
Սույն նախագծով սահմանվում է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման լիցենզավորման ընթացակարգը:
ՆԱԽԱԳԻԾ
Անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1871-Ն որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակումներ են կիրառվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ցեմենտի ներմուծման վրա, մասնավորապես՝ «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է լիցենզիաների հիման վրա։
Իրականացված քայլերի արդյունքում (կարգավորումը սահմանվել է նաև 2024 թվականին) որոշակի մեղմվել է տեղական շուկայում (երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի նկատմամբ) Հայաստանում արտադրվող ցեմենտիմրցակցային պայմանները։ Այնուամենայնիվ՝ 2024 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (1.05 մլն տոննա) նախորդ տարվա նկատմամբ նվազել է 7.3%-ով:
Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.)
Ըստ Վիճակագրական ծառայության տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները, մասնավորապես՝ 2023 թվականին երրորդ երկրներից (ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող) Հայաստան է ներմուծվել 260 հազ.տ. ցեմենտ (աճը 2022թ. նկատմամբ 3.5 անգամ, իսկ 2024 թվականին՝ աճը 2023թ. նկատմամբ կազմել է 72%)։
Նշված պարագայում էլ ավելի է նվազել տեղական ցեմենտի մրցունակությունը, ինչի արդյունքում՝ վատթարացել է նաև տեղական ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը (ներկայումս Կառավարության քննարկման փուլում է գտնվում ցեմենտի ներմուծման գործունեության լիցենզիայի տրամադրման համար պետական տուրքի չափի բարձրացում նախատեսող օրինագիծը)։
Այսպիսով, ցեմենտի ներմուծման աճը փաստում է, որ առաջարկվող կարգավորումները չեն խոչընդոտում երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման գործընթացին, միաժամանակ ապահովում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը ի հաշիվ տեղական ցեմենտ արտադրող, ներմուծվող կլինկերից տեղում ցեմենտ արտադրող և երրորդ երկրներից ցեմենտ ներմուծող տնտեսավարողների միջև մրցակցության շնորհիվ։
Նպատակ ունենալով շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նպատակահարմար ենք գտնում շարունակել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը և 28.11.2024թ. N 1871-Ն որոշման գործողության ժամկետն ավարտվելուց հետո՝ սահմանել ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր վեցամսյա ժամկետ, որի նպատակով ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Սույն նախագծով հաստատվող կարգավորումն ամբողջությամբ համապատասխանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 54-րդ կետի դրույթներով սահմանված ոչ սակագնային կարգավորումների պահանջներին։
Միևնույն ժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում են գտնվում ցեմենտի տեղական շուկայում կատարվող հնարավոր փոփոխությունները և կախված շուկայի վարքագծից՝ կառաջարկվեն համապատասխան իրավական կարգավորումներ։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովում և ցեմենտի տեղական շուկայում հավասար մրցակցության ապահովում:
Կարգավորման նպատակը և բնույթը
Տեղական ցեմենտի արտադրության զարգացում, ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմանների ապահովում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:
Ակնկալվող արդյունքը
Սույն նախագծի ընդունումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների և ներմուծողների միջև առողջ մրցակցության ապահովմանը։
Կապը ռազմավարական այլ փաստաթղթերի հետ
ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.5-րդ կետի սահմանված դրույթի շարունակականության ապահովում, այն է՝
Ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականության մշակում,
Հայրենական արտադրողների համար հավասար մրցակցային պայմանների ապահովում։
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
«Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
«Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться