Երեւանի բնակարանների մեկ քմ-ի գների մասին պաշտոնական տվյալները հերթական անակնկալն են մատուցել: Պարզվել է, որ ընթացիկ տարվա օգոստոսին Երեւանի անշարժ գույքի շուկայում «ձեւավորվել են» ճիշտ նույն գները, որպիսիք եղել են նախորդ ամիս՝ հուլիսին: Բացարձակ ոչ մի տարբերություն նույնիսկ ըստ վարչական շրջանների գների: Հասկանալի է, որ իրականում թեկուզ աննշան, բայց գնային տատանումներ եղել են:
Միջին գների հաշվարկման մեթոդոլոգիան թույլ է տալիս մանիպուլացիաների դիմել, քանի որ ըստ այդ մեթոդոլոգիայի հաշվի են առնվում ոչ միայն բնակարանների առուվաճառքի ցուցանիշները, այլեւ առաջարկի գները: Արդյունքում, նույնիսկ առքուվաճառքի փաստացի գների նվազման դեպքում, կարելի է առաջարկի ցուցանիշների միջոցով «հարմարացնել» պաշտոնական տվյալները:
Նկատենք, որ բնակարանների գների բարձրացմամբ շահագրգռված են խոշոր կազմակերպությունները, որոնք զբաղված են նորակառույց էլիտար բնակարանների իրացմամբ: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին նկատվող անշարժ գույքի էժանացումը եւ գնորդների կրճատումը որոշակիորեն ազդեցություն է ունեցել նոր թանկարժեք բնակարանների իրացման վրա, հատկապես Հյուսիսային պողոտայում:
Պաշտոնական տեղեկատվության մմեջ մյուս նորությունը Երեւանի բնակարանների միջին շուկայական գների բացակայությունն է, սակայն ցանկության դեպքում, կարելի է հեշտությամբ հաշվարկել այդ ցուցանիշը, առանց որեւէ լրացուցիչ տվյալների:
Բանն այն է, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն այդ մեծությունը հաշվարկում է ոչ թե կշռված միջին թվաբանականով, այլ գների պարզ գումարման եւ այն Երեւանի վարչական շրջանների թվի վրա բաժանելով: Նման հաշվարկների արդյունքում ծայրամաս հանդիսացող Նուբարաշենը, որտեղ անշարժ գույքի փոքր թվով առքուվաճառք է տեղի ունենում, ճիշտ նույն կշիռն ունի, ինչպես ասենք քաղաքի կենտրոնական շրջանները: Դրանով Երեւանում անշարժ գույքի շուկայի պատկերը խեղաթյուրվում է, քանի որ Նուբարաշենում բնակարաններ անհամեմատ էժան են, քան քաղաքի այլ շրջաններում:
Դոլարային հաշվարկով օգոստոսին Երեւանում անշարժ գույքի գները, հուլիսի համեմատ աճել են՝ կապված դոլարի փոխարժեքի նվազմամբ (0,8 տոկոս): Իրականում դժվար թե նման թանկացում տեղի ունեցած լինի, քանի որ բնակարան վաճառողներն այդքան էլ արագ չեն արձագանքում դոլարի փոխարժեքի նման աննշան տատանումներին:
Ալբերտ Խաչատրյան
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться