Կենսաթոշակները Հայաստանում 2014 թվականի հունվարի 1–ից կբարձրանան 15 տոկոսով, իսկ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը' 40 տոկոսով, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Մենք պետք է ապահովենք բավարար ռեսուրսներ այդ ցուցանիշները կատարելու համար»,– ասաց նա սեպտեմբերի 28-ին՝ 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը նվիրված կառավարության արտահերթ նիստում։
Այս կապակցությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար - նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց «Աշխատավարձի մասին» նոր օրենքը, որը ենթադրում է Հայաստանում աշխատավարձերի սանդղակի ներմուծում։
Ըստ նրա' տվյալ օրինագիծը նախատեսում է պետական հատվածի ծառայողների աշխատավարձերի կոռելյացիա նվազագույն աշխատավարձի չափի հետ։
«Օրինագծի ընդունման արդյունքում մենք հնարավորություն կունենանք հաշվարկել աշխատավարձերը տվյալ սանդղակի հիման վրա, ինչի արդյունքում 2014 թվականի բյուջեում ուսուցիչների, բժիշկների և քաղաքացիական այլ ծառայողների աշխատավարձերը համեմատելի կլինեն մասնավոր հատվածի աշխատավարձերի հետ»,– նշեց նախարարը։
Գաբրիելյանը հայտարարեց, որ ավելի ուշ կներկայացվի ավելի մանրամասն տեղեկություն աշխատավարձերի հաշվարկի նոր սկզբունքների մասին։
Պաշտոնական վիճակագրական տվյալներով, պետական հատվածում 2013 թվականի հուլիսին անվանական միջին ամսական աշխատավարձը կազմել է 127.2 հազար դրամ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8 տոկոսով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին ներկայացրեց 2014 թվականին կենսաթոշակների հաշվարկման նոր կարգը։
«Միջին աշխատանքային կենսաթոշակի չափը կավելանա 15 տոկոսով։ Սակայն, միաժամանակ, ավելի քան 111 900 կենսաթոշակառուների համար կենսաթոշակի աճը կկազմի 25 տոկոս, 93 հազար մարդու համար' 20 տոկոս, 170 մարդու համար' 15-20 տոկոս, և միայն 70 հազար դրամը գերազանցող թոշակառուների փոքր խմբի համար կենսաթոշակը կավելանա մինչև 3 տոկոսով»,– ավելացրեց նա։
Ասատրյանն ավելացրեց նաև, որ, պետբյուջեի նախագծի համաձայն, Հայաստանում կենսաթոշակի նվազագույն չափը 2014 թվականին կկազմի 18 200 դրամ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, կենսաթոշակի միջին չափը 2012 թվականի վերջում Հայաստանում կազմում էր 29 689 դրամ։ Բազային կենսաթոշակի չափը 2012 թվականի հունվարի 1–ից 10.5 հազար դրամի փոխարեն սահմանվել է 13 հազար դրամի չափով։ ($1 – 405,86 դրամ)։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться