Հարկային օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության առաջարկություններն ու դիտողությունները ներկայացվել ու քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում, ինչպես նաև Միության նախագահության անդամների հետ ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ։ Արված առաջարկությունների և դիտողությունների որոշ մասը հաշվի է առնվել նախագծի վերջնական տարբերակում։ Սակայն կարևոր մի շարք առաջարկություններ տեղ չեն գտել նախագծերում, ուստի անհրաժեշտ էր դրանք ներկայացնել ԱԺ–ի քննարկմանը։ Այդ կապակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը հատուկ նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ մասնավորապես խնդրելով ԱԺ պրոֆիլային հանձնաժողովում, ինչպես նաև լիագումար նիստում այդ նախագծերի քննարկմանը հրավիրել նաև ՀԱԳ(Գ)Մ ներկայացուցիչներին։
ՀԱԳ(Գ)Մ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ կառավարության կողմից ներկայացված հարկային և մասքային օրենսդրական նախագծերի փաթեթի վերաբերյալ
1. Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքի նախագիծ
1.1 Շրջանառության հարկ վճարող համարվելու համար իրացման շրջանառությունը նախագծով նախատեսված 58,3մլն դրամի փոխարեն սահմանել 100.0 մլն դրամ՝ դա է այն միջին սահմանը, որով կապահովվի փոքր և միջին ձեռնարկությունների ստվերից դուրս գալը: Ըստ մեր ուսումնասիրությունների փոքր բիզնեսում ամսական փաստացի կատարվող ծախսերը միջինը կազմում են 1,1-1,3 մլն դրամ ՝ անկախ իրացման ծավալներից, և հաշվի առնելով լավագույն վրադիրի չափը ՝ 15 տոկոս, հստակ է, որ ամսեկան իրացման ծավալը պետք է լինի մոտ 8,8-9,2 մլն դրամ, որպեսզի տնտեսվարումը իմաստ ունենա:
1.2 Հանել նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, իսկ 5-րդ կետում «բացառապես» բառից հետո լրացնել «ՀՀ կառավարության կողմից սահմաված կարգով» բառերով:
1.3 Նախագծի 5-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ նոր պարբերությամբ. «Դատարանի վճռով հարկային մարմնի ղեկավարի որոշումը չեղյալ համարվելու դեպքում, որոշման գործողության ժամանակաշրջանի համար կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ»:
1.4 Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Առևտրական առք ու վաճառք գործողությունից եկամուտներ .
-Պարենային ապրանքներ-2 %
Այլ ապրանքներ -3.5 %»
1.5 Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասը «հարկման ընդհանուր կարգին անցնելիս» բառերից հետո լրացնել «շահութահարկի մասին ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափով հաշվարկված չափով» բառերով:
1.6 Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «100» թիվը փոխարինել «50» - թվով՝ դրանով կհանվի «Հարկերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի հետ եղած հակասությունը:
1.7 Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասը «10-օրյա ժամկետում» բառերից հետո լրացնել «կամ հարկ վճարողի հետ կնքված համաձայնագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ավել քան վեց ամսվա ընթացքում» բառերով:
2. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ
2.1 Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող օրենքի նոր՝ 5,1-րդ հոդվածի «Կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից» բառերը փոխարինել «Կազմակերպությունները հաշվապահական հաշվառումը կարող են վարել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերով: ՀՀ Ազգային Ժողովում ներկա դրությամբ շրջանառության մեջ է դրված Հաշվապահական Հաշվառման մասին օրենքի նախագիծ, որով Հաշվապահակն Հաշվառումը հաշվապահական ծրագրերի միջոցով վարելու պահանջը սահմանված է կամավոր հիմունքերով և հարկավոր է այս երկու նախագծերի այդ պահանջները միասնականացնել,բացի այդ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի համաձայն լիազոր մարմինը չի կարող իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները, ազատություններն ու արտոնությունները սահմանափակող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր սահմանել:
2.2 Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող օրենքի նոր՝ 5,1-րդ հոդվածի ժամանակացույցի «հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերով վարելու ժամկետը» սյունակի առաջին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2013թ հուլիսի 1-ից, եթե ՀՀ կառավարույան կողմից սահմանված չափանիշները ուժի մեջ են մտել այդ ժամկետից առնվազն երեք ամիս առաջ:
Եթե այդ պայմանը չի պահպանվել, ապա ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշները ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամիս հետո:
3. «Հարկերի մաիսն» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ
3.1 Նախագծի 15-րդ հոդվածով նախատեսվող Հարկերի մասին ՀՀ օրենքում նոր՝ 25.1 հոդվածով նախատեսված 5 մլն դրամ տուգանքի փոխարեն առաջին անգամվա համար սահմանել նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում սահմանել տուգանքների աճող սանդղակ, բայց ոչ ավելի 500000 դրամից:
Նույն հոդվածում դիտորդի կարգավիճակով հարկային մարմնի կողմից համակարգչային ծրագիր մուտք գործելու հնարավորությունը անհրաժեշտ է հստակեցնել ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ՝ քանի որ այդ ծրագիրը կարող է պարունակել առևտրային գաղտնիքներ:
3.2 Նախագծի 16-րդ հոդվածով նախատեսվող օրենքում նոր՝ 25.2 հոդվածի 1-ին պարբերությունը «կառավարության կողմից սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «որով պետք է սահմանվեն այդ նպատակով կատարվող գույքագրման առաքման վայրի շրջանակները, ապրանքերի միջտեսակային շարժը, բնական և այլ կորուստները» բառերը
3.3 Նախագծի 19-րդ հոդվածով նախատեսվող օրենքի 28-րդ հոդվածում առաջարկվող 3-րդ կետը հանել՝
Արգելանքի փոխարեն կարելի է կիրառել տուգանքի վճարման ժամկետի սահմանումը, իսկ այդ ժամկետի խախտման դեպքում՝ տուգանքի չափի կրկնապատկումը:
3.4 Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվող 22-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում առաջարկվող փոփոխության մեջ «հարկվող շահույթի» բառերը փոխարինել «համախառն շահույթի» բառերով:
3.5 Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող ՝ օրենքում 6.1 հոդված ներառելը , որը առաջարկում է ՀԳՊ-ի նոր հարկման կարգ, լրացուցիչ քննարկման կարիք ունի քանի որ նոր առաջարկվող մեխանիզմը երկու առումով ռիսկային է
ա) Այդ փոփոխությունը անհամատեղելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մոտեցումների հետ՝ 2008թ-ին այդ թեմայով արդեն իսկ քննարկում եղել է և ՀՀ կառավարությունը դրա արդյունքում հրաժարվել է այդ առաջարկից:
բ) Համապարտ պատասխանատվությունը կարող է վախեցնել և հանգեցնել նրան, որ քաղաքացիաիրավական նման պայմանագրեր ընդհանրապես չկնքվեն:
3.6 Նախագծի 7-րդ հոդվածով օրենքի 16-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններում առաջարկվող 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում ձեռներեց բառը փոխարինել ձեռնարկատեր բառով:
3.7 Նախագծի 13-րդ հոդվածով օրենքի 24-րդ հոդվածում նախատեսված տուգանքը խստացնելու փոխարեն նպատակահարմար է խստացնել ՎԻՎ օրենսգրքով նախատեսվածը:
Բացի այդ հարկային հաշվետվությունները ուշացնելու համար տուգանք չկիրառելու 2 ամսվա դրույթը հանելը կարող է հանգեցնել անհարկի տուգանքների, քանի որ այդ ուշացումների պատճառ կարող է հանդիսանալ ՊԵԿ-ի տեխնիկական սարքավորումների չաշխատելը կամ դրանց հետ կապված այլ խնդիրները:
3.8 Հստակեցման նպատակով «Հարկերի մասին» ՀՀ օրենքով նախատեսել դրույթ, որի համաձայն ճշտված (ճշգրտված) հաշվետվությունների (հաշվարկների) ներկայացման դեպքում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված տուգանքերը չեն կիրառվում:
4. «Ակցիզային հարկ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ
4.1 Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող օրենքի 9-րդ հոդվածում նոր 3-րդ մասը արդյունաբերական բառից հետո ավելացնել «շինարարական, ավտոտրանսպորտային , գյուղատնտեսական և էներգետիկայի ոլորտում աշխատող բառերը»:
5. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ
5.1 Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ պարբերության «ա» կետում նշված ԱԱՀ-ի պարտավորության մեծության որոշման համար հիմք ընդունել գույքի մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքի ոչ թե ընդհանուր հարկվող շրջանառությունը, այլ ԱԱՀ-ով հարկման ենթակա շրջանառությունը։ Միաժամանակ առաջարկում ենք «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասում կատարված փոփոխության համաձայն քաղաքացիների կողմից գույքի վարձակալությամբ տրամադրումը ընդհանրապես դիտարկել որպես ոչ ձեռնարկատիրական գործունեություն, այլ ոչ միայն ապօրինության մասով, և ԱԱՀ-ով չհարկել։ Հակառակ դեպքում դա կբերի նրան, որ վարձակալության պայմանագրերը վճարման մասով կվերանայվեն իջեցման նպատակով (որը արդեն իսկ արվում է), և այն կբերի եկամտային հարկի մասով բյուջեի մուտքերի իջեցմանը։
5.2 Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ կերպ. «Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե հրապարակային պայմանագրի պայմաններով նախատեսված զեղչերը հիմնավորվում են սկզբնական հաշվապահական հաշվառման տվյալներով, որի հսկումը հարկային մարմնի կողմից հնարավոր է, քանի որ հարկային մարմնի աշխատակիցը իրավունք ունի դիտորդի կարգով ուսումնասիրել ծրագիրը»:
Շրջանառվող նախագծի համաձայն՝ տեղեկություններ ներկայացնելը հարկային մարմին բավականին ծավալուն և անվերահսկելի գործ է (հաշվի առնելով ապրանքների անվանացանկի մեծությունը), ինչպես նաև խոչընդոտ կարող է հանդիսանալ ձեռնարկատիրական գործունեության առումով, հնարավոր չի լինի օպերատիվ կարգով սակարկել և վաճառել ապրանքը կամ մատուցել ծառայությունը։
5.3 նախագծի 7-րդ հոդվածով օրենքի 8-րդ հոդվածում ըստ 4-րդ կետի 6-րդ կետի լրացումը հանել ՝ այդ դրույթի ներառումը գործատուին կզրկի հաճախորդի հետ գնային հարցում հարաբերվելու ճկունությունից:
6. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ
6.1 Նախագծի 25-րդ հոդվածով օրենքի 57-րդ հոդվածում առաջարկվող երկու փոփոխություններն էլ հանել.
-խնդիր է առաջանալու արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում մատուցվող ծառայությունների դեպքում,
-լրացուցիչ խնդիրներ կարող են առաջանալ ծառայությունների դասակարգման հետ կապված:
6.2 Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող «իդ» ենթակետը հանել, կամ նախատեսել որ սահմանվի կարգ , թե ինչպես է դա արվելու:
Աղբյուրը՝ umba.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться