Հայաստանում 2013 թ.–ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների գներն աճել են 1,8 տոկոսով, ասել է ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով' դա, հիմնականում, պայմանավորված էր «ձուկ» և «բանջարեղեն ու կարտոֆիլ» ապրանքային խմբերում գների 3,3–22 տոկոս բարձրացումով։
«30 ապրանքային խմբերից վեցում նշված ժամանակահատվածում գրանցվել է գների 0,1–22 տոկոս աճ, իսկ հինգ խմբերում' 0,1–0,5 տոկոսի անկում։ Մնացած խմբերում գները, հոկտեմբերի համեմատ, անփոփոխ են մնացել», – դեկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքերով' «բանջարեղեն և կարտոֆիլ» խմբում 2013 թ.–ի նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, գների աճը կազմել է 7,5 տոկոս, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ' 22 տոկոս։
Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է, որ «մրգեր» խմբում այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, գների 1,9 տոկոսի աճ է գրանցվել, իսկ 2013 թ.–ի հոկտեմբերի համեմատ' 0,6 տոկոսի անկում։
Բաժնի պետի խոսքերով' շաքարավազի գինը նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 16,9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ' 1,5 տոկոսով։
««Մսամթերք» խմբում այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գների 3,7 տոկոսի աճ է գրանցվել, իսկ 2013 թ.–ի հոկտեմբերի համեմատ' գներն էական փոփոխության չեն ենթարկվել», – ավելացրել է Մարտիրոսյանը։
Նա ընդգծել է, որ հավկիթի գնի աճը հաշվետու ժամանակահատվածում, 2012 թ.–ի նոյեմբերի համեմատ, կազմել է 30 տոկոս։ Հոկտեմբերի համեմատ հավկիթը թանկացել է 0,1 տոկոսով։
Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2013 թ.–ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ավելացել են 0,5 տոկոսով։
Նրա խոսքերով' դա պայմանավորված է լվացող միջոցների գների 0,5 տոկոսանոց աճով, տեքստիլի գների 2,2 տոկոսանոց աճով, կոշկեղենի գների 0,2 տոկոսանոց աճով, հագուստի և գործվածքների գների 0,7 տոկոսանոց աճով, շինարարական ապրանքների 1,4 տոկոսանոց աճով, խոհանոցային պարագաների 0,4 տոկոսանոց աճով։
«Միաժամանակ նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, այգեգործական ապրանքների գների 0,7 տոկոսանոց անկում է արձանագրվել, գրենական պիտույքների գների' 1,1 տոկոսանոց անկում և կենցաղային էլեկտրոնիկայի գների' 0,4 տոկոսանոց անկում։ Ոսկերչական իրերի գները մնացել են նույն մակարդակում», – նշել է Մարտիրոսյանը։
Նա ավելացրել է, որ գնաճն այս տարվա հունվար–նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5,8 տոկոս, իսկ 12–ամսյա գնաճը նոյեմբերին կազմել է 6,6 տոկոս։
Հայաստանի 2013 թ.–ի պետբյուջեում գնաճի ցուցանիշը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться