Շուտով արտասահմանյան ավիաընկերությունների խրախճանք է սպասվում մեր օդում։ Նոր ավիաընկերություններ են սկսում չվերթները կամ հայտարարել են մտադրությունների մասին։ Ամռանը մեր շուկա է պատրաստվում մտնել ուկրաինական YAN AIR ընկերությունը, իսկ նրան մրցակից МАУ-ն (Ուկրաինայի միջազգային ավիաուղիները), որն այսօր արդեն ամեն օր Երեւանից Կիեւ եւ հակառակ ուղղությամբ ուղեւոր է տանում, հուլիսի 15-ից կրկնապատկելու է չվերթները։ Հոկտեմբերի կեսից թռիչքներ է իրականացնում Qatar Airways-ը, ինչպես հաղորդվում է՝ նոր վառելիքով, որի բաղադրության մեջ մտնում է բնական գազը։ Իսկ դեկտեմբերի 13-ից հայկական երկինք կվերադառնան «Չեխական ավիաուղիները»։ Այս ամենը կարող է բաց երկնքի քաղաքականության հաղթանակ թվալ։ Սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես։ Նույն չեխական ընկերության հայտարարություններից կարելի է նկատել, որ այս ավիաուղիները շատ զգուշավոր ձեւով են մտնում եւ կարճ ժամանակով։ Ի սկզբանե հայտարարվեց, որ Երեւան-Պրահա երթուղին շահագործվելու է սեզոնային եղանակով եւ կարճ՝ «ապահովելով Սուրբ ծննդյան եւ Նոր տարվա ավանդական տոնակատարությունների ժամանակ փոխադրումները»: Դեկտեմբերի 26-ին, 2016թ. հունվարի 2-ին եւ 16-ին թռիչքներ կլինեն շաբաթը երեք անգամ։ Մասնագետների կարծիքով, սա պարզ նախատոնական «գռդոն» է՝ «խոպան, որը զուտ Ամանորի վրա է աշխատելու»։ «Սա սովորական խոպան է։ Նման է նրան, որ Նոր տարուց առաջ մի բուռ ավելի շատ ես պոպոք բերում կամ պոպոքի գործով չես զբաղվում, բայց գիտես, որ ծախվում է, գնում ես, պոպոք ես բերում. սրա մասին է խոսքը,- ասաց կառավարությանը մոտ կանգնած փորձագետը։- «Չեխական ավիաուղիները» ինչպես կդնեն չվերթները, այդպես էլ կհանեն։ Իրենք Հայաստանում չեն աշխատում, բայց գիտեն, որ Ամանորին «թրաֆիք» է լինելու, եւ ինքնաթիռները բերում են այստեղ»։ Մասնագետի կանխատեսմամբ, Qatar Airways-ը եւս երկար չի մնալու մեր շուկայում՝ առավելագույնը 6 ամիս։ Հայերիս համար «էկզոտիկ» այս ընկերությունը չի հասկանալու, թե ինչի համար է եկել այստեղ, որտեղից որտեղ եւ ում պետք է տանի։ Ուղեւորներն այնքան քիչ կլինեն, որ Աբու Դաբիում ի վերջո կհամոզվեն, որ իրենց հարմար չէ մեր դաշտը, եւ դուրս կգան։ Ինչ վերաբերում է ուկրաինական երկու ավիաընկերություններին՝ МАУ-ին եւ YAN AIR-ին, ապա դրանց ակտիվացումն ամռանը հիմնականում պայմանավորված է միմյանց միջեւ մրցակցությամբ։ YAN AIR-ը Ուկրաինայի միջազգային ավիաուղիների համեմատ փոքր ընկերություն է, քիչ օդանավերով։ Դրա միակ առավելությունն այն է, որ դրա օդանավակայանը մոտ է Կիեւին։ Այնտեղ կարելի է հասնել 10 րոպեում։ Հենց այս ընկերությունն է МАУ-ի հիմնական մրցակիցը, եւ վերջինս որոշեց կրկնապատկել չվերթներն այն բանից հետո, երբ YAN AIR-ը հայտարարեց մեր շուկա մուտք գործելու մասին։ Այս մրցակցությունը, սակայն, ուկրաինական ավիաշուկայի առաջատարի համար հեշտ չի լինելու։ Իհարկե, այն ունի առավելություն YAN AIR-ի նկատմամբ, նաեւ ունի տրանզիտ չվերթների հնարավորություն, որը չունի վերջինս։ Բայց МАУ-ի օդանավերն այժմ էլ լիքը չեն թռչում՝ 80 տոկոսից պակաս բեռնվածությամբ, իսկ թռիչքները կրկնապատկելու դեպքում Հայաստանի օդը նվազ եկամտաբեր կդառնա Ուկրաինայի միջազգային ավիաուղիների համար։ Եթե սրան գումարենք, որ Ուկրաինայում պատերազմ է, հազիվ թե այս ընկերությունը կարողանա երկար ժամանակ գերակտիվ լինել մեր շուկայում։ Այնպես որ, ավիաընկերությունների բազմազանությունը դեռ չի նշանակում, որ բաց երկինքը լավ բան է։ Մանավանդ՝ նկատի ունենալով հայրենական միակ ավիաընկերության՝ «Էյր Արմենիայի» տխուր վիճակը։ Վերջերս վարչական դատարանը սնանկ ճանաչեց «Էյր Արմենիային»։ Սնանկության հայցը ներկայացրել էր HSBC բանկը, քանի որ ավիաընկերությունը բանկին ժամկետանց պարտք ուներ 2 միլիոն 150 հազար եվրոյի չափով։ Ի՞նչ եղավ նոր ներդրողը՝ East Prospect Faund-ը, որն օգոստոսին 68 մլն. դոլարից ավելի գումար էր ներդնելու։ «Էյր Արմենիայի» մամուլի խոսնակ Սիրակ Համբարձումյանը, պատասխանելով այս հարցին, ասաց, որ ներդրողը կա, եւ որ իրենք բողոքարկելու են վարչական դատարանի որոշումը։ «Նոր ներդրողներն առողջացման ծրագիր են պատրաստում, որը կներկայացվի կրեդիտորներին, որպեսզի նրանք հաստատեն այս ծրագիրը, եւ եթե այն հաստատվի, ապա խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն,- ասաց նա,- հաշիվները կալանքի տակ էին, եւ մենք չէինք կարողացել մարել բանկի պարտքը, բայց մեր ակտիվները, մեր կանոնադրական կապիտալը, որը, եթե չեմ սխալվում, ավելի քան 149 մլն. է, բազմակի գերազանցում է այդ պարտքը, հետեւապես, օրինական չէր նման պարտքի պատճառով մեզ սնանկ ճանաչելը»։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться