ինչպես նաև բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով` կարգով  սահմանված ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կողմից հատուկ համալիր եզրակացության կազմման նպատակով ներկայացնելու համար,

3) հատուկ համալիր փորձաքննություն` բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով:

Պետք է արձանագրել, որ թվարկված փորձաքննության երեք տեսակների առանձնահատկությունները չեն սահմանվում <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքով, ինչպես նաև հստակեցված չէ, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվում փորձաքննություն իրականացնող մարմինները։

 Գործող կարգը սահմանում է, որ II կատեգորիայի նշանակության օբյետների դեպքում, եթե առկա Կապալառուի  և նախագծային կազմակերպության միջև առկա երաշխավորագիր, ապա նախագծային փաստաթղթերի համար փորձաքննություն չի պահանջվում։ Հարկ է արձանագրել, որ գործող կարգով չի հստակեցվում, թե ինչ է իրենից ենթադրում երաշխավորագիրը, և երաշխավորագրից բխող ինչպիսի քաղաքացիաիրավական պարտավորություններ է առաջանում նախագիծը թողարկող կազմակերպության հանդեպ։

Միաժաման խնդրահարույց է նաև Հայաստանի Հանրապետության Կառարավության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված օբյեկտների դասակարգման սկզբունքը։

Համաձայն կարգի Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբեյեկտներն, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից և բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարվում են հինգ կատեգորիայի։ Գործող իրավական կարգավորումները չեն հստակեցնում, թե ինչ է իրենից ներկայացնում շինարարական օբյեկտը, և ինչով է այն տարբերվում քաղաքաշինական օբյեկտից։

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել միայն այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի և լիցենզավորման կարգին համապատասխան ստացել են քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության  իրականացման լիցենզիա։ Փորձաքննության իրականացման որևէ այլ պայման գործող օրենսդրությամբ չի սահմանվում։ Խնդրահարույց է այն փաստը, որ որևէ կերպ չի կարգավորվում, թե ինչ որակավորում պետք է ունենան փորձաքննություն իրականացնող մասնագետները։ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքով միայն սահմանվում է, որ քաղաքաշինական փաստաթղթերի մշակմանը մասնակցած նախագծային կազմակերպությունները կամ անձինք չեն կարող կատարել կամ ներգրավվել իրենց նախագծերի փորձաքննությանը։ Ինչ վերաբերվում է քաղաքաշինական փաստաթղթերի կրկնակի փորձաքննության, ապա գործող օրենսդրությունը իրավունք տալիս է միայն շինարարություն իրականացնող սուբյեկտի համար։ Եթե շինարարություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, շինարարական արտադրության ընթացքում քաղաքաշինական փաստաթղթերում (ճարտարապետաշինարարական նախագծերում) հայտնաբերել է նորմատիվ բնույթի խախտումներ, ապա իրավունք ունի պահանջել նախագծային փաստաթղթերի այլընտրանքային փորձաքննություն։ 

Պետական համալիր փորձաքննության ենթակա են այն քաղաքաշինական, այդ թվում նաև ծրագրային փաստաթղթերը, որոնցով, բացի քաղաքաշինական նորմերին համապատասխանության անհրաժեշտությունից, օրենքով պահանջվում է նաև շրջակա միջավայրի պահպանության վրա ազդեցության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների (հրդեհներ, պայթյուններ, փլուզումներ և այլն) կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների, արդյունաբերական անվտանգության, ընդերքի արդյունավետ օգտագործման, տեխնոլոգիական, սանիտարահիգիենիկ պահանջների ապահովման վերաբերյալ համապատասխան ոլորտին առնչվող փորձագիտական կամ մասնագիտական եզրակացության կամ համաձայնեցման տրամադրում: Պետական համալիր փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անհատական կազմը` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ, հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Հանձնաժողովը համակարգում և ամփոփում է  կարգով սահմանված` պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ստացված շահագրգիռ մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները):

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Հոդված 6-ի  2-րդ կետի` պետական և տեղական ինքանակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքը Հայաստանի Հանրապետության Վարչապետին չի տալիս այնպիսի լիազորություն, որի համաձայն Վարչապետը կարող է անհատական հրամանով ստեղծել և հաստատել քաղաքաշինական փաստաթղթերի համալիր փորձաքննության նպատակով փորձագիտական հանձնաժողով։

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործող կարգը չի սահմանում փորձաքննություն իրականացնող անձանց նկատմամբ նվազագույն պահանջեր, ինչը մեծ ռիսկեր է պարունակում փորձաքննության որակի նկատմամբ։ Համալիր փորձաքննություն իրականացնելու պարագում հնարավոր չէ ակնկալել քաղաքաշինական փաստաթղթերի պատշաճ փորձաքննություն, քանի որ գործող կարգը համալիր փորձաքննության համար տարբեր շահագրիռ մարմինների ներկայացուցիչների հանդեպ նույնպես չի սահմանում որակավորման նվազագույն չափանիշներ։ Հետևաբար շահագրգիռ կազմակերպությունները իրենց ներկայացուցիչներին ներառում հայեցողական՝ առանց հաշվի առնելով ներկայացուցչի մասնագիտական որակավոր մակարդակը։

Հատուկ համալիր փորձաքննության ենթակա են հատկապես վտանգավոր և (կամ) տեխնիկապես բարդ օբյեկտների, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող քաղաքաշինական օբյեկտների նախագծային փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվում ծրագիրն իրականացնող համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` կախված տվյալ օբյեկտի գործառնական նշանակությունից (էներգետիկա, տրանսպորտ, ջրային համակարգեր և այլն): Յուրաքանչյուր առանձին դեպքում տվյալ օբյեկտի փորձաքննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովը, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կազմում պարտադիր ընդգրկվում է (ընդգրկվում են) քաղաքաշինության տվյալ բնագավառում պետական համալիր փորձաքննություն իրականացնող, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն իրականացնող և այլ շահագրգիռ մարմինները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կազմում կարող են ներառվել նաև խնդրին առնչվող այլ մարմիններ և կազմակերպություններ: Հատուկ համալիր փորձաքննությունը կարող է իրականացվել նաև միջազգային փորձագիտական մարմինների (կամ փորձագետների) ներգրավմամբ: Սույն կետում նշված լիազորված մարմինը ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի հատուկ համալիր ամփոփ եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ քննարկման:

Առկա խնդիրներին առաջարկվող լուծումները.
Հաշվի առնելով, որ քաղաքաշինական գործունեության հիմնական խնդիրն է մարդու կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, քաղաքաշինական փաստաղթերը,  որպես քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց, ունեն առանձնահատուկ նշանակություն։ Քաղաքաշինական փաստաթղթերի որակը և նրանում արտացոլված լուծումները էական ազդեցություն ունեն բարենպաստ կենսագործունեության միջավայրի ապահովման համար։ Գործող օրենսդրությունը սահմանում է, որ քաղաքաշինական փաստաթղթերը պետք է համապատասխանեն  քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական և ՀՀ օրենսդրության այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին։ Համաձայն <<Քաղաքաշինության մասին>>  օրենքի՝ քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է հուսալիության, շրջակա միջավայրի պահպանության, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, հաշմանդամների տեղաշարժման մատչելիությունն ապահովող և այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, ինչպես նաև նախագծման, իրականացման ու շահագործման ընթացքում որակի ապահովման պայմաններ` օբյեկտին, առանձին շենքին, շինությանը, կոնստրուկցիային կամ շինարարական նյութերին ներկայացվող պահանջներով: Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը կազմում են քաղաքաշինական բնագավառի իրավական ակտերի համակարգի բաղկացուցիչ մասը և հիմք են ծառայում փորձաքննության, քաղաքաշինական գործունեության վերահսկողության, վիճելի հարցերի լուծման համար:

Հայաստանի Հանրապետության  Քաղաքաշինության կոմիտեն հիմնավոր է համարում այն պնդումը, համաձայն որի, նախքան շինարարական աշխատանքների գործընթացի սկիզբ  անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել քաղաքաշինական փաստաթղթերով տրված լուծումների նկատմամբ։ Որպես վերահսկողության ինստիտուցիոնալ համակարգ կարևորում ենք քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացումը։

Փաստելով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հետ կապված ընթացիկ իրավիճակը և օրենսդրական ընթացակարգերի անկատարությունը՝ Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումների կատարել <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքում՝ սահմանելով և կարգավորելով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հետ կապված հարաբերությունները։ Հարկ ենք համարում հստակ սահմանել, որ քաղաքաշինական փորձաքննության հիմնական նպատակն է լինելու քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծային լուծումների համալիր ուսումնասիրությունը, համապատասխանության ստուգումը Հայաստանի Հանրապետության օրենսդրական և նորմատիվ-տեխնիկական պահանջներին, ինչպես նաև քաղաքաշինական գործունեությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերին։

Կախված քաղաքաշինական օբյեկտի բարդությունից և կարևորությունից նպատակահարմար է սահմանել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական տեսակների, իսկ փորձաքննության կարգով սահմանել՝ ընթացակարգերը։Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում սահմանել է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաննության հետևայլ տեսակները՝

1) պետական փորձաքննություն,

2) արտագերատեսչական փորձաքննություն,

Քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննությունը (այսուհետ՝ պետական փորձաքննությունը), համաձայն առաջարկվող օրենսդրական կարգավորման, պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ստեղված և քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից համակարգով պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: Պետական փորձաքննությունը քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության բարձրագույն ձևն է։

Պետական փորձաքննության հիման վրա տրված փորձագիտական եզրակացությունը ենթակա է բողոքարկման միայն դատական կարգով։  Նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային բյուջեի մջոցներով, պետության կամ համայնքի կողմից ստեղծված կազմակերպությունների միջոցով իրականացված քաղաքաշինական փաստաթղթերը ենթակա են պարտադիր պետական փորձաքննության։ Պետական փորձաքննություն իրականացվող լիզորված մարմինը լիցենեզավորման ենթակա չէ։

Քաղաքաշինական փաստաթղթերի արտագերատեսչական փորձաքննությունը նախատեսվում է իրականացնել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջոցով, որոնք օրեսդրությամբ սահմանված կարգով ունենալու են  քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա։ Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է ամրագրել, որ լիցենզավորված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել միայն հավաստագրված փորձագետների միջոցով, և հավաստագրված փորձագետների մասին տվյալներ պարտադիր կարգով պետք է ներառված լինեն լիցենզային կից ներդիրում՝ հանդիսանալով փորձաքննության պատասխանատու անձ։ Կառուցապատողների կողմից քաղաքաշինական փաստաթղթերի, բացառությամբ պետական և տեղեկան ինքնակառավարման մասրմինների, օրենսդրությամբ սահմնաված կարգով ենթակա են մասնավոր փորձաքննության։ Եթե Կառուցապատողը համաձայն չէ մասնավոր փորձաքննության կողմից տրված փորձագիտական եզրակացությանը, ապա քաղաքաշինական փաստաթղթերը սույն օրենսդրական կարգավորմամբ կարող են ենթարկվել կրկնակի փորձաքննության միայն պետական լիազորված մարմնի միջոցով։

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության արդյունավետության և որակի էական բարձրացման համար սույն օրեսնդրական նախագծով նախատեսվում է սահմանել փորձաքննություն իրականացնող փորձագետների կարգավիճակը: Ինչպես նշվեց սույն հիմնավորման մեջ, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձանց նկատմամբ որևէ նվազագույն պահանջ՝ փորձառության և կրթության վերաբերյալ, ներկայումս նախատեսված չէ: Սույն առաջարկով նախատեսվում է, որ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել միայն հավաստագրված փորձագետները, ինչը ենթադրում է՝ փորձագետը սահմանված կարգով պետք է հանձնի որակավորման քննություններ, որոնց հիման վրա նրան կտրվի փորձագետի հավաստագիր: Փորձագետների հավաստագրման կարգը և որակավորման  նվազագույն պահանջները նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ: 

Ակնկալվող արդյունքը

Նախատեսված փոփոխությամբ ակնկալվում է հստակեցնել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կատարման իրավակարգավորումները, սկզբունքները, համաձայնեցման և փոփոխման կարգերը, ինչպես նաև փորձագետներին ներկայացվող կոնկրետ պահանջները, նրանց իրավունքները ու պարտականությունները: Կատարվող փոփոխությամբ նաև կարգավորվում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության ձևերը և փորձագիտական եզրակացության ձևն ու դրա տրամադրման կարգը:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն