
Նախագծով մասնավորապես առաջարկվում է հստակեցնել քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տրամադրումն այն դեպքերում, երբ քաղաքացիական ծառայողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի (չօգտագործված մասի) օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում, նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը կարող է որոշվել համապատասխան պաշտոնատար անձի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին անհատական իրավական ակտն` ընդունվել առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի:
Առաջարկվում է սահմանել նաև մինչև համապատասխան աշխատանքային տարվա ավարտը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու կամ լիազորությունների դադարեցման դեպքում տրամադրված արձակուրդի համար վճարված գումարները հետ գանձելուն վերաբերող կարգավորումներ, ինչպես նաև նախատեսվում է դրույթ այն քաղաքացիական ծառայողների արձակուրդի տրամադրման վերաբերյալ, որոնց 65 տարին լրանալու է տվյալ աշխատանքային տարում: Նախագծով հստակեցվում է նաև աշխատանքային տարվա հասկացությունը՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված առանձնահատկությունները, ինչպես նաև սահմանվում են աշխատանքային տարում ամենամյա արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածները սահմանող դրույթներ: Միաժամանակ Նախագծով առաջարկվում է արձակուրդի տրամադրման գործընթացը կազմակերպել քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով, իսկ համապատասխան անհատական իրավական ակտի ընդունումը՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո ՇՈւ Մ
___ 2025 թվականի N________Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է․
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1287-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
2-րդ կետը «տեղափոխումը» բառից հետո լրացնել «, երկարաձգումը» բառով․
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4․ Քաղաքացիական ծառայողը յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ունի ամենամյա արձակուրդի իրավունք, որը ներառում է ամենամյա նվազագույն արձակուրդը և ամենամյա լրացուցիչ արձակուրդը:»․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին կետով՝
«4․1․ Աշխատանքային տարին սկսվում է քաղաքացիական ծառայողին տվյալ մարմնում պաշտոնում նշանակելու մասին անհատական իրավական ակտով կամ ժամկետային աշխատանքային պայմանագրով նախատեսված օրը աշխատանքային պարտականությունների կատարմանը անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:»․
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5․1-ին կետով՝
«5․1․ Քաղաքացիական ծառայողի արձակուրդը տրամադրվում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով (այսուհետ՝ հարթակ) քաղաքացիական ծառայողի ներկայացրած դիմումի հիման վրա, բացառությամբ սույն կարգի 19․1-ին կետով սահմանված դեպքի։»․
5) 6-րդ կետը «ժամանակացույց» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ ժամանակացույց)» բառերով․
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6․1-ին կետով՝
«6․1․ Ժամանակացույցում ներառելու նպատակով քաղաքացիական ծառայողը յուրաքանչյուր տարի հարթակում ընտրում է հաջորդ օրացուցային տարում իր ամենամյա արձակուրդը (այդ թվում նախորդ տարվա (տարիների) տեղափոխված արձակուրդի օրերը) օգտագործելու ժամանակահատվածը (ամիսները): Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն իրենց ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների հետ համաձայնեցված ժամանակացույցերը, իսկ կառուցվածքային ստորաբաժանման կազմում չընդգրկված քաղաքացիական ծառայողների անմիջական ղեկավարները նրանց հետ համաձայնեցված ժամանակացույցերը գլխավոր քարտուղարին են ուղարկում մինչև դեկտեմբերի 15-ը։ Գլխավոր քարտուղարը ոչ ուշ քան հնգօրյա ժամկետում ժամանակացույցն ուղարկում է անձնակազմի կառավարման ստորաբաժանում՝ արձակուրդների տրամադրման գործընթացը կազմակերպելու համար։»․
7) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7․ Ժամանակացույցում փոփոխությունները կատարվում են ամենամյա արձակուրդի տեղափոխման սույն կարգով նախատեսված դեպքերում, ինչպես նաև նոր ընդունված քաղաքացիական ծառայողների, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով գործուղված դիվանագետների (տվյալ օրացուցային տարում արձակուրդի իրավունք ձեռք բերելու դեպքում) և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգով գործուղված քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդների տրամադրման ժամկետների նախատեսման նպատակով:»․
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․1-ին կետով՝
«7․1․ Ժամանակացույցով նախատեսված ժամկետներին չհամապատասխանող ժամկետների համար արձակուրդի դիմում ներկայացնելու դեպքում արձակուրդը տրամադրվում է գլխավոր քարտուղարի համաձայնությամբ։»․
9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․2-րդ կետով՝
«7․2․ Սույն կարգի 5․1-ին կետով նախատեսված դիմումին համաձայնելու դեպքում քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարն այն ուղարկում է գլխավոր քարտուղարին, որը համաձայնության դեպքում այն ուղարկում է անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարին՝ համապատասխան անհատական իրավական ակտի նախագիծ պատրաստելու համար: Անձնակազմի կառավարման ստորաբաժանման ծառայողը դիմումի հիման վրա հարթակում ստեղծում է համապատասխան անհատական իրավական ակտի նախագիծ, որը կից փաստաթղթի (փաստաթղթերի) հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկում է գլխավոր քարտուղարին՝ ստորագրման։ Անհատական իրավական ակտը ստորագրվելուց և համարակալվելուց հետո ինքնաշխատ վերադարձվում է հարթակ։»․
10) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8․ Ամենամյա լրացուցիչ արձակուրդը կարող է միացվել ամենամյա նվազագույն արձակուրդին և տրամադրվել միասին։»․
11) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10․ Աշխատանքային առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը քաղաքացիական ծառայողին տրամադրվում է տվյալ մարմնում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Կողմերի համաձայնությամբ աշխատանքային առաջին տարում քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը:»․
12) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10․1-ին կետով՝
«10․1․ Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`
1) փաստացի աշխատած ժամանակահատվածը․
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են քաղաքացիական ծառայողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալի կարգավիճակ ունեցող քաղաքացիական ծառայողին հատուցում վճարելու այն ժամանակահատվածների, երբ քրեական վարույթի ավարտի դեպքում կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով․
3) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը․
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը․
5) հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածը, քաղաքացիական ծառայողի՝ իր պաշտոնում վերականգնվելու դեպքում․
6) օրինական գործադուլի ժամանակահատվածը․
7) վարժական հավաքների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը․
8) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:»․
13) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11․ Եթե քաղաքացիական ծառայողը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգով գործուղվել է, և մինչև այդ նրան չի տրամադրվել ամենամյա արձակուրդը կամ տրամադրվել է դրա մասը, ապա քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդը կամ չտրամադրված մասը, եթե այն հնարավոր չէ տրամադրել, տեղափոխվում է տվյալ աշխատանքային տարում այլ ժամանակ: Այս դեպքում ամենամյա արձակուրդի տրամադրման ժամկետը ներառվում է այլ համապատասխան մարմնի ժամանակացույցում, որտեղ գործուղվել է քաղաքացիական ծառայողը։»․
14) 12-րդ կետից հանել «ամենամյա արձակուրդի տրամադրման» բառերը․
15) 13-րդ կետում «անընդմեջ» բառը փոխարինել «անընդհատ» բառով, իսկ «խնդրանքով» բառը փոխարինել «դիմումի հիման վրա» բառերով․
16) 14-րդ կետում «Անընդմեջ» բառը փոխարինել «Անընդհատ» բառով․
17) 15-րդ կետում «ցանկությամբ» բառը փոխարինել «դիմումի հիման վրա» բառերով․
18) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15․1-ին կետով՝
«15․1․ Քաղաքացիական ծառայողին երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, իր դիմումի հիման վրա տրամադրվում է հայրության արձակուրդ՝ հինգ աշխատանքային օր տևողությամբ:»․
19) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16․ Առանց աշխատանքից կտրվելու սովորող քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդն իր դիմումի հիման վրա տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային կամ ավարտական աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման, ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաների ժամկետներին համապատասխան:»․
20) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18․ Քաղաքացիական ծառայողի գրավոր դիմումի հիման վրա կամ գրավոր համաձայնությամբ նրա ամենամյա արձակուրդը կամ դրա մասը կարող է տեղափոխվել տվյալ աշխատանքային տարվա այլ ժամանակ։ Կողմերի համաձայնությամբ քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի մասը կարող է տեղափոխվել հաջորդ աշխատանքային տարի:»․
21) 19-րդ կետում՝
ա․ 2-րդ ենթակետում «հոդվածով նախատեսված նպատակային» բառերը փոխարինել «հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված նպատակային արձակուրդի, ինչպես նաև սույն կարգի 34-րդ կետով նախատեսված չվճարվող» բառերով․
բ․ 3-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․
գ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ ենթակետերով՝
«4) քաղաքացիական ծառայողը մասնակցում է վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին կամ իրականացնում է զորահավաքային զինվորական ծառայություն կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով մասնակցում է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին․
5) քաղաքացիական ծառայողի պաշտոնավարումը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով․
6) քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով։»․
22) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19․1-ին և 19․2-րդ կետերով՝
«19․1․ Եթե քաղաքացիական ծառայողը տվյալ աշխատանքային տարում և դրա ավարտից հետո 18 ամսվա ընթացքում խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մասի օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, և այդ դիմումը չներկայացնելը պայմանավորված չէ սույն կարգի 19-րդ կետով սահմանված որևէ հանգամանքով, ապա տվյալ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը որոշում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված համապատասխան պաշտոնատար անձը՝ հաշվի առնելով սույն կարգի 14-րդ և 17-րդ կետերով սահմանված պահանջները: Այս դեպքում ամենամյա արձակուրդը կամ դրա մասը տրամադրելու մասին անհատական իրավական ակտն ընդունվում է առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի:
19․2․ Սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելու դեպքում գործատուն պարտավոր է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար քաղաքացիական ծառայողին վճարել տուժանք՝ քաղաքացիական ծառայողի միջին ամսական աշխատավարձի 0․15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձը, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելը պայմանավորված է եղել նշված ամբողջ ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու կամ սույն կարգի 19-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ կամ 5-րդ ենթակետերով սահմանված որևէ հանգամանքով։»․
23) 21-րդ կետը «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ ռազմական դրություն հայտարարելու դեպքում, ինչպես նաև պետական մարմինների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման գործընթացի շրջանակներում քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդից հետ կանչելու դեպքերի» բառերով․
24) ուժը կորցրած ճանաչել 23-րդ կետը․
25) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«24․ Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված հիմքերով (բացառությամբ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի և սույն կարգի 19-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված հիմքի) քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերը կամ ամենամյա արձակուրդը տվյալ աշխատանքային տարում տրամադրելը հնարավոր չլինելու դեպքում, այն տրամադրվում է հաջորդ աշխատանքային տարում, կամ 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա ավարտից, որի համար քաղաքացիական ծառայողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:»․
26) ուժը կորցրած ճանաչել 25-րդ կետը․
27) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«26․ Յուրաքանչյուր աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի համար քաղաքացիական ծառայողին վճարվում է միջին աշխատավարձ և մեկ անգամ տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար: Ընդ որում, մեկ օրացուցային տարվա ընթացքում քաղաքացիական ծառայողին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է մեկ անգամ: Ամենամյա արձակուրդը կամ դրա մասը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխելու դեպքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարվա վերջում: Լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարվա վերջում նաև այն դեպքում, երբ տվյալ օրացուցային տարում քաղաքացիական ծառայողին արդեն վճարվել է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար։ Ամենամյա արձակուրդի համար միջին աշխատավարձը հաշվարկվում է Աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով: Այն քաղաքացիական ծառայողին, որի 65 տարին լրանալու է տվյալ աշխատանքային տարում, տվյալ աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրամադրվում են մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածին համամասնորեն:»․
28) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«28․ Քաղաքացիական ծառայողի պաշտոնից ազատվելու, ինչպես նաև լիազորությունները դադարելու դեպքում, չօգտագործված ամենամյա արձակուրդը, քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա, տրամադրվում է ազատման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման կամ լիազորությունները դադարելու օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը: Ընդ որում աշխատանքից ազատվելու դեպքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը քաղաքացիական ծառայողին տրվում է տվյալ աշխատանքային տարում ձեռք բերված արձակուրդի իրավունքին համապատասխան (հասանելիք արձակուրդի օրերի համար)։ Քաղաքացիական ծառայողին վճարված հիմնական և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարները չաշխատած ամիսների համամասնությամբ պահվում կամ գանձվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, եթե նա աշխատանքից ազատվում է մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել է ամենամյա արձակուրդ:»․
29) 29-րդ կետում «5-րդ» բառը փոխարինել «4․1-ին, 5-րդ, 6․1-ին» բառերով․
30) ուժը կորցրած ճանաչել 31-րդ կետը․
31) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31․1-ին կետով՝
«31․1․ Եթե քաղաքացիական ծառայողն աշխատանքից ազատվում է մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել է ամենամյա արձակուրդ, ապա նրան վճարված հիմնական արձակուրդային վճարը և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը չաշխատած ամիսների համամասնությամբ պահվում կամ գանձվում են, բացառությամբ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4․1-ին, 5-րդ, 6-րդ և 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ, 12-րդ և 14-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատման կամ լիազորությունները դադարեցնելու դեպքերի։»․
32) 33-րդ կետը «տարվա» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով․
33) 34-րդ կետում՝
ա․ 1-ին ենթակետում «կինը» բառը փոխարինել «ամուսինը» բառով․
բ․ 4-րդ ենթակետում «ոչ պակաս երեք օրից» բառերը փոխարինել «մինչև երեք աշխատանքային օր» բառերով․
գ․ 5-րդ ենթակետը «քանակով» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի քան երեսուն օր» բառերով․
34) 35-րդ կետում «միջնորդությամբ» բառը փոխարինել «դիմումի հիման վրա» բառերով․
35) 36-րդ կետը «տարվա» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով․
36) 37-րդ կետում «կնոջ» բառը փոխարինել «ամուսնու» բառով․
37) 38-րդ կետը «խնամքի,» բառից հետո լրացնել «հայրության,» բառով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Սույն որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով սահմանված կարգավորումները տարածվում են 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո սկսված և հաջորդող աշխատանքային տարիների ամենամյա արձակուրդների վրա։ Իսկ սույն որոշման 1-ին կետի 27-րդ ենթակետով սահմանված՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը մեկ անգամ տրամադրելու, ինչպես նաև ամենամյա արձակուրդը կամ դրա մասը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխելու դեպքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տվյալ աշխատանքային տարվա վերջում տրամադրելու վերաբերյալ դրույթները տարածվում են 2024 թվականի դեկտեմբերի 21-ից հետո նոր սկսվող աշխատանքային տարիների ամենամյա արձակուրդների տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա:
3․ Սույն Որոշման 1-ին կետի 4-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումը հարթակ է մուտքագրում համապատասխան մարմնի բոլոր քաղաքացիական ծառայողների չօգտագործած արձակուրդային օրերը, որը հարթակում հաստատվում է համապատասխան քաղաքացիական ծառայողի կողմից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հուլիսի 11-ի N 746-Ա որոշման հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 5-րդ կետի համաձայն մշակվել և 2023 թվականի նոյեմբերի 7-ին Կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։ Նախագիծը քննարկվել է սոցիալական նախարարական կոմիտեի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի նիստում, սակայն, հաշվի առնելով քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու կամ լիազորությունների դադարեցման դեպքում տրամադրված արձակուրդի համար վճարված գումարների հետ գանձմանն առնչվող դրույթների վերաբերյալ առկա տարաձայնությունները, Նախագիծը հանվել է օրակարգից: Միաժամանակ փոխվարչապետ պարոն Մ․ Գրիգորյանը հանձնարարել է համապատասխան կարգավորումները նախատեսել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, իսկ լրամշակված նախագիծը ևս մեկ անգամ քննարկել շահագրգիռ մարմինների հետ:
Փոխվարչապետ պարոն Մ․ Գրիգորյանի հանձնարարականի համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 25-րդ հոդվածում նախատեսվեցին փոփոխություններ՝ սահմանելով պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարի տրամադրմանը վերաբերող կարգավորումներ: Օրենքի նախագիծն Ազգային ժողովի կողմից ընդունվեց 2024 թվականի դեկտեմբերի 4-ի նիստում (04.12.2024թ. ՀՕ-521-Ն օրենք):
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագծով առաջարկվում են արձակուրդի տրամադրման գործընթացը թվայնացնելուն (քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով իրականացնելու), իրավակիրառ պրակտիկայում առաջ եկած որոշ խնդիրների լուծելուն, Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման դրույթները «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի 81-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթների, ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-521-Ն օրենքի 11-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված դրույթների համապատասխանեցմանն ուղղված փոփոխություններ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով մասնավորապես առաջարկվում է հստակեցնել քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տրամադրումն այն դեպքերում, երբ քաղաքացիական ծառայողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի (չօգտագործված մասի) օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում, նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը կարող է որոշվել համապատասխան պաշտոնատար անձի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին անհատական իրավական ակտն` ընդունվել առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի:
Առաջարկվում է սահմանել նաև մինչև համապատասխան աշխատանքային տարվա ավարտը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու կամ լիազորությունների դադարեցման դեպքում տրամադրված արձակուրդի համար վճարված գումարները հետ գանձելուն վերաբերող կարգավորումներ, ինչպես նաև նախատեսվում է դրույթ այն քաղաքացիական ծառայողների արձակուրդի տրամադրման վերաբերյալ, որոնց 65 տարին լրանալու է տվյալ աշխատանքային տարում: Նախագծով հստակեցվում է նաև աշխատանքային տարվա հասկացությունը՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված առանձնահատկությունները, ինչպես նաև սահմանվում են աշխատանքային տարում ամենամյա արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածները սահմանող դրույթներ: Միաժամանակ Նախագծով առաջարկվում է արձակուրդի տրամադրման գործընթացը կազմակերպել քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով, իսկ համապատասխան անհատական իրավական ակտի ընդունումը՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման՝ քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանող հավելվածում կնախատեսվեն դրույթներ, որոնք ուղղված են քաղաքացիական ծառայողների հանգստի իրավունքի ապահովմանը: Արձակուրդների տրամադրման գործընթացի թվայնացմամբ, կպարզեցվի արձակուրդների օրերի հաշվառման և տրամադրման ընթացակարգերը:
Տեղեկություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի սպասվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հուլիսի 11-ի N 746-Ա որոշման հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 5-րդ կետից։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться